Կին ավագանիները մտահոգված են ախտահանման աշխատանքների անբավարար ծավալով
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կին ներկայացուցիչները՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը և «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անբավարար են գնահատում Երևանում իրականացվող ախտահանման աշխատանքները։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը զերծ է մնում այս ուղղությամբ գնահատականներ տալուց:
«Անկեղծ ասած, կարծիք արտահայտելու մասով արդեն հասկացել եմ, որ այն տեղ չի հասնում։ Երևան քաղաքում ախտահանումը շատ վատ մակարդակով է արվում։Եվ սա այն պարագայում, երբ մասնագետների պնդմամբ, վիրուսը մի քանի ժամ, երբեմն էլ նույնիսկ մի քանի օր կարող է մնալ տարբեր մակերեսների վրա, և ակնհայտ է, որ ոչ պատշաճ ախտահանումը կարող է նպաստել հիվանդության տարածմանը։ Որոշ շենքերի շքամուտքերում,մ ինչպես տեսանք, ախտահանիչ որոշ աշխատանքներ կատարվեցին, բայց դրանք համատարած բնույթ չի կրում, շատ քիչ շենքերում են իրականացվել, հետևապես այդ աշխատանքները բավարար գնահատելը զավեշտալի կլինի ։ Ես սա ասում եմ ոչ միայն որպես ավագանու անդամ, այլև որպես շարքային երևանցի»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ մայրաքաղաքի բնակիչների կարծիքներն իր արտահայտածից չեն տարբերվում։
Հռիփսիմե Առաքելյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Երևանում փողոցներն առհասարակ, ինչպես մինչ կորոնավիրուսը, այնպես էլ համավարակի պայմաններում անհրաժեշտ ծավալով չեն լվացվում, չեն մաքրվում։ Նա միաժամանակ ընդգծում է՝ քաղաքապետարանը նման աշխատանքներ իրականացնող տեխնիկայի խնդիր ունի։ «Չնայած այս խնդիրը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս չթմբկահարել, բայց, այո, մենք չունենք բավարար տեխնիկական միջոցներ, որպեսզի փողոցներում լվացման, սանմաքրման, նաև ախտահանման աշխատանքներ իրականացնենք»,-ընդգծում է նա։
Նշենք, որ այս առումով զարգացած երկրները շատ առաջ են գնացել՝ ախտահանման աշխատանքներում ներգրավելով ռոբոտներ, դրոններ և այլ տեխնիկա։ Աշխատանքների հաճախականությունն էլ է կարևոր, քաղաքային տրանսպորտն ախտահանում են ոչ թե մեկ անգամ, ինչպես դա անում էին մեզանում, այլ առնվազն երեք անգամ:
Չինաստան, Մարտ
Բայց դրանց բացակայությունը չխանգարեց Երևանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էջմիածնում, որը վարակի մեծ օջախ էր դարձել, փողոցները լվանալ։Երևանի բյուջեին և ունեցած տեխնիկական միջոցներին զգալիորեն զիջող այս քաղաքում ակտիվորեն աշխատանքներ են արվում՝ դրանցում ներգրավելով տրակտորները։ Ինչպես ասում են, եթե աշխատելու կամք ու ցանկություն լինի, միջոցները միշտ էլ կգտնվեն։
Էջմիածին, Մարտ 17
Հայաստանի միակ կին քաղաքապետ Դիաննա Գասպարյանը փողոցները տրակտորների օգնությամբ լվանալու մասին պատմել է դեռ մարտի 17-ին: «Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունենք կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները: Այսօր ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նաև տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ ախտահանում»,-գրել էր իր ֆեյբուքյան էջում Դիաննա Գասպարյանը։
Էջմիածին, Մարտ 17
