Փոխել երկիրը՝ կրթության միջոցով. Լարիսա Հովհաննիսյանի անվերապահ սիրո ֆենոմենը
«Ես միշտ տեսել և սիրել եմ Հայաստանն՝ իր ամբողջության մեջ: Այդ սերը երբեք չի եղել ռոմանտիկ: Հենց դա է ինձ իրական և կայուն հույս տալիս, որ Հայաստանն ապագա ունի, և փոփոխություններն այստեղ հնարավոր են: Երբ որևէ մեկին սիրում ես անվերապահորեն, ներում ես նրա բոլոր թերությունները, չես մեղադրում ամեն բացթողման համար: Ես Հայաստանն անվերապահորեն եմ սիրում, ես ուրիշ նման սեր չունեմ»,- այսպես է սկսում զրույցը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը (Teach for Armenia) կրթական հիմնադրամ է, որը ներգրավվում է երիտասարդ առաջնորդների, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքները և մասնագիտական կարողությունները ներդնել՝ Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցներում, որտեղ ուսուցիչների պակաս կա:
Հայ-իռլանդական ընտանիքում ծնված և կյանքի մեծ մասն արտասահմանում անցկացրած Լարիսան երբեք չի կասկածել՝ իր մեծ ճամփորդության վերջին կանգառը Հայաստանն է. որևէ կերպ, երբևէ կյանքն իրեն կրկին հետ է բերելու հայրենիք: Վերադարձը 2013 թվականին էր: Մինչ այդ՝ 2010 թվականին, Լարիսան միացել էր «Teach For America» ծրագրին. «Ես միշտ վստահ եմ եղել, որ վերադառնալու եմ: Երբեք չի եղել, որ չզգամ կապս Հայաստանի հետ, սակայն չգիտեի՝ երբ կամ ինչի համար եմ վարադառնալու: Ուզում էի վերադարձս իմաստավոր և նպատակային լիներ: Ես ինձ ուղղակի ժամանակ տվեցի, որովհետև հավատում էի, որ ընթացքը կարևոր է, և ամեն ինչի համար կա ճիշտ ժամանակը. երբ այդ ժամանակը գա, ես կզգամ: «Teach For America» ծրագրի մասնակցության 2-րդ տարում հստակ հասկացա՝ հենց սա է այն թելը, որով ես ուզում եմ կապվել Հայաստանի հետ: Սա այն է, ինչ ուզում եմ անել»,- պատմում է Լարիսան ու ավելացնում՝ այսպես ձևավորվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի կոնցեպտը:
Ծրագրի հիմնական նպատակը կրթական հավասար հնարավորությունների ապահովումն է Հայաստանում ապրող բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական վիճակից: Ծրագրի հիմնադրման առաջին փուլում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվեցին Հայաստանի առավել կարիքավոր համայնքների դպրոցները: Հաջորդ փուլում սկսվեց ծրագրի մասնակից ուսուցիչների հավաքագրումը.
«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ կրթական կարիքներն, իրոք, չափազանց տարբեր են: Դպրոցներ կային, որտեղ օտար լեզվի ուսուցիչներ չէին եղել 20 տարուց ավելի: Պատկերն, իհարկե, անմխիթար էր, սարսափելի էր նաև պատասխանատվությունը, բայց մենք գիտեինք, որ ունենք նպատակ, ունենք տեսլական՝ ավելի լավ երկրի, ավելի լավ ապագայի: Մենք հասկանում էինք, որ մեկնարկային պայմանները Հայաստանի տարբեր շրջաններում ապրող երեխաների համար չափազանց տարբեր են, և դա անարդար է: Բայց մենք նաև գիտեինք՝ միայն բողոքելով ոչինչ չի ուղղվի, աշխատել է պետք»,- պատմում է Լարիսան:
2015-ին, երբ սկսվեց ծրագրի առաջին սերնդի ուսուցիչների հավաքագրումը, ընտրական բարդ փուլերը հաղթահարեց ընդամենը 14 հոգի: Հիմնադրամում ուսուցիչների ընտրությանը խիստ են վերաբերվում, որովհետև վստահ են՝ երեխաների հետ պետք է աշխատեն միայն լավագույն մասնագետները.
