Ինչու՞ ենք միշտ կանանց մեղադրում. մտորումներ մի տեսաուղերձի շուրջ

Օրերս Հայաստանում տեղի ունեցավ մի սոսկալի դեպք, որ չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին․ հայրը սպանել է իր 2 երեխաներին և իրեն՝ թողնելով կնոջը, թերևս, ամենասոսկալի իրավիճակում, որում երբևէ կարելի է պատկերացնել մարդուն։

 

 

Որդեկորույս մոր վիշտը, սակայն, կարծես բավարար չէ, և մեր հասարակության մի ստվար զանգված անպայմանորեն դատավորի դերն է ստանձնում՝ պարտադիր փորձելով հենց կնոջն ի վերջո մեղադրյալի աթոռին նստեցնել։ Մինչդեռ թվում է՝ ամեն ինչ պարզ է․ մարդասպանն է մեղավոր, սակայն հայրիշխանական հասարակությունն իր կանոններն ունի, և այստեղ միշտ գտնվում են մարդիկ, որ կանանց մեղադրում բոլոր դեպքերում։

 

 

Իրավիճակը հիշեցրեց նաև  Գյումրիում տեղի ունեցած դեպքը, երբ տղամարդը ծեծելով սպանել էր կնոջը, ծեծել էր նաև նրա անչափահաս դստերը, և դարձյալ, թողած իրական մեղավորին, շատերի քննադատության սայրն ուղղվել էր հենց զոհին և նույնիսկ զոհի անչափահաս դստերը․ կարծես մահը դեռ բավական չէ։

 

 

 Այս տարվա սկզբին ևս մեկ այլ դաժան սպանություն տեղի ունեցավ․ 16 ամյա աղջկա էր սպանել մի երիտասարդ։ Համացանցում դարձյալ զոհին մեղադրելու, ֆեյսբուքյան դատավորների մի ամբողջ բանակ ձևավորվեց՝ հենց զոհին մեղադրելով եղելության մեջ․ ինչ գործ ուներ երիտասարդի հետ, ինչու՞ էր մենակ, և այլ հարցեր, որոնք բոլորովին կապ չունեին դաժան եղելության հետ, և որոնք խորքում արդարացնում էին բռնությունը, սպանությունը։

 

 

Սա՝ միայն այս տարվա կտրվածքով, բայց եթե հիշենք նախորդ տարիներին եղած դեպքերը, ապա կհիշենք նաև, որ բոլոր դեպքերում կնոջը մեղադրողներ անպայմանորեն հայտնվում են։

 

 

Եվ նույնիսկ ամենաակնհայտ դեպքում, երբ թվում է՝ անհնար է կնոջը մեղադրել, այն է․ հայրը սպանել է երկու երեխաներին, դարձյալ մարդիկ կան, որ կնոջն են մեղադրում, և այս պատկերը կարելի է տեսնել՝ կարդալով օգտատերերի՝ լուրի հետ կապված  մեկնաբանությունները սոցիալական ցանցերում։

 

 

Հետևաբար,  այստեղ արդեն հարց է առաջանում․ որտեղի՞ց այս կնատյացությունը, որտեղի՞ց այս  դաժանությունը, ապրումակցման բացակայությունը։

 

 

Ընդհանրապես, զոհին, կնոջը,  մեղադրելն ընդունված  է շատ երկրների մշակույթում, և հաճախ զոհին մեղադրելու աստիճանն ուղիղ համեմատական է տվյալ երկրի զարգացմանը, տիրող բարքերին, կարծրատիպերին։   

 

 

Այստեղ չենք կարող  նաև անտեսել մեդիայի դերակատարումն առհասարակ, թեև դա առանձին ուսումնասիրության ու վերլուծության առարկա է, այդուհանդերձ, անդրադառնանք, որ այսօր համենայն դեպս հեռուստաեթերում հեռարձակվում են այնպիսի սերիալներ, գովազդներ, երաժշտական հոլովակներ, որոնց միջոցով նորմալացվում է բռնությունը, կարծրատիպերն՝ ամրապնդվում։ Այս ամենը հետագայում արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ դառնալով մեր մշակույթի մի մաս։

 

 