Ի դեպ, միջազգային մամուլում այս օրերին հաճախ են հրապարակումներ հայտնվում այն մասին, որ կորոնավիորւսի տարածման դեմ պայքարում առավել մեծ հաջողության են հասել երկրները, որոնց ղեկավարները կանայք են։
«Այո, ես համաձայն եմ, կին ղեկավարները՝ կլինեն քաղաքային իշխանության ղեկին, թե կառավարության, շատ ավելի պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ են իրականացնում իրենց պարտականությունները։ Գուցե նաև այն պատճառով է, որ կանանց համար պաշտոնի հասնելը շատ ավելի բարդ է, քան տղամարդկանց դեպքում»,- ասում է Հռիփսիմե Առաքելյանը՝ միաժամանակ նկատելով, որ իհարկե բացառություններ լինում են։
Նրա գործընկեր Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ավելացնում է, որ կանայք նմանօրինակ խնդիրների բախվելիս ավելի բծախնդիր են, նախաձեռնող և ավելի հոգատար։
«Այնուամենայնիվ, լինի կին, թե տղամարդ, կարևորը խնդրի հետ առերեսվելու համարձակություն ունենալն է, աշխատանքին ու ստանձնած պաշտոնին գիտակցաբար վերաբերվելը, ոչ թե պոպուլիզմով զբաղվելը։ Մենք ունենք օրինակ, մեր միակ կին քաղաքապետը առաջինն է սկսել ախտահանման և սանմաքրման աշխատանքները Էջմիածնում»,-ասում է Վարդանյանը։
Ավագանու անդամը նկատել ու համոզվել է, Երևանի քաղաքապետարանում ընդդիմության կողմից արված առաջարկությունները չեն ընդունվում, իսկ քննադատություններն էլ քաղաքային իշխանությունները ծանր են տանում՝ արձագանքելով սուր ու էմոցիոնալ էլևէջներով։
Օրեր առաջ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակեց, որտեղ երևում է, թե ինչպես են ախտահանիչ նյութերով լվանում հարևան երկրի՝ Վրաստանի մայրաքաղաքի փողոցները։ «Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք»,-նկատել էր նա։
Թբիլիսի, Ապրիլ 3
Ի պատասխան դրան, Երևանի ավագանու «Իմ քայը» խմբակցության անդամներից մեկը ուղղակի ծաղրել էր Թբիլիսիի քաղաքային իշխանության ձեռնարկած քայլերը, իսկ քննադատության արժանանելուց հետո հայտարարեց՝ իբր հումոր է արել։
«Այո, ինչպես ես, այնպես էլ հասարակության բազմաթիվ անդամներ պարբերաբար համեմատականներ են տանում ոչ միայն հարևան պետության մայրաքաղաքի, ալ նաև այլ քաղաքների հետ։ Հայաստանում կան ևս քաղաքներ, օրինակ Էջմիածինը, որտեղ պատշաճ ախտահանում է իրականացվում։ Ցավալի է, որ այդ պահին զարգանում է ոչ թե ողջ ներուժով աշխատելու ցանկությունը, այլ ինքնապաշտպանական բնազդն ու անթիվ-անհամար անիմաստ հակափաստարկներ բերելու արմատացած մշակույթը։ էլ չեմ խոսում որոշ ավագանու անդամների, մեղմ ասած, զավեշտի նմանվող արձագանքների մասին»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Թեհմինա Վարդանյանը։
«Լույս» խմբակցության անդամը նկատում է, որ վարակի բռնկման այս օրերին էլ երևանյան բազմաթիվ շենքերում նույնիսկ մեկ անգամ ախտահանում չի իրականացվել, և սրա մասին ամեն օր բարձրաձայնում են հենց քաղաքացիները։ «Սա ամենևին բյուջեի հետ կապ չունի։ Մենք բավարար միջոցներ ունենք ավելի լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու համար։ Իշխանությունները ևս չեն մատնանշել բյուջեի հետ կապված որևէ խնդիր»,-ասում է նա։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը WomenNet.am-ի հետ զրույցում ձեռնպահ է մնում քաղաքում կատարվող ախտահանիչ աշխատանքները բավարար կամ անբավարար համարելուց։ Փողոցների չլվանալը բացատրում է պարետի, ինչպես նաև առողջապահության նախարարության՝ նման ցուցումների բացակայությամբ։
