Մենք և երեխաները. եկեք անկեղծ խոսենք

 

Մենք հայերս  սիրում ենք  խոսել երեխաների նկատմամբ մեր առանձնահատուկ վերաբերմունքի մասին… Սակայն արդյո՞ք ազնիվ է խոսել դրա մասին , եթե  միաժամանակ ստիպված ենք պայքարել  այնպիսի ամոթալի երևույթի դեմ, ինչպիսին է պտղի սեռի նախածննդյան ընտրությունը … Այսօր Հայաստանում   պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների  պատճառով  ամեն տարի  չի ծնվում 1400 և ավելի աղջիկ…  

 

 

Կարելի է երկար վերլուծել՝  թե ինչով է պայմանավորված խտրական վերաբերմունքը դեռևս չծնված աղջիկների հանդեպ, անդրադառնալ   պատմական անցյալին, պատերազմներին , բայց  դժվար թե կարելի է դրանով արդարացնել  արատավոր բարքերի տարածումը, երբ   մի սեռը ստորադասվում է մյուսին, երբ  զրկում են  կյանքի իրավունքից միայն նրա համար, որ աղջիկ է։ Այո, դժվար է  կոտրել սովորույթով ամրացած նորմերը, սակայն պետք է փոխել,այլ տարբերակ չկա պարզապես, մենք ի վերջո պետք է առաջ գնանք, ոչ թե հետ… 

 

 

Քանի՞ «տղայի» հույսով ծնված աղջիկներ կան ձեր շրջապատում։ Հարցրեք, քիչ չեն։ Շատ հայ ընտանիքներ երեխային ընկալում են որպես օջախի շարունակող,  որպես իրենց «ջուր տվող» ծերության ժամանակ, մինչդեռ աղջիկն ուրիշի տուն է հարս գնալու, ազգանունը չի կրելու երեխան, հայրեր կան, որ ունեցվածքը չեն ժառանգում իրենց դուստրերին, ինչ է, թե փեսան «չվայելի»։ Ես ընտանիք գիտեի, որտեղ առաջնածին աղջիկ երեխայի հայրը 40 օր չէր սափրվում՝ որպես սուգի նշան, մեկ այլ ընտանիքում աղջիկ երեխային սովորեցնում էին, որ ինքը պետք է լսի իր եղբորը, հորը, պետք է իրեն «աղջկա պես» պահի, մյուսում տղային ամեն ինչ կարելի էր, ինքը «թագավորն» էր, և աղջիկները չէին էլ ծնվի, եթե տղան ավելի շուտ ծնվեր։

 

 

Ի՞նչ ենք սովորեցնում  աղջիկներին… 

 

Հայ գրող, հրապարակախոս Զապէլ Եսայեանն իր դստերը՝ Սոֆիին 1914 թվականին ուղղված նամակում խորդուրդ է տալիս նրան չվախենալ հավակնոտ երևալուց, խորհուրդ է տալիս լինել համարձակ, ուժեղ… Իսկ մենք այսօր, 100 տարի անց,   ի՞նչ ենք  սովորեցնում…

 

 

 «Քեզ աղջկա պես պահիր»։  Իսկ ո՞րն է դա։  Ինչպե՞ս են երեխաները սովորում աղջիկ լինել․ գուցե սերիալների՞ց հայկական, որտեղ աղջիկը պարտադիր դժբախտ է, զոհի կարգավիճակում է, որի միակ, բացառիկ ու բացարձակ նպատակն ամուսնությունն է, աղջիկ լինել սովորում են նաև հեքիաթների՞ց, ինչպես, օրինակ, «Մոխրոտը», որտեղ կրկին աղջկա երջանկության միակ շանսն այն է, որ իրեն արքայազնը կընտրի։

 

 

«Աղջիկ լինել» սովորում են նաև երաժշտական տեսահոլովակներից, որոնք հիմնականում առևտրյանացնում են կնոջ մարմինը, սովորում են դպրոցներում՝ սեռային դերաբաշխումներով  աշխատանքներ կատարելիս։  Սովորում են նաև, թե ինչպիսին պետք է լինի աղջկա արտաքինը՝ պարտադիր ընդգծված շրթունքներով, վիրահատված քթով,  ինչ-որ մտացածին գեղեցկության չափանիշի համապատասխան։  Սովորել, աշխատել, ստեղծագործել կարելի է, բայց այնքան, որ շատ չհեռանա իր՝ ճակատագրով սահմանված դերից՝ կին ու մայր լինելուց։ Մեդիաների ճնշող մեծամասնությունը կանանց սովորեցնում է ենթարկվել, լինել հնազանդ, համեստ, հեզ, չինքնապաշտպանվել։ Հայկական հասարակության մեջ առանձնահատուկ շեշտվում են նաև արտաքին գեղեցկության չափանիշները, ու եթե որևէ մեկը դրան չի համապատասխանում, նա, անշուշտ, անչափ դժբախտ կարող է իրեն զգալ։

