LIFE-ը կոտրում է կարծրատիպերը

Արդեն երկու տարի  Հայաստանում իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը, որի շրջանակներում  նորանոր հնարավրություններ են ստեղծվում  հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու համար:  Ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովայի դիտարկմամբ   հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես չգիտեն ինչպես գտնել աշխատանք, ինչպես այն փնտրել համացանցում, ինչպես կազմել ռեզյումեն և այլն: Եվ հենց այս հարցերում է, որ նրանց  օգնության ձեռք է մեկնում   LIFE ծրագիրը; Արդյունքում  աշխատանքով ապահոված շահառուների թիվը գրեթե ամեն օր աճում է…

 

Սեպտեմբերի 19-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում  LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան  եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը  ներկայացրեցին   հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները: Այսպես  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացված  հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորմանն ուղղված դասընթացների  արդյունքում դիմած 26 հաշմանդամություն ունեցող երիտասարդներից տասը արդեն աշխատանքի է ընդունվել:

 

Ասուլիսին ներկա «Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Չոփուրյանը ներկայացրեց  նորաստեղծ  i-Գործ    կայքը, որը  կարող է հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնել ծրագրավորում սովորել եւ ՏՏ ոլորտում աշխատանք գտնել: Ինչպես նշեց Կարեն Վարդանյանը, կայքի գլխավոր նպատակն է ինֆորմացիա տալ եւ ոգեւորել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի նրանք սկսեն սովորել եւ աշխատել՝  չմնալով պետական նպաստների «հույսին»: Նրա խոսքով ՏՏ ոլորտում առցանց աշխատանքը հասանելի է  հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այսօր առցանց հնարավոր է ցանկացած մասնագիտություն ձեռք բերել եւ ցանկացած բան սովորել, կարեւորը ցանկություն ունենալն է:

 

LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան  նշեց, որ ծրագրի շրջանակներում  բավականին լուրջ աշխատանք են տանում  նաև գործատուների հետ՝ վերջիններիս խրախուսելով աշխատանքի վերցնել հաշմանդամություն ունեցող անձանց: «Թերևս մատնանշեմ մի դրական միտում` տարեց տարի ես ավելի շատ եմ հանդիպում որակյալ մասնագետներ կարիք ունեցող   գործատուների, որոնք հայտարարում են, որ իրենց համար կապ չունի` տվյալ անձը հաշմանդամ է , թե ոչ, կարևորը նրա աշխատանքի  որակն է և դա ուրախալի է»,- ասաց  նա:

 

Նրա խոսքով ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ. Երեւանում, Արարատում, Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում վերապատրաստվել է 44 միջին մասնագիտական կրթական հաստատությունների անձնակազմը՝ ներառական դասընթացներ անցկացնելու համար: Եւ այժմ այդ հաստատություններում հաշմանդամություն ունեցող 200-ից ավելի մարդ անվճար ստանում է երկարաժամկետ միջին մասնագիտական կրթություն (2-3 տարի), իսկ 900-ից ավելի մարդ արդեն ավարտել է կարճաժամկետ դասընթացները, ստացել է որակավորում եւ նույնիսկ անցել է արտադրական պրակտիկա:

 

LIFE ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողություններից է  17 սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը ՝ ՀԿ-ների եւ բիզնես կառույցների հետ համագործակցությամբ:  Նման ձեռնարկություններ Հայաստանի համար նորություն են, թեպետ ողջ աշխարհում բավականին տարածված են:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Ջինա Սարգիզովան  ներկայացրեց   նաեւ իր կողմից ղեկավարվող  ծրագրի  գենդերային կոմպոնենտը՝  տեղեկացնելով, որ  անցյալ տարի անցկացրել են մի  հետազոտություն, որը  կոչվում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և խոչընդոտները աշխատանքի տեղավորման հարցում», որտեղ բավականին լուրջ ուշադրություն են դարձրել գենդերային հարցերին.

