LIFE ծրագրի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մոտ 550 անձ է մշտական աշխատանքի տեղավորվել
Այս կարեւոր ձեռքբերումը ներկաների ծափահարությունների ներքո ներկայացվեց փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր LIFE ծրագրի շրջանակում ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելի ներդրման նախնական արդյունքներին: Հիշեցնենք, որ արդեն չորս տարի Հայաստանում գործող այս ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ : Ծրագրի հիմնական նպատակը հատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատանքով ապահովելն է:
Ջինա Սարգիզովա.
«Կարևորն այն գործընթացն է , որը սկսվել է մեր երկրում»…
Այսօր LIFE ծրագրի շնորհիվ հաշմադամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով: Միջին մասնագիտական 44 կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 930 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն և վերջապես ստեղծվել են 19 սոցիալական ձեռնարկություններ:
«LIFE» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացնելով մանրամասները, նշեց, որ ծրագրի մոդելի առանձնահատկությունը հետևյալն է՝ ոչ թե բավարարել անհատների կարիքները, այլ՝ ապահովել նրանց իրավունքները, իսկ իրենք զբաղվածություն և եկամուտ ունենալով կկարողանան հոգալ իրենց կարիքները: «Սկսած 2012թ-ից՝ այս մոդելը փորձարկվել է Հայաստանում և իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն»-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից: Մեր գործունեության ընթացքում պարզվեց, որ մոդելը Հայաստանում կարող է հաջողությամբ կիրառվել: 500-ից ավելի մարդ արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել, բայց սա ընդամենը թիվ է: Կարևորն այն գործընթացն է , որը սկսվել է մեր երկրում»,- ասաց Ջինա Սարգիզովան, նշելով, որ միայն երեկ հաշմանդամություն ունեցող 5 անձ աշխատանքի է տեղավորվել, իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը մեծ լիցքերով առաջէ գնում:
Ամփոփելով անցած տարիների աշխատանքը Ջինա Սարգիզովան նշեց՝ գրեթե չկա ոլորտ, որտեղ չաշխատի հաշմանդամություն ունեցող անձ. «Եթե մենք կարողանանք պահպանել այս նվաճումը , հնարավոր է, որ շուտով մենք կարիք չենք ունենա հավաքվելու և խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցումների մասին: Բայց այսօր մենք դեռևս շեշտադրում ենք, կարևորում այս խնդիրը»:
Քարեն Հիլլիարդ.
«Հհաշմանդամություն ունեցող մարդիկ դեռ շարունակում են դիմակայել խտրական վերաբերմունքին»…
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը, գնահատելով վերջին քսան տարիներին Հայաստանում տնտեսության, ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների որակի բարելավումը, այնուամենայնիվ, նկատեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված մոտ 200 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են դիմակայել խտրական վերաբերմունքին, սահմանափակ ծառայություններին. «Չնայած երկրում իրականացվում են բարեփոխումներ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հասարակության մեջ իրենց լիովին ներառելու համար: Ես ուրախ եմ, որ LIFE ծրագիրը իր մեկնարկից ի վեր հաջողությամբ մշակել և օգտագործել է մի մոդել, որն ուղղված է հաղթահարելու հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության և աշխատանքի ապահովման դժվարությունները»:
Նրա խոսքերով՝ այսօր ծրագիրը ներկայացնում է այն մոդելը, որը հիմնված է միջազգային փորձի վրա. «Անչափ կարևոր է, որ մոդելը կիրառվի և իրականացվի Հայաստանի կառավարության և համապատասխան կազմակերպությունների կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու սոցիալական ներառումը խթանելու համար»:
Արսեն Ստեփանյան.
