Չնայած կանխատեսումներին կանայք  Իսլանդիայի խորհրդարանում մեծամասնություն չդարձան

Թեև երեկ միջազգային լրատվամիջոցները՝ հենվելով  Իսլանդիայում տեղի ունեցած  ընտրությունների նախնական  արդյունքների վրա , հայտնեցին, որ կանայք երկրի խորհրդարանում առաջին անգամ մեծամասնություն կկազմեն, այսօր  այդ լուրը հերքվեց ընտրությունների վերահաշվարկի արդյունքում: Նախօրոք հայտարարված 52%-ի փոխարեն կանայք 47,6% ներկայացվածություն կունենան Իսլանդիայի Ալտիգում:

 

 

 

Ընտրություններում հաղթեց իշխող կոալիցիան վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի գլխավորությամբ (լուսանկարում): Նրա վարկանիշն երկրում շատ բարձր է, իր վարչապետության չորս տարիների ընթացքում նա բարեփոխեց հարկային համակարգը, ավելացրեց սոցիալական բնակարանաշինությանը հատկացվող  բյուջեն,  երկարացրեց ծնողական արձակուրդը: Բացի այդ, Իսլանդիան հաղթահարեց կորոնավիրուսային ճգնաժամը առանց մեծ կորուստների. 370,000 բնակչություն ունեցող երկրում COVID-19 հետևանքով 33 մարդ մահացավ:  

 

 

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ կանայք Իսլանդիայի խորհրդարանի 63 տեղից  զբաղեցրել էին 33-ը, ինչը կազմում էր պատգամավորների ընդհանուր թվի 52%-ը: Սակայն հետագայում՝ վերահաշվարկի արդյունքում  հայտնի դարձավ, որ կանանց բաժին է ընկել  ընդամենը 30 տեղ (47,6%), այսինքն չնայած կանխատեսումներին  Իսլանդիան չդարձավ կանանց մեծամասնությամբ խորհրդարանով առաջին երկիրը Եվրոպայում:

 

 

Դրա հետ մեկտեղ  Իսլանդիան վաղուց համարվում է գենդերային հավասարության առաջատար երկիր  և 12-րդ տարին անընդմեջ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում ճանաչվում  է որպես աշխարհի ամենահավասար իրավունքներnվ և հնարավորություններով  երկիր,  որը 89,2%-ով հաղթահարել է գենդերային անհավասարակշռությունը:  Իսլանդիան չունի խորհրդարանում կանանց ներկայացվածության քվոտա, սակայն որոշ կուսակցություններ կամավորության սկզբունքով  գործող պահանջ ունեն,  որ իրենց թեկնածուների որոշակի թիվը կանայք լինեն: Կանանց ու տղամարդկանց  հավասար վարձատրության մասին առաջին օրենքն Իսլանդիայում  ընդունվեց  դեռ 1961 թվականին: 1980 թվականին Իսլանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը կին նախագահ ընտրեց: Նաև Իսլանդիայում նույն տևողությամբ  վճարովի  ծնողական արձակուրդ է տրամադրվում  և՛ կանանց, և՛  տղամարդկանց:

 

 

Միջխորհրդարանական միության տվյալների համաձայն ՝ եվրոպական երկրներից ոչ մեկը  չի հաղթահարել խորհրդարանում կանանց ներկայացվածության 50%-ի շեմը, այս ցուցանիշին ամենամոտն են Շվեդիան (47%) և Ֆինլանդիան (46%): 

 

 

 

Աշխարհի միայն երեք երկրներում ՝ Ռուանդայում, Կուբայում և Նիկարագուայում, ավելի շատ կանայք են խորհրդարանում, քան տղամարդիկ, իսկ Մեքսիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում ՝ 50/50 համամսնությամբ են ներկայացված խորհրդարանում:

 

 

Դիտումների քանակը` 782

Գլխավոր էջ