IWPR: Եզդի փախստականները հավելյալ աջակցության կարիք ունեն Հայաստանում

Տեղական եզդիական համայնքը խնդրում է կառավարությանն աջակցել Իրաքից ներգաղթող իրենց հայրենակիցներին:

Վերջերս IWPR-ի կողմից նախաձեռնված քննարկման մասնակիցների շրջանում այն կարծիքն էր հնչում, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի երկրում ապաստան խնդրող եզդի փախստականներին:

 

Ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Իսլամական պետության» զինյալները սկսեցին կոտորել եզդիներին Իրաքի հյուսիսում, նրանց չնչին մասը միայն ապաստան խնդրեց Հայաստանում, որտեղ մեծաթիվ եզդիական համայնք է ապրում:

 

Եզդիները քրդերենի բարբառներից մեկով են խոսում եւ նախաիսլամական արմատներ ունեցող կրոն դավանում: «Իսլամական պետության» գրոհայիններն իրենց առաքելությունն են համարում սուննի Իսլամ չդավանող բոլոր մահմեդական համայնքների ոչնչացումը, ինչի հետեւանքով նրանց թիրախում են հայտնվել շիա մահմեդականները, քրիստոնյաներն ու եզդիները:

 

Ամռան ընթացքում երեք եզդիական ընտանիքներ ժամանեցին Հայաստան եւ անմիջապես փախստականի կարգավիճակ ստացան (տես՝ «Եզդիներն ապաստան են խնդրում Հայաստանում» հոդվածը):

 

Ինչպես հայտնում է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Բորիս Մուրազին, նորեկներին պատշաճ կերպով ընդունել են, իսկ տեղացի եզդիներն ու մյուսները հոգացել են նրանց հիմնական կարիքները:

 

«Փախստականների ընտանիքները Հայաստանում որեւէ խնդիր չունեն: [Եզդիական] համայնքը, պետությունը եւ մեր հայ ընկերներն ամեն հնարավորն արել են, որպեսզի նրանք բնակության վայրի եւ սննդի հետ կապված խնդիր չունենան», – հայտարարել էր Մուրազին սեպտեմբերի 30-ին IWPR-ի նախաձեռնած քննարկման ժամանակ:

 

Մուրազիի կարծիքով՝ Հայաստանը կարող է հեշտությամբ ավելի շատ փախսականների ապաստան տալ, պարզապես կառավարությունը պետք է պատշաճ ձեւով կազմակերպի գործընթացը:

 

Եզդիական համայնքն ամենամեծ ազգային փոքրամասնությունն է Հայաստանում: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում 35 000-ից ավելի եզդիներ են ապրում՝ կազմելով երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը:

 

«Մենք որոշեցինք գալ Հայաստան, քանի որ գիտեինք, որ այստեղ եզդիներ են ապրում», – ասում է փախստականներից մեկը՝ Հայդեր Ռաշո Համոն:

 

Մուրազիի խոսքով՝ քսանից ավելի գյուղերում, որտեղ բնակչության մեծամասնությունը եզդիներ են, բազմաթիվ դատարկ տներ կան, որտեղ կարող են բնակեցվել փախստականների ընտանիքները: Նա նաեւ համոզված է, որ փախստականները կցանկանան վերադառնալ Իրաքի հյուսիս, երբ այնտեղ նորից ապահով լինի:

 

«Հայաստանում նրանց բնակարաններով կապահովեն, մինչդեռ Եվրոպայում նրանք ստիպված կլինեն ապրել փախստականների ճամբարներում՝ վրանների տակ», – հավատացած է Մուրազին:

 

«Սինջար» եզդիների ազգային միավորման անդամներից Համլետ Սմոյանն ասում է, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե վստահ չէին, թե ինչպես պետք էր վարվել փախստականների հետ:

 

«Մենք նախ փորձեցինք կապվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, բայց այնտեղ մեզ ասացին, որ եզդի փախստականների խնիրներն իրենց լիազորությունների շրջանակների մեջ չեն մտնում: Այնուամենայնիվ, միգրացիոն պետական ծառայությունը միանգամից նրանց փախստականի կարգավիճակ շնորհեց», – նշում է Սմոյանը:

 

Ամռանը Հայաստան հասած երեք ընտանիքները ստիպված էին Իրաքում թողնել մոտ 20 հարազատների, քանի որ վերջիններս համապատասխան փաստաթղթեր չունեին: Փախստականների խոսքով՝ կոռուպցիայի պատճառով փաստաթղթեր ստանալը թանկարժեք գործընթաց էր դարձել:

