Ինքնաբացարկներ. Կին թեկնածուներից երկուսը հրաժարվեցին պայքարից
Սեպտեմբերի 19-ին ժամը 18։00-ին լրացավ այն ժամկետը, երբ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ թե՛ հերթական, թե՛ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ ընդհանուր առմամբ ինքնաբացարկ է հայտնել ավագանու անդամի չորս թեկնածու, նրանցից երկուսը կանայք են։ Հետագա պայքարից հրաժարված երեք թեկնածուները Արարատի մարզի Արևաբույր համայնքից են՝ Խաչատուր Խաչատրյանը, Ղազարյան Հազարավարդը (Հ. Թադևոսյանի անվան դպրոցի ուսուցչուհի), Աղունիկ Մարգարյանը (Մասիս բժշկական կենտրոնի բուժքույր):
Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնած երկու կանայք էլ անկուսակցական են ու ինքնաառաջադրված։ Ավելի վաղ՝ մինչ գրանցումը փաստաթղթերը հետ էին վերցրել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած Մանե Աբրահամյանն ու Լեյլի Մարտիրոսյանը։
Արդյունքում, ըստ ԿԸՀ տրամադրած տվյալների, 7 համայնքում կայանալիք ավագանու անդամի հերթական ու արտահերթ ընտրություններին ինքնաբացարկից հետո կմասնակցի 99 թեկնածու, որից 12-ը կանայք են։ Նրանցից 7-ը պայքարում է Արտաշատում, 3-ը՝ Սարիգյուղում, 2-ը՝ Չկալովում։
Համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվելու 13 համայնքում, առաջադրված 42, գրանցված 41, իսկ ինքնաբացարկից հետո պայքարը շարունակող 36 թեկնածուների թվում որևէ կին չկա։
Տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրել նախապատրաստվող համայնքներում նախընտրական քարոզչությունը կավարտվի սեպտեմբերի 27-ին, քվեարկությունը սեպտեմբերի 29-ին է։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 914