«Սկզբնական շրջանում ես հանդիպում էի շատ ազդեցիկ մարդկանց հետ՝ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու, աջակցություն ստանալու նպատակով: Հերթական անգամ, երբ հանդիպեցի գործարարներից մեկի հետ և պատմեցի գաղափարի մասին, նա ասաց, որ հավատում է մեր գաղափարին, բայց չի հավատում, որ Հայաստանում հնարավոր է գտնել երիտասարդ մասնագետների, ովքեր կհամաձայնեն թողնել Երևանը, գնալ հեռավոր, կտրված մի գյուղ և ուսուցչություն անել: Այդ գործարարը միակ մարդն էր, որ չծիծաղեց մեր գաղափարի վրա: Այդ ժամանակ ես տեսականորեն գիտեի, որ կան նման մասնագետներ, բայց ես վստահ չէի՝ ի՞նչ կա նրանց սրտում: Ուսուցիչների առաջին խմբին հաստատելուց հետո մենք հստակ հասկացանք՝ նրանք կան և այս թիվը բազմապատկվելու է»,- ասում է Լարիսան:
Գաղափարը ձախողելու մասին երբեք չի մտածել, անգամ համատարած թերահավատության, հուսալքման և կոռուպցիայի պայմաններում: Փոխարենը սովորել է զատել սերը երկրի և մարդկանց նկատմամբ: Խոստովանում է՝ մարդկանց պարագայում հիասթափություններ շատ է ունեցել, բայց դա երբեք չի վերագրել Հայաստանին. «Որևէ մեկը, անգամ իմ հարազատները, մինչև վերջ չէին հավատում, որ այս ծրագիրը կհաջողի: Չեմ ասում, որ բարդություններ չեն եղել, բայց ես չեմ հավատում այն հաջողությանը, որը խոչընդոտներ չունի: Կարևորն այն է, թե ինչպես են այդ անհաջողություններն ազդում քեզ վրա: Ամեն անկումից հետո ոտքի կանգնելու, նպատակիդ համար պայքարելու կարողությունն է արժևորում հաջողությունդ: Ես շատ եմ տխրում, երբ մարդիկ իրարից նեղանալով, հիասթափվելով՝ նեղանում են նաև երկրից: Կարծում եմ՝ Հայաստանի բոլոր խնդիրների հիմքում հենց դա է. մենք անձնավորում ենք ամեն ինչ: Հիմա արդեն հստակ է՝ երկիրն այդ մի քանի հոգին չեն, ովքեր չէին հավատում մեր հաջողությանը: Երկիրը խարխուլ դպրոցներում նստած այս զարմանալի սերունդն է, որին ուղակի պետք է կրթվելու հնարավորություն տալ»,- ասում է Լարիսան:
Նա վստահ է՝ մարդիկ լավը կամ վատն են դառնում իրենց ապրած կյանքի ընթացքում, ինչ-ինչ հանգամանքների բերումով, տարբեր ազդեցությունների տակ: Յուրաքանչյուր լավ կամ արատավոր երևույթ հասկանալու համար, պետք է իմանալ, թե ինչ կա դրա հիմքում: Այդ իսկ պատճառով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչների ընտրության ընթացքում ուշադրություն են դարձնում ոչ միայն հավակնորդների կրթության և մասնագիտական կարողությունների վրա, այլև՝ լավ մարդ լինելու հանգամանքի.
