Կանանց միջազգային օր – 2022. «Գենդերային հավասարությունն այսօր` հանուն վաղվա կայունության»
Այս տարի ՄԱԿ -Կանայք կառույցի առաջարկով Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ը (IWD 2022) կանցնի «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» թեմայի ներքո: Այն միտված է ճանաչելու կանանց և աղջիկների ներդրումն ու առաջատար դերն ողջ աշխարհում կլիմայի փոփոխությանն արձագանքելու, հարմարվելու, դրա հետևանքները մեղմացնելու և բոլորի համար ավելի կայուն ապագա կառուցելու հարցում:
Կլիմայական ճգնաժամի և աղետների ռիսկերի նվազեցման համատեքստում գենդերային հավասարության առաջխաղացումը ապահովելու խնդիրը 21-րդ դարի գլոբալ մարտահրավերներից է: Կլիմայի փոփոխության և էկոլոգիական կայունության հիմնախնդիրները ծանր և տևական ազդեցություն են ունեցել և կունենան շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Ակնհայտ է, որ դրանք ամենախոր ազդեցությունն են թողնում ամենախոցելի սոցիալական խմբերի վրա այն: Կանայք գնալով ավելի խոցելի են դառնում կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ, քանի որ նրանք կազմում են աշխարհի աղքատների մեծամասնությունը և ավելի շատ կախված են բնական ռեսուրսներից, որոնց կլիմայի փոփոխությունն առավել է սպառնում:
Միևնույն ժամանակ, կանայք և աղջիկները արդյունավետ և հզոր առաջնորդներ և նախաձեռնողներ են կլիմայի փոփոխությանը հարմարվելու և դրա հետևանքները մեղմացնելու տեսակետից: Նրանք ներգրավված են ողջ աշխարհում կայունության ապահովման նախաձեռնություններում, և նրանց մասնակցությունն ու առաջնորդությունը հանգեցնում են ավելի արդյունավետ գործողությունների: Այս առումով կարևոր է ապահովել կանանց և աղջիկների մասնակցությունը կլիմայի փոփոխության և կայունության հետ կապված որոշումների կայացման հարցում, ինչը կարևոր նախապայման է գենդերային հավասարության հասնելու համար: Առանց գենդերային հավասարության այսօր կայուն և հավասար ապագան մնալու են անհասանելի :
Միավորված ազգերի կազմակերպության կողմից Կանանց միջազգային օրվա տոնակատարությունը կնշանավորվի բարձր մակարդակի վիրտուալ (TBC) միջոցառմամբ, որը տեղի կունենա երեքշաբթի՝ 2022 թվականի մարտի 8-ին և որին կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գլխավոր ասամբլեայի նախագահը, Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրենը, ինչպես նաև գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության ակտիվիստներ և հայտնի մարդիկ: Միջոցառմանը կհաջորդի բարձր մակարդակի պանելային քննարկում և երաժշտական բեմականացում:
Կանանց միջազգային օրվա թեման համահունչ է մարտի 14-ից մինչև 25-ը մեկնարկող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW66) 66-րդ նստաշրջանի առաջնահերթ թեմային, այն է.«Գենդերային հավասարության ձեռքբերում և բոլոր կանանց և աղջիկների հզորացում կլիմայի փոփոխության, բնապահպանական և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և ծրագրերի համատեքստում»:
COVID-19 համաճարակի շարունակական ազդեցության պատճառով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 66-րդ նստաշրջանը տեղի կունենա հիբրիդային ձևաչափով: Պետությունների ներկայացուցիչների մակարդակով նիստերը կկայանան ՄԱԿ-ի կենտրոնական կայանի շենքում, իսկ բոլոր զուգահեռ միջոցառումները ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կլինեն ամբողջությամբ վիրտուալ։
Նստաշրջանին նախորդել էր փորձագիտական խմբի հանդիպումը, որը մշակել էր նստաշրջանի թեմային առնչվող փաստաթղթերը:
Բացի վերը նշված առաջնահերթ թեմայից նստաշրջանի շրջանակում քննարկվելու են հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում ընդունված համաձայնեցված եզրակացությունների կատարողականի մասին պետությունների հաղորդումները, որոնք վերաբերում են « Կանանց տնտեսական հզորացումը փոփոխվող աշխատանքի աշխարհում» թեմային: Հայաստանը նույնպես ներկայացնելու է այդ ուղղությամբ կատարված քայլերը:
Նստաշրջանի արդյունքներն ամփոփվելու են համաձայնեցված եզրակացությունների նախագծի ընդունմամբ, որը բանակցվելու է բոլոր անդամ պետությունների հետ:
Ակնկալվում է, որ նստաշրջանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կներկայացնի նաև առաջարկություն 2025 թվականին Կանանց Չորրորդ համաշխարհային համաժողովի 30-րդ տարեդարձը լավագույնս նշելու կապակցությամբ:
Դիտումների քանակը` 1257