«Դրա արդյունավետությունը որևէ մեկն այս պահին փաստել չի կարող, միաժամանակ ֆինանսական մեծ ռեսուրսների հետ է կապված։ Կարող եմ ասել, որ քաղաքապետարանը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկում վիրուսի կանխարգելման առումով։ Երբ հանրային տրանսպորտը գործում էր, կանգառները, ավտոբուիսներն ամեն օր ախտահանվում էին։ Այսօր երբ հանրային տրանսպորտը չի գործում ախտահանվում են այն տրանսպորտային միջոցները, որոնք սպասարկում են բուժհաստատությունների աշխատակիցներին, բացի այդ քաղաքապեռարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել»,- թվարկում է Գայանե Վարդանյանը :
Երևան, Ապրիլ 14
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում օրերս տեղադրված տեսանյութի համաձայն, լվացել են Մաշտոցի պողոտան։ Վարակի կանխարգելման նպատակով այս օերերին ախտահանվում են բազմաբնակարան շենքեր, վարչական շրջանների շենքերի մուտքերը։ «Իմ Քայլը» խմբակցության անդամին տեղեկություններ են հասել, երբեմն աշխատանքներ իրականոցնողները թերանում են, այս առումով ակնակալում է քաղաքապետարանի կողմից վերահսկողության ուժեղացում։
Դրա հետ մեկտեղ Գայանե Վարդանյանը նշում է, որ ախտահանման միջոցառումները երբեք էլ սպառիչ կամ բավարար լինել չեն կարող, նա այս առումով կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն ու զգոնությունը։ Ավագանու անդամի խոսքով, փողոցները լվանալու փոխարեն քաղաքապետարանը ֆինանսական միջոցներն ուղղում է սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչը, ըստ նրա, առավել ռեալ ու արդյունավետ գործ է։
Մինչդեռ, իր ընդդիմադիր գործնկեր Թեհմինա Վարդանյանը քաղաքային իշխանության ուշադրությունն է հրավիրում քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին՝ թեժ գծերի զանգերն անտեսվում են, պատճաշ ախտահանում չի իրականացվում, մինչդեռ փողոցային առևտուրն ամբողջ թափով զարգանում է։
«Երբ վերջապես կարողացա հեռախոսազրույց ունենալ մեր «ինքնամեկուսացած» քաղաքապետի հետ առաջարկեցի արտակարգ դրության ընթացքում ախտահանել դպրոցներն ու նախակրթարանները, որին ի պատասխան ասաց, որ կմտածեն։ Վերջին օրերին համացանցում նկատում եմ տեսանյութեր, որոնք տարածում են կրթական կենտրոնների աշխատակիցները։ Այո, աշխատանք իրականացվում է։ Հուսով եմ ողջ ծավալով։
Վերջապես պետք է գիտակցենք, որ ախտահանման աշխատանքներ պետք է իրականացվեն ոչ միայն ընտրված տարածքներում, այլ ողջ ծավալով։ Եվ պաթոսային 24/7-ը պետք է դառնա իրականություն։ Այսօր քաղաքացին նաև քաղաքային իշխանության հոգատարության կարիք ունի, քաղաքացին պետք է տեսնի, որ իր քաղաքապետը կողքը կանգնած է, ոչ թե անհույս փնտրի ու համացանցում ծաղրի»,-ասում է Երևանի քաղաքային օրենսդիր իշխանության անդամը։
Ի դեպ, Հայաստանի տարբեր քաղաքներում վարակազերծման աշխատանքներ է իրականցնում ԱԻՆ-ը…
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում
Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Կարանտին. Երբ CHANEL-ը դարձավ ժավել
Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում
Դիտումների քանակը` 1518