«Մարդուկ»-ներն ինձ ստիպում են առաջ նայել. Քնար Դանիելյան
«Նունի», «Լոլո», «Տիկի» ․․․ Արցախցի փոքրիկների սիրելի ընկերներն են՝ ձեռագործ նապաստակներ, արջուկներ ու կատուներ, որ միասին կոչվում են «Մարդուկ»։ Տիկնիկների արտադրությունը Քնար Դանիելյանը հիմնել է 2019 թ.-ին Շուշիում։
Պատրաստվում էին նշել «Մարդուկ»-ի 1-ամյակը։ Պատերազմը չեղարկեց բոլոր պլանները, «Մարդուկ»-ն էլ մնաց ձեռնունայն՝ առանց կարի մեքենայի ու կտորեղենի։
WomenNet.am-ի հետ զրույցում Քնար Դանիելյանը պատմել է Շուշիում ապրած կյանքի, «Մարդուկ»-ի հետ անցած ճանապարհի ու պատերազմից հետոյի նպատակների մասին։
Որպես սկիզբ
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ։ Ավարտելուց հետո որոշեցի, որ նկարչությամբ էլ պետք է պրոֆեսիոնալ զբաղվեմ, ստացա մանկավարժի որակավորում։ «Մարդուկ»-ն իմ երկու մասնագիտությունների համադրությունն է։
Շուշիում ձեռքի աշխատանքների խմբակ ունեի, որտեղ փոքրիկները պատրաստում էին տարբեր բաներ, այդ թվում՝ տիկնիկներ։ Տիկնիկները պատրաստվում էին մարդուկների ձեռքով ու մարդուկների համար։ Այդտեղից էլ եկավ «Մարդուկ» անվանումը։ Ավելի ուշ այն վերածվեց տիկնիկների արտադրության։
Բիզնես գաղափարը վաղուց ունեի, բայց այն զարգացնելու հնարավորություն ունեցա միայն 2019 թվականին, երբ «Մարդուկ»-ն Արցախի պետական նախարարի կողմից ճանաչվեց «Լավագույն բիզնես ծրագիր», ու ստացանք մեր առաջին դրամաշնորհը։
«Լավագույն արձագանքը երեխաների ժպիտներն են»
Ամենահաճելի պահն այն է, երբ ծնողներն ուղարկում են երեխաների լուսանկարները՝ ինչպես են իրենց մարդուկներին գրկած քնում, ինչպես են խաղում նրանց հետ։ Կարծում են՝ նրանց ժպիտները լավագույն արձագանքն են։
Սկզբում տիկնիկներն առցանց էինք վաճառում, հետո սկսեցինք մասնակցել տարբեր ցուցահանդեսների։ Ծնողները փոքրիկների հետ են գալիս, ուսումնասիրում մարդուկներին, կարծիք հայտնում։ Հետաքրքիր է տեսնել՝ երեխան հավանե՞ց, չհավանե՞ց, ինչպիսի՞ «Մարդուկ» կուզեր ունենալ։
Արցախում և Արցախից դուրս
Փաստը, որ ունենք տեղական արտադրանք և պետք չէ գնել թուրքականը կամ չինականը, արդեն ոգևորիչ էր արցախցիների համար։ Խանութներում կային նաև հայկական արտադրության տիկնիկներ, բայց բոլոր երեխաները նույն տիկնիկներով էին խաղում։
Լրիվ այլ զգացողություն է, երբ երեխադ ունի իր տիկնիկը, որի նմանը շուկայում, մեկ այլ տեղ չկա․ այն տարբեր է, յուրահատուկ։
Ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերի միջոցով, լուսաբանումների արդյունքում «Մարդուկ»-ը սկսեց դուրս գալ Արցախի սահմաններից։ Պատերազմի օրերին հետաքրքրությունը մեծացավ Արցախի հանդեպ, ուզում էին իմանալ՝ ինչո՞վ է ապրում Արցախը, ինչո՞վ են զբաղվում արցախցիները։ «Մարդուկ»-ի տիկնիկները հասան արտերկիր՝ ՌԴ, ԱՄՆ և այլ երկրներ։
«Կարևոր էր, որ թուրքական հումք չօգտագործվի»
Երբ նոր էինք սկսում, դժվարությունները շատ-շատ էին։ Նախ պետք էր «Մարդուկ»-ի համար գնել կարի մեքենաներ, որակյալ կտորեղեն։ Այն կտորները, որ գին-որակ համադրության տեսանկյունից լավն են, հիմնականում թուրքական են։ Մեզ համար կարևոր էր, որ թուրքական հումք չօգտագործվի։ Դժվարությամբ, բայց ստացվեց։ Սկսեցինք ներկրել Ռուսաստանից։
Կարծրատիպ կար, թե ձեռքի աշխատանքը պետք է դնել ինչ-որ բարձր տեղ ու պահել․խաղալիք չէ։ Պետք էր գնորդին ցույց տալ, որ ձեռքի աշխատանք են նաև «Մարդուկ»-ի տիկնիկները, բայց դրանք խաղալիքներ են, որոնք կարելի է նաև լվացքի մեքենա գցել, լվանալ։
Մենք ու Շուշին
