Ի՞նչ պատասխան է տվել Վենետիկի հանձնաժողովը Ստամբուլյան կոնվենցիայի մասին

 

«Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»

 

Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին հրապարակել է կարծիք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրության տեսանկյունից։

 

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանանադրական հետևանքների մասին  պաշտոնական կարծիք ստանալու խնդրանքով Վենետիկի հանձնաժողովին էր դիմել  Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Դրանով ՀՀ Կառավարությունը փորձել է փարատել այն մտահոգությունները, որոնք կային հասարակության մեջ կոնվենցիայի  վերաբերյալ:

 

 

Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի  գործառույթն է որոշել` որքանով է Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում երկրի սահմանադրությանը։ Բայց հանձնաժողովի գնահատմամբ` Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ  դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Կոնվենցիայի հիմնական պարտավորությունն է՝ կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության  դեմ, որը  բխում է ՀՀ Սահմանադրությունից և մարդու իրավունքների  վերաբերյալ այլ պայմանգրերից, որոնց միացել է Հայաստանը։

 

 

Հակադարձելով այն պնդումներին, որ Ստամբուլի կոնվենցիան պետք չէ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ընտանեկան բռնությունը տարածված է եվրոպական բոլոր երկրներում,  այդ թվում և Հայաստանում, և Կոնվենցիայի վավերացումը մեծ օգուտ կբերի տուժածներին: Կոնվենցիան հատուկ ուշադրություն է դարձնում կանանց նկատմամբ բռնության խնդրին և ապահովում է հատուկ մոնիտորինգի մեխանիզմ՝ մի բան, որ առկա գործիքները չունեն:  Վավերացնելով միջազգային այս  գործիքը, իշխանությունները ուժեղ ազդակ են ուղարկում, որ լրջորեն են վերաբերվում այս  խնդրի լուծմանը:

 

 

Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է տղամարդկանց և կանանց հավասարությունը,  նախատեսում է դրա խթանումը: Կանանց նկատմամբ բռնության վերացումը և դրան ուղղված միջոցառումները լիովին համահունչ են սահմանադրական այդ կարգավորմանը:

 

 

Հանձնաժողովը հրապարակած եզրակացության մեջ անդրադարձել է  «գենդեր», «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում», «ընտանիք» ու «ամուսնություն» արտահայտությունները։

 

 

Մասնավորապես, արձագանքելով այն մտահոգություններին,  որ Ստամբուլի կոնվենցիան այսպես կոչված գենդերային գաղափարախոսության համար «տրոյական ձի» է, որը ձգտում է ամբողջովին փոխել պետությունների ազգային մշակույթը և ստիպել նրանց ժխտել տղամարդկանց և կանանց միջև կենսաբանական տարբերությունները, Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Կոնվենցիան հստակ սահմանում է «սեռի»՝ որպես կենսաբանական իրողության և «գենդերի»՝ որպես սոցիալական իրողության միջև տարբերությունը։ «Սոցիալական» բնորոշումը ոչ մի դեպքում չի նախատեսվում փոխարինել կենսաբանականին»,-ասվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքում։

 

 

 

Նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան մասնակից պետություններից չի պահանջում քայլեր ձեռնարկել՝ տարբեր կատեգորիայի անձանց ճանաչելու կամ նրանց գենդերային ինքնության հիման վրա հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։

 

 

Այն պարզապես հաստատում է, որ գենդերային ինքնությունը դասվում է խտրականության՝  արգելված հիմքերի շարքում: Սա նշանակում է, որ անհատին չպետք է զրկել պաշտպանությունից կամ զոհի կարգավիճակից`  իր գենդերային ինքնության պատճառով:  «Այս մոտեցումը, կարծես, լիովին համատեղելի է ՀՀ Սահմանադրության դրույթներին, որոնք վերաբերում են օրենքի առաջ ընդհանուր հավասարությանը և խտրականության արգելքին: Նույնը վերաբերում է սեռական կողմնորոշմանը. Ստամբուլյան կոնվենցիան անդարադառնում է այս հարցին  միայն խտրական վերաբերմունքը բացառելու տեսանկյունից:  

 

 

Ստամբուլի կոնվենցիան չի պարունակում ընտանիքի, գործընկերային կամ նույնասեռական հարաբերությունների որևէ սահմանում, և չի նպաստում նման հարաբերությունների որևէ ձևի: Այսպիսով, բախում չկա ազգային սահմանադրության՝ ընտանիքի բնորոշման հետ, և դա ճիշտ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական այլ երկրների համար: Ամուսնությունը Կոնվենցիայում նշվում է միայն հարկադիր ամուսնության համատեքստում: Հետևաբար, Կոնվենցիան չի հակասում ազգային սահմանադրություններին, որոնք սահմանում են ամուսնությունը որպես կնոջ և տղամարդու միություն, ինչպես Հայաստանում է: Ստամբուլյան կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտավորեցնում, ստիպում օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:

 

 

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Ստամբուլի կոնվենցիան նոր պարտավորություններ է առաջացնելու ապաստարանների օրենսդրության մասով, Վենետիկի հանձնաժողովը բացատրում է, որ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը չի նշանակում, որ բոլոր կանայք ինքնաբերաբար փախստականի կարգավիճակի իրավունք կարող են ձեռք բերել: Կոնվենցիան պարզապես ընդունում է, որ կանայք կարող են ենթարկվել հետապնդման որոշ ձևերի, որոնք վտանք են ներկայացնում նրանց կյանքի համար:

 

 

