Սյունե, Աննա, Ասյա. անկախ Հայաստանի անկախ աղջիկները

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 25 տարեկան է: Անկախության քառորդ դարի ընթացքում Հայաստանում ծնվել եւ մեծացել է մի սերունդ, որը կտրուկ տարբերվում է իրեն նախորդած սերունդներից: Սա անկախության սերունդն է, որը սովորել է ինքնուրույն հարթել իր ճանապարհը, սովորել է երազել, պայքարել ու հաղթել: Անկախության սերունդը ազատ է  ու  կենսուրախ ՝ լի սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ եւ ապագայի նկատմամբ հավատով: WomenNet.am-ը ներկայացնում է անկախ Հայաստանի անկախ աղջիկներին, ովքեր պատմում են իրենց արածի, անելիքների եւ երազանքների մասին՝ անդրադառնալով նաեւ կյանքում հանդիպած «չի կարելի»-ներին եւ դրանք հաղթահարելու  իրենց  փորձին:

 

 

 

Սյունե Սեւադա.  

«Ազատությունը ստիպում է հավաք ու աչալուրջ լինել, հետևողական ու աշխատասեր դառնալ»

 

21-ամյա Սյունե Սեւադան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է: Դեռ բակալավրում սովորելու տարիներին Սյունեն հասցրել է հանրությանը ճանաչելի դառնալ որպես գրող, լրագրող եւ բլոգեր: Նրա հրապարակումները մշտապես լայն արձագանք են ստանում սոցիալական ցանցերում եւ հետաքրքիր քննարկումների առիթ դառնում:

 

 

«Եթե ներկայանալու կարիք կա, ինձ համար կարևոր է՝ որտեղ եմ ներկայանում։ Եթե դա մեդիադաշտ է, կնշեմ, որ լրագրող եմ, եթե արվեստի դաշտ է, կասեմ, որ գրում եմ, եթե խոհարարներ են դիմացս, կնշեմ, որ համեղ լազանյա եմ պատրաստում։

 

Իմ ինքնության բաղադրիչն իմ ձեռագիրն է, հայկական տարրեր պարունակող գրելաոճը, մտքերը, զգացողությունները։ Ես ինձ դրա շուրջն եմ կառուցում։ Երկար ժամանակ է՝ «ով եմ ես» հարցը ինձ չեմ տվել, որովհետև ճանաչում եմ ինձ՝ չնայած անընդհատ փոխվում ու մեծանում եմ։
Հայաստանի անկախությունն ինձնից մի քանի տարով է մեծ, ու շատ լավ լեզու ենք գտնում իրար հետ։ Միանշանակ ինձ անկախ եմ զգում, և դա կախված չէ կառավարության սխալ որոշումներից, էլեկտրաէներգիայի սակագնից ու մնացյալ գործոններից։ Ազատությունը ներքին վիճակ է, քեզ մնում է գտնել այն քո մեջ ու փորձել չկորցնել։

 

Անկախության իմ բնորոշումը մեկն է. պատասխանատու լինել ամեն քայլիդ համար։ Ազատությունը ստիպում է հավաք ու աչալուրջ լինել, հետևողական ու աշխատասեր դառնալ, թե չէ ինքդ քեզ կմոխրացնես ու դրա մեղավորը միայն դու կլինես։ Եթե ազատ ես, օրինակ, կարող ես քեզ թույլ տալ ինքնակրթվել ու զարգանալ այնքան, որքան կուզես, ոչ մեկ թռիչքդ չի սահմանափակի։ Սա, կարծում եմ, ազատության լավագույն նվերն է մեզ, որը հնարավորինս լավ ու շատ է պետք օգտագործել։

 

Ես շատ երջանիկ եմ, որ ունեմ հրաշալի ծնողներ, հայրս ու մայրս երբեք ինձ չեն կանգնեցրել «չի կարելի»-ների շարքի ետևում։ Փոքրուց ինձ սովորեցրել են մտածել ու հասկանալ՝ ինչ կտա այս կամ այն քայլը, որն է նման բան անելու պատճառն ու հետևանքը։ Անգամ եթե «չի կարելի»-ներ եղել են, միշտ ամփոփ պատասխան եմ ստացել իմ «ինչու» հարցին։ Բայց չեմ հիշում նման դեպք, երբ ինձ կատեգորիկ որևէ բան արգելեն։

 

 

Տարբերակված մոտեցում տղաների ու աղջիկների նկատմամբ, իհարկե, նկատել եմ, բոլորս ենք նկատում։ Տարրական հարցերից մինչև ավելի լուրջ թեմաներում կա այդ խնդիրը։ Երբեք ագրեսիվ վարք չեմ ցուցաբերում, ձեռքերով չեմ թափահարում ու չեմ բղավում իմ իրավունքների մասին։ Ժպիտով ու սիրով ցույց եմ տալիս ու հասկացնում եմ, որ մենք հավասար ենք, անգամ եթե նա այս մի բանը լավ գիտի, այ մյուսն էլ ես գիտեմ, պետք է գիտելիքը միացնել իրար ու թիմով աշխատել, միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել։ Կին-տղամարդ հարաբերություններն ինձ համար թիմային են, մեկը մյուսի հենարանն է, օգնականն ու խորհրդատուն։

