«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»


Ի՞նչ է թաքնված նման բովանդակությամբ հայտարարությունների  ետևում ,  ի՞նչ  են պահանջում  կամ  ի՞նչ բնույթի ծառայություններ են ակնկալում  գործատուները  այդ հայտարարություններով աշխատանքի ընդունված  աղջիկներից:  Երևի  թե, այդ հարցը միայն մեզ չէ, որ հետաքրքրում է :  Մեր զրուցակիցները որոշ  չափով բացահայտեցին  WomenNet-ի  համար  այս հարցի պատասխանը՝  պատմելով  իրենց  ոչ այնքան  հաջող աշխատանքային փորձի մասին:

 

 

Կարճ կիսաշրջազգեստով, ողջ օրը ոտքի վրա…

 

 

20-ամյա Կարինե Մ.-ն իր բավականին երիտասարդ տարիքում հասցրել է արդեն մի քանի աշխատավայր փոխել: Ու խնդիրը ամենևին էլ նրանում չէ, որ աղջիկը համապատասխան կրթություն կան բարետես արտաքին չունի (սրանք են հիմնական պահանջները, որ ներկայացվում են գործատուների կողմից, հատկապես տարիքային տվյալ խմբի համար): Ճիշտ  հակառակը. Կարինեին վստահորեն կարելի է բավականին բարետես է անվանել ու հենց այդ պատճառով էլ նա կարծես թե հեշտությամբ  է աշխատանք  գտնում: Բայց նաև իր արտաքինն է պատճառ հանդիսանում, որպեսզի շատ չանցած նա ստիպված լինի փոխել աշխատանքը.

 

 

«Երկրորդ կուրսում  էի, երբ առաջին անգամ որոշեցի ամառային արձակուրդներին աշխատանք գտնել ու ամենահարմար տարբերակը հագուստի խանութն էր հենց մեր թաղամասում: Տանը մոտիկ, տրանսպորտի հավելյալ ծախս չէր պահանջում, այնպես որ մտածեցի, որ ամառվա մի քանի  ամիսների ընթացքում, մինչ դասերս կսկսվեն, կկարողանամ որոշակի գումար հավաքել ` հետագայում ուսման վարձը վճարելու համար»,- WomenNet-ին պատմեց Կարինեն: Սակայն իր նախատեսված ծրագիրը նա այդպես էլ չկարողացավ իրագործել, քանի որ ամեն ինչ չէր այնքան հարթ ընթանում, ինչպես աշխատանքի ընդունվելուց նրան ներկայացվել էր:

 

 

 

Հագուստի նմանատիպ խանութներում, որոնք վերջին ժամանակները սնկի պես աճում են մայրաքաղաքում, Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների ակնհայտ խախտումների հետ գործ ունենք: Նախ, աշխատանքային պայմաններն ու ժամերը չեն համապատասխանում աշխատանքային օրենսդրության  պահանջներին: Օրինակ այն խանութում, ուր տեղավորվել էր Կարինեն, աշխատանքային օրը սկսվում էր առավոտյան 10-ին ու օրենքով պետք է ավարտվեր ժամը 20.00-ին, սակայն մեր զրուցակցի խոսքերով` եթե խանութում մարդ էր լինում, ապա իրենք պարտավոր էին սպասել  մինչ հաճախորդները, անգամ եթե նրանք առևտուր չեն անում, դուրս գան խանութից.

 

«Մինչև ինձ աշխատած աղջկան խանութի տերը գործից ազատել էր նրա համար, որ Մարիամը հաճախորդներին զգուշացրել էր, որ արդեն խանութը փակելու ժամանակն է: Այդ օրինակը բոլորին ներկայացվում էր որպես դաս, և մենք ստիպված էինք սպասել մինչ բոլորը դուրս գան ու անգամ եթե պայմանավորվածություն ունեինք` միևնույն է որևէ բան ասելը հաճախորդներին խստիվ արգելված էր»,- պատմեց նա:

 

 

 

Դեպք է եղել, երբ ինքը աշխատանքից դուրս է եկել 22.30-ին մոտ, սակայն ոչ ինքը, ոչ էլ խանութի մյուս աշխատակցուհիները հավելյալ աշխատաժամերի համար աշխատավարձի ավելացում երբևէ չեն ստացել: Իսկ հաշվարկների օրը` ամիսը երկու անգամ, նրանք մնում էին խանութում մինչև գիշերվա մեկը-երկուսը, քանի որ հաշվարկը տեղի էր ունենում ոչ թե աշխատանքային ժամին, այլ դրանից դուրս` երեկոյան 20.00-ից հետո:

