Ջեմմա Հարությունյան. «Ճիշտ ու արդյունավետ կառավարումը  համայնքապետի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի»

 

72-ամյա Ջեմմա Հարությունյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններում գլխավորում է «ԱՄԱՍԻԱԱՐՓԻ» կուսակություննների դաշինքի ավագանու անդամության թեկնածուների ցուցակը: Նա 2016-2021 թթ.-ին զբաղեցրել է Ամասիայի համայնքապետի պաշտոնը: Ի դեպ, միակ կինն է եղել, որ խոշորացված համայնք էր ղեկավարում: Այս ընտրություններում  Ամասիայի ՏԻՄ ընտրություններում մրցակցում են «ԱՄԱՍԻԱԱՐՓԻ» դաշինքը, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

 

 

 Ո՞րն եք համարում Ձեր պաշտոնավարման տարիների ամենակարևոր ձեռքբերումները:

 

-Վերջին տարիներին կարողացել ենք մի շարք կարևոր նախագծեր իրականացնել համանքում՝ օգտագործելով  ոչ միայն համայնքային բյուջեի,  այլ  սուբվենցիոն ծրագրերի, միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության  հնարավորությունները: Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ իմ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ հնարավորինս նպաստել համայնքի երիտասարդների, կանանց ակտիվացմանը, տարբեր ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցել ենք հասարակական կազմակերպությունների հետ…

 

 

 -Ի՞նչ դժվարություններ եք ունեցել աշխատանքում՝ որպես կին ղեկավար:

 

 

-Որպես ղեկավար բազմաթիվ դժվարություններ եղել են, իհարկե, բայց դրանք երբևէ պայմանավորված չեն եղել կին լինելու հանգամանքով: Ընդհակառակը, որպես կին ղեկավար ամենուր ու անընդհատ ես զգացել եմ ավելի բարեհաճ վերաբերմունք, քան տղամարդկանց նկատմամբ: Ունեցել եմ շատ լավ աշխատակազմ, իմ տեղակալներն ու օգնականը եղել են տղամարդիկ և նաև նրանց նվիրված աշխատանքի, փոխօգնության շնորհիվ եմ ես հաջողել: Մենք ունեցել ենք շատ լավ թիմ, իսկ լավ, համախմբված թիմի դեպքում հաջողության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են…

 

 

-Ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրել ձեր թեկնածությունը:

 

 

-Նախ, բավականին շատ ծրագրեր ունենք, որոնք ընթացքի մեջ են ու ես ցանկանում եմ  իրականացնել և ավարտին հասցնել դրանք: Առաջադրվելուս երկրորդ գլխավոր պատճառը թիմի ու բնակիչների սատարումն ու կրկին առաջադրվելու առաջարկն է եղել, ինչը և ես ընդունել եմ:

 

 

-Ո՞րն այն հիմնական պատճառը, հանուն որի բնակիչը պետք է ընտրի հենց Ձեզ և Ձեր թիմին:

 

 

– Ես չափից դուրս համբերատար եմ, ինչն իմ աշխատանքում ինձ շատ է  օգնում՝ թույլ տալով առավել արդյունավետ շփվել բնակիչների հետ:Պաշտոնավարման ընթացքում ես բավականին անմիջական հարաբերություների մեջ եմ եղել բնակիչների հետ, փորձել եմ համբերատար լսել նրանց հուզող խնդիրներն ու համայնքի հնարավորությունների ու իմ իրավասությունների սահմաններում աջակցել: Հնարավոր է՝ ոչ բոլոր դեպքերում եմ կարողացել մարդու խնդիրը լուծել, բայց երբ կարողանում ես մինչև վերջ համբերատար լսել, ապրումակցել, կարեկցել, դա ևս օգնում է, որ մարդը բավարարվածության զգացումով հեռանա քեզնից:  Մեզ ընտրելու հարցում խթան կարող է հանդիսանալ նաև վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքները, որոնք բնակչության կողմից ողջունվել ու լավ ընդունելության են արժանացել: Չեմ ասում, որ բոլորն ինձ են ձայն տալու, բայց հուսով եմ, որ մեր աշխատանքը կգնահատեն շատերը:

 

 

-Ցանկացած աշխատանքում հնարավոր են նաև թերացումներ…

 

 

-Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չհասցրինք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսել էինք համայնքի հնգամյա զարգացման ծրագրով: Ծրագրի ամբողջական իրականացման հարցում խոչընդոտ հանդիսացան համավարակը, Արցախյան 44-օրյա պատերազմը, համայնքային բյուջեի սուղ միջոցները: Ընտրվելու դեպքում, կարծում եմ,  պետք է առաջ շարժվենք առավել ճկուն զարգացման ծրագրով և դրանք իրականացնելու ավելի արդյունավետ միջոցներ ու մեխանիզմներ մշակենք:

 

 

-Ողջունելի է տեսնել այս տարիքում այսչափ ակտիվ  ու եռանդով լի կին թեկնածուի, այդուհանդերձ, որքանո՞վ է տարիքն օգնում կամ խանգարում ղեկավարման,  ակտիվ նախընտրական քարոզարշավ  իրականացնելու հարցում:

 

 

