Կլինի՞ արդյոք Հայաստանում կին նախագահ. գնահատենք շանսերը
Այն փաստը, որ Արցախի նախագահի այս տարվա ընտրություններում կին թեկնածուներ են մասնակցում, ինքնին կարևոր հանգամանք է կանանց շրջանում բարձր հավակնություններ առաջացնելու առումով: Իրականում սա առաջին դեպքն է ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում կայացած բոլոր նախագահական ընտրությունների պատմության մեջ: Հայաստանում վեց նախագահական և Արցախում՝ հինգ նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու չի առաջադրվել։
Նախկինում Հայաստանում եղել են կանայք, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, սակայն գործը ավարտին այդպես էլ չեն հասցրել: Այսպես, 1998 թվականին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու ցանկություն էր արտահայտել 1989-1991 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Վերջինիս կենսագրության մեջ նշված է, որ նա 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն գրանցված 13 թեկնածուների շարքում նրա անունը չկա, քանի որ նա վերջին պահին որոշեց րներկայացնել իր փաստաթղթերը ԿԸՀ: Հաջորդ փորձը գրանցվեց 2013 թվականի նախագահական ընտրություններին, երբ առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էր Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Սակայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր գրանցել նրան որպես թեկնածու գրանցման համար ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Մասնավրապես, Նարինե Մկրտչյանը ԿԸՀ չէր ներկայացրել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Ի դեպ, 2013-ի ընտրությունները կարող էին նշանավորվել նաև նրանով, որ բացի Նարինե Մկրտչյանից ևս մեկ կին թեկնածու լիներ. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկում էր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին առաջադրելու հարցը, սակայն այդ հարցը քննարկումների մակարդակում միայն մնաց:
Հայաստանի նորանկախ պատմության մեջ նախագահի բոլոր ընտրություններին բացառապես տղամարդ թեկնածուներ են առաջադրված եղել. և՛ 1991-ին, երբ առաջադրվել էր նախագահի 6 թեկնածու, և՛ 1996-ին (7 թեկնածու), և՛ 1998 թվականին (13 թեկնածու), և՛ 2003-ին (պայքարում էին 9 թեկնածուներ), և՛ 2008-ին, երբ 8 թեկնածու էր պայքարում, ու այդպես շարունակ…
2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացիներն այլևս նախագահ ընտրելու հնարավորությունից զրկվել են: Քանի որ հանրապետությունը այժմ խորհրդարանական կառավարման երկիր է, ապաև նախագահը 2018-ին ընտրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Հարց է առաջանում, արդյո՞ք նոր Սահմանադրությունը մեծացնում է օրերից մի օր երկրի նախագահ դառնալու կանանց շանսերը …
Տարիներ շարունակ մենք խոսում ու ականատեսն ենք լինում նրան, որ կանայք խուսափում են մտնել մեծ քաղաքականություն, համարելով, որ տղամարդկանց ձեռքում են կենտրոնացած բոլոր ռեսուրսները՝ և՛ ֆինանսական, և՛ ադմինիստրատիվ, և՛ թաղային հեղինակությունների և այլն: Ու թեև կանայք ոչ պակաս պրոֆեսիոնալ են ու պատրաստված, բայց ակտիվ քաղաքականության մեջ են մեծամասամբ քվոտավորման շնորհիվ, որը պարտադրում է կուսակցություններին ապահովել նրանց մասնակցությունը: Դրա շնորհիվ այսօր կուսակցություններում ի հայտ եկան մեծ թվով ակտիվ կանայք, ովքեր առաջ ստվերում էին մնում: Մյուս կողմից, նաև սերնդափոխություն կատարվեց, և նոր սերնդի կանայք շատ ավելի ակտիվ և համարձակ են: Այնպես որ, կարող ենք ենթադրել, որ եթե կառավարման համակարգը փոփոխության չենթարկվեր, ապա հնարավոր է, որ հերթական նախագահական ընտրություններին կին թեկնածուներ այնուամենայնիվ կառաջադրվեին:
Բոլոր դեպքերում, ժամանակները փոխվել են, և այսօր, գործող Սահմանդրության պարագայում, որպես նախագահի թեկնածու կանանց առաջադրման հավանականությունը բավականին բարձր է: Բացի այդ նախագահի ինստիտուտը, մեղմ ասած, թուլացած է և այլևս այնքան գրավիչ չէ տղամարդկանց համար ինչպես նախկինում: Այս հանգամանքն նույնպես բարձրացնում է առաջիկայում Հայաստանում կին նախագահ ունենալու շանսերը, հատկապես հաշվի առնելով Վրաստանի օրինակը, որը կարծրատիպերի տիրապետության տակ գտնվող Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջինն է, որ ունի կին նախագահ:
Ի դեպ, հավանաբար առաջիկայում Վրաստանի օրինակին հնարավոր է հետևի նաև Ադրբեջանը, որտեղ նախագահի աթոռ զբաղեցնելու հավակնություններ ունի Մեհրիբան Ալիևան: Այս դեպքում Հայաստանում կին նախագահ ունենալու տրամաբանությունն էլ ավելի արդարացված կլինի: Ավելին, այն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի սպասելի շարունակությունը կլինի…
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ երկու կին է առաջադրվել
Դիտումների քանակը` 1227