Կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավումը  կխրախուսվի  ֆինանսապես 

Այս շաբաթվա սկզբին   նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր  տարեվերջին: 

 

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը  խորհրդարանը քննարկեց և ընդունեց երկրորդ ընթերցմամբ  դեկտեմբերի 29-ին՝  1 դեմ և 99 կողմ ձայներով: Ընդունված փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:

 

 Նշենք, որ ընդունված օրենքում  բացակայում է առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկման արժանացած առաջարկը, ըստ որի  «կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60%-ը»: Հիշեցնենք, որ  ընդդիմախոսները  անվանել էին  այդ պահանջը «ժամանակավրեպ»:  Արդյունքում   քաղաքական ուժերը  հանգեցին կոնսենսուսի՝ որոշելով ժամանակից շուտ չընկնել և խրախուսել սեռերի հավասար ներկայացվածությունը կուսակցությունների ղեկավար մարմիններում այլ ճանապարհով, այն է՝ ֆիւնանսական լծակների միջոցով:  

 

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ, կարևոր փոփոխություն է արվել կուսակցությունների պետական ֆինանսավորման պայմաններում, որը  կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում եւ պետական նպատակային ֆինանսավորում: Փոփոխություններով  ֆիքսվում է, որ ընդհանուր  ֆինանսավորման ծավալը դառնում է  60%, իսկ նպատակային ֆինանսավորման ծավալը՝  40%: Ընդ որում,  նպատակային ֆինանսավորումն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով. 20%-ը հատկացվելու է կուսակցություններին՝ հաշվի առնելով գործադիր մարմնում սեռերի համաչափ բաշխումը, 10%-ը հատկացվելու է, որպեսզի կուսակցությունները մարզերում գրասենյակներ ունենան, իսկ մյուս 10%-ը կհատկացվի տվյալ կուսակցության գաղափարախոսության, հանրային քաղաքականության հարցերի ուսումնասիրության և հրապարակման հետ։ Դեռևս սրանով էլ ընդունված փաթեթում  սահմանափակվում են բոլոր միջոցները կուսակցություններում կանանց դերի բարձրացման ուղղությամբ:

 

«Կուսակցությունների մասին » ՀՀ օրենքում  համատասխան դրույթը ամրագրված է «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածում  հետևյալ խմբագրությամբ.

 

«7. Եթե հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը գերազանցում է 40 տոկոսը, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման կեսը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման քառորդը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը պակաս է 20 տոկոսից, ապա կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում։ Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով»:

 

 

Նշենք, որ կուսակցությունների պետական ֆինանսավորումը (պետական սուբսիդավորումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և հատկացվում է  այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ յոթ տոկոսը: 

 

 

Ընդունված փոփոխություններով  նախատեսվում է նաև  դյուրացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:  Համազասպ Դանիելյանի պարզաբանմամբ, եթե «Կուսակցությունների մասին» գործող օրենքով պահանջվում էր 100 ՀՀ քաղաքացու կողմից կուսակցություն ստեղծելու որոշում, իսկ դրանից հետո միջանկյալ ժամանակ էր տրվում, որ մինչև 800 անդամ ունենա այդ կուսակցությունը, ապա այժմ առաջարկվում է, որ այդ երկքայլանոց գործընթացը դարձվի մեկքայլանոց, և կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ լինի 300 ՀՀ քաղաքացու ստորագրություն։

 

 

Կարևոր փոփոխություն է նաև այն, որ հստակեցվել է դրույթը, որով կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալ լրատվամիջոցներ և հրատարակչոթյուններ՝ իրենց գաղափարախոսությունը հրապարակելու համար:  

 

 

Նոր օրենքի համաձայն, մասնավորապես, կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, դրան զուգահեռ կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։

 

 

Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Արդյո՞ք «ժամանակավրեպ» է կուսակցության ղեկավար կազմում կանանց պատշաճ ընդգրկման մասին պահանջը. թեժ քննարկում խորհրդարանում

 

«Կուսակցությունները պարտադրված  են հավասար հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար»

 

«Ի՞նչ կարող ենք անել կուսակցությունների ընտրովի մարմիններում կանանց  ներկայացվածությունը բարձրացնելու  ուղղությամբ »

 

«Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում

 

 

Դիտումների քանակը` 1043

Գլխավոր էջ