 

 

 

Բացի այս, նրանցից ոչ մեկը օրինական գրանցված չի եղել, և խանութպանը զգուշացրել է, որ եթե հանկարծ կասկածելի մարդիկ մտնեն խանութ ու սկսեն հարցուփորձ անել աշխատակիցների մասով կամ էլ հետաքրքրվեն, թե ո՞ւր է նրանց «բեյջը», իրենք պատասխանեն, որ գանձապահի ազգականներն են ու խանութի հետ կապ չունեն: Հասկանալի է, որ գանձապահը միակն էր, ով գրանցում է ունեցել խանութում և միակն էր, ով օրենքի տառին համապատասխան «բեյջ է» կրել:

 

 

Սակայն աշխատանքից Կարինեն դուրս է եկել ոչ վերոհիշյալ հանգամանքներից բողոքելու կամ էլ այն պատճառով, որ տանջանքը շատ էր ու աշխատանքը սարսափելի  հոգնացուցիչ. աշխատակցուհիներին արգելվում էր ողջ օրվա ընթացքում նստել աթոռին, այդ իսկ պատճառով խանութում նստելու տեղ չի եղել` միայն կոշիկ փորձելու համար նախատեսված փոքրիկ դմփիկ: Ժամը 10-ից մինչև 20.00-ն ու մեծ մասամբ դրանից ավելի ընկած ժամանակահատվածում նրանց նստելու միայն կես ժամ է հատկացվել, այն էլ ընդմիջման համար:

 

 

Այդ ամենին Կարինեն գուցե և  պատրաստ էր դիմանալ, եթե չլիներ  այն, ինչի պատճառով  նա ի վերջո հեռացավ աշխատանքից: «Աշխատանքի ընդունվելուց նախապայմաններից մեկն այն էր,  որ պարտադիր է ամեն օր աշխատանքի ներկայանալ վառ շպարով ու կարճ կիսաշրջազգեստով: Ես միշտ եմ կարճ կիսաշրջազգեստ կրել ու երբևէ չեմ նեղվել, բայց խանութում շատ էի նեղվում: Խանութպանը  նստում էր ու ժամերով նայում ոտքերիս…., ամեն պահի, երբ աչքս ընկնում էր նրա կողմ  նա կամ իմ, կամ մյուս վաճառողուհու ոտքերին էր նայում. սուրճը դնում էր դիմացը, ծխախոտը վառում ու կարող էր ժամերով աչք չթարթել: Իսկ քանի որ ամառ էր, թեթև բլուզներ էի կրում, ապա նրա հայացքը վերևից ներքև էր իջնում, ներքևից էլ վերև: Մի օր էլ ես ուղղակի չդիմացա ու ասացի, որ սմենը հանձնելուց հետո էլ չեմ գալու աշխատանքի»,- պատմեց Կարինեն՝  ներկայացնելով իր աշխատանքից հեռանալու հիմնական պատճառը:

 

 

Նրա խոսքով` սեռական բնույթի ոտնձգությունների կամ առաջարկների գործը չի հասել, ու նա դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք նման ոտնձգություններ եղել են մյուս աղջիկների նկատմամբ` նման բաները սովորաբար թաքցնում են: Բայց  համոզմունք հայտնեց, որ եթե նա շարունակեր աշխատել, ապա գուցե դրան էլ հասներ: Այդպես, Կարինեն առաջին աշխատավայրում դիմացավ ընդամենը ամիսուկես ու դուրս եկավ` ինքն իրեն խոստանալով, որ այլևս երբեք այդ կարգի խանութում աշխատանքի չի ընդունվի…

 

 

 

 

«Որտե՞ղ աշխատես, երբ որդիդ ինը ամսեկան է»

 

Աննան 32 տարեկան է. ամուսնալուծված, միայնակ դաստիարակում է 7-ամյա որդուն: Ամուսնու հետ ապրել է ընդամենը երկու տարի, իսկ ամուսնալուծվել են, երբ որդին  ինը  ամսեկան է եղել: Պատճառը ամուսնու բացահայտված սիրային կապն է եղել, որից հետո փոխանակ ներողություն խնդրի, ամուսինը սկսել է ծեծել կնոջը.«Ամեն օր ռեժիմով ծեծ էի ուտում, սկեսուր-սկեսրարս էլ մի անգամ չխառնվեցին ու չպաշտպանեցին ինձ ու երեխուս…ես էլ հեռացա»,- պատմեց Աննան:

