Հայաստանի միակ կին անտառապետը

 Էմմա Գասպարյանն այս տարվա հունվարից Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի անտառապետն է, ընդ որում, Հայաստանում միակ կին անտառապետը:  Առաջին մասնագիտությամբ դեղագործ է, հետո, իր համար ավելի սիրելի մասնագիտություն է ձեռք բերել՝ սովորելով  Ագրարային համալսարանի էկոնոմիկա և կառավարում բաժինը:

 

-Վերջինն արդեն սիրելով ընտրեցի, մասնագիտացա: Մանկուց սիրել եմ գյուղատնտեսությամբ զբաղվել.  անասնապահությունը, հողագործությունն ու մեղվապահությունը միշտ են ինձ հետաքրքրել: Հետո, հայրիկիս հետ ավելի հասուն տարիքում գալիս էի տնկարան, ուշադրություն էի դարձնում անտառին: Հայրս 17 տարի պահպանել է մեր անտառները, իսկ երբ արդեն կենսաթոշակի տարիքը եկավ, ինձ առաջարկեցին շարունակել հորս գործը: Ես էլ համաձայնվեցի ու դարձա անտառապետ,-այսպես կարճ ու արագ է ներկայացնում իր անցած ուղին Էմմա Գասպարյանը:

 

 
 Կնոջ համար բավականին անսովոր և եզակի հանդիպող աշխատանքը, դրան քաջատեղյակ մարդու հանգստությամբ է ներկայացնում Էմման: Ժպտում է, երբ ակնարկում ես այդ մասին և բացատրում, որ ուղղակի պետք է սիրել և հասկանալ գործի բնույթը;

 

-Գիշերը մի լույս էր երևում անտառում, հայրիկիս ասում էի՝ կասկածելի լույս է, արի գնանք, տեսնենք ինչ մեքենա է, ինչու է անտառ մտել,-իր պատանեկան տարիներից սկսած՝ նա այսպես է ուշադրության առել հայրենի անտառները:

 

 Հոր՝ Ժորա Գասպարյանի տարիների քրտնաջան աշխատանքով կարողացել են բարձրացնել ժողովրդի իրավագիտակցությունը և այսօր արդեն հասել են նրան, որ Մարգահովիտի տարածքում ապօրինի անտառհատումներ գրեթե չեն լինում:

 

-Գարնանը, գիշերով հայտնաբերել ենք  գողության մի դեպք, հետո գողացողը հասկացավ իր սխալը, զգաց, որ ավելի լավ կլիներ, եթե օգտվեր պետության տված հնարավորությունից: Հատատեղեր ունենք ( ծառ կտրելու թույտվությամբ՝ մարդկանց տրամադրվող անտառի հատուկ տարածք-խմբ. ), թափուկներ ունենք, անտառը մաքրում ենք նաև դրանով, այս օրինական ձևերն ավելի ձեռնտու են: Այսօր շատ կարևոր է ժողովրդի իրազեկվածությունը: Մարդիկ պիտի հասկանան, լրջորեն գիտակցեն մասսայական անտառհատումների վտանգները,-ասում է Էմմա Գասպարյանը:  և շարունակում զարգացնել միտքը, որ անտառգողության դեպքերը, ապօրինի անտառհատումները պետք է հանրայնացվեն:-Ես կողմ եմ, որ ցանկացած դեպք բացահայտվի և խոսվի այդ մասին: Երբ կեղծ «բարեհոգություն» ես ցուցաբերում, իրականում հնարավորություն ես տալիս, որ էդ վատ երևույթը շատանա, մեծանա, դրա համար ես կողմ եմ ամեն վատի հրապարակայնացման, պետք է մարդիկ լսեն, իմնանան, որ պատիժ կա, եթե ոչ բոլորը, գոնե շատերը դաս կքաղեն:

 

Մարգահովիտի անտառպետության հսկողության տակ 4000 հա տարածք կա, որից 3200 հա՝ անտառածածկ: Գյուղում, տարիներ առաջ համայնքապետը աջակցեց, հողատարածք տրամադրեց, հիմնեցին 3 հա հիմնական տնկարան, որտեղ  աշնանն անտառից հավաքած սերմերից ստանում են հացի, թխկի, կեչի, սոճի, կաղնի: Տնկում են, խնամում, քաղհանում, ուշ աշնանը՝ տանում անտառ:  Տնկարանի հաշվին նախանցած տարի ծառատեսակներով ծածկել են 65, անցած տարի՝ 70 հա տարածք:

 

-Այս տարի ակնկալում եմ ավելի մեծ տարածք ծածկել: Սկզբում տնկիների համար ընտրում ենք հատուկ հատվածը, կտրում, ձևում և ապա տնկիները հանձնում հողին: Անտառը վերականգնվում է նաև ինքնուրույն, բայց մարդկային գործոնը նպաստում է, որ անտառն ավելի արագ վերականգնվի՝ հատուկ չափանիշներ պահպանելով, վերականգնելով, մշակելով: Բացի դրանից, նաև աշխատատեղերի հարց է լուծվում: Տնկարանը մոտ 60 աշխատակից է ունենում սեզոնին,-ներկայացնում է իրավիճակը Էմմա Գասպարյանը:

 

Թամարա Սարդարյանն արդեն 60 տարի աշխատում է անտառպետությունում: Ամեն աշխատանք իր դժվարությունն ունի, եղանակն այս տարի բարենպաստ չէր,  դեռևս հուլիսն է, բայց արդեն 3-րդ անգամն են տնկարանում  քաղհան  անում: Սա՝ իր աշխատանքի մասին, իսկ երբ հետաքրքրվում ենք Էմմա Գասպարյանի ընտրած մասնագիտությամբ և աշխատանքով, 80-ամյա կինը ձգվում է հպարտությամբ և ասում.