 

Անթաքույց երազում եմ ի վերջո որակյալ ու պիտանի գրող լինել։ Դրանից բացի նաև աշխատել հանրային կապերի ասպարեզում. սա ավելի մասնագիտական երազանք է, մինչդեռ գրող լինելը կյանքի գործ եմ համարում։ Դե, իհարկե նաև անձնական երազանքներ կան՝ սպիտակ ձիով ասպետի, առողջ ու հետաքրքիր մարդ լինելու և մնացյալի մասին։ Ճանապարհը մեկն է՝ աշխատանք, ինքնազարգացում, հաճույք։ Պետք է միայն ընտրել քեզ հարմար երազանքն ու գործի անցնել։ Ես հավատում եմ, որ ամեն բանի էլ հնարավոր է հասնել, միայն թե նպատակդ ճիշտ թիրախավորես, չդադարես երազանքիդ սիրահարված լինել ու ամեն քայլդ հաճույքով ու թեթևությամբ քայլես»։

 

 

 

Աննա Սմբատյան.

«։ Ես այն եմ, ինչին ձգտում եմ հասնել»

 

 

20-ամյա Աննա Սմբատյանը նկարիչ-ձեւավորող է: Ավարտել է Գեղարվեստի դպրոցը եւ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ներկայումս աշխատում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում որպես տեխնոլոգ: Զբաղվում է ֆիթնեսով:

 

«Առհասարակ աշխատում եմ ինքս իմ մասին քիչ խոսել, այդ «առաքելությունը» թողնում եմ իմ աշխատանքներին , բայց ամեն դեպքում, իմ գործը, արվեստը և կյանքը ես ներկայացնում եմ, որպես ազատ ստեղծագործողի գործունեություն, և ոչ միայն ներկայացնում, այլ ապրում դրա մեջ։ ֊Կարևոր է մարդու ինքնությունը, մարդը պետք է գնահատի իր ինդիվիդուալ լինելը, ինձ համար առաջնայինը սա է, իսկ բաղադրիչները կարող են լրացնել կամ խանգարել։

 

«Ո՞վ եմ ես», հարց, որը միշտ եմ ինձ ուղղում, կյանքը փոփոխվելով ստիպում է, որ դու նույն հարցերը քեզ նորից տաս, կարևոր է, որ պատասխաները դրական պրոգրեսս ունենան։ Ես այն եմ, ինչին ձգտում եմ հասնել։ ֊Եթե իմ անկախությունը կապեմ երկրիս հետ, ապա կասեմ, անկախ եմ այնքանով, որքանով պետությունս, ներկայիս իրավիճակը տեսնելով, պարզ է, որ տվյալ բառը չի համապատասխանում իրականությանը, սակայն ես ինձ անկախ զգում եմ, դրան կան բազմաթիվ պատճառներ։  Իմ անկախությունը ինչպես նաև ազատությունը հետևյալն է՝ չանել այն, ինչ չեմ ուզում։

 

 

Իմ  կյանքում «չի կարելի»-ներ պարզ է՝ եղել են, բայց ի օգուտ ինձ, եղել են տեղին, նուրբ, դրա համար էլ հաղթահարելու խնդիր կարծես թե չեղավ։ Շատ եմ տեսնում պարզ հասարակ հարցերում խուճապի մատնվող ու կաշկանդվող աղջիկների, դա գալիս է հենց այդ անիմաստ «չի կարելի»-ներից։ Ես եղել եմ իրավիճակում, երբ իմ ու իմ սերնդակից տղաների միջեւ տարբերակված վերաբերմունք են դրսեւորել:

 

Փոքր տարիքից սպորտի սիրահար եմ եղել, և բազմաթիվ ճիգեր գործադրեցի տղաների ֆուտբոլային թիմում խաղալու համար, քանի որ ֆուտբոլ նախընտրող աղջիկներ դպրոցում գրեթե չկային։ Այժմ զբաղվում եմ ֆիթնեսով, սակայն նման վերաբերմունք չկա, լինելու դեպքում էլ, ոչ թե տղաներն են, այլ «մերոնցից են»։ ֊Նպատակներիս մի մասը իրագործվել է, մի մասը ընթացքի մեջ է, այժմ ցանկանում եմ ավելի ամրանալ աշխատանքիս մեջ, չեմ ուզում ասել երազանք, բայց նպատակներ կան, սպորտային արդյունքներս էլ ավելի բարելավելու, ինչպես նաև անհատական ևս մեկ ցուցահանդես ունենալու»։

 

 

 

Ասյա Խաչատրյան.

