«Ես ինձ լավ եմ զգում, երբ հիվանդի մոտ մտնելիս տեսնում եմ նրա ժպիտը»

 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժքույր Նինա Անտոյանն առաջիններից մեկն էր, ով գիտակցված գնաց պայքարելու վարակի դեմ, վստահ լինելով, որ իր այդ քայլով աջակից է լինելու բժիշկներին և միահամուռ ուժերով ջանք ու եռանդ չեն խնայելու` յուրաքանչյուր հիվանդի կյանքը  փրկելու համար:

 

Թեև սկզբում Նինայի ընտանիքի անդամները դեմ էին որոշմանը, սակայն, այդ տրամադրությունները որոշ ժամանակ հետո անցան: Նինան պատմում է՝ առաջին դժվարություններից մեկը թերևս այն էր, որ հերթապահությունից հետո հոգնած գնում էր հյուրանոցում գիշերելու, և չկար ընտանիքի անդամներից կամ հարազատներից մեկը, ով իր ջերմությունը կտար: Այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց Նինա Անտոյանը:

 

«Ինձ համար դժվար էր նաև մեր մեկուսացումը:  Շփվելով կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ, մենք իրավունք չունեինք որևէ տեղ գնալու: Սա ինչ որ տեղ մեզ թուլացրել էր, բայց, դա էլ հաղթահարեցինք: Դժվարություններից մեկն էլ  այն էր, որ գիտակցում էիր՝ յուրաքանչյուր  հիվանդի համար պատասխանատվություն ես կրում, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի՝ դա լինելու է քո մեղքով: Եղել են դեպքեր, երբ  ներքուստ զգացել ես, որ իրավիճակը ծանր է, բայց անհնարինն ես արել, որպեսզի հիվանդին դուրս բերես այդ վիճակից: Ձեռք եմ բերել մեծ փորձ, որը հնարավորություն տվեց կայանալ այս բնագավառում: Սովորեցի հասկանալ յուրաքանչյուր պացիենտի ամեն հայացքը, ինչը կարծում եմ՝ կարևոր է յուրաքանչյուր բուժաշխատողի համար»…  

Անտոնյանի խոսքով այս ընթացքում նոր գործընկերներ ձեռքբերեց. «Ունեցա շատ լավ ընկերներ,  երևի թե 10 տարի պետք է աշխատեի, որպեսզի կարողանայի նման ընկերներ ձեռք բերել…  Վստահ եմ, որ այդ մարդկանց հետ, ովքեր հիմա կան իմ կողքին, հետագայում էլ միասին ենք լինելու և մեծ ու ուժեղ թիմ կլինենք:

 

Ասում է, ի սկիզբանե գիտեր, որ  դժվար է լինելու, բայց չէր պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի. «Գիտեք, երբ իմացա, որ Չինաստանում վիրուսը կա, չէի պատկերացնում, որ այն Հայաստանում կհայտնվի, որովհետև մտածում էի, որ վիրուսը ճանապարհներին կկոտրվի,  կթուլանա ու չի հասնի մեր երկիր: Երբ  մարտ ամսին առաջին դեպքը եղավ Հայաստանում, և մեկուսացվեցին կորոնավիրուսով վարակված քաղաքացիները, մտածում էի՝ վարակը  չի տարածվի, բայց տարածվեց: Ցավոք, մենք այն եզակի երկրներից ենք, որտեղ շատ արագ ընդլայնվեց հիվանդությունը, հուսամ՝ վարակի երկրորդ ալիքը մեծ չի լինի, քիչ-քիչ նահանջը կզգանք»:

 

Պատմում է,  մինչ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելը կազմակերպչական աշխատանքներ են  իրականացրել, որպեսզի կարողանան պատշաճ կերպով ընդունել հիվանդներին: «Ինձ համար կարծես պատվի  հարց լիներ, աշխատել այնպես, որ արժանանայի պացիենտի ժպիտին, դրական  վերաբերմունքին,  և ոնց հասկացա՝  դա ինձ մոտ ստացվեց: Եթե մարդ ինչ-որ բան շատ  է ցանկանում, այն իրականություն դառնում է, եթե իհարկե այդ  ուժն ու ցանկությունը քո մեջ մեծ  է լինում»:

