Լիանա Բանգոյան . «Երևանը պետք է պատասխանատվություն կրի ամեն հայի առջև»
Երևանի արտահերթ ընտրություններին «Հայք» (Հայկազունիներ) կուսակցության ընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականում առաջադրվել է Լիանա Բանգոյանը: Մասնագիտությամբ իրավաբան Լիանան համոզված է, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ հույժ կարևոր անհրաժեշտություն է, քանի որ կանայք շատ հարցերում կարող են հստակ լուծումներ առաջարկել:
Ծնվել է Երևանում, Արցախյան պատերազմի վետերան Վլադիմիր Բանգոյանի ընտանիքում: Ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում: Դասավանդել է Երևանի Ն. Աճեմյանի անվ. «Առևտրի և սպասարկման» պետական քոլեջում: 2011թ.-ից առ այսօր աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնում, դասավանդում է «Ան. Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում:
– Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվելը Ձեր առաջի՞ն քայլն է քաղաքականությունում, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել :
-Իսկապես, սա իմ առաջին քայլն է քաղաքականության մեջ: Եվ այն երկար ծանրութեթև անելու արդյունքում կայացրած որոշում է: Իսկ որոշեցի առաջադրվել, որովհետև գտնում եմ, որ իմ գիտելիքներն ու կարողությունները կարող եմ և պետք է ծառայեցնեմ ի շահ մեր հասարակության բարօրությանը: Իսկ նախկինում չէի առաջադրվում, քանի որ նախկին համակարգը չէր հանդուրժում գիտելիքով մարդուն: Դու պետք է դառնայիր սոսկ համակարգի ստրուկը և քո պոտենցիալն օգտագործեիր միայն՝ հանուն համակարգի բարօրության և ոչ թե ի նպաստ հասարակության, ժողովրդի: Այս հեղափոխությունն, անկեղծ ասած, բոլորիս մեջ նոր հույսեր արթնացրեց՝ վերջապես կվերագտնեք մեր ազգային արժեքները, կվերանայենք մեր արժեհամակարգը, կգիտակցենք, որ ՄԱՐԴ-ն է մեծագույն արժեքը և ամեն ինչ պետք է անենք հանուն այդ ՄԱՐԴ-ու բարեկեցության: Ես նույնպես մեծ հավատով ու վստահությամբ եմ լցված մեր նոր կառավարության հանդեպ: Յուրաքանչուրս իր հերթին իր գործունեությամբ պետք է աջակցի նոր Հայաստանի ձևավորմանը և թույլ չտա ոչ մի շեղում նշված ուղուց:
– Ո՞րն է Ձեր ու Ձեր թիմի հիմնական ասելիքը երևանցիներին, ինչո՞ւ պետք է երևանցիներն ընտրեն հենց Ձեզ ու ձեր ներկայացրած կուսակցությանը:
– Մեր հիմնական ասելիքն այն է, որ Երևանը, լինելով մայրաքաղաք, ավելի վեհ առաքելություն ունի ոչ միայն երևանցիների, այլև համայն հայության առջև, քան զուտ մանր կենցաղային հարցերն են: Այդ կենցաղային հարցերի լուծմամբ պետք է զբաղվեն մասնագետների խմբերը: Եթե հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ամեն օր ժամը 20:00 ուղիղ եթերով մասնագետները քննարկում են հասարակությանը հուզող տարբեր հարցեր: Ինքներդ էլ կարող եք նրանց տալ ձեզ հուզող հարցերը: Իսկ Երևանի առաքելությունն այն պետք է լինի, որ այն դառնա համայն հայության կենտրոն: Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրի՝ հեռավոր Ավստրալիայում, թե սահմանամերձ Չինարի գյուղում, թե Երևանի կենտրոնում, պետք է զգա, որ Երևանն իրենն է, այստեղ նա իր տանն է: Երևանը պետք է պատասխանատվություն կրի ամեն հայի առջև: Այսօր մենք խոսում ենք ներգաղթից, բայց արդյո՞ք Երևանը պատրաստ է ընդունել այդքան մեծ թվով մեր հայրենակիցների: Միաժամանակ մեր երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է զգա, որ նա Հայաստանի մայրաքաղաքում է: Երևանն իր արտաքին տեսքով, իր շնչով, իր մշակույթով ու կոլորիտով պետք է դա զգացնել տա բոլորին:
–Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք լինելու են ձեր ուշադրության կենտրոնում՝ ավագանու կազմում ընտրվելու դեպքում:
-Մասնագիտությամբ իրավաբան եմ, սակայն աշխատանքային գործունեությունս ծավալել եմ կրթության ոլորտում՝ և՛ դասավանդում եմ, և՛աշխատում եմ որպես վարչական աշխատող, այսինքն՝ այս ոլորտի խնդիրներին ծանոթ եմ տարբեր կողմերից: Ըստ այդմ, ավագանու անդամ ընտրվելու դեպքում իմ ուշադրության կենտրոնում կլինեն կրթության հարցերը: Վերջինն առավելապես, քանի որ ես անչափ մեծ կարևորություն եմ տալիս մատաղ սերնդի կրթությանը և հատկապես հայեցի դաստիարակությանը:
–Ըստ Ձեզ՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ որքանով կնպաստի երկրում, մայրաքաղաքում առկա խնդրիների լուծմանը:
