«Եթե տղամարդուն դուր է գալիս խնամված կինը, ապա կնոջն էլ դուր է գալիս խնամված տղամարդը»
Դիմահարդար, ով կասկածի տակ է դնում կարծրատիպերը
12 տարեկանում նա ընդունվեց Մետրո թատրոն, այնուհետև Երգի Պետական թատրոն, հետո ուժերը փորձեց լրագրության ոլորտում… Բայց ինչ ոլորտ էլ ընտրում էր՝ իր առջև մեկ պայման էր դնում. գործ, որը համեմված կլինի արվեստի տարրերով: WomenNet.am –ի զրուցակիցը կոսմետոլոգ-դիմահարդար Լուսինե Աղբալյանն է, ով աշխատում է «Դեյվիդ» գեղեցկության սրահում:
Այն գործով, որով այժմ զբաղվում է Լուսինեն՝ առաջին հայացքից որևէ կապ չունի արվեստի հետ: Սակայն նա համոզված է ՝ կապ կա, քանի որ ա յն գեղեցկություն է պարգևում մարդկանց. «Եթե մարդուն կատարյալ փոփոխություների ես ենթարկում, որի արդյուքում նա իրեն երջանիկ է զգում, ապա դա ոչ այլ ինչ է, քան գեղագիտություն և ուրեմն արվեստ է»։
Արդեն 15 տարի է Լուսինե Աղբալյանը աշխատում է որպես դիմահարդար- կոսմետոլոգ, բայց նա առաջիններից էր, ով փորձեց նորարարություն մտցնել իր աշխատանքում ու սկսեց կոսմետոլոգի ծառայություններ մատուցել նաև տղամարդկանց: Պատմում է, որ տարիներ առաջ, երբ առաջին քայլերն էր անում այս ոլորտում, շատերը թերահավատորեն էին վերաբերվում. ասում էին՝ հայ տղամարդիկ, որքան էլ ցանկանան, միևնույն է զուտ կարծրատիպերից ելնելով՝ դիմահարդարի ծառայություններից չեն օգտվի։ Սակայն փաստերը ցույց տվեցին, որ այդպես չէ, քանի որ այսօր տղամարդ հաճախորդները ավելի շատ են, քան կանայք:
«Եթե տարիներ առաջ տղամարդ հաճախորդները միայն մազ կտրելու (լավագույն դեպքում սափրվելու) համար էին մտնում գեղեցկության սրահ, ապա հիմա պատկերն այլ է։ Տղամարդիկ սկսել են հետևել իրենց արտաքին տեսքին»,-ասում է Լուսինեն ու հավելում, որ այսօր գալիս են ոչ միայն նրանք, ում համար արտաքին տեսքը մասնագիտական պահանջ է:
Հատկանշական է սակայն , որ առաջին անգամ այցելելով կոսմետոլոգին, բոլոր տղամարդիկ անխտիր նույն միտքն են արտահայտում: «Բա ամոթ չի՞, որ տղամարդն ասենք հոնքերն ուղղի, հարդարի կամ կոսմետիկ կրեմներով դեմքը մաքրի»: Զրուցակիցս ասում է, որ արդեն սովորել է նման մտավախություններին , բայց ամեն անգամ ի պատախան դրանց մանրամասն ու համբերատար բացատրում է՝ որևէ ամոթ բան չկա: «Ավելին, միշտ նշում եմ. եթե տղամարդուն դուր է գալիս խնամված կինը, ապա կնոջն էլ դուր է գալիս խնամված տղամարդը: Ու միշտ շեշտում եմ՝ ես ոչ թե դիմահարդարում եմ կատարում, այլ Ձեր դիմագծերն եմ ընդգծում»։
Լուսինեն ասում է. «Ունեմ հաճախորդներ, ովքեր բավականին երիտասարդ տարիքում “սպիտակել են” ու դրա հետ կապված բարդույթներ ունեն, բայց չեն էլ ցանկանում մազերը ներկել: Սկսում եմ նրանց հետ բացատրական աշխատանքներ տանել, որ գոյություն ունեն տարբեր խնամքի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում քողարկել սպիտակ մազերը»:
Զավեշտալի դեպքերը նույնպես անպակաս են: Պատմում է, որ մի անգամ բարձրաստիճան պաշտոնյա է եկել, ով դեմքի հետ կապված խնդիրներ է ունեցել, մասնավորապես ականջների վրա անցանկալի մազեր են եղել ,որոնք պետք է հեռացվեին. «Ականջը բռնել և այս ու այն կողմ եմ տանում՝ ուշադրությունս կենտրոնացնելով գործիս վրա: Հանկարծ այդ մարդը կանգնեց թե՝ հարգելի՛ս, ես իմ ոտքով եկա, որ դու իմ ականջները քաշե՞ս: Ես էլ ինձ չկորցրեցի ու ասացի՝ դե միշտ Դուք եք բոլորի ականջները քաշում. մեկը պիտի լիներ, որ Ձեր ականջները քաշեր: Այդ մարդը սկսեց ծիծաղել ու այդ օրվանից հետո սկսեց ավելի հաճախ գալ մեր գեղեցկության սրահ:
Շատ հաճախ տղամարդիկ զանգահարում են մեր սրահ ու ասում. «կոսմետիչկա» Լուսինեն տեղու՞մ է։ Լուսինեին հարցնում եմ՝ արդյո՞ք ամուսինը չի խանդում: Ժպտում է ու անկեղծանում. «Մի անգամ, ամուսինս շատ նրբանկատորեն խոսեց այդ մասին։ Ես հասկացա, որ խանդում է, բայց նրան մի պարզ օրինակ բերեցի: Ենթադրենք՝ ես բժիշկ եմ, ասենք ատամնաբույժ, գալիս է հիվանդն ու ասում եմ՝ ես տղամարդու ատամ չեմ բուժում: Այդ խոսակցությունից հետո, այլևս նման դեպքեր չգրանցվեցին: Կարող եմ մի բան ասել, որ գործի մեջ սեռ չեմ տեսնում,այդ պահին ես միայն կենտրոնանում եմ գործիս վրա ու կապ չունի հաճախորդը տղամարդ է, թե՝ կին»,-եզրափակում է մեր զրույցը Լուսինեն ու շտապում, քանի որ հաճախորդն արդեն սպասասրահում է:
Արմինե Գևորգյան
Դիտումների քանակը` 5377