 

 

-Ես եմ ընտրել Էմմային, որովհետև իր գործը լավ գիտի, իսկ որպես ջահել աղջիկ,  մենակ չենք թողնի, պետք լինի, իր հետ անտառ կգնանք: Հա, անտառ է, գազաններ էլ կան, արջ էլ ենք հանդիպում, բայց ամեն մարդ իր գործը գիտի: Մարդ պիտի համարձակ լինի և իր աշխատանքը սիրի:

 

 

Էմմա Գասպարյանի հայրն էլ հպարտ է իր աղջկա գործունեությամբ.
-Դրսից շատ դժվար է երևում, բայց երբ մտնում ես գործի մեջ, ճիշտ կանոնակարգում, ամեն ինչ ավելի հեշտ է: Եվ հետո, ես գիտեմ իմ աղջիկն այսօր որտեղ և ինչպես է աշխատելու: Ես շատ ուրախացա, երբ իմացա դստերս որոշման մասին: Շատ էի ուզում, որ իմ գործն ինքը շարունակի, բայց չէի կարող ինքս ասել ու երբ Էմման ինքնակամ կայացրեց իր որոշումը, ես շատ ուրախացա,-ասում է Ժորա Գասպարյանը և անկեղծանում,- եթե չիմանայի, ծանոթ չլինեի ոլորտին, դժվար համաձայնվեի, որ աղջիկս լիներ էս գործին, բայց հիմա այլ է և հետո, վերջին տարիներին նա անընդհատ իմ կողքին է եղել, գործին օգնել հասարակական հիմունքներով, շատ արագ ինքնուրույնություն ձեռք բերեց և հիմա արդեն հունի մեջ ընկած՝ շատ լավ աշխատում է: Ես արդեն հանգիստ եմ այդ առումով,-եզրափակում է խոսքը Էմմայի հայրը:

 

Անտառապետն ու անտառապահներն աշխատում են, ինչպես իրենք են ասում՝ առանց «ժամուպատարագի», ոչ գիշեր կա, ոչ ցերեկ, թեև կա հստակ ֆիքսված աշխատաժամանակ, բայց նրանք բացատրում են, որ այլ աշխատանքների նման անտառապետը չի կարող առավոտյան աշխատանքի գնալ և 7-8 ժամ հետո տանը հանգիստ նստել: Սա շուրջօրյա աշխատանք է, անընդհատական հսկողություն է պահանջում:

 

-Պետական հոգածություն չկա ոլորտում. ոտքով ենք շրջում, ոչ տրանսպորտ ունենք, ոչ արտահագուստ. պահանջները խստացնում են, բայց ոլորտի հանդեպ ղեկավար այրերի ուշադրության պակասը մեծանում է: Առաջ գոնե ձի էին տալիս, հիմա մեր անձնական մեքենաներն ենք օգտագործում, բայց գոնե վառելիք էլ չենք ստանում: 7-800 հա տարածքը մի մարդ է հսկում ու առանց տրանսպորտային միջոցի: Ու այսքանից հետ՝ չնչին աշխատավարձ: Չունենք ոչ զենք, ոչ ինքնապաշտպանության այլ միջոց, իսկ մեր անտառներում արջերն ու գայլերը շատ են,-դժվարություններն ու բացերն է ներկայացնում Էմման:

 

Էմմա Գասպարյանը ներկայացնում է, որ 8 պահաբաժին ունի Մարգահովիտի անտառպետությունը, առաջիկայում կին անտառապահ կունենան, և համոզված է, որ իրենց թիմում կավելանա կանանց թիվը:

 

-Բացատրական աշխատանք ենք տանում կանանց շրջանում, մեզ մոտ կանանց հարգում են, գնահատում: Օրինակ ոչ ոք չզարմացավ, երբ իմացավ իմ որոշման մասին: Երևի արդեն գիտեին, ճանաչում էին, հայրիկիս հետ շատ էին տեսել , նախկինում անտառները հսկելիս, այս ոլորտում իմ կամավորական գործունեությունը սովորական էր դարձել նրանց աչքին, և համոզված եմ, որ իմ օրինակը վարակիչ է լինելու,-իր կարծիքն է հայտնում Լոռվա անտառների կապուռտաչյա պահապանը, երբ հարցնում ենք գյուղացիների վերաբերմունքի մասին…

 

 

Նարինե Մաթևոսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գյուղի կանայք  կլիմայի կայունության ապահովման առաջնագծում

«Կոլեկտիվով աշխատելը լավ է,  գործի  ծանրությունը  չես զգում»

«Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը ինչքան էլ մնա, իմ երեսին ա նայում»

Հայաստանի միակ կին անտառապետը

Դիտումների քանակը` 2209

Գլխավոր էջ