Իրինա Ղափլանյան. «Ինձ համար գլխավորը երազանքի իրագործումն է»
Իրինա Ղափլանյանն այն կանանցից է, ովքեր անհաջողությանը չեն հավատում եւ դրանով իսկ այն վանում են: Այսպես նրան դաստիարակել են մանկուց. մայրը միշտ ասել է` կանանց համար չկա անհնարին ոչինչ, պետք է ուղղակի շատ աշխատել ու առավել նպատակասլաց լինել: Այսպիսի ուղենշով Իրինան ապրում է մինչ օրս` երբևէ թույլ չտալով թերագնահատել իրեն…
Իրինան սեփական փորձով է համոզվել` եթե կինը ցանկանում է հաջողության հասնել Հայաստանում, ստիպված է կրկնակի շատ աշխատել և բազմապատիկ լավ կրթվել, քանի որ կինը, որշակի մշակութային-կարծրատիպային պատճառներով` չի ընկալվում որպես լիիրավ մասնագետ կամ անձ:
Աշխատասիրությունն ու նպատակասլացությունն Իրինային հասցրեցին Լոնդոն, որտեղ ապրեց ու սովորեց, քաղաքագետ-միջազգայնագետի կրթություն ստացավ, այսօր էլ զբաղված է հետխորհրդային Հայաստանի քաղաքական զարգացումների վերաբերյալ գրքի հրատարակման աշխատանքներով: Բայց դա միակ բնագավառը չէ, որտեղ նա հաջողության է հասել: Ուսման ընթացքում նաև բազմաթիվ հմտություններ ձեռք բերեց: Բազմամշակութային քաղաքը Իրինային սովորեցրեց լսել ուրիշներին և խոսել ուրիշների հետ: Հենց այս հմտությունն էլ հետագայում օգնեց նրան SEMINA խորհրդատվական ընկերությունում աշխատանքի անցնելու գործում:
Արտասահմանում կրթություն ստանալուց հետո Իրինան վերադարձավ Հայաստան: Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ նախաձեռնություններում ընդգրկվեց` սկսած քաղաքացիական հասարակությունից, մինչև կրթական և բիզնես միջավայր: Մասնավոր սեկտոր մուտք գործեց միտումնավոր` ուզում էր ներսից հասկանալ ոլորտի բացերն ու առաջընթացի հիմնական խոչընդոտները: Դրանից առաջ, որպես քաղաքագետ, իհարկե, որոշակի պատկերացումներ ուներ հայաստանյան իրողությունների վերաբերյալ, բայց տեսական գիտելիքներն ու պատկերացումներն այլևս չէին բավարարում երիտասարդ կնոջը: Ժամանակն էր գործնականում հասկանալ` ինչ է կատարվում հայրենիքում:
«Մասնավոր սեկտորում իմ գործունեության առաջին փորձը The Green Bean սրճարանն էր, որն արդեն 15 տարեկան է: Ըստ էության, մենք ցանկանում էինք փոխել Երևանի սրճարանային մշակույթը և այլընտրանքային ժամանցի վայր առաջարկել, որտեղ ոչ միայն առողջ սնունդ են մատուցում` հիմնականում օրգանիկ մթերքներից, այլև առողջ միջավայր. Մեզ մոտ արգելվում է ծխելը և մատուցվում է սուրճ , որը պատրաստվում էեն որակապես շատ լավ, օրգանական հումքից: Կարելի է ասել, որ The Green Bean-ի Երևանում նման կոնցեպտով աշխատող առաջին սրճարանն էր»,- ասում է նա:
Իրինան այսօր էլ շարունակում է որոշակիորեն ներգրավված լինել մասնավոր սեկտորում, սակայն նախընտրում է կենտրոնանալ կրթական, խորհրդատվական գործունեության վրա: Դասավանդում է Ամերիկյան համալսարանում և աշխատում գրքի վրա, որն այս տարի լույս կտեսնի Անգլիայում: Բացի այդ, զբաղված է սեփական բրենդի զարգացման ու առաջխաղացման գործով:
«Զաբելը» գինու անվանումն է, որի ստեղծման համար հումքը գնում են Վայոց ձորից և Արցախից: Արտադրությունը մեծածավալ չէ, Իրինան նախընտրում է, որպեսզի այն մնա բուտիկային արտադրության ձևաչափում:
««Զաբելի» ստեղծման գաղափարը ծագեց շատ տարիներ առաջ: Միշտ եմ սիրել գինի, ծնողներս նաև բավականին լավ մառան ունեն և տարբեր երկներ ճանապարհորդելիս, միշտ փնտրել եմ, համտեսել եմ և այնոհետև գնել եմ տեղական գինին, հավաքելով մի փոքր անձնական մառան: Լոնդոնում ուսանելու տարիներին աշխատում էի որպես մատուցող` տարբեր ռեստորաններում, որտեղ բախտ վիճակվեց տարբեր տեսակի գինիներ համտեսել, և հենց այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի գինիների աշխարհը: Սկսեցի մասնագիտական դասընթացների գնալ` կապված գինու ստեղծման և արտադրության հետ: Նոր գիտելիքներն ու ռոմանտիկ տարիքս նպաստեցին սեփական լեյբլ ունենալու մասին երազանքիս: Այսպես ծնվեց «Զաբելի» ստեղծման գաղափարը»,- պատմում է Իրինան: Բռենդի աննուն էլ միանգամայն արագ ծագեց, քանի որ ես միշտ շատ եմ սիրել Զաբել Եսայանին և նա իմ անձնական կյանքի և ուղղու ոգեշնչողն էր, և մի կանացի կերպար, որին ես միշտ հարգել և սիրել եմ: Ի դեպ այժմ նաև մի փոքր հետազոտություն եմ անում Եսայանի կյանքի վերջին տարիների մասին, որոնք նա անց կացրեց Խորհրդային Հայաստանում»,- պատմում է Իրինան:
«Զաբելն» արտադրվում է բավականին փոքր քանակով, արտադրությունը շատ մեծացնելու մասին Իրինան չի մտածում: Այս հարցում իր համար գլխավորը ոչ թե ֆինանսական եկամուտ ստանալն է, այլ երազանքի իրագործումը: Այդ պատճառով էլ Իրինա Ղափլանյանն ուզում է, որ «Զաբելը» մնա որպես բուտիկային նախագիծ.
«Գինին սկսում է արևից, հողից ու խաղողից: «Զաբելը» սովորական արտադրություն չէ. Այն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Թերևս այդ պատճառով էլ չեմ ցանկանում այն առավել մասսայական դարձնել»,- բացատրում է նա:
Կանանց համար Ի. Ղափլանյանը մեկ խորհուրդ ունի` կրթվել, շատ ու անընդհատ: Դառնալ այնպիսի մասնագետ, որի հետ հաշվի չնստել չեն կարող: Դառնալ այնպիսին, ում թերագնահատելն այլևս անհնար կլինի:
«Կանայք անչափ մեծ ավանդ ունեն Հայաստանի կայացման գործում, սակայն, երբ հերթը հասնում է նրանց հաջողությունների մասին բարձրաձայնելուն, չգիտես ինչու, դա արվում է ինչ-որ նեղ, խիստ որոշակի միջավայրում: Մինչդեռ ես կուզենայի, որ կանանց հաջողությունների մասին խոսվեր ավելի լայն հարթակներում` դրանք առավել լսելի և քննարկելի դարձնելու համար»,- ասում է Իրինան:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 4701