 

Վերջինիս ծնողները այդ ժամանակ եղել են արտերկրում ու առաջինը, որ առաջարկել են` Աննան պետք է տեղափոխվի իրենց մոտ: Սակայն նախկին ամուսինը սկզբում հրաժարվել է տալ անհրաժեշտ թույլտվությունը, որպեսզի Աննան որդուն կարողանա երկրից դուրս տանի, իսկ երբ ամուսնալուծման գործընթացը ավարտվել է` մահացել է նրա մայրը: Մի խոսքով` Աննան որոշեց   մնալ հայրենիքում ու սեփական ուժերով հոգ տանել որդու մասին:

 

 

 

Դեկրետից դուրս գալով հասկանում է, որ անհրաժեշտ է փոխել աշխատանքը:  «Առողջապահության նախարարությանը կից ինստիտուտներից մեկում էի աշխատում, բայց ամուսնացած լինելով չէի մտածում, որ փոքր աշխատավարձ եմ ստանում` ամուսինս լավ գործի էր, մամայենք էին օգնում: Բայց այդ ամենը մի քանի ամսում փոխվեց ու ես կանգնեցի փաստի առաջ` ի՞նչ անել, որ և իմ ծախսերը հոգամ, և սոված չմնամ ու ամենակարևորը` երեխան չտուժի իր անբախտ մոր պատճառով: Փառք Աստծո տան վարձ վճարելու խնդիր չունեի, քանի որ  հորական տանն էի ապրում»,- պատմեց Աննան:

 

 

Առաջին աշխատավայրը, ուր նա տեղավորվում է ինստիտուտից պաշտոնապես հեռանալուց հետո տուրիստական գործակալությունն է լինում: Սակայն երկու  ամիս անց Աննան ստիպված է լինում այլ աշխատանք փնտրել` գործակալությունը հետաքրքիր, բայց քիչ վարձատրվող աշխատանք է առաջարկում, իսկ բացի այդ նաև ճամփորդությունների ու թրենինգների անհրաժեշտություն, ինչն անհնար է, երբ մանկահասակ երեխա ունես:

 

 

 

«Հետո փորձեցի սուպերմարկետում գանձապահ աշխատեմ, լավ էր այնքանով, որ հերթափոխով էր ու կարողանում էի ժամանակը ավելի արդյունավետ տնօրինել: Բայց այդտեղից էլ ստիպված էր դուրս գալ, քանի որ գանձապահի աշխատանքը մշտական չէր ու ղեկավարությունն առաջարկեց տեղափոխվել վաճառողուհու կարգավիճակի, իսկ դա ծանր էր ինձ համար` ողջ օրը ոտքի վրա, հաճախորդների հետ ակտիվ շփում և այլն: Հոգնացուցիչ էր, հատկապես երբ երեխադ գիշերը վատ է քնում»:

 

 

Ի վերջո նա հայտնվում է գիշերային ակումբում` մատուցողուհու կարգավիճակում. «Հարևանուհուս ամուսինը պահակ է աշխատում ու նա համաձայնեց այդ գիշերները, երբ ամուսինը տանը չէ, որդուս հետ մնալ` բնականաբար վարձավճարով: Դա ամենալավ տարբերակն էր, որ ես կարող էի գտնել, ու բավականին լավ վարձատրվող աշխատանք»,- կիսվեց Աննան, սակայն այդ «լավ»-ի ետևում բազում խնդիրների է հանդիպել:

 

 

 

«Տնօրենը դասընկերոջս ծանոթն էր ու կոնկրետ նա երբևէ ինձ ուղղակիորեն կապի մեջ մտնելու մասին առաջարկ չի արել, բայց այդքանով իմ անձեռնմխելիությունն ավարտվում էր: Մատուցողներ, հաճախորդներ, բարմեն, անգամ առաքիչներ` բոլորը ,երբ տեղեկանում են, որ մատուցողուհի  ես, կարծես իրենց պարտքն են համարում քեզ անբարո առաջարկ անել: Ընդ որում եթե նախկինում մինչ բուն առաջարկին կամ գործողություններին անցնելը միասին կինո գնալու կամ սուրճ խմելու առաջարկ էին անում, ապա հիմա էլ երկար-բարակ չեն խոսում, միանգամից ասում այն, ինչ քեզնից ուզում են: Մի խոսքով, ամեն ինչ տեսել եմ»:

