Հրաշքներով լի կացարանի տիրուհին․ Լիլիա Աբրահամյան
Արցախյան 44–օրյա պատերազմի երրորդ օրն էր, երբ Լիլիան մի քանի ընկերների հետ դիմեց Լոռու մարզպետարան։ Այսպես, ՏԻՄ կառույցի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ ստեղծվեց համակարգող մի խումբ, որը պետք է աջակցեր առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող զինվորներին․
«Այդ ժամանակ դեռ չէինք պատկերացնում, որ պատերազմի հետևանքով տարերայնորեն իրականացվող տարհանման ընթացքում ժամանակավորապես Հայաստանում ապաստանած բազմաթիվ մարդիկ կհասնեն մինչև Լոռի։ Մեզ թվում էր, որ այս պատերազմը Ապրիլյանի նման կլինի։ Երբ արցախցիների հոսքը սկսվեց, ո՛չ սնունդ ունեինք, ո՛չ կացարանի տարածք։ Պատերազմից մի քանի օր առաջ մեր տան վերանորոգումն էինք ավարտել, անգամ չէինք հասցրել տեղափոխվել այնտեղ։ Ու ստացվեց, որ մեր տունը դարձավ արցախցիների աջակցության համար նախատեսված առաջին պահեստը․ ամբողջ տունը սնունդ էր ու հիգիենայի պարագաներ։ Ցերեկը սահմանի համար էինք օգնություն ուղարկում, գիշերները՝ մեր մարզում ապաստանած ընտանիքների համար փաթեթներ էինք պատրաստում»,– հիշում է Լիլիան։
Երբ պարզ դարձավ, որ Լոռու մարզում ապաստանած արցախցիների համար պետք է երկարաժամկետ կացության հարց լուծել, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով արցախցիները նախ ապաստանեցին «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում, որը ղեկավարում է Լիլիան, ապա՝ Վանաձորի լուծարված մանկատան շենքում, որի տնօրենը ևս ինքն է եղել․
«Հոկտեմբերի 14–ն էր, երբ մանկատան շենքում կարողացանք հոսանքի և գազի մատակարարման հարցը լուծել․ քանի որ չգործող կառույց է, նման տեխնիկական խնդիրներ ունեինք։ Հիշում եմ՝ առաջին գիշերը, երբ սկսեցին արցախցիներ գալ, մի ընտանիք, որ 8 երեխա ուներ, կտրականապես հրաժարվում էր մնալ մանկատանը։ Մտավախություն ունեին, որ սնունդը չի բավականացնի։ Այդ ժամանակ հասկացա, որ, չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ուժեղ սթրես էին տարել, թողել էին իրենց տները, հայրենի գյուղերը, յուրաքանչյուրի քմահաճույքին հետևել չեմ կարող, և կնոջն ասացի, որ ինքը կարող է գնալ, բայց իր երեխաները սոված են ու մրսած, որ գոնե նրանց համար համաձայնի գիշերել այստեղ, և առավոտյան թարմ գլխով որոշում կայացնի։ Այդ ընտանիքը մինչև օրս էլ կացարանում է՝ արդեն 6 ամսից ավելի, և չեն էլ ուզում գնալ որևէ տեղ»,– ասում է Լիլիան։
Լիլիան պատմում է՝ իր կացարանում շատ էին հատկապես միայնակ և տարեց մարդիկ, ովքեր առավել ճնշված ու հուսահատ էին։ Կացարանի առաջին հրաշքը նրանցից երկուսի հարսանիքն եղավ։ Կացարանում միմյանց հանդիպած և սիրահարված տարեց զույգն ամուսնացավ հենց այդտեղ։ Հաշված ժամերի ընթացքում սպասվող հարսանիքի մասին Լիլիայի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքեցին տասնյակ մարդիկ՝ մեկը հարսի քողը նվիրեց, մյուսը տոնական տորթը, երրոդը հարսի շորը․ աջակցեցին՝ ով ինչով կարող էր․
«Չնայած, որ հարսանիքից հետո շատ բացասական արձագանքներ էլ լսեցինք, թե՝ ի՞նչ իմաստ ուներ պատերազմի ընթացքում հարսանիք անել, ի՞նչ սրտով են ամուսնանում, և այլն, ես կարծում եմ, որ մեր որոշումը ճիշտ էր։ Կացարանում այդ օրը շատ երջանիկ էին մարդիկ, իսկ պատերազմի ընթացքում երջանկությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այդ օրը նաև կացարանում ապրող բալիկներից մեկի ծնունդն էր, իսկ երկրորդ հրաշքը զինվորներից մեկի վերադարձը եղավ, որից երկար ժամանակ լուր չունեինք։ Այդ օրը մարդկանց ուրախությունը եռապատկվել էր»,– հիշում է Լիլիան։
Մանկատան նախկին տնօրենը լավ գիտի՝ երեխաներին պետք է հեռու պահել պատերազմի արհավիրքներից ու շատ հոգսերից, այդ պատճառով էլ իր կացարանում նշվում են բոլոր տոները՝ ծննդյան օրեր, Ամանոր, Սուրբ Զատիկ և այլն։ Խոհանոցում աշխատում են կացարանի բնակիչները․
«Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, ես որոշեցի, որ սնունդը չենք բաժանելու ընտանիքներին կամ միայնակ մարդկանց՝ առանձին–առանձին։ Մանկատանը կա մեծ խոհանոց՝ բոլոր հարմարություններով։ Կացարանում ապրողներից մեկին նշանակեցինք խոհարար, մյուսին՝ պահեստապետ, ունենք նաև հերթապահություններ։ Սնունդը պատրաստվում է տեղում, իրենց կողմից։ Այսպես ավելորդ շահարկումներից էլ կարողացանք զերծ մնալ։ Մանկատան նախկին շրջանավարտներն էլ գալիս են, օգնում՝ որպես կամավորներ, երեխաների համար նախատեսված սենյակում խաղավար են աշխատում»,– ասում է Լիլիան։
Սկզբնական շրջանում կացարանում շուրջ 150 մարդ էր ապրում։ Նրանց ամենօրյա սննդի հարցը լուծելը, երբեմն, դժվարություններ էր ստեղծում։ Այդ պատճառով էլ Լիլիան որոշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք կարող են տեղում լուծվել, պետք է լուծվեն․ գնեց վառարան և ալյուր։ Դրանից հետո կացարանի բնակիչների համար հացը ևս թխվում է տեղում։ Լիլիան ասում է, եթե պարզվի, որ կացարանն իր գործունեությունը դեռ երկար պետք է իրականացնի, կսկսեն մտածել փոքր բիզնես–նախագծերի մասին։ Լիլիան համոզված է՝ պետության կամ բարերարների աջակցությամբ ապրելը ամենաճիշտ որոշումը չէ․ կացարանի բնակիչները պետք է սովորեն գումար վաստակել․
«Եթե պարզվի, որ մարդիկ դեռ երկար պետք է մնան այստեղ, փոքրիկ բիզնեսներ կմտածենք՝ օրինակ ժինգյալով հացի կամ գաթայի վաճառք կսկսենք։ Վստահ եմ, որ մեր ու կամավորների աջակցությամբ կացարանի բնակիչները կկարողանան որոշ չափով թեթևացնել իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– ասում է Լիլիան։
Հերթական հրաշքը, որ պատահել է կացարանում, զոհված զինվորներից մեկի եղբորորդու ծնունդն էր, որին հորեղբոր անունով են կոչել․
«Հոկտեմբերի 14–ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից զանգ ստացա այն մասին, որ արցախցիների նոր խումբ է գալիս, որոնց մեջ նաև հաշմանդամություն ունեցող մարդ կա, անկողնային։ Խնդրում էին, որ ապահովենք նրան տեղափոխելու գործընթացը։ Երբ ընտանիքը հայտնվեց կացարանում, պարզվեց, որ հայրը շատ երկար ժամանակ առողջական խնդիր ունի, չի քայլում, գրեթե միշտ պառկած է։ Ես, իհարկե, միանգամից անվասայլակ բերեցի, որ գոնե կացարանի տարածքում տեղաշարժն ապահովեինք, բայց նա սայլակից գրեթե չէր օգտվում։ Որոշ ժամանակ անց միջանցքում հանկարծ տեսա այդ մարդուն՝ երկու ոտքի վրա, վստահ քայլքով։ Առաջին րոպեներին մտածեցի, որ ուղղակի գերհոգնած եմ, աչքիս է երևում, հետո կինն ասաց, որ արդեն մի քանի օր է, ինչ սենյակում է սկսել քայլել, իսկ այդ օրը նաև միջանցք էր դուրս եկել։ Այս դեպքը չգիտեմ ինչով կարելի է բացատրել, բայց սա այս ընտանիքի համար իսկական հրաշք էր»,– հիշում է նա։
Լիլիան ասում է՝ ինքն իրեն կացարանում երջանիկ է զգում, միակ բանը, որի համար ափսոսում է, իր երեխաների հետ շփման պակասն է․
«Հատկապես պատերազմական օրերին երեխաներիս գրեթե չէի տեսնում։ Աղջիկս ինձ սկսել էր «ընկեր Լիլիա» ասել։ Դրանից շատ էի ազդվել։ Հիմա, որպեսզի և՛ իրենց չկարոտեմ, և՛ կացարանից շատ չբացակայեմ, երեխաներիս հետս բերում եմ այստեղ, շփվում, խաղում են կացարանի բալիկների հետ,– ասում է Լիլիան ու ավելացնում,– Սա էլ փուլ է, կհաղթահարենք, բայց ես նաև երեխաներովս հպարտանալու առիթներ ունեմ․ մի անգամ, երբ տանն ասացի, որ հաջորդ օրվա սննդի խնդիր ունենք կացարանում, որդիս իր խնայատուփը բերեց, տվեց ինձ ու ասաց՝ «Վերցրու, որ էն երեխաները սոված չմնան հանկարծ»»։
Լիլիան կացարանում բնակվող արցախցի երիտասարդներին ներգրավվել է նաև կամավորական աշխատանքներում։ Նա համոզված է՝ աշխատանքը բժշկվելու լավագույն միջոցն է։ Հաճախ, կացարանում բնակվող երեխաներն արդեն «քյոմակի բէն կա՞» հարցով են ողջունում ընկեր Լիլիային։
Այսօր կացարանում շարունակում են բնակվել այն արցախցիները, ովքեր վերադառնալու տեղ այլևս չունեն, ինչպես նաև Ստեփանակերտում բնակվող մի քանի տարեց, ովքեր շուրջօրյա խնամքի կարիք ունեն։ Լիլիան ասում է՝ քանի դեռ կացարանն աջակիցներ ունի, այն կգործի՝ թեթևացնելով իրենց տները կորցրած արցախցիների հոգսը։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1576