Լիանա Մանուկյան. « Երևանը մեր բոլորիս տունն է.  բոլորս պետք է մաքուր պահենք այն»

«Ուզում եմ տեսնել Երևանը մաքուր, երևանցիներին երջանիկ, միմյանց ժպտացող, միմյանց օգնող՝ ինչպես հեղափոխության օրերին», – այսպիսին է ուզում դարձնել Երևանը  «Օրինաց երկիր» կուսակցության  կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լիանա Մանուկյանը:  Պատրաստ է  իր  ութ  տարվա ակտիվ կուսակցականի փորձը ծառայեցնել մայրաքաղաքի և նրա բնակիչների կյանքը մի փոքր ավելի լավը դարձնելու համար:

 

 

Լիանա Մանուկյանը կրթության ոլորտում  բազմամյա աշխատանքի փորձ ունի.  աշխատել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, այնուհետև եղել է  Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի նախադպրոցական բաժնի դեկան: 2017-ից ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայում ուսումնամեթոդական վարչության պետ:  Ավագանիում էլ իր գործունեության առանցքը , լինելու է կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելը.

 

 

«Սկսած  նախադպրոցական հաստատություններից, դպրոցից, բուհերից վերջացրած բարձրագույն որակավորման հաստատություններով, ամեն ինչը շտկման կարիք ունի:  Իհարկե դա կարելի է անել ոչ մեկ ամսում,  ոչ մեկ տարում, դրա համար  ժամանակ է պետք, բացի այդ շատ հարցեր ավագանու իրավասության մեջ չեն գտնվում,   սակայն կարևորը ճիշտ ուղղությամբ աշխատել սկսելն է»,  – WomenNet.am –ի հետ զրույցում ասում է նա:

 

 

Ոլորտի խնդիրներից, որոնք  Լիաննա Մանուկյանի դիտարկամամբ շատ-շատ են , նա առանձնացնում է  ներառական կրթության խնդիրը, որի իրականացման ճանապարհին կարևոր դեր են խաղում նաև տեղական իշխանությունները, մասնավորապես Երևանի ավագանին:  «Ինձ համար շատ կարևոր է դպրոցում և բուհերում ներառական կրթության ներդրումը: Մեր դպրոցների միայն 50 տոկոսն է ներառական կրթությանը տեղ տալիս, ինչի պատճառով էլ տուժում են  հազարավոր  հաշմանդամություն ունեցող երեխաներ,  իսկ բուհերը ընդհանրապես հարմարեցված չեն, ես բուհում եմ դասավանդում, ինձ մոտ հաճախող հաշմանդամություն ունեցող ուսանողները մի կերպ են կարողանում բարձրանալ երկրորդ հարկ, ինչն անընդունելի է»: 

 

 

Լիաննա Մանուկյանը նշում է, որ ինչքան էլ խոսում են այդ խնդրի մասին,  հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժը քաղաքում  շարունակում է  գրեթե անհնարին մնալ:   «Ամենակարևորը, որ Երևանն այս հարցում  հարմարեցվի միջազգային ընդունված նորմերին, որ  փողոցում, կրթական հաստատություններում և հասարակական վայրերում, ամենուր  հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղաշարժման խոչընդոտներ  չլինեն : Միայն այդ ժամանակ նրանք ոչ թե կմեկուսացվեն իրենց տներում,  այլ հասարակության լիարժեք անդամ կզգան իրենց», – ասում է նա, հիշեցնելով , որ  այդ  նույն թեքահարթակների հարցը պակաս կարևոր չէ նաև  մանկասայլակներով մայրիկների և տարեց մարդկանց համար:

 

 

Լիանա Մանուկյանը նաև շեշտադրում է, որ   կրթվելուց բացի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար պետք է լուծվի նաև աշխատանքի հարցը: «Ունենալ հաշմանդամություն, չի նշանակում իրավունք չունենալ աշխատելու: Հատկապես բոլոր պետական կառույցները պետք է օրինակ դառնան մյուս գործատուների համար: այս առումով,  հիշեցնեմ, որ  Արմեն Երիցյանը, ով նույնպես ՕԵԿ-ից էր, առաջիններից էր ԱԻ Նախարարություն աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց», – նշում  է նա:

 

 

Նրա խոսքով,  նախընտրական ծրագրի կարևոր մասն է նաև մայրաքաղաքի մաքրության հարցը:  Վերջերս ամենուրեք աղբ է ու գարշահոտություն, ինչը  վրդովվեցնում է մայրաքաղաքի բոլոր բնակիչներին:  Թեկնածուի  համոզմամբ, բոլորն էլ այդ հարցում իրենց անելիքն ունեն: «Երևանը մեր բոլորիս տունն է, բոլորս պետք է մաքուր պահենք մեր հարազատ քաղաքը, մեծից-փոքր և ամեն մեկս պետք է օրինակ լինենք մյուսի համար»: 

 

                                                                                 

   Կարինե Պետրոսյան

 

Դիտումների քանակը` 2168

Գլխավոր էջ