 

 

Աննան, որ հրաժարվեց մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը,  միայն ցույց տվեց ճակատի վրայի սպին ու ասաց, որ հերթական նման առաջարկներից մեկն իր համար ավարտվել է բժշկի այցով ու 7 կարով` ակումբի միջանցքում գինովցած հաճախորդներից մեկը, չհամաձայնելով իր մերժմանը, բրդել է Աննային, ով գլխով հարվածել է ապակյա պատվանդանին.

 

 

«Վատն էն ա, որ նման դեպքերում մեզ ստիպում են լռել, քանի որ ակումբներից շատերը, որոնք շատ դեպքերում ոչ օրինական են գործում ու նաև այլ բնույթի  ծառայություններ  մատուցում, ավելորդ աղմուկից խուսափում են: Եվ դու կամ պետք է շատ բաների հետ հաշտվես, կամ էլ փորձես արդարության հասնել ոստիկանություն դիմելով: Բայց դրանից հետո նմանատիպ աշխատավայրերի  դռները քո համար կփակվեն` Երևանը շատ փոքր է, որպեսզի հնարավոր լինի հետագայում «գործ տվող աֆիցանտկային» աշխատանքի տեղավորվել»…

 

 

«Ոչ բարետես արտաքինով, ոչ էլ բոյով ու բուսաթով», – այսպես էլ  է պատահում

 

Մեր փնտրտուքների արդյունքում հայտնաբերեցինք, որ հայաստանյան աշխատաշուկայում կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք ամենևին էլ չեն ձգտում բարետես արտաքինով աղջիկների աշխատանքի վերցնել և կամ նրանց շպարով ու կարճ կիսաշրջազգեստով հաճախորդներին  գայթակղել:

 

 

Երևանում, ինչպես նաև մի շարք մարզերում գործող սուպերմարկետների հայտնի ցանցերից մեկի մենեջմենթը աշխատում է այլ սկզբունքով: Նրանց մոտ էլ են պահանջվում երիտասարդ աղջիկներ գանձապահի ու նաև վաճառողուհու գործառույթները իրականացնելու համար, սակայն  աղջիկների բարետեսությունը, առավել ևս մոդելային արտաքինը նրանց չի հետաքրքրում: Հակառակը,  ինչքան համեստ և աչքի չընկնող արտաքին, այնքան լավ:

 

«Մենք չենք ձգտում աղջիկների շնորհիվ հաճախորդ հավաքել կամ էլ նրանց շնորհիվ նրանց պահել: Ղեկավարությունն ի սկզբանե մեր առջև դրել է` գանձապահներն ու վաճառողուհիները իրենց արտաքինով չպետք է շեղեն խանութի հաճախորդներին բուն գործընթացից` առևտրից, այդ իսկ պատճառով վառ շպարը կամ վարսահարդարումը պարտադիր չէ: Ինչքան համեստ, այնքան լավ: Աշխատանքի ընդունելուց մենք հիմնականում նախապատվությունը տալիս են 2-3-րդ կուրսի ուսանողուհիներին, որոնք դեռևս հմտացած չեն  շպարվելու արվեստում ու ավելորդ ուշադրություն  չեն գրավելու »,- WomenNet-ին ասաց սուպերմարկետների ցանցի խանութներից մեկի մենեջեր Ս-ն:

 

 

Երևի թե չենք սխալվի, եթե լրացնենք, որ  «համեստության կերպարը» հայրենի գործատուների ընկալմամբ ենթադրում է   նաև, որ այդ աղջիկները  ավելորդ անգամ չեն հիշեցնի  իրենց աշխատանքային  ժամերի  պահպանման և այլ մանր- մունր աշխատանքային իրավունքների մասին…

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում

«Հղիանալն արգելվում է»… Մնում է աշխատանքի վայրերում նման ցուցանակներ փակցնեն գործատուները

Բանկերը հղիությունը չեն խրախուսու՞մ

Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի

«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն

Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է

Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…

Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

Դիտումների քանակը` 8363

Գլխավոր էջ