Շուշիում կյանքը շատ սիրուն էր։ Մշակույթը, ճարտարապետությունը, մարդիկ ․․․ լրիվ այլ միջավայր էր։ Գիտեք՝ Շուշիում բոլորն էին արվեստի մարդ՝ հաշվապահից սկսած, արվեստագետներով վերջացրած․բոլորն արվեստի մեջ էին ապրում։ Չկար մի շաբաթ, որ ներկայացման պրեմիերա կամ ցուցահանդեսի բացում չլիներ քաղաքում։ Հաճախ կազմակերպվում էին նաև համերգային շրջագայություններ։
Հաճախել եմ Շուշիի՝ «Նարեկացի արվեստի միության» նկարչության խմբակ, որտեղից էլ սկսվել է կապն արվեստի հետ։ Անջնջելի հետք է թողել Շուշին ինձ վրա։
Ամեն օր էլ քաղաքում նոր ու հետաքրքիր որևէ բան կար, բայց ամենա-ամենան ամառներն էին․Շուշի էին գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Քաղաքը մարդաշատ էր նաև Զատիկին։ Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներից հայեր էին գալիս, որ հենց Ղազանչեցոցում նշեն տոնը։
«Պատերազմը չեղարկեց «Մարդուկ»-ի 1-ամյակի պլանները»
Նախատեսել էինք 1-ամյակին թողարկել հագուստի հավաքածու։ Պատերազմը մեր պլանները չեղարկեց, բայց որոշել եմ իրագործել այդ գաղափարը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Կորցրել էինք ամեն ինչ՝ «Մարդուկ»-ի կարի մեքենաները, կտորեղենը, այլ պարագաներ։ Բայց գտնվեցին բարի մարդիկ, ովքեր պատերազմի օրերին մեզ կարի մեքենա նվիրեցին։ Անչափ շնորհակալ եմ Միհրանին ու բոլոր նրանց, ովքեր այդ դժվար օրերին մեր կողքին եղան։
Ոչ միայն իմ, այլև արցախցի մյուս կին ձեռներեցների կողքին էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Ինքս միության «Սովորիր և վաստակիր» ծրագրի մասնակից եմ եղել։
«Չէինք պատկերացնում, որ հնարավոր է՝ հետ չգնանք»
Հոկտեմբերի կեսերն էր։ Կոնկրետ օրը չեմ հիշում։ Անօդաչուներն արդեն հասել էին քաղաք, մեր գլխավերևում էին։ Կրակոցներն այնքան մոտ էին, որ տան պատուհաններն էլ էին շարժվում։ Ստիպված, անվտանգությունից ելնելով դուրս եկանք քաղաքից՝ այն հույսով, որ մի քանի օրից իրավիճակը կհանդարտվի, հետ կգնանք։ Չէինք պատկերացնում, որ հնարավոր է՝ հետ չգնանք Շուշի։
Ապրիլյան պատերազմն էլ մի քիչ հանգստացրել էր մեզ․լայնածավալ պատերազմ չէինք սպասում։
Նորից սկսելով զրոյից
Անկեղծ ասած՝ Երևանում «Մարդուկ»-ի աշխատանքների մեկնարկը տալու համար ուժ գտնել պետք չէր։ Երբ ոչնչից ստեղծում ես ինչ-որ բան, նորից դա անելը դժվար չէ։
Այդ ճանապարհն անցա ընտանիքիս, բարի մարդկանց օգնության ու մի պարզ գիտակցության շնորհիվ, որ եթե ուժեղ չլինենք, վերջնականապես կկործանվենք։
Մեր նոր հասցեն
Երկու հանրապետության մեջ ենք ապրում՝ Արցախ, Հայաստան։ Այս պահին մայրիկիս և եղբորս հետ Արցախում եմ՝ Ստեփանակերտում։
Երբ չկա քո տունը, արդեն դու ․․․ մի քիչ այլ է, դժվար է ասել՝ որտե՞ղ ես ապրում, ո՞նց ես ապրում․անորոշ է։
«Մարդուկ»․նոր բլոգ մայրիկների համար
Այս պահին արտադրական ընթացք չկա՝ տիկնիկներ չեն կարվում։ Նախագծում ենք նորերը։ Պատրաստում ենք մեծ հավաքածու, ինչպես նաև բլոգ մայրիկների համար։ Ծավալուն աշխատանք է, նյութեր են լինելու ամենատարբեր ոլորտներից, ուստի խորհրդակցում եմ նաև բժիշկների, մասնագետների հետ։
Բլոգն անձամբ եմ վարելու։ Կյանքի այս փուլում դա ինձ համար շատ կարևոր է։ Շուտով ես էլ մայրիկ կդառնամ։
«Պետք է ավելի աշխատասեր լինենք ու պայքարենք»
Պատերազմից հետո ավելի մեծ նպատակներ եմ դնում իմ առաջ։ Հասկացել եմ, որ պետք է ավելի աշխատասեր լինենք ու պայքարենք։
Մարդուկներն ինձ ստիպում են առաջ նայել։ Իմ մարդուկը, որ շուտով կծնվի, և մյուս բոլոր մարդուկները, որոնց համար աշխատում եմ։ Պետք է շարունակենք ապրել ու ամեն ինչ անենք, որ մեր մարդուկներն ունենան անհոգ մանկություն։
Զրույցը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ Քնար Դանիելյանի անձնական արխիվից
Դիտումների քանակը` 1073