Հրուշակագործությունը նույնպես արվեստ է ու նորարարություն

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում սեպտեմբերի 10-12-ին կայացած խոհարարական «Լեգենդ» համառուսաստանյան օլիմպիադայում մասնակցության հրավեր էր ստացել նաև հայ կին հրուշակագործների թիմը, որն արժանացավ ոչ միայն ոսկե մեդալի, այլև մրցույթի հանձնաժողովի հիացական գնահատանքին:  

 

 

 – Ասում էին,  հայաստանյան թիմն իր բարձրարվեստ աշխատանքներով հարստացրեց ու գեղեցկացրեց իրենց միջոցառումը, նաև հաճախ էին կրկնում, որ երբևէ նման աշխատանքներ չեն տեսել, – WomenNet.am-ի հետ զրույցում ասաց թիմի ղեկավար Իսկուհի Համբարձումյանը:

 

 

 

Հանձնաժողովի անդամներին զարմացրել ու հիացրել էին հայ հրուշակագործների ներկայացրած շաքարային ծաղիկներից կազմված կոմպոզիցիաներն ու անիմացիոն կերպարներով ստեղծած թխվածքները, որոնք բացարձակ  բնական տեսք ունեին:

 

 

Իսկուհի Համաբարձումյանը երեք տասնամյակ ընտանիքի հետ ապրում է Մինսկ քաղաքում ու թեև մասնագիտությամբ տնտեսագետ-մենեջեր է, սակայն աշխարհին հայտնի դարձավ շաքարային ծաղիկների կոմպոզիցիաներով, որոնք ոչ թե անուշահոտ են, այլ անուշահամ և իրենց բնականությամբ շփոթության մեջ են գցում  ոչ միայն  ռուսաստանյան , այլ միջազգային և եվրոպական հայտնի  հրուշակագործներին:  

 

 

 

Շեֆ հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը հանդիսանում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ՌԴ և աշխարհի հրուշակագործության ասոցիացիաների հանձնաժողովների անդամ, բազմիցս մասնակցել է միջազգային օլիմպիադաների, արժանացել ոսկե մեդալների, ունի համապատասխան սերտիֆիկատներ:

 

 

 

Իսկուհու համոզմամբ հրուշակագործությունը նկարչության նման արվեստ է, որը ևս պահանջում է տաղանդ, պրոֆեսիոնալիզմ, չափի զգացում, ոգեշնչում, նաև նորարար գաղափարներ,  որոնք ներդրվում են  շաքարային խմորի հետ աշխատանքում:

 

 

 

-Իմ շաքարային ծաղիկների «բնորդները» բնության մեջ ապրող բազմատեսակ ծաղիկներն են, որոնց նկատմամբ անտարբեր չեմ անցնում ու նույնը խորհուրդ եմ տալիս իմ աշակերտներին: Ծաղիկները հավաքելուց հետո առանձնացնում եմ ծաղկաթերթերը, առէջները, ցողունը, տերևներն ու մանրակրկիտ ուսումնասիրում  դրանց կառուցվածքը, ձևը, գույնը, երանգները, որից հետո պատրաստում եմ շաքարային մաստիկան՝ խմորը, գրտնակում, կտրատում ծաղկի բոլոր հատվածները, չորացնում դրանք ու սկսում հավաքել,-պատմում է Իսկուհին:

 

 

 

Իսկուհի Համբարձումյանի ստեղծած ծաղկային համադրությունները դժվար է տարբերել իրական ծաղիկներից, նա կարողանում խմորին կենդանություն ու նրբերանգ հաղորդել: Նա տաս տարի շարունակ Հայաստան է գալիս մի նպատակով, որպեսզի իր վարպետությունը փոխանցի հայ կանանց, հայ հրուշակագործներին: Այդ ընթացքում նա «Լյուսինկա» դիզայն ստուդիայում հրուշակագործության նուրբ արվեստին տիրապետել ցանկացող կանանց փոխանցում է իր վարպետությունը:

 

 

Ես ունեմ իմ թիմը, որի աշխատանքները ներկայացնում եմ միջազգային մրցույթներում: Մեզ համար պատիվ է հավասար իրավունքներով աշխարհի լավագույն հրուշակագործների հետ մասնակցել մրցույթների և ներկայացնել Հայաստանը: Մեզանից պահանջվում է ներկայացնել տեխնիկապես գրագետ աշխատանք ու մենք պատվով ենք կատարում  առաջադրանքները,-պատմում է Իսկուհին ու հավելում, որ ներկայումս նոր տեխնոլոգիայի կիրառմամբ փորձում է բրնձի ալյուրից ստանալ խմոր, որն ավելի ամուր ու դիմացկուն կլինի նաև տեղափոխման համար, քանի որ «ծաղկային համադրությունները շատ նուրբ աշխատանքներ են, կարող ես ժամեր և օրեր վատնել դրանք ստեղծելու համար, բայց մի անզգույշ քայլից դրանք կարող են փշրվել»:

 

 

Իսկուհու համոզմամբ կյանքն ապացուցում է, որ ցանկացած գործ, փորձ, ստեղծագործություն չի հանդուրժում լճացում, ուստի շարունակ պրպտումների մեջ է, միաժամանակ աշխարհի բոլոր անկյուններից հայ հրուշակագործ կանանց ծանոթացնում է շաքարային ծաղիկների պատրաստման գաղտնիքներին, քանզի ցանկանում է, որ հատկապես հայ կանայք տիրապետեն այս գեղեցիկ արվեստին:

