«Եթե ունեք ստարտափի գաղափար, մի′ կենտրոնացեք միայն տեղական շուկայի վրա, ավելի ընդարձակ մտածեք»

Տաթևիկ Ռևազյանի հետ ծանոթացանք   2017թ.-ին  «Girls in Tech» հասարակական կազմակերպության կողմից անցկացված  «Hacking for humanity» հեթըթոնի ժամանակ, որտեղ նա մասնակցեց որպես մենթոր: Հեքըթոնի նպատակն էր միավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կանանց ու աղջիկներին` տարատեսակ խնդիրների լուծման նպատակով: Տաթևիկի գործառույթն էր օգնել, խորհուրդներ տալ մասնակից բոլոր թիմերին:

 

«Ծնվել եմ Հայաստանում, սակայն մեծացել ու կրթություն եմ ստացել Դանիայում»,- պատմում է Տաթևիկն ու նշում` մագիստրոսի երկու աստիճան ունի, սովորել է Copenhagen Business School-ում և Stockholm School of Economics-ում: Այսօր Տաթևիկը նորից Հայաստան է վերադարձել: Նա միջազգային «FLYR» ընկերության աշխատակից է, զբաղվում է ընկերության ու համաշխարհային ավիաընկերությունների համագործակցությամբ, իսկ Հայաստանում զբաղված է  «FLYR»-ի հայաստանյան թիմի ձևավորման աշխատանքներով:  «FLYR»-ը ֆինանսական և տվյալների գիտության վրա հիմնված ընկերություն է, որը կիառում է կանխատեսումային վերլուծությունը և մեքենայական ուսուցումը՝ ճանապարհորդական ոլորտում:

 

 

Ինչպես մի քանի վայրկյանի ընթացքում գրավիչ  ներկայացնել  սեփական գաղափարը

 

 

«Girls in tech»-ի կազմակերպած հեքըթոնի ընթացքում Տաթևիկն աշխատել է մասնակից բոլոր թիմերի հետ: «Մասնակիցներն ինձ շատ կարճ բացատրում էին, թե իրենց ստարտափն ինչի վերաբերյալ է ու ես փորձում էի ուղղություն տալ այն ավելի լավ ներկայացնելու համար»,- ասում է Տաթևիկն ու ընդգծում` նման հեքըթոն անցկացնելու գաղափարը շատ կարևոր է ու կարող է իսկապես օգնել առաջին քայլերն անելու համար:

 

Միևնույն ժամանակ նա խորհուրդ է տալիս` եթե ունեք ստարտափի գաղափար, մի′ կենտրոնացեք միայն տեղական շուկայի վրա, ավելի ընդարձակ մտածեք:  «Քանի որ երեխաները Հայաստանում են մեծացել, շատ են կենտրոնացած հայկական շուկայի վրա: Ես իրենց փորձում էի ուղղություն տալ ու բացատրել, որ Հայաստանում մի բան ստեղծելիս՝ պետք  է մտածել դա նաև աշխարհի շուկային հետաքրքիր դարձնելու մասին, որովհետև հայկական շուկան շատ փոքր է ու սեփական ներուժն ի սկզբանե սահմանափակել պետք չէ: Սկսնակների համար առաջնահերթ խնդիրն այն է, որ նրանք պետք է գլոբալ խնդիր լուծեն, գլոբալ շուկայի համար հետաքրքիր լինեն: Միայն հայաստանյան հարցերի ու շուկայի վրա կենտրոնանալով նրանք կսահմանափակեն ապագա աճը»,- ասում է  Տաթևիկն ու ընդգծում` մասնակիցների մոտ մոտիվացիան նկատելի էր.

