Հայաստան.  կանայք  պետության կառավարման ղեկին   

 

  • Աշխարհում նախարարի պաշտոն զբաղեցնող 4003 անձանցից 851 կին են , ինչը 21,3%  է կազմում

 

  • 16 երկրներում կանանց բաժին է հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:

 

  • 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է:

 

  • Հայաստանի կառավարության  կազմում  12 նախարարներից մեկն է կին, ինչը  8,3%  է կազմում

 

 

Հայաստանի  կառավարության  կազմում կանայք շարունակում են մնալ փոքրամասնություն, հատկապես ամենավերևի օղակներում՝ սկսած վարչապետի և  փոխվարչապետների պաշտոններից, որոնք  անկախությունից ի վեր  միայն տղամարդիկ են զբաղեցնում:  Նախարարների պաշտոններում  ևս իրավիճակը քիչ է փոխվել՝ թավշյա հեղափոխությունից հետո նախարարի պորտֆել ունի ընդամենը մեկ կին, իսկ մինչ այդ եղած բոլոր կաբինետների կազմում լավագույն դեպքում երեք կին  է նախարարական պորտֆել  ունեցել: Այլ կերպ ասած, Հայաստանի կառավարման ղեկը շարունակում է   գտնվել  բացառապես տղամարդկանց ձեռքերում:

 

 

Կես տարի առաջ  12 կին փոխնախարար կար

 

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձ կատարելով կառավարությունում  կանանց ներկայացվածությանը, նշեց, որ   կառավարությունում 1 կին նախարար կա և  12 կին փոխնախարար: Նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են,  ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, նշել էր վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ իր  կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները:  Համեմատության արդյունքում սակայն պարզվեց, որ նախարարների թվով Փաշինյանը կաբինետն օրինակ ծառայել չի կարող , քանի որ մինչ այդ եղել են  կաբինետներ, որոնց կազմում  երեք կին նախարար է եղել: Իսկ փոխնախարարների թվով Փաշինյանի կաբինետն իրոք  գերազանցում է նախորդները:

 

 

 

Այսօր փոխնախարարներից միայն 9-ն են կանայք

 

 

Այլ հարց է, որ  վերջին  ամիսների ընթացքում   կառավարության կազմում  որոշ փոփոխություններ են կատարվել, որոնց  արդյունքում   փոխնախարարներ են փոխվել, այդ թվում կին փոխնախարարներ և միշտ չէ, որ նրանց տեղը դարձյալ կին է նշանակվել: Այսօրվա դրությամբ, 12 նախարարությունների 40 փոխնախարարներից միայն 9-ն են կին (22.5%):

 

 

Նշենք նաև, որ թեև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով  և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները  համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝   «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:

 

 

Այս առումով միայն  Զարուհի Բաթոյանի զբաղեցրած  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն է համարվում  քաղաքական որոշումների ընդունման մակարդակ:  Նշենք, որ նախարարի չորս տեղակալներից միայն մեկն էր կին՝ ԺաննաԱնդրեասյանը, ով, ի դեպ, վերջերս նշանակվեց կրթության նախարարի փոխնախարար:

 

Ամենից շատ կին տեղակալ ունի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ չորս փոխնախարարներից երկուսը կանայք են՝ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը:

 

 

Այս իմաստով աչքի է ընկնում նաև Արդարադատության նախարարությունը.  Նախարար Ռուստամ Բադասյանի երկու տեղակալները կանայք են՝ Քրիստինե Գրիգորյանը և Սրբուհի Գալյանը:

 

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի 5  տեղակալներից միայն մեկն է կին՝ Նաիրա Մարգարյանը:

 

 

Շրջակա միջավայրի նախարարությունը միակն է, որտեղ նախարարի տեղակալների գենդերային հավասարությունն ապահովված է. Նախարար Էրիկ Գրիգորյանի երկու տեղակալներից մեկը կին է՝ Իրինա Ղափլանյան:

 

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս այն երջանիկներից է, որն աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ունի հինգ տեղակալ: Բայց այստեղ ևս գենդերային ընդգծված անհավասարություն ունենք՝ հինգ փոխնախարարներից միայն մեկն է կին՝ Լիլիա Շուշանյանը:

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս  աշխատանքից ազատեց նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և այս պահին նախարարն ունի չորս տեղակալ, որոնցից երկուսն են  կին՝  Նարինե Խաչատուրյանը և վերջերս նշանակված Ժաննա Անդրեասյանը:

