«Երեխաների նկատմամբ բռնությունը մեր ավանդույթը չէ»

 

Ազգային ժողովը վավերացրեց մանկապղծության դեմ  կոնվենցիան

 

Այսօր խորհրդարանը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Կոնվենցիան  ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանցարոտեում, և հայտնի է որպես  Լանցարոտեի կոնվենցիա: Այն  ստորագրել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Եվրոպայի խորհրդի անդամ  47 պետություններից միայն Հայստանն ու Իռլանդիան չեն վավերացրել այս կոնվենցիան:

 

 

Ի՞նչ նպատակներ ունի Կոնվենցիան

 

 

Կոնվենցիայի քննարկումն Ազգային ժողովում սկսվել էր  մայիսի 8-ին:  Ինչպես նշեց  արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում:

 

 

Փոխնախարարի ներկայացմամբ Կոնվենցիայի նպատակներն են՝

 -երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման կանխումը եւ պայքարը դրանց դեմ,

-սեռական շահագործման եւ սեռական չարաշահման զոհ երեխաների իրավունքների պաշտպանությունը,

– երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման դեմ պայքարում ազգային եւ միջազգային համագործացության զարգացումը:

 

 

Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ընդունել բոլոր անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ուղղված երեխաների սեռական շահագործման եւ սեռական չարաշահման բոլոր ձեւերի կանխմանը եւ նրանց պաշտպանությանը: Մասնավորապես, Կոնվենցիայով նախատեսվում է դիտավորությամբ կատարված մի շարք արարքների քրեականացում: Դրանց թվում են երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:

 

 

Կոնվենցիան նաև ունի հոդվածներ, որոնք վերաբերում են հանցագործությունների կանխմանը։ Օրինակ Կոնվենցիան խրախուսում է երեխաների հետ աշխատող անձանց մասնագիտական վերապատրաստումները, ինչպես նաև խորհուրդ տալիս ստուգել և ապահովել, որ երեխաների հետ աշխատող անձիք չունենան դատվածություններ երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

 

 

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար: Կոնվենցիայի իրազեկման  բաղադրիչը ենթադրում է, որ Երեխաները պետք է ստանան իրենց տարիքին հարմարեցված գիտելիքներ, թե ինչպես ճանաչել իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ  վտանգները և ռիսկ տեսնելու դեպքում ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն պաշտպանվելու կամ անկաշկանդ, առանց ամաչելու օգնություն խնդրելու համար:  Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

 

 

Ինչպիսի՞ն է վիճակագրությունը

 

 

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց հարցի շուրջ վերջին երեք  տարվա վիճակագրությունը.

 

 2017-ին Հայաստանում քննվել է երեխաների դեմ կատարված հանցագործությունների 265 դեպք, որից 101 դեպք սեռական բնույթի հանցագործություններ են:

 

2018- ին  317 քրեական գործից միայն 76-ն է կապված եղել երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետ:

 

2019 թվականի առաջին կիսամյակում քննվել է 209 քրեական գործ, որից 51-ը կապված է եղել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետ

 

 

Ի՞նչ վտանգներ են տեսնում ընդդիմախոսները

 

 

Նշենք, որ երեկ   Ազգային ժողովի մոտ այս կոնվեցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները մտահոգություն էին հայտնում, որ Կոնվենցիան վտանգավոր դրույթներ է պարունակում: Մասնավորապես,   կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսում է, որ պետությունները ձեռնարկում են օրենդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Ըստ ակցիայի մասնակիցների 6-10 տարեկան երեխաներին սեռական շահագործման մասին տեղեկացնելն անընդունելի է, հատկապես նրանց մտահոգում է , որ  դա կարող է  արվել քաղհասարակության կողմից  իրականացվող ծրագրերի միջոցով:

 

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի դիտարկմամբ, Կոնվենցիայի կրթական բաղադրիչը չի ենթադրում, որ երեխաներին պետք է նկարագրվեն քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունները։ 

 

 

«Կոնվենցիան ենթադրում է, որ երեխաներին պետք է տրվեն իրենց տարիքին հարմարեցված գիտելիքներ, թե ինչպես ճանաչել իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների վաղ նշանները և անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից։ Կոնվենցիան նաև նշում է, որ սա նախևառաջ ծնողների պարտականությունն է, սակայն ոչ բոլոր ծնողները ունեն համապատասխան ծնողավարական հմտություններ։ Օրինակ շատ ծնողներ գուցե չկարողանան «անծանոթից կոնֆետ չվերցնես»-ից ավելի բան ասել երեխաներին, մինչդեռ մանկության նկատմամբ հանցագործությունները նոր դրսևորումներ են կրում, օրինակ առցանց։ Այստեղ հարկավոր է ծնող-ուսուցիչ համագործակցություն երեխային առանց սթրեսի ենթարկելու սովորացնելու համար, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից։ Եթե անհրաժեշտ է տասնյակ հազարավոր մանուկներին տալ ընդհանուր բնույթի գիտելիքներ տասնյակ մանուկների կյանքը փրկելու համար, ապա դա պետք է անել», –  ասել է պատգամավորը, հանդես գալով մամուլում Կոնվենցիայի մասին պարզաբանումներով: 