Այս դեպքը եզակի էր դաժանությամբ, անհավանական էր նաև այն, որ մարդիկ եղան՝ կնոջը մեղադրեցին, ու սա արձագանք ստացավ անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից։ Նկատենք, որ նախկինում որևէ ղեկավարի կին կանանց իրավունքների, սեքսիզմի ու հարակից թեմաների մասին բացեիբաց չի խոսել, և այս առումով սա նոր իրականություն է Հայաստանում։ Նախկինում նույնպես եղել են սոսկալի դեպքեր՝ թե՛ մանկասպանության, թե՛ կնասպանության, որոնք, սակայն, ֆեյսբուքյան քննարկումներից այն կողմ չեն անցել, և ընտանեկան բռնության մասին խոսելը, հասարակության  ընկալումները քննարկման դարձնելը դուրս են եղել առաջին տիկինների կամ բարձրաստիճան պաշտոնյաների կանանց քննարկումներից, որոնց մենք հիմնականում տեսնում էինք մշակութային կամ երեխաներին նվիրված միջոցառումներում։

 

 

Աննա Հակոբյանը կարևոր քայլ  արեց․ նա  խոսեց  դեպքի մասին՝ բարձրացնելով դրա հնչեղությունը, խոսեց առանց միջնորդների՝  փորձելով վերհանել խնդիրները, որոնց պատճառով մենք ունենում ենք այսպիսի ողբերգական դեպքեր, խոսեց զոհին թիրախավորելու մասին,  ու թեև ոլորտի մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են այս խնդիրները, սակայն չեն ունենում այն լսարանը, ինչ օրինակ, Աննա Հակոբյանն՝ իր տեսաուղերձով, որը  մի քանի ժամվա ընթացքում՝ 200,000-ից ավելի դիտում  ունեցավ ֆեյսբուքյան տիրույթում։  Այսինքն հանրային բարձր վստահությունը կարելի է ուղղորդել,  քննարկել, նաև կրթել,   քննարկման նոր մակարդակի հասցնել այն նորմերը, որոնք ծնում են բոլոր այս իրողությունները մեր իրականությունում։

 

 

 Այս քննարկումները, կանանց իրավուքներին, մասկուլինության, բռնությանն առնչվող թեմաները,   պետք է դուրս գան ակադեմիկական միջավայրերից, պարզեցվեն այնպես, որ հասանելի լինեն հանրությանը, հենց նրանց, ովքեր նորմալացնում են բռնությունը, նրանց, ովքեր դրա զոհն են, որ սկսի աշխատել փոփոխությունների անիվը։

 

 

Մարդիկ  պետք  է սկսեն հարցեր տալ իրենք իրենց և իրար, քննարկեն,  և այդ քննարկումները պետք է լինեն հենց այսպես՝ առանց բարդ ստորադասական նախադասությունների, եզրույթների, առանց վախեցնող բառերի, և դրանց հիմնական նպատակը պետք է լինի այս տեսակ ողբերգությունները կանխարգելելը, չէ՞ որ բացառված չէ, որ այսօր մեր կողքին հենց այսպիսի իրավիճակում գտնվող մարդիկ կան։ Ցավոք։ 

 

 

Ամեն անգամ մի ահասարսուռ դեպքից հետո մեծ աղմուկ է բարձրանում, հետո այն արագ մոռացվում է՝ կորչելով օրվա լրահոսում, սակայն   համակարգային մոտեցում, քաղաքական կամք պետք է լինի ի վերջո հասարակական նորմեր փոխելու համար։

 

 

Գուցե Ա․ Հակոբյանի տեսաուղերձն այդ կամքի դրսևորումներից մեկն է, բայց եթե  այդ տեսաուղերձին չհաջորդեն նաև հեռուստաեթերի որակական փոփոխությունները, հանրության՝ իրազեկվածությանը միտված նախագծերի իրականացումը, կանանց հզորացմանը միտված ծրագրերը,  օրենսդրական բարեփոխումները, կարճ ասած՝ բոլոր ոլորտներում համակարգային, խորքային մոտեցումը, սա էլ կդառնա հերթական աղմուկ բարձրացնող դեպքը,  երեխաների մահերը՝ սոսկ վիճակագրական թվեր։

 

 

Մարիամ Մուղդուսյան

 

 

Դիտումների քանակը` 1722

Գլխավոր էջ