Ինչ է նախատեսում Կառավարության ծրագիրը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ

Ինչպես հայտնի է , հունիսի 22-ին  ՀՀ Ազգային ժողովը  64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը, որը  վարչապետ  Կարեն Կարապետյանի ներկայացմամբ ՝  «կյանքի որակ փոխող ծրագիր» է: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկել ծրագրին: ՀՀԿ-ն   ու Դաշնակցությունն ընդգծել են, որ ծրագիրը կառուցողական է և տալիս է բոլոր հարցերի պատասխանները, որոնք մեր երկիրը առաջ կտանեն: Հատուկ շեշտադրել են, որ կառավարության ծրագիրը հիմնված է ՀՀԿ և ՀՅԴ նախընտրական ծրագրերի, կոալիցիոն հուշագրի և հասարակության մեջ շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

 

WomenNet.am –ը  փորձել է  պարզել,  ինչ է նախատեսում Կառավարության  նոր ծրագիրը հասարակությունում շրջանարվող առաջադեմ  գաղափարներից մեկի՝   կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման  ուղղությամբ, և արդյոք ծրագրում տեղ են գտել  «Հավասար» քարոզարշավի  շրջանակներում  մշակված  և խորհրդարանական ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերին ներկայացված  «Կանանց օրակարգ»-ի  հարցադրումները:   

 

Նշենք,  որ կանանց հիմնախնդիրներին առնչվող  սակավաթիվ  հիշատակումները զետեղվել են  ծրագրի  միայն  մեկ ՝ «Աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն»  գլխում, որտեղ տեղ է գտել նաև սոցիալ-տնտեսական  բոլոր ծրագրերի գենդերային ուղղորդմանը վերաբերող կարևորագույն  կետը, այն է.

 

…« մինչև 2022 թվականի ավարտը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ընդյալնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման և մոնիթորինգի գործիքները»:

 

Սակայն անհասկանալի տրամաբանությամբ   կանանց իրավունքներին և հնարավորությունների վերաբերող այս կետը  ներառվել է  որպես 10-րդ կետ  «Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում դնելով «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է»  թիվ 3 դրույթի ներքո,  թեպետ ակնհայտ է , որ սոցիալ-տնտեսական ծրագրերի  գենդերային ուղղորդումը  շատ  ավելի  լայն  խնդիր է, որն  երեխաների  պաշտպանության հիմնախնդիրների  հետ անմիջական առնչություն չունի: 

 

Այդ նույն  թիվ 3 դրույթի ներքո նախատեսվում է նաև.

 

«2018-2021 թվականների ընթացքում սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող համալիր ծառայությունների չափանիշները և ընդլայնել այդ ծառայությունների ցանցը»…

 

Դրա հետ մեկտեղ, սակայն,   «ընտանեկան բռնության կանախարգելման մասին » օրենքի ընդունման մասին  որևէ հիշատակում չկա, թեպետ այդ օրենքի նախագիծը արդեն իսկ  մշակված է  Կառավարության կողմից:

 

«Աշխատանք եվ սոցիալական քաղաքականություն»   գլխի այլ  կարևոր դրույթներում,  որոնք վերաբերում են  «արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովմանը»  կանանց զբաղվածության հետ կապված  որևէ հիմնախնդիր  չի հիշատակվում: Կանանց համար ընտանեկան և աշխատանաքային  պարտականությունների  համատեղման համար պայմանների ստեղծումը չի հիշատակվում նույնիսկ   ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում, թեպետ կառավարությունում  այդ  մոտեցումը արդեն իսկ դիտարկվում է որպես  ծնելիության աճն ապահովելու նախապայմաններից  մեկը: 

 

Կանայք հիշատակվում են  ծրագրի  «Պաշտպանություն» գլխում, որում  Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

 

…  «մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն»:

 

 Այս կետն, ի դեպ, կանանց վերաբերող միակ  անդրադարձն էր Կարեն Կարապետյանի  գլխավորած կաբինետի 2016-ին  ներկայացված  նախորդ ծրագրում:  

 

Ընդհանուր առմամբ , ՀՀ Կառավարության 2017-2022թ.թ. ծրագիրը չի կարելի գնահատել որպես գենդերային զգայուն, բացառությամբ  մի քանի դրույթների: Եվ գուցե դրա պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանի  նշանակումից ի վեր   վարչապետին կից  « Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը»  չի հավաքվել , և համապատասխանաբար  կարելի է ենթադրել, որ այդ ուղղությամբ պետական քաղաքականության  հիմնախնդիրները պատշաճ ձևով  չեն ներկայացվել ու չեն  քննակվել :  Նշենք նաև, որ  «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը» ամրագրված է  ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով՝  պետության քաղաքականության հիմնական նպատակների թվում, հետևապես Կառավարությունը չի կարող անտեսել այս հարցը իր ծրագրերում:   

 

Թ.Հ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների և տղաների համար

Կառավարությունն ընդլայնում է կանանց զինծառայության անցնելու հնարավորությունները, բայց լռում այլ հնարավորությունների մասին

«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ

Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը

«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 

 

 

Դիտումների քանակը` 3898

Գլխավոր էջ