«Սկսած նախակրթարաններից, դպրոցներից, պետք է աշխատենք» …
«Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանն ասաց, որ կազմակերպությունն աշխատում է 120 երկրներում՝ խրախուսելով երեխաների և նրանց ընտանիքների համար բարեկեցիկ պայմաններ կրթության, առողջապահության և պաշտպանության ոլորտներում: «Մեր աշխատանքի արդյունքում տարբեր գործընկեր կառույցների և կազմակերպությունների հետ ներկայացնում ենք աշխատանքի այնպիսի մի մոդել, որը հնարավորություն է տալիս երկարատև և կայուն աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք կարծարտիպերը կոտրվել են և հաշմանդամություն ունեցող անձանց գործատուները առանց խոչընդոտի աշխատանքի են տեղավորում, Արսեն Ստեփանյանն ասաց, որ այն բիզնեսների հետ, որոնց հետ աշխատում են, ապա այդ ընկերություններն արդեն իսկ իրենց նախաձեռնությամբ են հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորում: « Գործատուները դա չեն համարում որպես օգնություն ինչ-որ մեկին, սակայն դեռ չենք կարող ասել, որ Հայաստանում ընդհանրապես կարծրատիպերը կոտրվել են: Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու և սա վերաբերվում է ոչ միայն աշխատանքային տարիքի հաշմանդամներին, այլև երեխաներին Ողջունելի է, որ կրթության և գիտության նախարարությունը ներառական նոր ռազմավարություն է որդեգրել: Սկսած նախակրթարաններից, դպրոցներից, պետք է աշխատենք: Առաջին օրվանից, երբ երեխայի մոտ բացահայտվում է հաշմանդամությունը, մենք պետք է սկսենք աշխատել, միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Արսեն Ստեփանյանը:
Արտեմ Ասատրյան.
«2016 թվականը հավասար հնարավորությունների ապահովման տարի է սահմանվել »
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ախարար Արտեմ Ասատրյանն էլ իր խոսքում նշեց, որ «LIFE» ծրագիրը ճիշտ պլանավորված և ժամանակին իրականացված ծրագրերից է, որը մեծ հաջողություն է ունեցել և ունի Հայաստանում: Նա շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնող բոլոր կազմակերպությունների, որոնց ակտիվ դերակատարման արդյունքում այսօր արձանագրում են հաշմանդամություն ունեցող անձանց բավական մեծ թիվ, ովքեր աշխատանքի միջոցով դարձել են հասարակության լիարժեք անդամ:
Միաժամանակ նախարարը նշեց, որ կառավարությունը նույնպես մեծապես կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը: Եվ պատահական չէ, որ 2016 թվականը ՀՀ կառավարության կողմից սահմանվել է հավասար հնարավորությունների ապահովման տարի՝ գերատեսչությունների միջոցով իրականացվող համապատասխան միջոցառումներով: Եվ այս համատեքստում, ըստ Արտեմ Ասատրյանի, նաև հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների իրացման ինստիտուցիոնալացման տեսանկյունից ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ 2016 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին» օրենքի ներկայացումն ու ընդունումն է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
«Կառավարության գործունեության ծրագրում նախատեսված է մարտ ամսին օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը, որից հետո կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովում կունենանք լայն հանրային քննարկումներ, որպեսզի ամբողջականացնենք այն օրենքի նախագիծը, որն իսկապես շատ սպասված է: Իսկ սպասված է, քանի որ ներկայիս գործող օրենքը ընդունվել է 1993թ. և բնական է, որ արդի իրողությունները այլևս կարող ենք ասել դարձել են ժամանակավրեպ»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանը մի կարևոր հանգամաքի ևս անդրադարձավ: Ըստ նրա՝ այս նոր օրենքով նախատեսում են անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը և ոչ թե սոցիալական պաշտպանությանը: Սոցիալական պաշտպանությունը իհարկե շատ կարևոր է, ոլորտում իրականացվող ծրագրերը ևս շատ կարևոր են և շարունակական են լինելու, սակայն ամենակարևորն այն է, որ ստեղծեն հավասար հնարավորություններ ու հավասար պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իրացնի իր իրավունքները, որպես հավասարը հավասարի, որպես մեկը յուրաքանչյուրից:
«Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելը՝ օրենքի պահանջ է»
Ինչպես հիշեցրեց իր խոսքում նախարար Արտեմ Ասատրայնը , «Զբաղվածության մասին» օրենքում կատարված փոփոխություններով այժմ արդեն գործում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմը: Համաձայն այս դրույթի՝ պետական և ոչ պետական կազմակերպությունները պարտադիր պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի նորմատիվի պահանջը: Խոսքն այն կազմակերպություններին է վերաբերում, որոնք նախորդող տարում ունեցել են 100 և ավելի աշխատողներ: Պետական կազմակերպությունների համար քվոտան 3 տոկոս է, ոչ պետական կազմակերպությունների համար՝ 1 տոկոս:
Կազմակերպությունը կամ պետք է ապահովի սահմանված չափով աշխատատեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ մասնահանում կատարի յուրաքանչյուր չկատարած քվոտայի դիմաց 300 հազար դրամի չափով: Հակառակ պարագայում կազմակերպությունը վճարելու է վարչական տուգանքներ:
Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս տարվա փետրվարի 25-ից նախարարության կայքէջում տեղադրված են բոլոր այն պետական կազմակերպությունների անվանումները, որոնք պետք է ապահովեն քվոտայի պայմանները: Այս տարի ուշադրության առանցքում պետական, իսկ 2017թ-ից արդեն ոչ պետական կազմակերպություններն են լինելու:
«Նախարարությունն արդեն իսկ այդ քվոտայի պահանջը կատարել է և շարունակելու է կատարել: Այսօրվա դրությամբ նախարարությունում աշխատում է 13 հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ Զբաղվածության գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների մեջ այս պահի դրությամբ հաշվառված է 2500 հաշմանդամ:
Նիկոլայ Գրիգորյան.
«Խոցելի խավից դարձան գործընկեր»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջինն էր պետական համակարգում, որ աշխատանքի հնարավորություն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Խոցելի խավից դարձան գործընկեր»,- ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով, որ նախարարությունում ունեն 35 սայլակավոր աշխատակից։ Մարզային 911 ծառայություններում ևս աշխատանքի են ընդունում հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց։ Ընդունելիս բոլորի պես նրանց համար էլ էին չափորոշիչներ սահմանված ` համակարգչի հետ «դու»-ով խոսել, 3 լեզվի տիրապետել ու ազատորեն հաղորդակցվել։
«Երբ դիմեցին , պարզվեց, որ ոչ լեզու գիտեն, ոչ էլ համակարգչային գիտելիքներ ունեն։ Նախարարի հանձնարարությամբ սկսվեց անհատական մոտեցումը։ Նրանք առանձին դասընթացներ անցան և այսօր տիրապետում են նաև լեզուների, մասնագիտական փորձ ունեն, հաջողություններ են գրանցում ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում` ամուսնանում են, երեխաներ ունենում»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Ալբերտ Գորանցյանը ԱԻՆ-ի աշխատակից է, նրա կյանքը փոխվեց մի քանի տարի առաջ, երբ բժշիկները նրա մոտ ուռուցք հայտնաբերեցին, անհրաժեշտ էր վիրահատություն կատարել: Վիրահատությունից հետո Ալբերտը հաշմանդամություն ձեռք բերեց: Այսօր որպես օպերատոր աշխատում է ԱԻՆ-ում, կազմակերպում է համապատասխան արձագանքը: «Աշխատանքի շնորհիվ ձեռք ես բերում ինչ-որ խթան և իրականացնում ես քո նպատակները, հասնում ես ինչ-որ մակարդակի, ինչը առանց աշխատանքի հնարավոր չէր լինի»,- նշեց Ալբերտը:
Մարո Մարգարյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի նկատմամբ»
«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը
«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
Դիտումների քանակը` 4600