 

«Շատ ոգևորված էին ու դա կարևոր է հետագա դժվարություններին դիմակայելու առումով: Կային նաև շատ հետաքրքիր գաղափարներ: Օրինակ` ինձ մոտ առանձնահատուկ տպավորվեց մի ստարտափ, որը նպատակ ուներ խաղի միջոցով երեխաներին անիմացիա սովորեցնել` «Պեպենը»»,- ասում է Տաթևիկը: Ինչ վերաբերում է այս ոլորտում հայաստանյան խնդիրներին, ապա Տաթիկի խոսքով, շատ կարևոր է երեխաներին սովորեցնել` ինչպես պետք է սեփական գաղափարը մի քանի վայրկյանի ընթացքում գրավիչ ու հետաքրքիր ներկայացնել:

 

Ստարտափի համար ֆինանսավորում գտնելն առաջնային, կարևորագույն խնդիր չէ

 

Կիսվելով իր միջազգային փորձով, Տաթևիկը նշում է`ստարտափերի համար ֆինանսավորում գտնելն առաջնային, կարևորագույն խնդիր չէ.  «Կարևոր է ունենալ լավ գաղափար, որն ունի իր թիրախային սպառողն ու գաղափարի վրա աշխատող ուժեղ թիմ»,- ասում է Տաթևիկն ու ընդգծում.

 

«Աշխարհը ֆինանսավորման առումով  հիմա բաց է: Եթե ստարտափը գլոբալ խնդիրների լուծումներ է առաջարկում այնտեղ, ուր այդ լուծումները փնտրում են ու դրանց կարիքը կա` ֆինանսավորում գտնելն առաջնային խնդիր չի լինի»:

 

Տաթևիկին Հայաստան վերադարձրած ստարտափը

 

«Ուսանող ժամանակ հասկացա, որ ավիացիան ինձ համար շատ հետաքրքիր է: Այն ժամանակ սովորելուն զուգահեռ աշխատում էի Կոպենհագենի օդանավակայանում: Ու սկսեցի մտածել` «լավ, ես ավիացիան եմ սիրում, հետո, էլ ի՞նչն է ինձ համար կարևոր»: Հասկացա, որ ուզում եմ Հայաստանում աշխատատեղեր բացել: Արդյունքում այս երկու մտքերը միացրեցի իրար ու սկսեցի փնտրել հստակ նշված ուղղությունով` «ավիացիա ու աշխատատեղեր Հայաստանում»»,- պատմում է Տաթևիկն ու հիշում, որ համացանցում ավիացիոն ոլորտի նորություններ կարդալիս մի օր պատահաբար իմացել է Սան Ֆրանցիսկոյում «FLYR» ստարտափի մասին:

 

 «Կարդացի, որ այդ ստարտափը հիմա ընդարձակվելու փուլում է ու մտածեցի` եթե աճելու է, ապա կարող է Հայաստանում էլ հաստատվել ու դա արդեն ինձ է հետաքրքիր: Բացի այդ, այն զբոսաշրջային ոլորտում ամենահետաքրքիր ստարտափերից է հիմա: Դիմեցի իրենց ու արդյունքում ինձ առաջարկեցին Եվրոպայում գրասենյակ բացել` իրենց մասնաճյուղը, ես էլ ի պատասխան նշեցի, որ հետաքրքրված եմ Հայաստանում մասնաճյուղ բացելով, քանի որ Հայաստանում ՏՏ ոլորտին շատ է ուշադրություն դարձվում, ու ես հնարավորություն կունենամ լավ թիմ հավաքել: Համաձայնեցին ու տեղափոխվեցի Հայաստան: Իրականում, այս ամենի իրականացումն այսպես արագ ու հեշտ չէր ու, իհարկե, ժամանակի ընթացքում ու աշխատանքի արդյունքում եղավ»,- ասում է Տաթևիկն ու ամփոփելով՝ խորհուրդ տալիս՝ ստարտափային ու առհասարակ բոլոր ոլորտներում առաջին քայլերն անող երիտասարդներին.

 

«Ինքներդ ձեզ համար հստակեցրեք ձեր հետաքրքրություններն ու համադրեք դրանք աշխարհին անհրաժեշտ լուծումները տալու հետ: Հաջողության հասնելու համար բավարար չէ պարզապես սիրել այն, ինչ անում եք: Պետք է մյուսներն էլ ձեր արածի, ձեր տված լուծումների կարիքն ունենան»:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 3567

Գլխավոր էջ