Human Rights Watch. Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր

 

 

Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին

 

Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր: Այս մասին արդեն մի քանի տարի շարունակ ահազանգում է  Human Rights Watch-ը։ 2020-ին հրապարակված իր ամենամյա զեկույցում  միջազգային իրավապաշտպան կազմակերպության փորձագետների գնահատականը չի փոխվել։

 

Զեկույցում ներառված պաշտոնական տվյալների համաձայն, 2019 թվականի առաջին կեսամյակում իշխանությունները քննություն են իրականացրել ընտանեկան բռնության 331 դեպքով, դրանցից 176-ը նոր հարուցված գործեր են եղել։ Մեղադրանք է առաջադրվել 209 դեպքով, 45 գործ ուղարկվել է դատարան։ 

 

Համեմատության համար նշենք, որ 2019-ի տարեկան զեկույցում ներառվել էին նախորդ տարվա՝ 2018-ի առաջին հինգ ամիսներին ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանության տրամադրած տվյալները։ Ըստ դրանց, արձանագրվել էր կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որոնցից 223-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Մինչև հուլիս 31 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության հատկանիշներով, դատարանների կողմից դատապարտվել են յոթ անձինք։

 

«Շատ դեպքերում իշխանությունները չեն պաշտպանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին՝ վտանգելով նրանց կյանքը և բարեկեցությունը: Ընտանեկան բռնության մասին 2017 թվականին ընդունված օրենքի պահանջի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է անհապաղ միջամտել ընտանիքում «բռնության կրկնության կամ շարունակության անմիջական սպառնալիքի առկայության մասին հիմքեր ունենալու դեպքում»: Սակայն, գործնականում իրավապահ մարմինները չեն տիրապետում օրենքով նախատեսված պաշտպանության մեխանիզմներին»,-արձանագրում են միջազգային կազմակերպության իրավապաշտպաններն այս տարվա զեկույցում։

 

Դրանում առկա տվյալների համաձայն, Հայաստանն ունի ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված միայն մեկ ապաստարան, որը ստեղծվել է ոչ կառավարական կազմակերպության կողմից: Թեև կա 10-13 հոգու համար նախատեսված մեկ այլ ապաստարան կառուցելու ծրագիր, Հայաստանը շատ հեռու է ԵԽ-ի առաջարկն իրագործելուց, ըստ որի հնարավոր լինի մեկ ապաստարան ունենալ առնվազն 10 հազար բնակչություն ունեցող յուրաքանչյուր տարածքում: 

 

Վեց ամսում  10 կին սպանվել է իրենց զուգընկերների կողմից

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի՝ կազմակերպությանը տրամադրած ու զեկույցում ներառված տվյալների համաձայն,  2019 թվականի առաջին կիսամյակում 10 կին սպանվել է իրենց զուգընկերների կողմից: Զոհերից մեկն էլ 30-ամյա Մարիամ Ասատրյանն է Արարատի մարզի Մասիս քաղաքից։

 

«2017 և 2018 թվականներին Ասատրյանը մի քանի անգամ դիմել է կոալիցիայի աշխատկիցների օգնությանը, երբ ընտանեկան բռնության հետևանքով լուրջ վնասվածքներ՝ ձեռքի կոտրվածքներ է ստացել: Ըստ կոալիցիայի, Ասատրյանը բողոք էր ներկայացրել, սակայն իրավապահ մարմինները չեն ձեռնարկել բավարար միջոցներ նրա պաշտպանելու համար։ Քրեական օրենսգրքով ընտանեկան բռնությունն քրեորեն պատժելի արարք կամ ծանրացուցիչ հանգամանք չի համարվում»,-ասված է զեկույցում։

 

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2019-ի հունվարին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Հայաստանին բարելավել կանանց իրավունքների պաշտպանությունը, պաշտպանել խոցելի խմբերին։

 

«Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումներում ատելության և նվաստացուցիչ խոսք կար»

 

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան) դեռևս չի ուղարկվել Ազգային Ժողով վավերացման:

 