 

 

Նշենք, որ Կոնվենցիայի վերընշված 6-րդ հոդվածում  նշված է , որ երեխաների տեղեկացվածությունն այս հարցերում տրվում է  իրենց տարիքին համապտասխան ընկալումների  շրջանակում և  անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ:

 

 

Սակայն, դատելով  Կոնվենցիային ընդդիմացող քաղաքացիների հրապարակային մեկնաբանություններից,  նրանց համար ինքնին  անընդունելի է  երեխաների սեռական դաստիարակության գաղափարը:

 

 

Առաջարկվում է խստացնել պատիժները՝  ընդհուպ  քիմիական ստերջացման  կիրառում

 

 

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՝ հղում կատարելով Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիային, ասաց, որ թեև կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց փաստաթղթում կան նաև դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը․

 

 «ի՞նչ է նշանակում տարրական կրթություն ստացող, առաջինից չորրորդ դասարանները համարվում ա տարրական կրթություն։ Հեքիաթից ու կաթից նոր կտրված էրեխուն էլ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանվելը սովորցնե՞նք», – ասաց նա              ՝ առաջարկելով  միայն Քրեական օրենսգրքում խստացումներով  երեխաների պաշտպանության հարցը լուծել:

 

 

Նույն խմբակցության  պատգամավոր,  «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մտաահություն հայտնելով երեխաների սեռական դաստիարակության կազմակերպման հարցով և այդ ուղղությամբ  հսկողության անհրաժեշտության խնդրով,  խոսեց բռնարարների նկատմամբ  պատիժների խստացման մասին:

 

«Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2013 թվականին մենք քրեական օրենսգրքում կատարեցինք փոփոխություն, որտեղ խստագույնս պատժամիջոցներ սահմանվեցին անչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքում: Մենք սահմանացինք մի քանի խիստ կարգավորիչներ, այդ թվում 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարչի ժամկետով, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով,  որ իրենք առաջարկել էին նաեւ մեկ այլ նախագիծ, որը հավանության չարժանացավ եւ շրջանառությունից դուրս եկավ.

 

 

 «Մենք առաջարկել էինք գնալ քիմիական ստեջացման ճանապարհով բոլոր նրանց հանդեպ, որոնք սեռական բռնություն կկատարեն անչափահաս երեխայի հանդեպ: Դրա միջազգային փորձը կա. ԱՄՆ բազմաթիվ նահանգներում քիմիական ստերջացումը կիրառվում է: Ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման, ստերջացման օրենքը, որն ուժի մեջ է մտել դեռեւս 1990 թվականից: Գերմանիայում, Դանիայում, Կանադայում, Շվեյդիայում քիմիական ստերջացումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ: Դեռեւս 2007 թվականից քիմիական ստերջացումը կամավոր հիմունքներով գործում է: Որովհետեւ, այո, շատերը կան, որոնք իրենց համարում են հոգեկան հիվանդ, իրենք չեն կարողանում իրենց անոմալ, անասնական բնազդները զսպել, եւ իրենց կամավոր համաձայնությամբ եւ Մեծ Բրիտանիայում մանկապիղծների հանդեպ կիրառվում է քիմիական ստերջացումը: Հիմա մենք նորից այս նախաձեռնությունը դնելու ենք շրջանառության մեջ», – եզրափակեց նա:

 

 

«Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ»

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում  անդրադառնալով Կոնվենցիային հաստատեց, որ Հայաստան արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում, և հույս հայտնեց, որ Կոնվենցիայի վավերացումը կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը․  «Սեռական բռնություն է գործադրվում օտար մարդկանց կողմից, չափահաս մարդկանց կողմից։ Սեռական բռնության դեպքեր ունենք և կոնկրետ իրավիճակներ, երբ ընտանիքի անդամի կողմից է գործադրվում։ Այստեղ պետք է մոտենալ երեխայի շահի առաջնահերթության և երեխայի շահի պաշտպանության կարևորությունից», – ասաց նա։

 

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը մտահոգություն հայտնեց Կոնվենցիայի մասին հանրության շրջանում առկա բացասական կարծիքի կապակցությամբ:  «Հանրությունում հազար ու մի որակումներ ստացավ այս կոնվեցիան և հիմա էլ շրջանառվում է, որ այն նպատակ է հետապնդում դպրոցներում քարոզելու այլասերություն, կամ միասեռականություն, և մեծ ափսոսանք եմ հայտնում, որ նման տեսակետներ արտահայտում են մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, ովքեր կոչված են իրավապաշտպան գործունեություն իրականացնել»,-ասաց նա՝  հույս հայտնելով, որ  օմբուդսմենի գրասենյակը կունենա իրազեկման քարոզարշավներ՝ փոխելու համար կոնվենցիայի նկատմամբ հանրային կարծիքը:

 

 

Արման Թաթոյան արձագանքելով  համաձայնվեց, որ  հանրությանն իրազեկման պակասի խնդիր կա: Դրա հետ մեկտեղ նկատեց, որ «այս Կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ»:

