Իրինա Հարությունյան. «Որպես բնակիչ դու կարող ես բողոքել, բայց որպես ավագանի պարտավոր ես կատարել»
Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Իրինա Հարությունյանը: Ասում է, որ նախընտրելի է կին քաղաքապետ ունենալ, որովհետև կինն ավելի շատ է բախվում ե՜ւ տրանսպորտի ե՜ւ աղբի գոյության ե՜ւ մանկապարտեզների և ոչ հարմարավետ փողոցների խնդիրների հետ, ուստի լուծումներն էլ ավելի լավ կպատկերացնի:
Ծնվել է 1967 թվականին Երևանում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն և հոգեբանություն բաժինը: Ունի մանկավարժական աշխատանքային 4 տարվա փորձ, որից հետո զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
-Որպես Երևանի բնակիչ և առաջադրված ավագանու անդամ ի՞նչ խնդիրներ եք տեսնում մայրաքաղաքում:
– Ոչ միայն այս, նաև ավագանու նախորդ ընտրություններին եմ «Երկիր Ծիրանի» կուսակցությունով առաջադրված եղել: Պարտադիր չէ, լինել ավագանու կազմում, որպեսզի զբաղվես Երևան քաղաքի խնդիրներով, ցանկացած բնակիչ պարտավոր է տեսնել իր քաղաքում կատարվող բոլոր երևույթները՝ թե՜ լավ, թե՜ վատ, և պարտադիր միջամտել, իր մասնակցությունը բերել այդ խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուրս սիրում ենք մեր Երևանը և անմասն չենք կարող մնալ Երևանում կատարվող իրադարձություններից: Սակայն, տարբերությունն այն է, որ որպես ավագանի, դու արդեն լիազորություն ես ստանում ինչ-որ հարցեր բարձրացնել ու կարգավորել: Որպես բնակիչ դու կարող ես բողոքել, ձայնդ բարձրացնել, բայց, որպես ավագանի պարտավոր ես կատարել, այն ինչ-որ ասում ես, կյանքի կոչել ասածդ: Դա առավելություն է, և դա է պատճառը որ ես դրել եմ իմ թեկնածությունը: Իսկ խնդիրները շատ են՝ աղբահանություն, որը հրատապ լուծման կարիք ունի, առաջնային խնդիրներից են պատմամշակութային արժեքների պահպանումը, դրանց վերականգնումը, վերանորոգումը: Սոցիալական խնդիրներ, ոորնք քաղաքապետարանի ենթակայությամբ են ՝ նպաստներ, բուժօգնությունն անօթևանների և այլն…
– Երևանի զարգացման, կենտրոնի բեռնաթափման, կանաչ տարածքներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Անընդհատ խոսում ենք, որ կենտրոնը պետք է բեռնաթափել, բայց կրկին ականատես ենք լինում հենց կենտրոնում նոր բարձրահարկերի կառուցմանը: Տեսնում ես արդեն տարածքը փորված է, և շենքի հիմքը գցված է: Դրա միակ լուծումը կլինի նոր կառուցապատումներից հրաժարվելը: Այնպես չէ, որ եղածը կարող ենք քանդել, բայց կառոցապատումը պետք է իրականացնել կենտրոնից դուրս, որպեսզի մայրաքաղաքը համաչափ զարգանա: Ծայրամասերը, ավանները պետք է զարգացնել, ազատ, տափաստանային տարածքներն այգիների վերածել: Կենտրոնից դուրս և՛ ճանապարհներն են վատ վիճակում, և՛ հողատարածքները՝ անխնամ, բուսականությունից զուրկ:
– Երևանցիները տարին մի քանի անգամ միևնույն փողոցի ասֆալտապատմանն են ականատես լինում, մինչդեռ հաճախ ենք լսում, որ քաղաքը տարրական հարմարություններ չունի տեղաշարժվելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար, դուք ինչպիսի՞ խնդիրներ, բացթողումներ եք նկատում, որոնք վրիպում են քաղաքային իշխանությունների աչքից