 

Ավելի մեծ գումար է նաեւ հարկավոր Էրբիլից (իրաքյան Քուրդիստան) Երեւան ինքնաթիռով հասնելու համար, քանի որ ցամաքային ճանապարհով՝Վրաստանի տարածքով նրանք չեն կարող գալ, որովհետեւ այստեղ Իրաքի քաղաքացիներից մուտքի արտոնագիր են պահանջում:

 

Համոյի խոսքով՝ թեեւ Հայաստանում տեղական եզդիական համայնքը հոգում է փախստականների ամենօրյա կարիքները, նրանց, միեւնույն է, պետական աջակցություն է հարկավոր: Փախստականները դժվարությամբ են վճարում կոմունալ վարձերը եւ չեն կարողանում աշխատանք գտնել:

 

Նա նաեւ պատմեց, որ երկու այլ եզդի փախստականների հետ 20-օրյա աշխատանք էր գտել Ակնալիճ գյուղում կառուցվող եզդիական տաճարի շինարարության ժամանակ, սակայն վաստակած գումարը բավարար չէր ընտանիք պահելու համար:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրային գլխավոր պատասխանատու Նարեկ Սարգսյանի կարծիքով՝Հայաստան եկող եզդի փախստականների հիմնական խնդիրն այն է, որ նրանք չեն տիրապետում հայերենին, ինչը խոչընդոտում է ինչպես նրանց սոցիալական ինտեգրմանը, այնպես էլ նրանց երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը: Մյուս խնդիրն էլ այն է, որ փախստականները չեն կարողանում օգտվել բանկային ծառայություններից, քանի որ տեղական բանկերը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց չեն սպասարկում:

 

«Գոյություն ունի նաեւ մշակութային ինտեգրման եւ պատշաճ լրատվական լուսաբանման խնդիրը, որպեսզի հայ հասարակությունն առավել տեղեկացված լինի նրանց մասին: Մենք համագործակցում ենք մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են եզդի փախստականների ինտեգրմանը, ինչպես նաեւ հայերեն են նրանց սովորեցնում», – ասում է Նարեկ Սարգսյանը:

 

Բորիս Մուրազիի խոսքով՝ մշակութային տարբերություններ կան ոչ միայն Իրաքի եզդիների եւ էթնիկական հայկական բնակչության, այլ նաեւ տեղացի եզդիների ու փախստականների միջեւ:

 

«Սկզբնական շրջանում փախստականներին տեղավորել էին սահմանային Արաքս գյուղում: Բայց գյուղի բնակիչները բողոքում էին մահմեդական աղոթքների ձայներից: Բանն այն է, որ նրանք ծանոթ չեն Իրաքի եզդիների ավանդույթներին, չնայած չեմ կարծում, թե խաղաղ մահմեդականները որեւէ վտանգ են ներկայացնում», – նշում է Մուրազին:

 

Քննարկման մյուս մասնակիցներն էլ այն կարծիքին էին, որ պետությունը պարզապես սովոր չէ փախստականների հոսքի հետ վարվելակերպին:

 

«Հայաստանը փախստականներին ընդունելու խիստ սահմանափակ հնարավորություններ ունի: Մենք օգնում ենք Սիրիայից եւ Ադրբեջանից ներգաղթած [հայ] փախստականներին: Այս պահին, մենք չենք զբաղվում Իրաքից եկած փախստականների հարցերով, սակայն արդեն նման հրահանգ ենք ստացել», – ասում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի նահագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

 

Նա ընդգծում է, որ բնակարաններ ստանալուց հետո փախստականները դեռեւս դրամական օժանդակության կարիք են ունենում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: Սարգսյանն իր հերթին հավելում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը կարող է փախստականներին ոչ ֆինանսական բնույթի օժանդակություն տրամադրել, օրինակ՝անասուններ տալ՝ ագարակային տնտեսություն հիմնելու համար:

 

«Մենք, կառավարության հետ համատեղ ուժերով, փորձում ենք գնահատել փախստականների պոտենցիալ հոսքը: Այնուհետեւ մենք կունենանք համապատասխան տվյալներ, որոնց հիման վրա կկարողանանք ծրագրեր մշակել», – եզրափակում է Սարգսյանը:

 

 By IWPR team in Armenia

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3800

Գլխավոր էջ