Կերակրող մայրերը հատուկ ընդմիջումների իրավունք ունեն
«Երբ առաջին երեխաս դարձավ չորս ամսական, որոշեցի աշխատանքի վերադառնալ։ Դեռ կրծքով էի կերակրում։ Անասելի դժվար էր, օրվա ընթացքում կաթը լցվում էր, կրծքերս քարանում։ Մի քանի անգամ սառը ջրով շփումներ էի անում, ցավին մի կերպ դիմանալով աշխատանքային օրվա ավարտին տուն հասնում»,-պատմում է Երևանի բնակիչ 35-ամյա Նարինեն։
Նրա խոսքով, մինչ աշխատանքի գնալն էլ որոշ քանակությամբ կրծքի կաթ էր թողնում տանը, որպեսզի փոքրիկը հնարավորինս քիչ այլ սնունդ ընդունի։ Դժվարությունները տեսնելով, երկրորդ երեխայի խնամքից աշխատանքի է վերադառնում բավականին ուշ՝ երեք տարեկանը լրանալուց հետո։
Նարինեի խոսքով, ոչ ինքն է իմացել կերակրող մայրիկների համար օրենքով սահմանված արտոնությունների մասին, ոչ էլ գործատուն է տեղյակ պահել։ Աշխատել է աշխատանքային լրիվ օր, առանց ընդմիջումների։ Մինչդեռ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հատուկ ընդմիջումներ ու այլ արտոնություններ է սահմանում հղի ու կերակրող կանանց համար։
Դժվար է ասել, արդյոք մայրիկներն իրազեկվա՞ծ են, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները հայաստանյան իրականությունում, երբ աշխատողների զգալի մասը գրանցված չէ, պարտականություններն ու իրավունքներն էլ հստակ չեն։ Կանանց շրջանում անցկացված մեր օնլայն հարցումների արդյունքում պարզվեց՝ անտեղյակները շատ են, բայց միաժամանակ կան նաև իրենց իրավունքներն իմացող ու լավագույնս օգտագործած երիտասարդ մայրեր։ Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ գործատուներն են աշխատակիցներին ներկայացրել իրենց իրավունքներն ու խորհուրդ տվել օգտվել օրենքով սահմանված հնարավորությունից։
Իրազեկվածության բացը լրացնելու նպատակով WomenNet.am-ը ներկայացնում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված այն արտոնություններն ու իրավունքները, որոնք ունեն աշխատող հղի ու կերակրող կանայք։
Մասնավորապես, հղի ու կերակրող կանայք ընդմիջումների, ոչ լրիվ աշխատանքային օր աշխատելու, աշխատանքային ժամերին բժշկական հետազոտություն անցնելու ու այլ իրավունքներ ունեն, նրանք չեն կարող ներգրավել ծանր, վնասակար աշխատանքներում, նրանց հետ գործատուն չի կարող լուծել պայմանագիրը, նրանք գործուղման կարող են մեկնել միայն իրենց համաձայնությամբ…
Այսպես, Աշխատանքային Օրենսգրքի 114 հոդվածի 1-ին մասի 2.1 և 2.2 կետերը սահմանում են, թե որ դեպքում գործատուի նախաձեռնությամբ հնարավոր չէ լուծել աշխատանքային պայմանագիրը։
Հոդված 114, մաս 1: Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
կետ 2.1: Հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
Կետ 2.2: Երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Կետ 3: Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս նշված սահմանափակումները չեն կիրառվում:
Հոդված 141-ի 1-ին մասի 3-րդ կետը վերաբերում է ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանելուն՝
Մաս 1։ Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
Կետ 3-րդ։ Հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով։
Օրենքով կարգավորված է նաև հերթապահության ներգրավելը։ Այսպես. 149 հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ»։
Կարգավորումներ ու սահմանափակումներ կան նաև արտաժամյա, գեշերային ժամերին, հանգստյան օրերին աշխատելու վերաբերյալ։
Հոդված 144 (Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները) 4-րդ մասով սահմանվում է.
«Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ»։
Հոդված 148 (Աշխատանքը գիշերային ժամանակ), 4-րդ մասում ասված է.
«Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո»։
Հոդված 155 (Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը), 6-րդ մասում նշված է. «Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ»։
Հոդված 156 (Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը), մաս 2
Մաս 2-րդ։ Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հոդված 164 (Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը), մաս 3-րդ, 2-րդ կետ, մաս 4 կետ 2-րդ։
Մաս 3-րդ։ Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
Կետ 2-րդ։ կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:
Մաս 4-րդ: Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի իրավունք ունեն՝
Կետ 2: Հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը: Կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 173 (Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը)։
Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Հոդված 176 (Չվճարվող արձակուրդը), մաս 1, կետ 1
Մաս 1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
Կետ 1 հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:
Հոդված 209 (Երաշխիքները և հատուցումները գործուղումների դեպքում), մաս 3
Մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է միայնակ ուղարկել գործուղման: Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ:
Հոդված 258 (Մայրության պաշտպանությունը), մաս 1-5։
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
- Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:
- Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:
- Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:
- Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով։
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 2186