«Մենք հասկանում ենք, որ բարդ է որևէ մեկին որակել որպես լավ կամ վատ մարդ, բայց մեզ համար, իրոք, շատ կարևոր է, որ երեխաները դրական ազդեցություն կրեն իրենց ուսուցիչներից, ոչ միայն սովորեն, այլև աշխարհընկալում ու արժեհամակարգ ձևավորեն, տեսնեն հաջողակ, կիրթ երիտասարդների, ովքեր ապրում են նույն պայմաններում, ինչ իրենք, կրում են նույն դժվարությունները: Մեզ համար շատ կարևոր է, որ ուսուցիչը ևս հասկանա այն միջավայրը, որտեղ սովորում են իր աշակերտները: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք իրար չենք ճանաչում: Անհնար է գրել ճիշտ ռազմավարություն, քանի դեռ դու չես ապրում հասարակության մեծ մասին նման, չգիտես նրա խնդիրնրն ու կարիքները: Քանի դեռ չես տխրելի կամ չես բարկացել, երբ աշակերտներիցդ մեկը դասի չի եկել, որովհետև կոշիկ չունի, կամ՝ քանի դեռ չես կտրել երկար մազերդ, որովհետև գյուղում, ուր տեղափոխվել ես, ջուր կամ հոսանք չկա»,- ասում է Լարիսան:
Թվում էր՝ չափազանց ռոմանտիկ թվացող այս գաղափարը Հայաստանում ապագա չունի, սակայն թվերն այլ բան են փաստում. «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն այսօր Հայաստանի 6 մարզերի 52 դպրոցներում 71 ուսուցիչ ունի, ավելի քան 5000 աշակերտ:
«Ինձ հաճախ են ասում, թե ես իդեալիստ եմ: Նրանք սխալվում են: Ես ֆուտուրիստ եմ, նաև՝ ռեալիստ: Ես հավատում եմ ավելի լավ ապագային և հստակ պատկերացնում այն քայլերը, որ պետք է արվեն՝ դրան հասնելու համար: Նախագիծը, որ շատ ռոմանտիկ էր թվում, իրականում շատ տրամաբանական և հաշվարկված էր, ռազմավարական բոլոր քայլերի հերթականությամբ մշակված: Ես համոզված էի, որ հաջողելու ենք, նաև այն պատճառով, որ գիտեի՝ արել եմ ինձանից կախված ամեն բան: Պետք է ուղղակի աչալուրջ և ճկուն լինել, որովհետև իրավիճակը փոփոխվում է, տարբեր հնարավորություններ և մարտահրավերներ են ի հայտ գալիս ընթացքում, որոնց պետք է պատրաստ լինել»,- ասում է Լարիսան:
Նա համամիտ չէ այն կարծիքին, որ Հայաստանն ամենաբարդ երկիրն է՝ որևէ բան անելու կամ փոխելու համար: Իհարկե, բարդություններ շատ կան, բայց դրանք անհաղթահարելի չեն: Լարիսան ուրախ է, որ Հայաստանում գերակշռում են հանրակրթական դպրոցները, կա ընդհանուր կրթական համակարգ, որը կարելի է փոխել և բարելավել.