Human Rights Watch-ի գնահատմամբ, Կոնվենցիայի վավերացման շուրջ քննարկումների ժամանակ պետական որոշ պաշտոնյաներ հնչեցրել են ատելություն և նվաստացում պարունակող խոսքեր՝ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ։ Նրանք կարծիք են հայտնել, որ կոնվենցիան ունի ԼԳԲՏ քարոզչության և նույնասեռ ամուսնությունների լեգիտիմացման թաքուն օրակարգ:

 

Զեկույցում ուշադրություն են հրավիրում նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ  հաճախ իրականացվող հետապնդումներին, խտրականության և բռնությունների ենթարկվելու դեպքերին, նկատում են, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը չի դիտարկում հոմոֆոբիան և տրանսֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք:

 

«Խտրական վերաբերմունքի և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտման վախը ԼԳԲՏ բազմաթիվ անձանց համար խոչընդոտ է հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու համար։ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» կազմակերպությունը 2019թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է սեռական կողմնորոշման կամ գենդերային հիմքով կատարված առնվազն 17 հարձակում»,-նշվում է զեկույցում։

 

Հեղինակները հիշեցնում են, որ նախորդ տարվա հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց փորձագիտական կարծիք Ստամբուլյան կոնվենցիայի՝  անընդհատ քննարկվող  «վտանգների» մասին, եզրակացրեց,  որ Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումը չի հակասի երկրի մայր օրենքին՝ Սահմանադրությանը։

 

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ անցած տարվա ապրիլին ԵՄ պատվիրակությունը և անդամ պետությունների դեսպանությունները Երևանում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրենց մտահոգությունն են հայտնել տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի (ով ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից) հասցեին ուղղված ատելության խոսքի վերաբերյալ։

 

Հայաստանը հետամուտ է մինչև 2025 թվականը ունենալ լիարժեք ներառական կրթություն

 

Զեկույցի հեղինակներն առաջընթաց են արձանագրում երեխաների համար նախատեսված որոշ հաստատությունները համայնքային կենտրոնների վերափոխելու ու ընտանիքահեն խնամքին աջակցելու գործում։

 

«Իշխանությունները հանձն են առել  դադարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը և նախապատրաստել չափահասներին հաստատություններից դուրս ինքնուրույն կյանքի` ըստ կարիքի տրամադրելով աջակցություն տրամադրելու պայմանով: 2019 թվականի ապրիլին կառավարությունը, համայնքային խմբի հետ համագործակցելով, հետամուտ եղավ հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացման կանխարգելմանը՝ համապատասխան աշխատանք վարելով ընտանիքների հետ: Հունիսին իշխանությունները օրենսդրական լրացումներ կատարեցին՝ նպատակ ունենալով աջակցել խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպմանը»,-արձանագրված է զեկույցում։

 

Հայաստանը հետամուտ է մինչև 2025 թվականը ունենալ լիարժեք ներառական կրթություն, որը ենթադրում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համատեղ ուսուցում հանրակրթական դպրոցներում:

 

Բայց մտահոգությունները փարատված չեն, կազմակերպությունն ընդգծում է՝ չնայած որոշ առաջընթացին, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մեկուսացվում են հատուկ դպրոցներում, դասասենյակներում կամ տնային ուսուցման պայմաններում:

 

«Հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաները միշտ չէ, որ ստանում են համարժեք աջակցություն, ինչը ենթադրում է կրթություն ստանալու համար խելամիտ հարմարեցումների ապահովում։ Դրանք լսողական սարքերն են, բրայլյան, աուդիո կամ այլ ձևաչափերով ներկայացված գրքերն ու այլ օժանդակ նյութեր»,-նշում են հեղինակները՝ ընդգծելով, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց ճանաչել անգործունակ և զրկել նրանց որոշումներ կայացնելու իրավունքից։

 

 

Զեկույցում անդրադարձ են կատարվել նաև իրավապահ մարմինների չարաշահումների համար պատասխանատվության հարցին, բնապահպանական և մարդու իրավունքներին՝  մասնավորապես Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը վերսկսելու դեմ կազմակերպված բնապահպանական բողոքի ակցիաներին ու դրանց ընթացքում  ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1901

Գլխավոր էջ