Կանանց աշխատանքային իրավունքների խախտման «բազմերանգ» պատկերը. հետազոտություն
Կանայք աշխատաշուկայում շարունակում են մնալ չպաշտպանված, նրանց աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը բազմաթիվ են և բազմաբնույթ, կապված են ամենատարբեր հարցերի հետ. սկսած աշխատողին չգրանցելուց, մինչև պարտականություններից դուրս գործառույթների հարկադրում , – փաստում են «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) ՀԿ-ի կողմից կատարված հետազոտության տվյալները, որը նվիրված է Քովիդ-19 համավարակի պայմաններում կանանց իրավունքների ոտնահարման խնդիրներին։ Հետազոտությունն անցկացվել է Շիրակի մարզում , ընտրանքի շրջանակներում իրականացվել է 100 հարցում, որոնցից 77-ը աշխատող կանայք են, իսկ 23-ը ազատվել էին աշխատանքից համավարակի առաջին ալիքի ընթացքում՝ 16.03.2020-01.03.2021թթ.: Հետազոտությունում ներկայացված խնդիրներն իրականում համավարակի ժամանակ չէ, որ սկիզբ են առել, սակայն համավարակը բերել է դրանց սրացմանը և բացահայտմանը:
Անդրադառնալով այդ հետազոտության արդյուքններին WomenNet.am-ը փորձել է համադրել դրանք կանանց աշխատանքային իրավունքների առավել տարածված խախտումների մասին վկայող կոնկրետ պատմությունների հետ:
Չգրանցված լինելու խնդիրը ամենատարածված խախտումներից է
Սոնան (անունն իր խնդրանքով փոխված է) գրեթե 1 տարի է աշխատում է փափուկ կահույքի արտադրամասերից մեկում և մինչ օրս չձևակերպված (չգրանցված) աշխատակից է։ Ասում է՝ գործատուն աշխատանքային պայմանագիր կնքելուն անդրադարձել է միայն, երբ իրեն ընդունել է աշխատանքի՝ նշելով, որ 3 ամիս անց կգրանցի, ինչն այդպես էլ չի արել։
«Ես դրանից հետո երբևէ գրանցելու մասին իր հետ չեմ խոսել, մտածել եմ՝ երևի ընթացքում կձևակերպի»,- WomenNet.am-ին ասում է Սոնան և հավելում, որ չգրանցված աշխատակիցներ արտադրամասում էլի կան, միայն ինքը չէ։
Համաձայն ԿԻՏ-ի հետազոտության՝ աշխատող կանանց մեծամասնությունը՝ հարցվածների 73%-ը, եղել է ի սկզբանե ձևակերպված (գրանցված) աշխատող։ Հարցվածների 17%-ը մշտապես չձևակերպված աշխատողներ են, որոնք ի սկզբանե ձևակերպված չեն եղել, սակայն նրանց 10%-ը ժամանակի ընթացքում ձևակերպվել է։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կանանց շրջանում անօրինական աշխատանքը շարունակում է մնալ աշխատանքային իրավունքների տարածված խախտումներից մեկը։ Չգրանցված կին աշխատողները առավել մեծ թիվ են կազմել չաշխատող կանանց շրջանում։ Չգրանցված աշխատակիցները զրկվում են և՛ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված, և՛ սոցիալական մյուս երաշխիքներից։ «Մասնավորապես, այս խնդիրն առավել ակնհայտ դարձավ արտակարգ դրության ժամանակ, երբ շատերը զրկվեցին ոչ միայն գոյությունը պահպանելու միջոցներից, եկամտի մշտական աղբյուրներից, այլև պետության կողմից տրամադրված միանվագ աջակցությունից»,- նշված է հետազոտության մեջ։
Այնուամենայնիվ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված է, որ անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված կամ աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառած վնասները։
Վարձատրության ժամկետների խախտում
Մեր զրուցակից Սոնայի աշխատանքային իրավունքների խախտումներն այդքանով չեն սահմանափակվում։ Նրա խոսքով՝ ինքը նաև ժամանակին չէր ստանում աշխատավարձը. կա նաև ամիս, որի համար առ այսօր չի վարձատրվել:
«Չվճարված աշխատավարձերը վճարելու մասին գործատուն մինչ օրս մեզ ոչինչ չի ասել։ Գումարները չվճարելու պատճառը՝ կարծում եմ՝ ընկերության ֆինանսական խնդիրներ են, ինչն ազդում էր աշխատակիցների ժամանակին վարձատրվելու վրա»,- ասում է Սոնան WomenNet.am -ի հետ րույցում։