 

 

Մնացած նախարարություններում կին փոխնախարարներ չկան: Մասանվորապես ուժային բլոկում թե՛ ԱԻՆ-ում (3 տեղակալ), թե՛ պաշտպանության նախարարությունում (2 տեղակալ) նախարարի տեղակալները բացառապես տղամարդիկ են:

 

 

Կին տեղակալ չունի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ),  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկու տեղակալ):

 

 

Ավելացնենք, որ վարչապետի 6 խորհրդականներից երկուսն են կին  և 4 օգնականներից մեկն է կին: Նաև վերջերս վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում  կին էր նշանակվել: Վարչապետի  աշխատակազմի 28 ստորաբաժանումների պետերից  8-ը կանայք են:  Սակայն նշված պաշտոնները նույնպես քաղաքական  որոշումների ընդունման  մակարդակ չեն համարվում:

 

 

Կառավարությանն և վարչապետին  ենթակա մարմինները միայն տղամարդիկ են ղեկավարում

 

 

Եթե դիտարկենք  Կառավարությանը ենթակա գործող մարմինները, ապա դրանք 11-ն են, սակայն դրանցից  որևէ մեկը կին չի ղեկավարում: Այդ մարմիներն են.   Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Կադաստրի կոմիտեն, Կրթության տեսչական մարմինը , Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

 

 

Վարչապետի ենթակայության տակ գործում է երեք մարմին՝ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը և Պետական վերահսկողական ծառայությունը: Այստեղ ևս կին ղեկավար չունենք:  Անվտանգության խորհուրդը ևս կին չի ղեկավարում: Այլ կերպ ասած, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններից որևէ մեկում  կին ղեկավար նշանակված չէ:

 

 

Կառավարության կազմում կա  երեք կառույց, որոնք ղեկավարում են կանայք: Խոսքը Զբոսաշրջության կոմիտեի, որը գործում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Սոցիալական ապահովության ծառայության մասին է: Զբոսաշրջության կոմիտեն ղեկավարում է ՍուսաննաՍաֆարյանը, Քաղավիացիայի կոմիտեն՝ ՏաթևիկՌևազյանը, իսկ սոցապ ծառայությունը Անի Ամիրշադյանը: Եվ այս կառույցների ղեկավարները վարչապետի անցյալ տարվա  գրառումից հետո փոփոխության չեն  ենթարկվել:

 

 

Կանայք գերատեսչությունների տեղակալների թվում

 

 

Կառավարությանը ենթակա գործող մարմինների ղեկավարների  25 տեղակալներից միայն 5-ն են կանայք:

 

Այսպես,  Կրթության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ կանայք են՝ Ռաիսա Գալստյանն ու Նարա Հովհաննիսյանը:

 

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ունի երկու տեղակալ, սակայն նրանցից միայն մեկն է կին՝  Անուշ Պողոսյանը:

 

ՊԵԿ նախագահի չորս տեղակալներից միայն մեկն է կին՝ Շուշանիկ Ներսիսյանը:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի երեք տեղակալներից մեկը կին է՝ Նունե Պետրոսյանը:

 

Կադաստրի կոմիտեի ղեկավարի երեք տեղակալներն էլ տղամարդ են: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ արական սեռի են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում էլ նույն վիճակն է՝ երկու տեղակալ, երկուսն էլ տղամարդ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալներն էլ տղամարդ են: Ու անգամ Վիճակագրական կոմիտեն չի փրկում այս տխուր վիճակագրությունը, քանզի կոմիտեի նախագահի երկու տեղակալները տղամարդ են:

 

 

Հեղափոխությունը մարզեր  չի հասե՞լ

 

 

Հայաստանի բոլոր տաս մարզերը շարունակում են ղեկավարել տղամարդիկ: Սա ևս ավանդական պատկեր է, որ նոր իշխանությունները ժառանգել են նախորդներից: Թեև հեղափոխությունից անմիջապես հետո փոխմարզպետների պաշտոններին միանգամից հինգ կին էր նշանակվել, այս պահին   փոխմարզպետների թվում միայն երկուսն են կանայք՝ Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը և Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը:

 

 

Այսպիսով փաստենք, որ երկրի կառավարման օղակներում  կանանց ներգրավվածության հարցը շարունակում է մնալ օրակարգային, քանզի կանայք դեռևս դուրս են մնում որոշումների ընդունման մակարդակից:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1503

Գլխավոր էջ