Human Rights Watch-ն անհամաչափ է համարում ՀՀ ոստիկանության գործողությունները

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել զեկույցով, որում արձանագրում է, որ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարների դեմ կիրառել է անհամաչափ ուժ եւ հարձակումներ իրականացրել լրագրողների վրա:

 

Իրավապաշտպանները փաստում են, որ  ոստիկանությունն օգտագործել է խլացուցիչ նռնակներ, ինչի հետևանքով մի քանի տասնյակ ցուցարարներ և մի քանի լրագրողներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսը՝ ծանր , ձերբակալվել մի քանի տասնյակ մարդիկ:  Կազմակերպության գնհատականներով,   ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել լրագրողների ու ցուցարարների նկատմամբ: Նշվում է, որ Հայաստանի  իշխանությունները ոստիկանության՝ հուլիսի 29-ի գործողությունների վերաբերյալ քննություն են սկսել:

«Ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների վերաբերյալ քննությունը պետք է լինի մանրակրկիտ ու արագ: Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել հասարակական կարգը, նրանք  իրավունք չունեին քարտ բլանշ  տալ  բռնությանը   իրենց տեսակետներն արտահայտելու նպատակով անցկացվող խաղաղ հավաքի մասնակիցների հանդեպ»,- նշում է  Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի տնօրեն Գեորգի Գոգիան:

Զեկույցում նկարագրվում են «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանի, 1in.am-ի օպերատոր Դավիթ Հարությունյանի, նույն լրատվականի լրագրող Մարիամ Գրիգորյանի, ազատ լրագրող Անուշավան Շահնազարյանի հետ տեղի ունեցած դեպքերը, երբ նրանք հուլիսի 29-ին ենթարկվել են ոստիկանական բռնության: Նաեւ՝ հատուկ անդրադարձ է կատարվում ԵՊՀ դասախոս Մարատ Յավրումյանի դեպքին, ով ոստիկանների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել Խորենացի փողոցում:
Կազմակերպությունը  խոսել է բռնությունների զոհերի և ականատեսների հետ:  Նրանցից մի քանիսը պատմել են, որ ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում ոստիկանները ձեռքի և խլացուցիչ նռնակներ են նետել խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ, որոնք թանձր ծուխ, բարձր ձայն են արձակել: Դրանց հետևանքով մի քանիսն այրվածնքեր են ստացել, շատերը ոտքերի շրջանում վնասվածքներ:

Գեորգի Գոգիան ընդգծել է. «Ոստիկանությունը չպետք է միջամտի իրենց օրինական աշխատանքն իրականացնող լրագրողներին, նրանք չպետք է հարձակման ենթարկվեն ու պատժվեն միայն այն բանի համար, որ իրենց գործն են անում»:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ կառավարությունները պարտավոր են հարգել մարդու հիմնարար իրավունքները ոստիկանության գործողությունների ընթացքում, ինչպես օրինական, այնպես էլ՝ անօրինական հավաքները ցրելիս: ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ կառավարությունները պետք է ցուցաբերեն մեծ հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե նույնիսկ դրանք արտոնված չեն կամ անօրինական են:

Անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը՝ այդ թվում ձեռքերվ, ոտքերով, փայտե մահակներով հարվածելը,  չի կարող ուժիր օրինական կիրառում համարվել, դրանք  նաև անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների արգելքի խախտում են:

Զեկույցն ամբողջությամբ այստեղ 

Երեկ  ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը   նամակով դիմել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նշելով, որ «իշխանությունները պետք է գործնական քայլեր կատարեն, որպեսզի ստիպեն իրավապահ համակարգի ներկայացուցիչներին զսպվածություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և առաջարկել է քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորվի մամուլի պաշտպանվածությունը ոստիկանությունից և հանցագործ տարրերից»:

 

«Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին կամ մամուլի ներկայացուցիչներին», – ընդգծել է Միյատովիչը:

 

Նա նաև հրապարակել է հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարներին ուժով ցրելիս ոստիկանության և մետաղե ձողերով քաղաքացիական անձանց հարձակումներից տուժած լրագրողների և մամուլի ներկայացուցիչների ցուցակը, հրապարակել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը լուսաբանելիս ավելի վաղ տեղի ունեցած միջադեպերում տուժած լրագրողների ցուցակը՝ հղում տալով հուլիսի 21-ին հայկական լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությանը:

 

Նշենք նաեւ, որ  հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ երեկ  կայացած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս անդրադարձել է լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին. «Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»,- ասել Ս.Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։  Բիրտ ուժի կիրառման հետևանքով տուժել են ՝ Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գևորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։ Լրագրողները տուժել են ինչպես ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, այնպես էլ   քաղաքացիական հագուստով  անհայտ   անձանց կողմից ծեծի են ենթարկվել:  Ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։

ՀՀ  Առողջապահության նախարարության տվյալներով,  գործողությունները զանգվածային բնույթ են կրել և հուլիսի 29-ին  Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի  ունեցածի հետևանքով մայրաքաղաքի  բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմել են  73  անձիք,  որոնցից հիվանդանոցային բուժումն այսօրվա   դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Դիտումների քանակը` 2739

Գլխավոր էջ