Ջասինդա Արդերնի ղեկավարած Նոր Զելանդիան հաղթեց COVID 19-ի դեմ մարտում

 

Նոր Զելանդիայում վերջին ութ օրերին անընդմեջ կորոնովիրուսի նոր դեպքեր չեն գրանցվում։ Այդ երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունները տարածում են միջազգային առաջատար լրատվամիջոցները։

 

 

CBS News-ի փոխանցմամբ, բայց դա Նոր Զելանդիայից ստացվող միակ ուրախալի ու դրական լուրը չէ։ Օրեր առաջ դուրս է գրվել կորոնովիրուսով հոսպիտալացված վերջին հիվանդը, փաստացի այս պահին Նոր Զելանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով որևէ հիվանդ չկա։

 

 

Լրատվամիջոցներից մեկում այս լուրի վերանգիրը սկսում է «Հաղթանակ» ավետելով։

 

 

Անցած չորեքշաբթի հրավիրած ասուլիսում պաշտոնյաները հիվանդության մասին հուսալի վիճակագրություն են ներկայացրել։ Նոր Զելանդիայում գրանցվել է ընդհանուր առմամբ 1 462 վարակակիր, նրանցից այդ օրվա դրությամբ միայն 21-ն էր ակտիվ վարակակիր։ Նոր Զելանդիայում կորոնավիորւսից մահացել է 21 մարդ։ Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի բնակչությունը 4 709 624 մարդ է կազմում:

 

 

Երկրում իրականացվել է 267 435 թեստավորում, կոնտակտավորները դիտարկվում են COVID Tracer հավելվածի միջոցով։

 

 

Չնայած նման նախանձելի արդյունքներին, Նոր Զելանդիայում հիվանդության դեմ կանխարգելիչ նոր միջոցառումներ ու քայլեր են ձեռնարկում։ Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում թողարկվել է նոր հավելված, որը բժիշկներին հնարավորություն է  տալիս մուտք գործել հնարավոր նոր վարակակիրների մասին ինֆորմացիոն կենտրոն, այն նաև կտրամադրի տեղեկատվություն կլինիկաների տեղակայման, ինչպես նաև անձնական պաշտպանության միջոցների օգտագործման վերաբերյալ։

 

 

Ուրախալի տվյալների հրապարակումից հետո թվիթերում բազմաթիվ շնորհավորանքի ու գովեստի խոսքեր են հնչել այդ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնի առաջնորդության, նրա արդյունավետ աշխատանքի մասին։

 

 

 «Ջասինդա Արդերնն արժանի է ծափահարությունների։ Աստված օրհնի Ձեզ»,-գրել է մի կին։

 

 

«Այսպիսով Նոր Զելանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը լիարժեք հաղթանակ է տոնել COVID 19-ի դեմ պայքարում»,-նշել է մի օգտատեր։

 

 

Որպես հաջողության գաղտնիք նշվում է վաղ փուլում մեկուսացումը,  ագրեսիվ թեստավորումը, Ջասինդա Արդերնի արդյունավետ առաջնորդությունը, սոցիալական հեռավորությունը։

 

 

«Երբ երկրում ընդամենը վեց հիվանդ կար, Նոր Զելանդիայի վարչապետը մարտի 14-ին հայտարարեց, որ երկիր մուտք գործողները պետք է երկու  շաբաթով ինքնամեկուսացվեն։ Մարտի 19-ին, երբ հիվանդների թիվը հասավ 28-ի,  Արդերնն արգելեց օտարերկրացիների մուտքը»,-նշում է աղբյուրը։

 

 

Հիմա երկրում  կամաց-կամաց բացվում են փակ սահմանները, կյանքը վերադառնում է բնականոն հուն։

 

 

«Սահմաններ փակելը շատ կարևոր էր՝ մեր երկիրը հիվանդությունից զերծ պահելու համար»,-ասել է հանրային առողջապահության մասնագետ Աշլի Բլումֆիլդը՝ միաժամանակ կարևորելով հիգիենայի պահպանումը, մասնավորապես ձեռքերը հաճախ լվանալը։

 

 

Հիմա պաշտոնյաններն անում են ամեն բան՝ ազդանշանային մակարդակը հասցնելու նվազագույն մակարդակի։ Ապրիլի վերջին վարչապետ Արդերնը հայտարարել էր, որ Նոր Զելանդիան հաղթել է վիրուսի տարածման դեմ մարտում։

 

 

Նա նշել էր,  որ կորոնավիրուսի դեմ պայքարում լիովին հաջողելու համար պետք է «որսալ» բոլոր հնարավոր  դեպքերը:

 

 

«Մենք հաղթեցինք այդ ճակատամարտում։ Բայց պետք է զգոն մնանք, եթե ուզում ենք հաղթանակը պահպանել»,-ասել էր երկրի առաջնորդը։

 

 

Աղբյուրը հիշեցնում է, որ համավարակի սկզբից անմիջապես  հետո վարչապետի որոշմամբ վեց ամսով պաշտոնյաների աշխատավարձը կրճատվել էր 20 տոկոսով՝ ի նշան կորոնովիրուսից տուժած քաղաքացիների սոցիալական համերաշխության։

 

 

Եվս մեկ հետաքրքիր դրվագ, կորոնավիրուսի պատճառով կիրառված սահմանափակումներից հետո ոստիկանությունը կարանտին խախտելու համար ձերբակալել էր երկրի առողջապահության նախարար դոկտոր Էշլի Բլումֆիլդին: Նա գնացել  էր տեղական զբոզայգի ՝ հեծանիվ վարելու, ինչպես նաև իր ընտանիքին լողափ էր տարել: Արդերնը հրապարակավ նկատողություն արեց Բլումֆիլդին այդ արարքի համար և ասաց, որ նա, անշուշտ, աշխատանքից կազատեր նախարարին, եթե չլիներ համաճարակը:

 

 

***

 

 

Ջասինդա Արդերնը Նոր Զելանդիայի վարչապետ  դարձավ 2017 թվականին  37 տարեկանում՝ դառնալով երկրի պատմության մեջ երրորդ կինն այդ պաշտոնում  Ջեննի Շիպլիից (1997—1999) և Հելեն Կլարկից (1999—2008)հետո: Նա նաև  աշխարհում ամենաերիտասարդ վարչապետն էր այդ պահին:   Իր առաջնահերթությունների թվում նա   հռչակեց  պայքարը աղքատության և սոցիալական անարդարության  դեմ, շրջակա միջավայրի պաշտպանությունը և  ուշադրությունը երիտասարդության և կանանց խնդիրների վրա:

 

 

Ի դեպ, նշանակումից մեկ տարի անց՝ 2018-ին   Արդերնը դուստր ունեցավ՝ դառնալով աշխարհում երկրորդ կինը Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոյից հետո, ով երեխա է ունեցել լինելով կառավարության ղեկավարի պաշտոնում: Վեց շաբաթ անց Արդենը վերադարձավ կաբինետում իր պարտականություններին, իսկ նրա ամուսինը՝ հեռուստահաղորդավար Քլարկ Գայֆորդը դեկրետային արձակուրդ գնաց:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը

Ջասինդա Արդերնի ղեկավարած Նոր Զելանդիան հաղթեց COVID 19-ի դեմ մարտում

«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ

COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում

 

Դիտումների քանակը` 1589

Գլխավոր էջ