Բացի այդ, Ստամբուլի կոնվենցիան չի միջամտում ծնողների՝ իրենց երեխաներին դաստիարակելու իրավունքին, պարզապես խրախուսում է պետություններին դպրոցական ուսումնական ծրագրերում ներառել ընտանեկան բռնության դեմ պայքարի դասավանդման նյութեր, միևնույն ժամանակ, թողնելով նրանց  հայեցողությանը որոշելու, թե ինչպես անել։

 

 

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ մասնագետների զեկուցումները  կհանգեցնեն գաղտնիության խախտման, հանձնաժողովը նշում է, որ Ստամբուլի կոնվենցիան չի ենթադրում մասնագիտական գաղտնիությունը: Կոնվենցիան չի նախատեսում պարտադիր զեկուցում:

 

 

Վենետիկի հանձնաժողովը հույս ունի, որ այս իրավական վերլուծությունը կարող է օգնել Հայաստանի Սահմանադրական դատարանին՝  իր առջև դրված խնդրի, այն է Ստամբուլի կոնվենցիայի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելիս և աջակցել Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ հանրային քննարկմանը։

 

 

«Կոնվենցիայի  սահմնադրականության գնահատումը, ի վերջո, ՀՀ Սահմանադրական դատարանի խնդիրն է»

 

Վենետիկի հանձնաժողովի նիստում Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացման մասին խոսել է  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա հիշեցրել է, որ Խորվաթիայի արտգործնախարար, ապա նաև  փոխվարչապետ եղած ժամանակ ձգտել է ապահովել, որ իր երկրի խորհրդարանը վավերացնի Կոնվենցիան:

 

 

«Հայաստանում գործընթացը դեռևս չի ավարտվել, և պայմանագրի սահմնադրականության գնահատումը, ի վերջո, Սահմանադրական դատարանի խնդիրն է: Այնպես որ, ես չեմ ուզում առանձնահատուկ մեկնաբանություններ անել Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ փորձից ես  գիտեմ, թե ինչքան կարևոր են այս թեմայի վերաբերյալ անաչառ իրավական պատկերացումները»,-ասել է նա՝  վստահություն հայտնելով, որ Վենետիկի հանձնաժողովն իմաստուն որոշում է կայացրել։

 

 

Մարիա Բուրիչն ասել է, որ անդամակցող երկրների թվի ավելացմնաը զուգահեռ աճել է նաև կառույցի հեղինակությունը, մանրամասնելով, որ ավելի քան 30 տարվա ընթացքում հանձնաժողովին անդամակցող երկրների թիվը  18-ից  հասավ 62-ի ՝ ընդգրկելով Եվրախորհրդի բոլոր 47 անդամ պետությունները և 15-ը ՝ ամբողջ աշխարհից։

 

 

ԵԽ գլխավոր քարտուղարը նաև  նշել է, որ Խորվաթիայում իր պաշտոնավարման տարիներին արվել է վերլուծություն՝  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո ստանձնելիք պարտավորությունների վերաբերյալ, ինչը  ազգային քննարկումներում  ավելի շատ հանգստություն և պատճառաբանվածություն մտցնելու համար էր։

 

 

«Ի վերջո, դա մեզ օգնեց ապահովել, որ մեր խորհրդարանն ընդունի օրինագիծը: Եվ դա իսկապես կարևոր էր:  Ստամբուլյան կոնվենցիան համընդհանուր մոտեցում է ցուցաբերում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում: Այն պահանջում է, որ պետությունները միջոցներ ձեռնարկեն հանցագործության կանխարգելման, զոհերի պաշտպանության և մեղավորների հետապնդման համար: 

 

 

Պարզ է, որ բռնությունը պետք է հասկանալ ոչ թե որպես մասնավոր դեպք, այլ որպես հանցավոր վարք, և իշխանությունները պետք է ապահովեն անպատժելիության բացակայությունը»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարն ու հավելել, որ այնտեղ, որտեղ երկրները վավերացրել և կիրարկել են պայմանագիրը, դրա ազդեցության մասին հասարակության վախերը վերացել են, մինչդեռ զոհերն ու հավանական զոհերը, հիմնականում կանայք, ավելի լավ են պաշտպանվել:

 

 

 

Բուրիչը նշել է, որ  ԵԽ բոլոր կոնվենցիաների, այդ թվում նաև Ստամբուլյան կոնվենցիայի հիմքերը պետք է փնտրել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և Եվրոպական սոցիալական խարտիայում, իսկ Եվրախորհուրդը միշտ պատրաստ է եղել նոր կոնվենցիաներ, գործողությունների ծրագրեր և ռազմավարություններ ձեռնարկել։

 

 

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը՝ պաշտոնապես   Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը,   Եվրոպայի  խորհրդի  խորհրդատվական մարմին է, որը կազմված է սահմանադրական  իրավունքի  ոլորտում անկախ փորձագետներից: Քանի որ հանձնաժողովի լիագումար նիստերը տեղի են ունենում  Վենետիկում (Իտալիա ),  այն հաճախ անվանում են Վենետիկի հանձնաժողով:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ստամբուլի կոնվենցիա.  ՀՀ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով

Ի՞նչ պատասխան է տվել Վենետիկի հանձնաժողովը Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային

ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են  Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին

Կառավարությունը հավանություն տվեց Ստամբուլի  կոնվենցիային, բայց որոշ վերապահումներով

ԵԽԽՎ-ում  քննարկվեց Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիան  

ԵԽԽՎ. «Բռնություն չպետք է լինի ո´չ իմ տանը, ո´չ իմ քաղաքում, ո´չ իմ գրասենյակում, ո´չ իմ համալսարանում…»

 

Դիտումների քանակը` 1219

Գլխավոր էջ