«Իհարկե, դժվարություններն անթիվ են, բայց կան նաև հնարավորություններ և առավելություններ: Դրանցից մեկն այն է, որ դպրոցների բացարձակ մեծամասնությունը գործում է նույն կրթական համակարգում: Սա նշանակում է, որ փոփոխություններ կատարելիս՝ դու ստիպված չես լինի աշխատել ամեն դպրոցի հետ առանձին-առանձին: Ընդհանուր համակարգի փոփոխությունը արդեն իսկ բավարար է: Բացի այդ, Հայաստանը չունի ազգամիջյան կամ կրոնական բախումների խնդիր, որն առկա է շատ այլ երկրներում, ուստի՝ կրթության ընթացքը գերթե չի խոչընդոտվում կողմնակի ազդեցությամբ: Մենք պետք է ուղղակի հասկանանք, որ ուսուցչի դերը փոխվել է կրթության մեջ: Փոխվել են նաև սպասելիքները ուսուցչից»,- ասում է Լարիսան և ավելացնում՝ մեր երկրի հիմնական առավելությունն այն է, որ Հայաստանում կրթությունը միշտ կարևորվել է:
Լարիսան համոզված է, որ որևէ բան փոխելու համար մարդիկ, նախ և առաջ, պետք է պատասխանատվություն կրեն այն բացթողումների համար, որ իրենք ունեն, դադարեն մեղադրել մյուսներին և նաև ստել: «Աշխարհի վերջի» հետ համակերպվելու փոխարեն պետք է մտածել, թե ինչ խնդիրներ ունենք և ինչպես կարելի է դրանք լուծել. «Պետք է ունենալ մեկ ընդհանուր ռազմավարություն, որի կենտրոնում երեխան է, յուրաքանչյուրը, ոչ թե ընտրված մի խումբ: Քանի դեռ մենք չենք մտածում յուրաքանչյուր երեխայի մասին, ոչինչ չի փոխվելու: Քանի դեռ մենք չենք հասկացել, որ յուրաքանչյուր դրական փոփոխության հիմքում կրթությունն է, ոչնչի չենք հասնելու: Մենք ունեինք դպրոց, որում, վերջին 45 տարիներին օտար լեզվի ուսուցիչ չի եղել: Մեր ուսուցչի գործուղումից մեկ տարի անց այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների կեսն անգլերենի քննությունից 20 ստացավ: Դեռ երկու տարի առաջ այդ երեխաները երազել անգամ չէին կարող բարձրագույն կրթության մասին, քանի որ չունեին գումար և չէին տիրապետում անգլերենի: Նրանցից ոմանք կրթաթոշակ և կրթությունը շարունակելու հնարավորություն ստացան»,- ասում է Լարիսան և ավելացնում՝ բոլոր երեխաները պոտենցիալ ունեն, բայց նրանցից շատերը լուսանցքում են հայտնվում՝ համակարգային բացթողումների և անհավասար հնարավորությունների հետևանքով:
Լարիսան կարծում է, որ Հայաստանի մեծագույն խնդիրը ապատիան է, հույսի բացակայությունը: «Դասավանդի՛ր, Հայաստանը» վերջին 4 տարիներին հեռավոր համայնքներ ուղարկում է ոչ միայն կրթության դեսպանների, այլև հույսի, ովքեր ուզում են փոփոխությունների մասնակից լինել. «Մենք հավատում ենք, որ կրթությունը և ազգի զարգացումն անմիջական կապ ունեն իրար հետ, ուստի մեզ համար կարևոր է, որպեսզի մեր ուսուցիչները հասկանան, որ գնում են ոչ միայն դասավանդելու, այլև մասնակցելու ազգի ձևավորմանը: Նրանք պետք է հասկանան, որ արժեհամակարգ, ընկալումներ, աշխարհայաց ձևավորելու առավելություն և պատիվ ունեն: Պետք է կարողանան կրել այդ պատասխանատվությունը»,- ասում է նա:
«Դասավանդի՛ր, Հայաստանի» մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Լարիսայի, կապերն են, որ ստեղծվում են ծրագրի մասնակցիների միջև, հարաբերությունները, որ ձևավորվում են տարբեր տարիների ուսուցիչների, աշակերտների, դոնորների և աջակիցների միջև:
Լարիսան իրեն բացառիկ հաջողակ մարդ է համարում: Բայց նաև գիտի՝ հաջողությունը քրտնաջան աշխատանքի արդյունք է նաև: Անգամ երեկոյան, ծանր աշխատանքային օրվա ավարտին, հոգնած ժամանակ Լարիսան գիտի՝ հաջորդ առավոտյան նորից երջանիկ է արթնանալու, որովհետև գիտի՝ ճիշտ տեղում է, ճիշտ ժամանակին, ճիշտ գործ է անում:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 6147