«Մենք փորձեցինք քայլ առաջ անել». Կարբի գյուղի աղջիկների հաղթանակի գաղտնիքը
Հայ աշակերտուհիները փորձել են միավորել լսող եւ չլսող մարդկանց
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Կարբի գյուղի հանրակրթական դպրոց այցելեց աղջիկներից մեկի զարմուհին: Հենց այդ պահից էլ որոշվեց, նախագիծը լինելու է նրանց համար, ովքեր շրջապատող աշխարհի ձայները չեն լսում:
«Երբ նա մեր դպրոց եկավ, շփվելու ընթացքում պարզ դարձավ , որ լսողության հետ կապված խնդիր ունի: Այդ ժամանակ մենք հավելվածի ստեղծման շուրջ էինք մտածում: Այդ հանդիպումը մեզ համար նպատակ դարձավ: Մենք հավատում ենք , որ հավելվածը կարեւոր միջոց կդառնա հասարակության մեջ լսող եւ չլսսղ անձնաց փոխադարձ ինտեգրմանը», -ասում է Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան հանրակրթական դպրոցի աշակերտուհի Սվետլանա Դավթյանը: Սվետլանան ու իր թիմակիցները` Սոնա Ավետիսյանը, Վարդանուշ Նազարեթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Աղավնի Հակոբյանը Ուսուցիչ-մենթոր Վարդանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծեցին «Armenian Sign Language»` «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը, որը այս տարվա օգոստոսին հաղթեց աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական Technovation Challenge մրցույթում:
Մրցույթին մասնակցում են 10-18 տարեկան աղջիկների շուրջ 3 հազար թիմեր աշխարհի 105 երկրից: «Technovation Challenge » Հայաստան ծրագրի տարածաշրջանային դեսպանն էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախագահ Նարինե Աբազյանը: Հայաստանից ծրագրին մասնակցեց 214 աշակերտուհի, ձևավորվեց 36 թիմ: Հայաստանյան մրցույթի կիսաեզրափակիչ դուրս եկավ 22 թիմ:
«Technovation Challenge » մրցույթին մասնակցությունը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել ու վեր հանել իրենց շրջապատում գոյություն ունեցող որևէ սոցիալական խնդիր և պատրաստել բջջային հավելված` այդ խնդրի լուծման նպատակով: Ուսուցչուհի -մենթոր Վարդանուշ Հովհաննիսյանի խոսքով, թիմերը հավելվածը պետք է զարգացնեին ԱՄՆ –ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով` App Inventor-ով: Բջջային հավելվածները պետք է ուղղորդված լինեին լուծելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրները, իսկ ընտրված թեմաները լինեին` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն: Մրցույթը Հայաստանում կազմակերպել են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն եւ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը:
«Սեմինարից հետո արդեն ունենալով տարբեր թեմաներով մտահղացումներ, ուսումնասիրեցինք նաև հայկական բջջային հավելվածները և պարզապես բացահայտեցինք, որ հայերեն ժեստերի լեզուն սովորեցնող հավելվածներ պարզապես չկան, իսկ մենք համայնքում արդեն առնչվել էինք այդ խնդրին, երբ մեր դպրոց հյուր եկած լսողության խնդիրներ ունեցող երեխայի հետ ունեցել էինք շփվելու դժվարություններ, իսկ համայնքում չէր գտնվել տվյալ լեզվին տիրապետող մեկը, որ մեզ օգներ և վերջնականապես որոշեցինք ստեղծել մի հավելված, որը հնարավորություն կտա սովորելու հայերեն ժեստերի լեզուն և որը կարևորագույն միջոց կդառնա հասարակության մեջ լսող և լսողության խանգառումներ ունեցող անձանց փոխադարձ ինտեգրմանը», -նշում է Վարդանուշ Հովհաննիսյանը:
Ունենալով լուրջ նպատակ, խնդրին ավելի մոտիկիցց ծանոթանալու և պրոֆեսիոնալ լուծում տալու համար աղջիկների թիմն ուսուցչուհու հետ միասին այցելեց Երևանում Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
«Այնտեղ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ֆիզիկական արատը դատավճիռ չէ, որ յուրաքանչյուրն ինքն է կերտում իր ճակատագիրը, իսկ նրանց ինտեգրումը հասարակության մեջ արդեն մեր՝ լսող հասարակության խնդիրն է, որին էլ փորձելու էինք հնարավորինս պրոֆեսիոնալ և մատչելի լուծումներ գտնել մեր ծրագրում: Մենք փորձեցինք նոր ստացած գիտելիքներով քայլ անել առաջ, աշխարհին լսելի դարձնել մեր ձայնը և այն փոխելով դարձնել ավելի լավը», -հավելում է ուսուցչուհի-մենթորը:
Աղջիկներն ասում են, հաղթանակն իրենց հեշտ չտրվեց: «Մինչ հաղթանակին հասնելը շատ փորձությունների և դժվարությունների միջով ենք անցել, բայց հասել ենք մեր բաղձալի ցանկությանը։ Իհարկե՛, հաղթանակները հեշտ չեն տրվում և մերը բացառություն չէր։ Դժվար էր, բայց ի վերջո եղավ։ Մոտավոր մեկ տարի է անընդմեջ աշխատում ենք նախագծի վրա։ Շատ֊-շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ հավելվածներ կային, բայց շնորհիվ մեր սիրելի ուսուցչուհու, բոլորը գնահատեցին մեր քրտնաջան աշխատանքը ու դրանով նոր դռներ բացեցին մեր առջեւ», -պատմում է թիմի անդամ Վիոլետա Մկրտչյանը։
Եզրափակչում 12 թիմ էր ուժերը չափում: «Հայերեն ժեստերի լեզու» հավելվածն աղջիկներին Կարբի գյուղից Միացյալ Նահանգներ` Սիլիկոնյան հովիտ հասցրեց: Այնտեղ` հանրահայտ «Google» ընկերության գլխավոր գրասենյակում օգոստոսի 7-11-ին անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի «One Step Ahead»`՝ «Մեկ քայլ առաջ» թիմը հաղթեց ոչ միայն «Կրթություն» անվանակարգում , այլեւ ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
«Հաղթանակն իսկապես անսպասելի էր, գրկախառնություն, մի քիչ ուրախության արցունքներ և հիասքանչ զգացողություն, որը յուրահատուկ էր և առաջացավ միայն այդ լուրը լսելուց հետո», -Վիոլետան այսպես է նկարագրում այն զգացողությունները, որ ունեցան, երբ թիմի անունը հնչեց Սիլիկոնյան հովտում։ Նրա խոսքով, ուրախությունը կրկնակի էր, որովհետեւ գիտակցում էին, հաղթանակը միայն իրենցը չէ, այս հաջողությամբ նաեւ լսողության հետ խնդիրներ ունեցող անձնաց ինտեգրմանն են նպաստում:
Երկլեզու` հայերեն եւ անգլերեն բջջային հավելվածը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Առանձին կոճակներով տարբերակված են թեմաները: Թվերը և այբուբենը ներկայացված են իրենց համապատասխան ժեստերի նկարներով, մյուս ժեստերը ցուցադրվում են տեսանյութերով, նկարներով: Առանձնացված է «խաղ» կոճակը , որի միջոցով ստուգվում են գիտելիքները:
Այս տարվա հոկտեմբերի 26-ին «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը ՀՀ Նախագահի նստավայր էր հրավիրվել: ՏՏ ոլորտում Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, Կարբի գյուղի աղջիկները հատուկ մրցանակներ ստացան:
Մ. Ղահրամանյան
Դիտումների քանակը` 3280