 

 

 

 

«Երբ  տեսա  վարպետիս աշխատանքները,  հասկացա, որ դեռ շատ բան  ունեմ սովորելու»

 

 

WomenNet.am-ին հաջողվեց զրուցել նաև Իսկուհի Համբարձումյանի թիմի անդամներից մեկի՝ հրուշակագործ Լուսինե Առուշանյանի հետ:

 

 

Լուսինե Առուշանյանի համար հրուշակագործությունը երկու տասնամյակ շարունակ եղել է սիրված զբաղմունք,  հոբբի: Ամուսնու ղեկավարած  հրուշակեղենի  արտադրամասում կրեմային  ծաղիկներով ձևավորել է  տարբեր առիթների համար պատվիրված  տորթեր, ինչպես  նաև սրահներ: Դիզայներական  շնորհքի  համար իրեն ուղղված գովասանքները ոգևորել են Լուսինեին ու  որոշել է գերազանցել  ինքն  իրեն՝  իրագործելով առավել նոր ու գեղեցիկ գաղափարներ:

 

 

Ասում է,  ծանոթանալով Իսկուհի Համբարձումյանի հետ ու նրա աշխատանքները տեսնելուց  հետո համոզվեց, որ դեռ  շատ  բան ունի սովորելու:

 

 

Նրա  մասին  լսել էի, համացանցով  տեսել աշխատանքներն ու հիացել, բայց անձամբ  ճանաչելու հնարավորություն ունեցա 2019 թվականին,  երբ Իսկուհին հերթական անգամ եկավ  Հայաստան: Նա  հրուշակագործ  կանանց  խումբ  ստեղծելու  հայտարարություն էր  տարածել, որին անմիջապես արձագանքնեցի ու դարձա  նրա աշակերտը,-պատմում է Լուսինեն:

 

Իր  վարպետի  շաքարային  ծաղիկների  բնականությամբ, նրբությամբ ու թափանցիկությամբ  հիացած Լուսինեն հետևելով  վարպետի  խորհուրդներին սկսում է ուսումնասիրել  բնության  մեջ հանդիպած յուրաքանչյուր  ծաղկի կառուցվածքը,  գույներն ու երանգները, շաքարային  խմորը գրտնակելու,  կտրատելու ու անհրաժեշտ մասնիկները  ստանալու նպատակով գիշերներ  լուսացնում: Իր  խոսքով գիշերն աշխատելու համար  ամենահարմար  ժամանակն է,  ընտանիքի անդամները  քնած են,  խանգարող  չկա ու  կարող ես  ուզածիդ  չափ  կենտրոնանալ աշխատանքիդ  վրա:

 

«Ինձ համար խոհանոցն  իմ աշխարհն է,  որտեղ  դրսևորվում է իմ  սերը, որտեղ դու ես ու երևակայությունդ ու քեզ ոչ ոք  չի  խանգարում,»,-ասում է Լուսինեն:

 

 

Նրա  խոսքով շաքարային  հիասքանչ ծաղիկները զարդարում են  հարսանեկան  սրահները, ծննդյան  տարեդարձի  հիանալի  նվեր են, ծաղկային  կոմպոզիցիաները զարդարում են  նաև գրասենյակները, որպես  ցուցանմուշներ տեղադրվում են նաև հրուշակագործության ուսուցման  կենտրոններում:

 

 

Չքնաղ ու բնականից ոչնչով  չտարբերվող  ծաղկային  կոմպոզիցիաները նորմալ  և չոր պայմաններում  կարող են  պահպանվել  երկու-երեք  տարի, դրանք կարելի է համտեսել,  սակայն ոչ բոլորը կցանկանան  «ոչնչացնել» այդ  գեղեցիկ  ծաղիկները:

 

 

Լուսինեի հրուշակեղեն ամենամեծ աշխատանքը «Հեքիաթի  շշուկներ» կոչվող  ծառն է, որն այնքան  բնական է, որ կարծես լսելի է մեղմ  քամուց օրորվող տերևների սոսափյունը:

 

 

Համառուսաստանյան օլիմպիադայի  մրցույթում, որին  մասնակցել է նաև Լուսինեն, հայ  հրուշակագործների թիմն  իրենց աշխատանքներից նվիրեց ոչ  միայն գնահատող հանձնաժողովին, այլև Պերմի հայկական համայնքին, ով  հոգացել էր հայկական  թիմի կացության հարցն ու  օգնել  այլ  հարցերում:

 

 

 

Լուսինե Առուշանյանի երևակայությունը նորանոր  գաղափարների հարուստ  շտեմարան է.  Հազարան  բլբուլի,  հեքիաթային կերպարների,  հայկական  սիմվոլների տեսքով շաքարային  քաղցրավենիքների պատկերները  շարունակ նրա  աչքի առաջ են,  մտքում, անգամ  երազներում: Իսկ դրանք  իրականացնելու համար երազում է  ունենալ իր ուսումնական  կենտրոնը, որտեղ երիտասարդ աղջիկներին ու կանանց կփոխանցի այն, ինչ սովորել է  իր  Վարպետից, երազում է միջազգային  մրցույթներում ներկայացնել  հայկական  հրուշակագործության անգերազանցելի արվեստը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Լուսանկարները տրամադրված են՝  

Իսկուհի Համբարձումյանի և Լուսինե Առուշանյանի կողմից

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1813

Գլխավոր էջ