 

Նինան կարծում է, որ համավարակի վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է մտածել այն, ինչ ուզում է, բայց երբ տեսնում ես, որ դիմացինդ ՝ քո ծանոթը կամ քո հարևանուհին,  օրերով տուն չի գնում և  պայքարում է վարակի դեմ՝ չես կարող չհավատալ վարակի գոյությանը և դրանով իսկ ուրիշի կյանքը վտանգել:

 

«Կա մարդկանց մի հատված, որը վարակվելուց հետո էլ չի հավատում՝ ի՞նչ վիրուս է, սովորական գրիպ է կամ թոքաբորբ, որն ուղղակի անվանեցին COVID 19 : Բայց կա նաև հակառակը՝ մարդիկ, ովքեր ռեալ վախենում են… Կարծում եմ, պետք է չափից շատ վախենալ կամ  չհավատալ, ուղղակի ՝ զգույշ լինել: Մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա իրեն ներշնչել՝ ցանկացած դժվար իրավիճակից դուրս գալու համար: Կարողանա հուսահատությունը, լարվածությունը հաղթահարել, սթրեսն ու հուզմունքը վատ օգնական են վարակի դեմ պայքարում»:

 

Բուժաշխատողներն էլ էին  այդ խնդրի առաջ կանգնել:  Օր օրի վարակվածների թիվն ավելանում էր, բայց  իրենք փորձում էին ներքուստ լինել ուժեղ և չընկճվել:

 

«Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում էր, թե ինչի համար  է եկել, չկար այնպիսի մարդ, որը այս ծանր իրավիճակում  ցանկություն հայտներ   հրաժարվել աշխատանքից:  Այդ  պատրաստականության ու արագ կողմնորոշվելու  շնորհիվ  ենք կարողանում պատվով դուրս գալ ծանր իրավիճակներից: Ես ինձ լավ եմ զգում, երբ հիվանդի մոտ մտնելիս տեսնում եմ նրա ժպիտը, նրա ջերմ վերաբերմունքը իմ նկատմամբ, դա ինձ ուժ է տալիս»:  

 

Ասում է,  ներքին էներգիան, քո սերը կարող ես տալ բոլորին, որովհետև  դա հետո նորից քեզ է  վերադառնում հիվանդի ջերմ վերաբերմունքի միջոցով…

 

Համավարակի այս  ընթացքում, երբ   առողջապահության  ոլորտի մասնագետներն իրենց կյանքի գնով փորձում են փրկել այլոց կյանքը, հասկանում ես, որ  որքան էլ լինի վարձատրությունը, միևնույն է՝ քիչ է: Իմ  այս դիտարկմանն ի պատասխան, բուժքույր Նինան նկատում է, որ  վարձատրության մասին չի մտածում. «Անկեղծ ասած , երբ գալիս էի Covid 19 վարկված հիվանդների հետ աշխատելու՝  ես վարձատրության մասին չէի մտածում: Գումարի չափն ինձ համար էական չէ, ես աշխատում եմ իմ կարիերայի և ոլորտում կայանալու համար:  Շատերն են ասում, որ մեր կատարած աշխատանքի դիմաց ինչքան էլ որ մեզ գումար տան, քիչ է, բայց վարձատրության հետ կապված այս ընթացքում որևէ խնդիր չի եղել: Բացի այդ, եթե հաշվի առնենք, այն հանգամանքը, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում, և մարդիկ ինչ փորձությունների միջով են անցնում, մինչև կարողանում են իրենց տուն մտնել թեկուզ մի կտոր հացով, ես ոչինչ չեմ կարող ասել»…

 

 

Զրուցեց Մարիամ Մելքումյանը

 

 

 

Դիտումների քանակը` 1991

Գլխավոր էջ