Արդյո՞ք «ժամանակավրեպ» է կուսակցության ղեկավար կազմում կանանց պատշաճ ընդգրկման մասին պահանջը. թեժ քննարկում խորհրդարանում
Նոյեմբերի 8-ից Ազգային ժողովում քննարկվող «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագիծը կարևոր դրույթ է պարունակում՝ ուղղված կուսակցություններում կանանց դերի ու ազդեցության բարձրացմանը: Մասնավորապես, օրինագծով առաջարկվող փոփոխություններից մեկով սահմանվում է, որ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը: Ինչպես ցույց տվեց քննարկումների ընթացքը, առաջարկվող կարգավորումը դիմադրության է հանդիպում, թեև խորհրդարանական կառավարման համակարգն ենթադրում է, որ առաջին հերթին հենց կուսակցություններն են պատասխանատու կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում:
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթի հիմնական նպատակը հանրապետությունում առավել առողջ քաղաքական դաշտ ու այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու: Նրա համոզմամբ, արված փոփոխությունները նպաստելու են ներկուսակցական ժողովրդավարության հաստատմանը, որի կարևոր ցուցանիշներից մեկը նաև կանանց ներգրավվածությունն է:
Հարակից զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, այս առումով նշեց, որ կուսակցության ղեկավար մարմիններում սեռերի հավասար ներկայացվածության պահանջը կարևոր խթան է կանանց քաղաքական մասնակցության ակտիվացման համար և նույնիսկ շատ զարգացած քաղաքական համակարգ ունեցող երկրների համեմատ սա բավականին բարձր նշաձող է։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով այն, որ օրինագծով ամրագրվում է, որ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը, շատ կարևոր առաջարկ է կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման տեսակետից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմամբ այս պահանջի ամրագրումը նոր հնարավորություններ է ստեղծելու կանանց քաղաքական իրավունքների իրացման, նրանց քաղաքական մասնակցության և որոշումների ընդունման մակարդակում ներգրավման առումով: Նրա խոսքով, օրինագիծը նպաստելու է կուսակցությունների ներսում նոր միջավայրի ստեղծմանը, ներքին ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ժամանակավրեպ է համարում կուսակցությունների ղեկավար մարմիններում քվոտաների կիրառման մասին առաջարկը:
-Արդյո՞ք ժամանակավրեպ չէ այս պահին կուսակցությունների կառավարման խորհուրդներում կանանց քվոտայի թվի ավելացումը, քանի որ մենք այս պահին արդեն, հատկապես մարզային կառույցներում, ունենք նման խնդիր և կարծում եմ, որ պետք է այս թիվը թողնել նույնը, քանի որ մենք սրանով կարող ենք հանգեցնել նրան, որ ֆիկտիվ կանանց ներգրավվում ապահովվի։ Կարծում եմ պետք է բնականոն ընթացք լինի այս ամենի համար։ Ամենևին դեմ չեմ կանանց ներգրավվածությանը, բայց կարծում եմ, որ այս պահին նման ավելացումը՝ կանանց քվոտայի, ժամանակավրեպ է, -նշեց նա:
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը կրկին պնդեց, որ օրենքում այդ դրույթը շատ կարևոր է: «Եթե կուսակցության ղեկավար կազմում չեք ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչներ, բա Ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, կներեք ում մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ցուցակում ընդգրկվի։ Ինչքան կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձրեց. «Խոսքը գնում է կանանց արհեստական քվոտա նախատեսելու մասին, որի պարագայում ստիպված հենց Ձեր ասած մորքուրին են ներգրավելու»…
Հիշեցնենք, որ փաթեթի մշակումը նախաձեռնվել է 2019 թվականից, այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խումբը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, իրականացվել են խորհրդարանական լսումներ, հանդիպումներ են եղել հանրապետության մարզերում, ինչպես նաեւ արտախորհրդարանական որոշ ուժերի հետ: Փաթեթն ուղարկվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որից հետո իրականացվել են որոշ փոփոխություններ: Փաթեթը շրջանառության մեջ էր դրվել դեռ սեպտեմբեր ամսին, բայց պատերազմի պատճառով չէր քննարկվել։ Օրենքի նախագծով առաջարկվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել՝ ուղղված կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայմանը, կուսակցությունները բիզնեսից անկախ և ավելի թափանցիկ դարձնելուն, կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հաստատմանը, երիտասարդների, կանանց ներգրավվման ավելացմանը, կուսակցություններում նրանց դերի բարձրացմանը:
Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին խորհրդարանը 99 կողմ և մեկ դեմ ձայներով ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում
Դիտումների քանակը` 1073