Լենա Նազարյան. «Մենք՝ կանայք, պետք է գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը»

Ներկայացնում ենք  Լենա Նազարյանի խոսքը «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների» խորագրով  Մարտի 8 –ին տեղի ունեցած միջոցառմանը: Հիշեցնենք, որ միջոցառման  ընթացքում  Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները  փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: 

 

 

«Շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարն էլ մեր երկրում խեղվել և իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին: Մարտի 8-ը երկար տարիներ անվանվել է կանանց տոն և կապվել զուտ ծաղիկ նվիրելու ու կանանց կենացը խմելու օրվա հետ: Այս ընթացքում մոռացության է տրվել օրվա իսկական խորհուրդը: Այսօր ուրախ եմ, որ վերարժևորում ենք մարտի 8-ը և նշում ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների և պայքարի (քաղաքական) օր:

 

Այս օրը կապված է դեռևս շուրջ 110 տարի առաջ սկսված կանանց միջազգային շարժման հետ, որն իր առջև դնում էր կին աշխատավորների իրավունքների, կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի հաստատման խնդիրը: Դրան, իհարկե, նախորդել էին դարեր տևած, շատ ավելի երկար տարիների պայքար:

 

Հայաստանում և հայերի շրջանում «կանանց խնդրի» և «կանանց ազատագրման» հարցի բարձրաձայնումն ունի ավելի քան 150 տարվա պատմություն: Այդ պատմության շարժիչ ուժերից են Էլպիս Կեսարացյանը, Սրբուհի Տյուսաբը, Մարիամ Խատիսյանը, Զապել Եսայանը, Շուշանիկ Կուրղինյանը, Ֆլորա Վարդանյանը և շատ այլ հասարակական-քաղաքական գործիչ կանայք, որոնց անունները մենք անգամ չենք լսել:

 

Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմել, նրանց մասին մեզ դպրոցներում և նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք ա՛յն ազատությունները և իրավունքները, որոնք նվաճել և իրացրել են այդ կանայք:

 

Կանանց իրավունքների համար պայքարած շարժումների շնորհիվ է նաև, որ մենք այսօր գտնվում ենք այս դահլիճում, և ես ձեզ դիմում եմ որպես ընտրված պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ:

 

Հետևաբար մարտի 8-ը նախևառաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզնից առաջ եռանդ, ջանք և կյանք են դրել կանանց ազատագրման և խնդիրների լուծման պայքարում:

 

Ճիշտ է՝ կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, և պայքարը կանանց իրավունքների համար ևս պետք է շարունակվի: Հետևաբար մարտի 8-ը մեզ համար նաև խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը հանուն բոլոր կանանց բարօրության և իրավունքների հաստատման՝ մեր երկրներում և աշխարհում:

 

Որքան էլ ցավոտ է ազդարարելը, սակայն, այո՛, մեր երկրում կանայք ունեն բազմաթիվ ակնառու, ինչպես նաև չերևացող խնդիրներ: Թեև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները սահմանափակ են: Կանանց աշխատանքի մեծ մասը՝ ընտանիքի և երեխաների խնամքը, մնում է չնկատված և արժանի չգնահատված: Հայաստանում կանայք, ճիշտ է, ունեն հավասար կրթության իրավունք, սակայն շատ ընտանիքներում և համայնքներում աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի դիտվում: Ճիշտ է, կանայք ունեն ընտանիք կազմելու, անձնական կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն շատ կանանց և աղջիկների փոխարեն իրենց կենսական որոշումները կայացնում են այլոք, իսկ շատերն էլ իրենց զգում են «հանրային կարծիքի» ճնշման ներքո: Կանայք ունեն առողջության պահպանման իրավունք, սակայն միշտ չէ, որ պաշտպանված է նրանց վերարտադրողական առողջության և սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Օրենքով կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն կան կանայք, որոնք շարունակական բռնության և շահագործման են ենթարկվում ընտանիքում, աշխատանքի ու հանրային վայրերում: Իմ նշած բազում խնդիրների վերաբերյալ կան արված տասնյակ հետազոտություններ:

 

Մենք ունենք քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար: Այսօր մեր խորհրդարանում ունենք թեև համեմատաբար ավելի մեծ, բայց ընդամենը 24 տոկոս կանանց ներկայացվածություն:

 

Մենք պետք է ընդունենք, որ մեր բնակչության 50 տոկոսից ավելին կազմող կանայք ունեն հանրային այնպիսի թանկ ռեսուրսների պակաս, ինչպիսիք են ազատ ժամանակը, ֆինանսական միջոցները և հանրային վստահությունն ու աջակցությունը: Բացի այդ, մենք պետք է արձանագրենք, որ տարբեր սոցիալական խմբերի կանայք ունեն այս ռեսուրսների և իրավահավասարության տարբեր չափի հասանելիություն: Այնինչ դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, որպեսզի նրանք առավել մեծ մասնակցություն ունենան հանրային-քաղաքական կյանքին և խնդիրներին լուծում տալու իրական հնարավորություն ձեռք բերեն:

 

Այս հարցերը նախևառաջ մենք՝ կանայք, պետք է իմաստավորենք: Մեկ կնոջ խնդիրը բոլոր կանանց խնդիրն է – քանի որ սոցիալական է իր բնույթով, ուրեմն նաև պետք է լուծվի իրավական մեխանիզմներով ու հանրային աջակցությամբ:

 

Մենք՝ կանայք, պետք է հասկանանք մեր խնդիրները, ինչպես նաև գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում կանայք փոխաջակցող են, քույրաբար օգնող: Հաճախ կարելի է հիանալ, թե ինչպես են տարբեր սերունդների և տարեկից կանայք աջակցում միմյանց, կիսում սեփական փորձը, օգնում կենցաղային գործերում, թե ինչպես են կանանց կոլեկտիվներում կիսում աշխատանքային դժվարությունները: Սակայն կանանց ընկերության և փոխաջակցության այս փորձառությունները հաճախ մնում են նեղ ընտանեկան կամ համայնքային տիրույթներում և չեն դառնում հանրային կյանքի և փորձառության մաս: Մենք ունենք կանանց համերաշխության միջավայրեր, սակայն կարիք ունենք և պետք է ընդլայնենք դրանք, պետք է զորացնենք այլ կանանց մեր աջակցությամբ:

 

Նշելով մարտի 8-ը՝ առաջին հերթին մենք ընդունում ենք կանանց խնդիրների գոյությունը և դրանք հաղթահարելու մեր հանձնառությունը: Ուրախ եմ, որ այսօր այս միջոցառմանը ներկա են հենց այդպիսի հանձնառու շատ կանայք: Իհարկե, վստահ եմ, որ շատ-շատերն էլ այս պահին դահլիճում չեն, սակայն Հայաստանի կանանց իրավունքների համար պայքարի նվիրյալներ են: Շատերդ ձեր ամենօրյա գործունեությամբ օգնում եք մեր հանրությանը նկատել կանանց չերևացող խնդիրները, բարձրաձայնում եք դրանք և լուծումներ որոնում, աջակցում և զորակցում եք կանանց:

 

Սիրելի՛ կանայք, քույրեր, շնորհավոր մեր բոլորի մարտի 8-ը՝ կանանց իրավունքների միջազգային պայքարի օրը: Եվ եթե մարտի 8-ին ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարին»:

 

Նշենք, որ  միջոցառումը կազմակերպվել էր  «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունն ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: 

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ. 

 

Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ

Դիտումների քանակը` 1782

Գլխավոր էջ