-Ես գտնում եմ, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ հույժ կարևոր անհրաժեշտություն է: Կինն ի ծնե օժտված է մայրական բնազդով: Եվ հենց այդ բնազդն էլ ուղղորդում է նրան կենսական բոլոր հարցերում: Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի քնքշանքով ու գուրգուրանքով նա կփայփայի իր մանկանը: Երևանն էլ մանկան նման ունի այդ վերաբերմունքի՝ մայրական սիրո և հոգածության կարիքը: Եվ ոչ միայն Երևանը: Կինը շատ հարցերում կարող է հստակ լուծումներ առաջարկել:
–Այսօր բոլորը բարձրաձայնում են հասարակական տրանսպորտի, աղբահանության մասին, սակայն քչերն են խոսում մանկապարտեզների խնդրից: Մինչդեռ աշխատող մայրերը լուրջ խնդիրներ ունեն երեխաներին մանկապարտեզ ընդունելու, նաև մանկապարտեզների աշխատանքային ժամերի հետ կապված։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում :
-Ես շատ ուրախ եմ, որ հենց այս հարցն ինձ տրվեց, որովհետև այն ինձ (որպես աշխատող մայրիկ) և վստահ եմ՝ բոլոր կանանց իսկապես շատ հուզող հարց է: Արդեն ասացի, որ մատաղ սերնդի դաստիարակությունն ինձ համար առաջնային է: Մանկապարտեզները ոչ միայն սոսկ երեխայի օրն անցկացնելու վայր են, պատահական չէ, որ նրանք նախակրթարան են կոչվում: Բայց, ցավոք, տարիներ շարունակ մանկապարտեզները աչքաթող են արվել, շենքերն էլ մասնավորեցվել կամ օտարվել են: Բացի այդ, գործող մանկապարտեզներ կան, որոնց ամբողջական մասնաշենք քարուքանդ վիճակում է, ինչի արդյունքում գործող մանկապարտեզներն աշխատում են գերծանրաբեռնված և երեխաներին ընդունում են՝ 3 տարեկանից սկսած, ինչը լուրջ խնդիր է հատկապես աշխատող մայրերի համար: Այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, որովհետև այլընտրանքը մասնավոր մանկապարտեզներն են, որոնց գները բարձր են, իսկ աշխատող ծնողներից ոչ բոլորն են այնպիսի աշխատավարձ ստանում, որ իրենց կարողանան այդպիսի ճոխություն թույլ տալ:
Իսկ խնդրի լուծումը ես տեսնում եմ հետևյալում. չգործող մանկապարտեզները կամ գործող մանկապարտեզների չգործող մասնաշենքերը պետք է առաջնահերթ վերանորոգվեն և վերագործարկվեն: Իսկ օտարված կամ մասնավորեցված մանկապարտեզների դեպքում խնդրի լուծումը մի քիչ բարդ է: Քանի որ այդ շենքերը նպատակային կառույցներ են և հարմարեցված նախակրթարանի գործունեության համար, կարելի է համաձայնության գալ նոր սեփականատերերի հետ այդ շենքերը մանկապարտեզներին վերադարձնելու համար՝ անշուշտ նրանց ՀԱՄԱՐԺԵՔ այլընտրանք առաջարկելու պայմանով: Չէ՞ որ սեփականությունն օրենքով անձեռնմխելի է: Այլապես պետք է կառուցվեն նոր մանկապարտեզներ: Բայց դա ավելի երկար տևող գործընթաց է:
Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատանքային ժամերին, ապա իմ կարծիքով մանկապարտեզի աշխաատանքային ժամերը պետք է երկարացվեն: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է սահմանել հերթափոխով աշխատանք դաստիարակների և դայակների համար: Օրվա երկրորդ կեսից կարող են հիմնական դաստիարակներին և դայակներին փոխարինել այլ անձինք, ովքեր չունեն աշխատանքային փորձ կամ բարձր կուրսերի ուսանողները՝ ապագա մանկավարժները, որոնցից ավարտելուն պես աշխատանքի տեղավորվելիս պահանջում են աշխատանքային փորձ, որը չգիտես, թե որտեղից նրանք կարող էին ձեռք բերել: Այսինքն՝ այսպես մենք լուծում ենք միաժամանակ թե՛ լրացուցիչ աշխատատեղերի, թե՛ փորձի ձեռքբերման խնդիրը: Սակայն դա բնավ չի նշանակում, որ դաստիարակների ու դայակների աշխատաժամանակը պետք է կրճատվի: Լավագույն տարբերակը կլինի, որ նրանց աշխատաժամանակը հաշվվի արտոնյալ կարգով՝ ինչպես օրինակ՝ օդաչուներինը:
–Եվ, վերջապես, ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը:
-Ես ուզում եմ մեր քաղաքամայրը տեսնել մաքուր ոչ միայն արտաքինից: Քաղաքի արտաքին մաքրությունը ինձ համար աքսիոմա է: Բայց այսօր առավել քան երբևէ կարևոր է նաև մեր հոգիների մաքրությունը: Որովհետև, եթե մեզանում չձևավորվի այն մտածելակերպը, որ մեծից մանուկ պարտավոր ենք յուրաքանչյուրս իր հերթին հոգ տանել մեր մայրաքաղաքի մասին, մեր ազգային արժեքների, մշակույթի, դիմագծի պահպանման և հաջորդ սերունդների փոխանցման մասին, (այլ ոչ թե մեղավորների փնտրենք միայն) դժվար է ինչ-որ արդյունքի հասնել:
Մ. Մարգարյան
Դիտումների քանակը` 1866