Համավարակով պայմանավորված աշխատանքի վարձատրության ժամկետի փոփոխության վերաբերյալ ԿԻՏ-ի հարցին ի պատասխան՝ աշխատող կանանց շրջանում հարցվածների 84%-ը հայտնել է, որ համավարակն որևէ կերպ չի անդրադարձել վարձատրության ժամկետների վրա։ 5%-ը նշել է, որ համավարակի առաջին մեկ ամսվա կամ մի քանի ամիսների վարձատությունը ստացել է 1-2 ամիս ուշ, սակայն իրավիճակը հետագայում կարգավորվել է, կամ էլ՝ համավարակի սկզբի մեկ կամ մի քանի ամիսների համար չի վարձատրվել, սակայն հետագայում վարձատրության նախկին ձևը վերականգնվել է։ Հարցվածների 1%-ը հայտնել է, որ համավարակի սկզբում աշխատելիս չի եղել, իսկ աշխատանքի ընթացքում վարձատրության վճարման ժամկետը փոփոխության չի ենթարկվել։
Նշենք, որ գործատուն վարչական պատասխանատվության է ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․8-րդ հոդվածի համաձայն՝ խախտում թույլ տված գործատուի նկատմամբ նշանակվում է տուգանք։
Փաստացի աշխատաժամերը և պայմանագրով նախատեսված գրաֆիկը
Մեր մյուս զրուցակիցը՝ Էմման (անունը փոխված է) օրվա ընթացքում աշխատում էր 10 ժամ, աշխատանքային գրաֆիկը փաստացի 8:30-17:30-ն էր։ Աշխատում էր մանկապարտեզում, օրական 10 ժամ աշխատելու դեպքում աշխատավարձը կազմում էր 68 000 դրամ։ Էմման աշխատաժամերի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ մանկապարտեզի տնօրենից։
«Ղեկավարն ասում էր՝ դուք ունեք ընդմիջման համար նախատեսված 1 ժամ, որը հանվում է աշխատանքային ընդհանուր ժամից։ Նաև ասում էր, որ դրույքը հաշվարկվում է այդ ժամերի հիման վրա»,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է Էմման։
Հարցված աշխատող կանանց 25%-ի շրջանում փաստացի աշխատաժամերը կամ աշխատանքային գրաֆիկը կազմել է 9 ժամ (օրինակ, ըստ գրաֆիկի՝ 9։00-18։00), մոտ 21%-ը նշել է, որ 8-ժամյա է (օրինակ, ըստ գրաֆիկի՝ 10։00-18։00), 11%-ից ավելը՝ 7-ժամյա, մոտ 10%-ը՝ 6-ժամյա և այլն։ Հարցվածների ավելի քան 1%-ը հայտնել է 10 ժամ (օրինակ, ըստ գրաֆիկի՝ 9։00-19։00), 13 ժամ (օրինակ, ըստ գրաֆիկի՝ 10։00-23։00), նաև՝ նույնիսկ 24 ժամ և 62 ժամ փաստացի աշխատաժամերի մասին, եղել են նաև չհստակեցված աշխատաժամեր ունեցողներ։
Հետազատության արդյունքների համաձայն՝ որոշ գործատուների կողմից չի պահպանվում աշխատաժամանակի վերաբերյալ սահմանված նորմերի պահանջների կատարումը։ Աշխատակիցները շարունակում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերից բացի աշխատաժամանակից ավելի երկար տևողությամբ աշխատել։
Ընդ որում, աշխատանքից ազատված կանանց շրջանում այս պատկերն առավել տարածված բնույթ ունի։ Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված է, որ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից։ Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, բացառությամբ օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի։ Իսկ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից։
Սա նշանակում է, որ փաստացի 10 ժամ կամ ավելի աշխատելու դեպքում խախտվել են անձանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տևողության վերաբերյալ նորմատիվ պահանջները։
Արձակուրդից զրկելու անօրինական պրակտիկան
Գայանե Հ․–ն բիզնես կենտրոններից մեկում եղել է ընդունարանի աշխատակցուհի։ Պատմում է, որ երբ առողջական խնդիրներ ունենալու պատճառով որոշել է օգտվել իր ամենամյա արձակուրդից, այն իրեն չի տրամադրվել։
«Չթույլատրելու պատճառը, իհարկե, փորձել եմ պարզել, սակայն ղեկավարն ասում էր, որ չկա որևէ մեկը, ով կարող է ինձ փոխարինել․ միայն փոխարինող գտնելու դեպքում կարող էի օգտվել արձակուրդ գնալու իմ իրավունքից»,- WomenNet․am-ի հետ զրույցում պատմում է Գայանեն։