 « Լույս տվեք իրար, մարդիկ»:

 

 

18-ամյա Ասյա Խաչատրյանը ռեժիսուրա է սովորում Մշակույթի պետական քոլեջում, ապագա թատերական ռեժիսոր է: Նա սուդրո թարգմանություներ է անում (խուլ ու համրերի ժեստերի լեզվի: Ասյայի ծնողները համր են, աղջիկը դեռ վաղ տարիքից սովորել է նրանց հետ հաղորդակցվել ժեստերի լեզվով, հետագայում սկսել է աշխատել որպես թարգմանիչ:

 

«Առհասարակ ինձ դուր է գալիս,որ մարդիկ ինձ ճանաչեն իրենց ձևով: Ես մեկն եմ, չեմ փոփոխվում, բայց անչափ հետաքրքիր է, երբ քեզ նայում են հարյուրավոր աչքեր ու էդ աչքերում ոչ մի բան չի կրկնվում, որովհետև իրենցից յուրաքանչյուրը քեզ ընկալել է յուրովի:

 

Իմ ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն ինքնուրույնությունն ա, որը փոքրուց ունեցել եմ: Ես քամի եմ, ոնց որ մնացածս, կանք ու չկանք, ազատ ենք քամու պես ու պետք չի իզուր բանտարկել ինքներս մեզ ինչ-որ քառակուսի խուցերում, որովհետև ամենաազատ ու մաքուր օդն էլ, երբ փակես նկուղում, ժամանակի ընթացքում կդառնա դժվար շնչելի, ծանր օդ: Չեմ կարող լիարժեք պատասխանել, «ով եմ ես» հարցին, որովհետև գիտակցությունս ու ենթագիտակցությունս իրար հետ հաշտ չեն: Հենց նրանք մի գծով գնացին, հարցի պատասխանը լիարժեք կունենամ:  Անկախությունը սկսվում է քեզանից ու էն քառակուսիկից, որի մասին արդեն  ասացի : Եթե դու ազատ ես, անկախ ու արժանապատիվ, դու ցանկացած տեղում կհասնես քեզ անհրաժեշտ արդյունքին: Ցանկացած ժողովուրդ արժանի է նրան, ինչ ինքն ունի: Ես հավատում եմ, որ մենք ավելիի ենք արժանի:

 

Իմ անկախությունն իմ քառակուսին է: Նրա սահմանները ավարտվում են, հենց սկսում է ուրիշի քառակուսու սահմանը: Իսկ դրա ներսում ամեն ինչի լիիրավ տերն ու տիրակալը ես եմ:

 

Ինձ էլ մանկուց փաթատել են «չի կարելի»-ների մեջ, ես չեմ համակերպվել, չեմ հնազանդվել, իսկ իրենք` ջղայնացել են: Դպրոցում էլ էր նույն կերպ, անմիջական էի, շփվող, մարդամոտ ու էդ ամեն ինչը մարդիկ սխալ էին ընկալում, մինչև հիմա էլ սխալ են ընկալում: Ես գիտեմ, մեր մենթալիտետը էդքան խիստ չի, համենայն դեպս, էնքան խիստ, ինչքան մեզ թվում է: Մեր մենթալիտետում կա կարևոր մի օրենք, ու ամեն ինչ հենց էդ օրենքի վրա էլ հիմնված է: Գիտե՞ք ինչ օրենք է դա: Դրա հիմքը «ամեն ինչ կարելի է անել, միայն թե թաքուն» մտածողությունն է, որը ես չեմ հարգում:

 

 

Ես ուզում եմ փոքրիկ թատրոն ունենալ, դրա հետ կապված շատ լավ եմ ամեն ինչ պատկերացնում: Ուզում եմ, որ մարդիկ տեղավորվեն իրենց իսկ իրականության մեջ ու հանգիստ թողնեն ուրիշների իրականությունները: Պատրաստվում եմ ստեղծել կայք, որտեղ կլինեն նորություններ, ֆիլմեր, մուլտֆիլմեր, հանրաճանաչ մարդկանց հետաքրքիր կյանքի մանրամասներ, երգեր, գուցե նաև գրքեր թարգմանված ժեստերի լեզվով, հատուկ համր մարդկանց համար:

 

Ամենակարևոր ցանկությունս, խնդրանքս, պահանջս մարդկանց այն է, որ ընդունեն  մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրան կան: Մարդիկ, մի վախեցեք ներկայանալ հանրությանը այնպիսին, ինչպիսին կաք:  Ամեն ինչ սիրուն է, երբ անկեղծ է: Լույս տվեք իրար, մարդի’կ»:

 

 Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 3895

Գլխավոր էջ