-Ամենացավոտը տրանսպորտի խնդիրն է, ես էլ երթևեկում եմ հասարակական տրանսպորտով և ոչ միայն ֆիզիկապես է դժվար օգտվել այդ միկրոավտոբուսներից, ավտոբուսներից, այլև՝ հոգեբանորեն: Միկրոավտոբուսները պետք է վերացնել: Բացի այն, որ նրանք անվտանգ չեն, նաև հարմարավետ էլ չեն, նստատեղերը պոկված, կեղտոտ: Պետք է տրանսպորտի այդ տեսակը վերացվի և ստեղծվի տոմսի մեկ միասնական համակարգով երթուղային ցանց, որը կսպասարկեն ավտոբուսները: Մայրքաղաքում թեքահարթակները պետք է ավելացնել, տրանսպորտը պետք է հարմարեցված լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին: Մայթերի խնդիրը նույնպես պետք է լուծվի, դրանք շատ վայրերում «բռնազավթված» են և մարդիկ ստիպված են լինում որոշ հատվածներ ուղղակի փողոցի երթևեկելի մասով քայլել:
– Նոր ավագանու համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում նոր կառավարության հետ: Եվ առհասարակ ինչո՞վ է նոր ավագանին տարբերվելու նախորդից:
– Կառավարության հետ կարող ենք արդյունավետ աշխատել, որովհետև համակարծիք ենք և գրեթե նույն ծրագրերն ունենք: Կառավարությունը չնայած նոր է, սակայն լավատեղյակ է մեր քաղաքի հիմնախնդիրներին: Ժամանակին միասին ենք պայքարել ապօրինությունների դեմ և կարծում եմ համագործակցությունը շատ լավ կլինի: Դեռ հայտնի չէ, թե ձայների տոկոսային հարաբերություններն այս նոր ավագանիում ինչպիսին կլինեն, բայց նախորդ ավագանիում, ինչպես գիտենք, ձայների գերակշիռ մասը Հանրապետական կուսակցությանն էր պատկանում, և, բնականաբար, ցանկացած ծրագիր, նախագիծ, առաջարկ, եթե չէին ուզում, չէր անցնում: Եվ՝ հակառակը: Ես շատ կուզեմ լինի ձայների հավասար բաշխում, որպեսզի յուրաքանչյուր խմբակցություն կարողանա իր առաջարկներն անի: Կարծում եմ այս ավագանիում ավելի համերաշխ մթնոլորտում կլինի աշխատանքը:
– Թեև կին ընտրողները մեծամասնություն են հասարակության մեջ, սակայն նրանք ավելի թերահավատ են կին թեկնածուների նկատմամբ: Ինչպե՞ս եք ձեր ընտրողներին համոզելու, որ կարող եք լուծել Երևանի հասարակական տրոնսպորտի հարցը, ազատվելու «գծատերերի» մոդելից, պատշաճ աղբահանություն կազմակերպելու, իրենց դարն ապրած վերելակները նորերով փոխարինելու և այլն:
-Այնպես չէ, որ կանանց չեն վստահում, հակառակը տեսնում եմ, որ շատ կանայք են սկսել ակտիվանալ: Համոզելու խնդիր չեմ տեսնում, որովհետև կին ընտրողները տեսնում են, որ այսօր պայքարող ճակատում հիմնականում կանայք են: Ինչու՞, որովհետև հոգսի մեծ բեռը կանանց ուսերին է: Այսինքն՝ քաղաքի ցանկացած խնդրի հետ կանայք ավելի շատ են բախվում քան՝ տղամարդիկ: Խոսքը և՛ տրանսպորտի, և՛ աղբի գոյության, և՛ մանկապարտեզների, և՛ ոչ հարմարավետ փողոցների մասին է … Անձամբ ես կընտրեմ կին թեկնածու, որովհետև կինը նույն հոգածությամբ կհոգա քաղաքի հոգսերը ինչպես դա անում է ընտանիքում ՝ տնտեսելով իր ընտանիքի բյուջեն, մաքրությունն ապահովելով ու ընտանիքի բոլոր անդամների սնունդն ու խնամքը կազմակերպելով…
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 1943