 

 

Սակայն հարցը միայն աղջիկ երեխաները չեն։ Չէ՞ որ բոլոր խտրականություններն ունեն կողմնակի ազդեցությունները։  Տղաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը բերում է նաև այնպիսի պատասխանատվություններ, այնպիսի մասկուլինության պատկերացումներ, որ շատ հաճախ չեն բխում նույն տղաների շահերից։

 

 

Տղաներին նույն սերիալները սովորեցնում են բռնակալ լինել, իսկ ամենավատ վիրավորանքը փոքր տարիքից աղջկա հետ համեմատվելն է․ «դու հո աղջի՞կ չես, ինչու՞ ես լացում», մինչդեռ կա՞ աշխարհում տղամարդ, որ չի արտասվել, սովորեցնում են, որ տղամարդը չպետք է էմոցիոնալ լինի, , նա պետք է սովորի, որ «տուն պահի», իսկ այն հետագայում դառնում է․ «դու ինչ տղամարդ ես, որ չես կարողանում տուն պահել»՝ լուրջ պատասխանատվութան տակ դնելով տղամարդուն, որին այնքան փայփայել են փոքր տարիքում։ Շատ տղաներ պարզապես այդ պատասխանատվության տակից ի զորու չեն լինում դուրս գալ՝ հետագայում չարանալով աշխարհի վրա։ Այդ մեծ սիրո պատճառով նաև շատ տղաներ ուղղակի մեծ կյանքում կորում են՝ բախվելով իրականության հետ։

 

 

Իսկ ինչու՞ աղջիկ երեխաներին չսովորեցնել, որ իրենք էլ պետք է ունենան պատասխանատվություններ, որ պետք է  սովորեն ոչ թե «օժիտի», այլ ֆինանսական անկախության համար, աշխատեն ոչ թե «օդափոխվելու», այլ իսկապես աշխատելու, հաջողություններ ունենալու համար, իրենց ընտանիքի բարօրությանը նպաստելու համար, ինչու՞ սովորեցնել աղջիկներին, որ իրենց պետք է «պահեն», ինչո՞ւ չսովորեցնել, որ պետք չէ սպասել ամրոցում, որ արքայազնը գա ու փրկի իրենց 7 գլխանի հրեշից, ինչու՞ չսովորեցնել, որ իրենք էլ կարող են հաղթել այդ  7 գլխանի հրեշներին։

 

 

Միայն սերը քիչ է

 

Երեխային սիրելը միայն բավական չէ․բոլոր բռնարար ծնողները, նույնիսկ նրանք, ովքեր խլում են իրենց երեխաների կյանքը, նրանք, ովքեր լքում են, բոլորը պնդում են, որ սիրում են իրենց երեխաներին։  Ըստ էության իսկապես սիրում են, բայց իրենց ձևով, ուստի պետք է հասկանալ, որ երեխային սիրելը բնական է, որ սիրելուց զատ պետք է նաև հարգել, մոտենալ որպես անհատականության, պաշտպանել, ուղղորդել, թույլ տալ, որ երեխան մնա երեխա, երեխային չմոտենալ որպես սեփականություն, չճնշել շատ սիրով, հոգատարությաբ, թևեր տալ ու օգնել, որ թռչեն, եթե անգամ իրենցից հեռու են թռչելու։

 

 

Մենք հաճախ չենք գիտակցում, որ սիրո շատ դրսևորումները ճնշում են երեխային, վերածվում հոգեբանական բռնության, որից հետո՝ արդեն չափահաս տարիքում, շատերը չեն էլ ազատվում, ծնողները պետք է գիտակցեն, որ երեխան անհատ է, ծնողից առանձին կյանք ունի, որ երեխան   ոչ թե օջախի ծուխ, ջուր տվող, պահող կամ ուրիշին հարս է, այլ մարդ է՝ անկախ իր սեռից, ու որ երեխայի իրավունքները հարգելը, պաշտպանելն ու իրացնելն է նաև երեխայի նկատմամբ սերը։

 

 

Մարիամ Մուղդուսյան

 

 

Դիտումների քանակը` 2286

Գլխավոր էջ