 

 

«Ու՞ր էին ավանդականության կեղծ պաշտպանները, երբ մանկապիղծ մեծահարուստն երեխաներ էր բռնաբարում»

 

 

Կոնվենցիայի վավերացման մասին ուշագրավ ելույթ ունեցավ «իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

 

«Անդրադառնամ այսօրվա խեղաթյուրման և մանիպուլյացիների հերթական չափաբաժնին, այս անգամ պատճառը Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանող կոնվենցիան է, որը ոչ միայն մեծացնում է երեխաներին այս ամենազազրելի, ամենասարսափելի բռնությունից պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաև շատ ավելի գործուն մեխանիզմներով է ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն ու վերականգնումը։

 

 

Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը, տասնամյակներ երեխաներին բռնաբարողը չէր պատժվի ընդամենը երեք տարի, չէր պատժվի երկար պայքարից հետո միայն, իսկ պայքարողներն էլ միայն լրագրողներն ու իրական իրավապաշտպաններները չէին լինի, որ դուրս էին եկել մանկապղծին պաշտպանող մի ողջ պետական ու իրավապահ համակարգի դեմ։

 

 

Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ այդ արշավներն անեին տարիներ առաջ, Նուբարաշենի դպրոցի երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել էր, նրանք մինչ օրս էլ ամեն անգամ այդ սարսափելի բռնություններից խոսելիս երեխայի նման լացում են։  Ու՞ր էին հայկական արժեքների կեղծ պաշտպանները, երբ նախկին իշխանության վարչապետի խորհրդականը երեխաներ էր բռնաբարում, վախենու՞մ էին մանկապիղծ մեծահարուստի դեմ խոսել․․․

 

 

Որոշ շրջանակներ, որն այսօր դեմ են այս կոնվենցիային, որը չեն էլ կարդացել ու չգիտեն էլ ինչ է նախատեսում այն, լավ կանեին ժամանակին պաշտպանեին և ակցիաներ անեին Ախթալայում, որտեղ տասնյակ, գուցե հարյուրավոր անչափահաս տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից, իհարկե մանկապիղծ մեծահարուստի դեմ խոսելու համաձակություն չէին ունենա, քանի որ նա ոչ միայն մեծահարուրստ էր, այլ նաև նախկին իշխանության վարչապետի խորհրդականը։

 

 

Եվ ո՞վ էր պաշտպանում այդ երեխաներին, ո՞վ էր պաշտպանում տարիներով բռնաբարված տղաներին, ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առաջ, ով դուրս եկավ մեծահարուստ հանցագործի դեմ, արդյո՞ք այսօր արժեքներ թմբկահարողներ և ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները, իհարկե ո՛չ, այդ երեխաների կողքին էին բացառապես, նույն այդ խմբավորումների կողմից անվանարկվող, իրավապաշտպաններն ու լրագրողները։

 

 

Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքներն արդեն անտանելի են, դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին ու ընտանիքներում երեխաներին ու կանանց ծեծողներին։ Որտե՞ղ էիք, երբ երեխաների աչքի առաջ դանակի 25 հարվածներով սպանվում էր Դիանա Նահապետյանը, որտե՞ղ էիք, որ հենց կանանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի և օրենք չլինելու հետևանքով այդ մարդասպանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, որտե՞ղ էիք երբ Թագուհի Մանսուրյանին ու նրա ծնողներին կացնահարում էին․․․

 

 

Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն, դա իմ ավանդույթը չէ, իմ ավանդույթը Մխիթար Գոշն է, իմ ավանդույթն ու պատմությունը 1918 թվականին ազատագրված ու ընտրության, ընտրվելու իրավունք ստացած, խորհրդարանում հենց կանանց ու երեխաների ձայնը բարձրացնող կին պատգամավորներն են, իմ ավանդույթը Դիանա Աբգարն է, Զապել Եսայանն է, սա է իմ ավանդույթը և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն են մեր արժեքները, որի վրա դուք ամեն օր ձեր ոտքերն եք սրբում։

 

 

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, նորից եմ կրկնում, որևէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը, սա ներհասարակական հարաբերությունների հիմքն է և սրա խախտման որևէ դեպք պետք է արժանանա համաչափ արձագանքի:  Ես մերժում եմ բռնությունը, մերժում եմ առանց նախապայմանների, մերժում եմ առանց բայցերի, մերժում ու դատապարտում եմ բռնությունը, համաչափորեն դատապարտում եմ, թե՛ վերբալ ու հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնությունը, ես ամաչում եմ և ներողություն եմ խնդրում, որ մենք միշտ չէ, որ կարողացել ենք ապահովել ու պաշտպանել մեր քաղաքացիների արժանապատվությունը, ներողություն եմ խնդրում, որ թերացել ենք քաղաքական բանավեճը պահել բացառապես վերբբալ և քաղաքական հակասությունների, բացառապես երևույթների ու ծրագրերի շուրջ բանավեճերի տիրույթում», – ասել է Գայանե Աբրահամյանը։

 

 

Դիտումների քանակը` 1601

Գլխավոր էջ