Կարին Տոնոյանը Արարատի բարձրությունը խորհրդանշող «5165» շարժում է հիմնադրել
«5165» շարժման մասին օրերս ֆեյսբույքի իր էջում ուղերձով տեղեկացրել էր շարժման հիմնադիր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
Կարին Տոնոյանի ներկայացմամբ, շարժման մղիչ ուժը Հայաստանի նկատմամբ սերն է, իսկ նպատակը` հայրենիքը վերականգնելու ձգտումը։ Շարժումը խնդիր է դրել հույս արթնացնել ժողովրդի մեջ, որպեսզի նա կրկին կամք դրսևորի վերակերտելու իր երկիրը։
«5165 շարժումը» նպատակ ունի համախմբել ՀՀ ազգային շահերով, ազգային արժեքներով և գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կարող ու պատասխանատու ուժերին` ստեղծելու կենսունակ ու հզոր ազգային պետություն: Մեր երկրի ապագան վտանգված է եւ մեր պարտքն է կանգնեցնելու այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, երբ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջեւ, որոնք երկիրը հրել են այս օրին եւ ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան»:
Կարին Տոնոյանը պնդում է, որ կան այլ ուժեր. «Դրանք այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ գլուխները կախ իրենց գործն են արել, համոզված են եղել, որ հայրենիքին ծառայում են գործ անելով, այլ ոչ թե իշխանությամբ… Բոլորս հասկացանք, որ այլեւս չունենք այդ իրավունքը՝ միայն մեր գործն անելու, եւ հենց դրանում ենք մեղավոր, որ միայն մեր գործն ենք արել ու թողել, որ երկիրը հասցնեն այս օրվան»:
«Մեր շուրջը հիմա համախմբվել են շատ մարդիկ, սակայն մեր խնդիրն է ամբողջ ժողովրդին համախմբելը։ Երկիրը շենացնելու տարբեր ձևեր կան, և ցանկացած մարդ պետք է այդ գործընթացին մասնակցի ըստ իր կարողությունների ու նախասիրությունների։ Չի կարելի, որ մարդիկ մնան անտարբեր, ինչն այս պարագայում ամենամերժելի երևույթն է, առավել ևս, որ մեր երկրում գրեթե բոլոր ոլորտներում ահռելի աշխատանք կա կատարելու» ,– նշում է «5165» ազգային շարժման ղեկավարը։
Տոնոյանի խոսքով` շարժումը յուրաքանչյուր մարդու կարող է առաջարկել աշխատանք, որպեսզի ցանկացած ոք իր լուման ունենա հայրենիքի վերականգնման ու վերակերտման գործում։ Ըստ նրա` շարժման գերնպատակը գալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելը չէ, այլ տարաբնույթ միջոցառումներով ժողովրդի մեջ նախ հավատ արթնացնելն է ապագայի հանդեպ, իսկ ընտրություններին մասնակցելու հարցը կորոշվի ավելի ուշ, երբ իրավիճակն ավելի հստակ դառնա :
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանն հետմահու արժանացել էր «Արցախի հերոս» կոչման: Այդ օրերին Կարին Տոնոյանն ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում մասնավորապես նշել էր.
«Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝
Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է… հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն: ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է»…
Պատերազմից հետո Կարին Տոնոյանը հանդես է եկել սուր քննադատական ելույթներով իշխանության գործողությունների վերաբերյալ:
Դիտումների քանակը` 980