ICPD 25.  Ի՞նչ է փոխվել աշխարհում

 

Այս տարի Բնակչության համաշխարհային օրը  նվիրված է Կահիրեի համաժողովի  հոբելյանին

 

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի օրացույցով  հուլիսի 11-ը նշվում  է որպես Բնակչության համաշխարհային  օր: Այս տարի  օրվա թեման կապված է այն նպատակների իրականացման հետ, որոնք  հռչակվել են 1994-ին Կահիրեում՝ ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ICPD)  ժամանակ։  25 տարի է անցել այդ հայտնի համաժողովից, որի ժամանակ 179 երկրների կառավարություններն  ընդունեցին, որ վերարտադրողական  առողջությունն ու գենդերային հավասարությունն անհրաժեշտ պայմաններ են զարգանալու համար։

 

Օրն առանձնահատուկ կարևորություն ունի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համար, որն աշխարհով մեկ աջակցություն է ցուցաբերում բնակչության և զարգացման ծրագրերին: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ստեղծվել է 1969 թվականին, այն այսօր գործում է մոտ 150 երկրում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 80 տոկոսը:  Հիմնադրամը ՄԱԿ-ի առաջատար գործակալությունն է այնպիսի աշխարհի կառուցման գործում, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդու ներուժ՝ իրացված։

 

Այսպիսով,  այս աշնանը ՄԱԿ-ում երկու կարևոր հոբելյան են նշելու՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործունեության 50-ամյակն ու Կահիրեի համաժողովի ժամանակ Գործողությունների ծրագրի ընդունման 25-ամյակը, որոնք միավորված  են  «Ապահովենք իրավունքներն ու ընտրությունը բոլորի համար» կարգախոսի ներքո։ Սա առիթ է՝ ամփոփելու կատարածն ու նախանշելու նոր նպատակներ ու թիրախներ։ Մասնագետները փաստում են, որ այս ընթացքում շատ բան արվել է, բայց  անելիքներ էլ շատ կան,  որպեսզի կանայք ու աղջիկները կարողանան  հասնել իրենց իրավունքների  լիարժեք իրացմանը։  Այսօր արձանագրում են՝ ՄԱԲՀ-ի  գործելու օրվանից ի վեր աշխարհում կիսով չափ նվազել է հղիության և ծննդաբերական բարդություններից մահացող կանանց թիվը (ինչպես և ցուցանիշը): Ընտանիքներն ավելի առողջ են, քան նախկինում, իսկ երիտասարդները երբևէ այսքան կապեր և հնարավորություններ չեն ունեցել: Հակաբեղմնավորիչների կամավոր օգտագործման ցուցանիշն ավելացել է 25 տոկոսով, ընտանիքի պլանավորման ծառայություններն էլ բարելավվել են, միաժամանակ 40 տոկոսով կրճատվել է մայրական մահացության ցուցանիշը։ Այս հարցում ՄԱԲՀ-ի կողմից  նախանշված նպատակը մեկն է.  «Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում», հետևապես  արդյունքները դեռ հեռու են ցանկալիից…

 

Չափազանց մեծ թվով մարդիկ դեռևս անտեսված են։ Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ շարունակում է թաղված մնալ ծայրահեղ աղքատության մեջ: Զարգացող աշխարհում վերարտադրողական առողջության խնդիրները շարունակում են մնալ կանանց մահվան և հաշմանդամության առաջնային պատճառը: Երիտասարդներն առավել շատ են ենթակա ՄԻԱՎ-ով վարակվելու և անցանկալի հղիության վտանգին: Ավելի քան հարյուր միլիոն աղջիկ բախվում է մանկահասակ ամուսնության և այլ այնպիսի վնասակար գործելակերպերի սպառնալիքին, ինչպիսին կանացի սեռական օրգանների խեղումն է: Մոտ 225 մլն կին ստիպված է ընդհատել հղիությունը՝ հակաբեղմնավորիչներ չօգտագործելու հետևանքով։ Դա տեղի է ունենում տեղեկատվության պակասի, անհասանելիության ու բացակայության, ինչպես նաև հասարակության, ընտանիքի աջակցության բացակայության պատճառով։

 

1994-ին Կահիրեում կայացած ՄԱԿ-ի  Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի  (ICPD) շրջանակում 179 երկրների կառավարությունների կողմից ընդունված «Գործողությունների ծրագրի    սկզբունքները վերաբերում են վերընշված խնդիրների լուծմանը: Ծրագիրը ներառում է  կանանց հզորացմանը, զարգացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, իրավունքների պաշտպանությանը, կայուն զարգացմանը, գենդերային հավասարությանը, ընտանիքի ամրապնդմանը, կրթության իրավունքին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը, ժողովրդագրական և միգրացիոն զարգացումներին։ Քսան տարի անց `  2014-ին ծրագրի  նպատակները վերանայվեցին և հստակեցվեցին՝  ներառելով  պետությունների նոր համաձայնությունները Կայուն զարգացման օրակարգի շուրջ:

 

Այս տարվա մարտին՝  ICPD –ի  25-ամյակին ընդառաջ Նյու Յորքում հավաքվել էին երկրների ղեկավարները քննարկելու իրականացրած քայլերը։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետների գնահատմամբ,   Կահիրեի համաժողովից ի վեր՝  25 տարիների ընթացքում կանայք իրենց վերարտադրողական իրավունքների իրականացման գործում մեծ առաջընթաց են արձանագրել: Բազմաթիվ ակտիվիստներ, փաստաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ և շատ ուրիշներ  պայքարել են այն փոփոխությունների համար, որոնք հիմա մենք տեսնում են մեր շրջապատում։

 

Աշնանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը բարձր մակարդակի համաժողով է անցկացնելու Նայրոբիում՝ Կահիրեի համաժողովում հռչակած նպատակներին հասնելու ջանքերն ակտիվացնելու նպատակով։

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Աշխարհի և Հայաստանի բնակչության հեռանկարներն ու մարտահրավերները

Դիտումների քանակը` 1583

Գլխավոր էջ