Նրա խոսքով՝ նույնիսկ վատ զգալու և ջերմություն ունենալու դեպքում էր աշխատում։ Ամիսներ անց էլ պետք է վիրահատվի, բայց, քանի որ անգամ այդ դեպքում հնարավորություն չէր ունենալու օգտվելու արձակուրդ գնալու իրավունքից, ստիպված է եղել իր կամքով՝ ազատվել աշխատանքից։
Աշխատող կանանց 81%-ի խոսքով՝ իրենք տարին մեկ անգամ պարտադիր ունենում են արձակուրդ, մինչդեռ 11%-ը հայտնել է, որ ամբողջ ժամանակահատվածում երբևիցե արձակուրդ գնալու հնարավորություն չի ունեցել։ Հարցվածների 5%-ն էլ նշել են, քանի որ իրենց աշխատելու 6 ամիսը դեռ չի լրացել, արձակուրդի իրավունք դեռ չունեն։ Ըստ հարցվածների 1,5 %-ի՝ իրենք տարին 2 անգամ 2 շաբաթով ունենում են արձակուրդի հնարավորություն։
ԿԻՏ-ը հետազոտության ընթացքում պարզել է, որ որոշ գործատուների կողմից խախտվել է աշխատողների հանգստի ժամանակի, մասնավորապես՝ ամենամյա արձակուրդ ունենալու իրավունքը։ Թեև աշխատող կանանց մեծամասնությունն ունեցել է այդ հնարավորությունը, սակայն տարբեր հանգամանքների պատճառով ոմանք չեն կարողացել օգտվել այդ իրավունքից։
Հարցվածների մի մասը «փոխարինող չունենալու» կամ «ղեկավարի չթույլատրելու պատճառով» զրկվում են ամենամյա հանգստից, իսկ այդ պատճառաբանությունները՝ անհիմն են, ուստի նման դեպքերը ևս հուշում են, որ աշխատողի իրավունքները խախտվում են։
Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար։
Հետազոտությունների ընթացքում ԿԻՏ-ը պարզել է նաև, որ աշխատող կանանց շրջանում հարցվածների 75%-ը նախքան արձակուրդ գնալը արձակուրդի համար վճարվել է, 9%-ը՝ աշխատավարձը ստացել է արձակուրդ գնալուց 4 կամ ավելի օր հետո, կամ էլ՝ ընդհանրապես չի վարձատրվել, իսկ 5%-ը՝ արձակուրդայինը ստացել է արձակուրդից վերադառնալուց հետո։
ՀՀ ԱՕ-ն նաև սահմանում է, որ արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը։ Ըստ ՀՀ ԱՕ 169-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց 3 օր առաջ։
Չգրանցելուց մինչև պարտականություններից դուրս գործառույթների հարկադրում
Մեր զրուցակից Նարինե Ս- ի հետ գործատուն ոչ միայն չի կնքել պայմանագիր, այլ հարկադրել է բացի իր պարտականությունները կատարել նաև այլ գործառույթներ։ Նա հեռախոսավարուհի էր, սակայն, քանի որ ընկերությունում չկար մաքրուհի, այս պարտականությունները ևս կատարում էին աշխատակիցները։
«5 օրը մեկ աշխատանքից հետո ես և իմ կոլեգան պետք է մնայինք և մաքրեինք օֆիսի ամբողջ տարածքը, որի համար հավելյալ գումար չէր վճարվում մեզ. անգամ լինում էր ամիս, որ առանց հանգստյան օրերի էինք աշխատում։ Ղեկավարը ստիպում էր նաև՝ աշխատանքային ժամին գնալ խանութ և իր համար գնումներ կատարել, օրինակ՝ ծխախոտ, սուրճ, քաղցրավենիք»,- պատմում է Նարինեն։
ԿԻՏ-ի հետազատությունների համաձայն՝ աշխատող կանանց և աշխատանքից ազատված կանանց շրջանում հաճախակի են եղել դեպքերը, երբ բացի իրենց աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթներից, վերջիններս կատարել են նաև այլ պարտականություններ։ Մինչդեռ, ըստ Աշխատանքային օրենսգրքի աշխատողը պարտավոր է իրականացնել միայն այն գործառույթները, որոնք սահմանված են իր աշխատանքային պայմանագրով։ Հակառակ դեպքում՝ գործատուն օգտագործում է աշխատողի աշխատանքը, իսկ նման պարագայում՝ աշխատանքը համարվում է ապօրինի։ Ըստ այդմ, պայմանագիր չունեցող աշխատակիցները կրկնակի ռիսկի են ենթարկվում, չէ որ նրանց աշխատանքային պարտականությունների շրջանակը որևէ ձևով փաստագրված չէ…
Պատրաստեց ՝ Մերի Մաթևոսյանը
Դիտումների քանակը` 867