 

«Անսպասելի որևէ բան մենք չբացահայտեցինք, որովհետև ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում նույնպես հաշմանդամություն ունեցող կանայք ավելի խոցելի են, քան նույն խնդիրներ ունեցող տղամարդիկ: Բայց ցավոք սրտի այն կազմակերպությունները, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց որևէ տարբերություն չեն տեսնում և որևէ ուշադրության  չեն արժանացնում այդ խնդիրները: Այսինքն այստեղ նույնպես աշխատանք կա, որ պետք է տարվի»,- նշեց մեր զրուցակիցը, ընգծելով, որ ասվածը չի վերաբերվում  LIFE ծրագրին, որի   ծառայությունները հասանելի են բոլորին և վիճակագրությունն էլ դա ապացուցում է` ծառայություններից  օգտվող տղամարդկանց և կանանց թիվը գրեթե հավասար է: Իսկ կան սոցիալական ձեռնարկություններ, կարի արտադրամասեր և այլն, որտեղ կանանց թիվը, հասկանալի է, ավելի բարձր է:

 

«Որպես մեր ծրագրի երկրորդական արդյունք նշեմ նաև այն, որ աշխատանքի անցնող երիտասարդ կանայք շատ հաճախ են ամուսնանում և արդեն 2-3 կին ամուսնացել, ընտանիք է կազմել` աշխատանքի անցնելուց անմիջապես հետո… դա բավականին ուրախալի է»,- պատմեց Սարգիզովան:

 

Ի դեպ, նա  ևս մեկ հանգամանք  նշեց` այն գործատուները, որոնք աշխատանքի են վերցնում հաշմանդամություն ունեցող անձանց, հետո անգամ առանց իրենց օգնության իրենց ընկերություններում ավելացնում են հաշմանդամություն ունեցող անձանց թիվը:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս ամենը գալիս է արդյոք ասելու, որ կարծրատիպերը մեր հասարակության շրջանում գնալով հաղթահարվում են, տիկին Սարգիզովան նշեց, որ իրենց ողջ գործունեությունն ուղղված է դրան և որոշակի դրական արդյունքներ իհարկե ունեն: Ասաց նաև, որ իրեն հաճախ հարցնում են` այդքան շատ գումարներ եք ծախսում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքի տեղավորեք, իսկ եթե վաղը այդ գործատուն ազատի նրան աշխատանքից, ի՞նչ է լինելու.

 

«Նախ, գործատուն՝ համաձայն մեզ հետ ունեցած պայմանագրի, չի կարող աշխատանքից ազատել ՀՈՒԱ-ին երեք տարիների ընթացքում, երկրորդը` պետական կառույցի հետ պայմանագրով չի կարող ազատել 1.5 տարի: Իսկ այդ տարիների ընթացքում իրավիճակը կարող է փոխվել՝  նաեւ   կարծրատիպից  ազատվելու առումով.  գործատուն  համոզվում  է, որ  տվյալ անձը նույն տնտեսական օգուտն է բերում, ինչ հաշմանդամություն չունեցող անձը, հետեւապես ինչի՞ն է պետք իրեն աշխատանքից ազատել այդ մարդուն»,- հավելեց նա:

 

Նշենք նաեւ, որ  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների բարձրաձայնումը բերեց  նաև օրենսդրական դաշտի բարելավմանը:   Ջինա Սարգիզովայի խոսքով,  «Զբաղվածության մասին» օրենքում ամրագրված քվոտայի համաձայն 2015թ-ից սկսած 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկներում աշխատակիցների առնվազն 3 տոկոսը կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք: Հետագայում այս այսպես կոչված դրական խտրականության քվոտան կտարածվի նաև մասնավոր սեկտորի վրա և սա, ինչպես նշեց  Սարգիզովան,  անշուշտ հեղափոխական մոտեցում կլինի  մեր իրականության համար:

 

Նշենք, որ LIFE ծրագիրն (2012-2015թթ.) իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի իրավունքն ապահովել, այլեւ երկրում ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության այնպիսի մոդել, որը կիրառելի եւ ընդունելի կլինի թե հաշմանդամություն ունեցող մարդկանց, թե՝ պետական եւ մասնավոր կառույցների համար:Ծրագրի գործընկերներն են «Ակտիվա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ), զբաղվածության կենտրոնների, ՀՈՒԱԿ-ների, հաշմանդամություն ունեցող անձանց, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություններ մատուցողների, քաղաքապետարանների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ:

 

 

 

Էնզելա Մակարյան

 

 

Կարդացեք թեմայի շոիրջ մեր կայքում.

 

«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո

 

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

 

«Եկեք փոխենք հասարակության վերաբերմունքը հաշմանդամ կանանց նկատմամբ»

 

«Մոտենում են, որ խոսեցնեն, հասկանում են, որ չեմ տեսնում, թողնում գնում են…»

 

«Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում

 

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

 

Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո

 

‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

 

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

 

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

 

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

 

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

 

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

 

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

 

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում՛

 

Դիտումների քանակը` 4973

Գլխավոր էջ