-Տարիքը չի խանգարում, իսկ այ, աշխատանքային փորձառությունը շատ է  օգնում: Երկար տարիների աշխատանքային փորձը, որ ձեռք եմ բերել ամենատարբեր բնագավառներում աշխատանքի ընթացքում, օգնում է ճիշտ կառավարել: Կարծում եմ, ճիշտ ու արդյունավետ կառավարումը  համայնքապետի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի:  Ես փորձում եմ նաև իմ փորձը փոխանցել երիտասարդներին: Մեր թիմում ավագանու թեկնածուներից կեսից ավելին  երիտասարդներ են:Նրանց հետ շփվելիս ես  երիտասարդանում եմ…

 

 

 Որո՞նք եք համարում այն ​​երեք առաջնահերթությունները, որոնց լուծմամբ զբաղվելու եք ընտրվելու դեպքում:

 

 

-Պետք է շարունակենք զարգացնել գյուղատնտեսությունը: Քանի որ Ամասիան այս ընտրություններով ևս մեկ անգամ խոշորացվում է, համայնքի ենթակառուցվածքները պետք է մոտեցնենք նաև այն բնակավայրերին, որոնք դրա կարիքն ունեն:Ամասիան գյուղատնտեսական համայնք լինելուց զատ նաև ձմեռային մարզաձևերի ու զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: Ներդնելու ենք մեր բոլոր ջանքերը՝ Ամասիան ձմեռային զբոսաշրջության ուղղությամբ զարգացնելու համար:

 

 

 Ինչպիսի՞ն է  նախընտրական պայքարը  Ամասիայում:

 

 

-Երեք ուժերի առաջնորդներս իրար լավ ենք ճանաչում, տարբեր շփումներ ենք ունեցել: Մեզ մոտ հանգիստ նախընտրական վիճակ է:Հույս ունեմ՝ արդար ու թափանցիկ ընտրություններ կունենանք: Ինձ համար կարևորն այն է,  որ արդար ընտրությունների արդյունքում ընտրվի ժողովրդի ցանկալի թեկնածուն:

 

 

Ըստ Ձեզ, համամասնական ընտրակարգը կնպաստի՞ համայնքներում կանանց ակտիվացմանն ու դերակատարման բարձրացմանը:

 

 

-Համամասնական ընտրակարգի շնորհիվ կանանց առնվազն 30 տոկոսի չափով  ներգրավման հնարավորություն ստեղծվեց, բայց պետք է ասեմ, որ այդ տեղերը ոչ միշտ են հեշտությամբ համալրվում,   ոչ բոլոր կանայք են համաձայնվում ընտրական գործընթացներում ներգրավվել: Դա պայմանավորված է  մի քանի հանգամանքով.  տղամարդկանց մի զգալի մասը արտագնա աշխատանքի է,  տան ամբողջ հոգսը կանանց ուսերին է,  նրանց համար դժվար է  երեխաների, տնային ու  աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ  ևս մեկ լրացուցիչ հոգս վերցնել  ուսերին: Երբ ես 2016թ.-ին մեծամասնական ընտրակարգով  ընտրվեցի համայնքի ղեկավար, ոչ մի կին ավագանու անդամության թեկնածու չունեինք: Այն ժամանակ ոչ մի կին չէր առաջադրվել, մտածել էին, որ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում դժվար կլինի անհրաժեշտ չափով ձայներ հավաքելը: Այսօր օրենքի պահանջով ունենք նաև կին թեկնածուներ: Համամասնական ընտրակարգով կանանց ընտրվելու շանսերը կտրուկ ավելացել են:

 

 

 

Ինչպե՞ս եք գնահատում   կանանց դերակատարումը Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դրա հետ կապված :

 

 

-Նախկինում Ազգային ժողովում ներգրավված կանանց թիվը ավելի քիչ էր, հիմա օրենքի փոփոխման շնորհիվ  բավականին ակտիվություն է  նկատվում: Դեռևս փոքր է կանանց թիվը պետական  կառավարման համակարգում: Որքան շատ լինեն կանայք կառավարման բարձր օղակներում, այնքան աշխատանքներն առավել արդյունավետ կարվեն: Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց կարծում եմ,  կանայք աշխատանքում ավելի ակտիվ ու ավելի պատասխանատու  են, քան տղամարդիկ:Կանայք որոշակի հարցերում ավելի շրջահայաց են, ավելի շուտ են կողմնորոշվում, ավելի ճկուն են…

 

 

Ձեր խորհուրդը կանանց 

 

 

-Իմ խորհուրդը հետևյալն է. եթե կինը գտնում է,  որ անհրաժեշտ հմտություններ ու  կարողությւններ ունի, պետք է անպայման զբաղվի քաղաքականությամբ: Հատկապես վերջին տարիներին կանանց հզորացմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր են իրականացվում: Մենք պետք է անընդհատ կրթվենք ու կրթենք կանանց, որպեսզի նրանք կարողանան ճիշտ որոշումներ կայացնել և առավելագույնս դրսևորեն իրենց: Նաև  խորհուրդ կտամ տղամարդկանց՝ սատարեք ձեր կանանց.  ուժեղ կնոջ հետևում կանգնած է ուժեղ տղամարդ, ուժեղ տղամարդու հետևում՝ ուժեղ կին: Եթե իմ ընտանիքն ինձ  չօգներ, ես երբեք էլ չէի կարողանա արդյունավետ գործել: Ընտանիքս ինձ միշտ սատարել է ու  շարունակեում է դա անել մինչ օրս…

 

 

                                                                                                            Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 711

Գլխավոր էջ