Կին քաղաքական գործիչների հրաժարականներ և պաշտոնանկություններ
Նոյեմբերի 9-ի գիշերը հայ հանրությունը ցնցնվեց. պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ ու կապիտուլյացիայի ակտի ստորագրմամբ։ Կեսգիշերից որպեներ առաջ ՌԴ նախագահի պաշտոնական էջում հրապարակվեց հայտարարության տեքստը, ըստ որի Ադրբեջանին են հանձնվում նույնիսկ թշնամու կողմից չգրավված Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը, Մարտակերտի գյուղեր, Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումներն ու հրաժարականները՝ եռակողմ հայտարարության ստորագրումը անսպասելի էր ոչ միայն հասարակության, այլև երկրի նախագահի, պետական պաշտոնյաների և նույնիսկ իշխանական խմբակցության պատգամավորների համար, ինչն, ի դեպ, չի տեղավորվում խորհրդարանական պետության տրամաբանության շրջանակում։
Հայտարարությունից օրեր անց իշխող «Իմ քայլ»-ը խմբակցությունը լքեցին չորս պատգամավորներ, որից երեքը՝ կանայք, նրանցից երկուսը լրագրողներ էին, մեկը՝ հաղորդավար, հանդիսավար։
«Այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում»…
Նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 16-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց՝ պատգամավորի կարգավիճակում իր անելիքը սպառված է համարում։
«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Աբրահամյանը։
Նկատենք, որ Աբրահամյանի հայտարարությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիշերային գրառումը, որը շատերը, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանը, որակեցին խիստ վտանգավոր քաղաքացիական բախումներ հրահրելու տեսակետից:
Նոյեմբերի 24-ին լրացավ Աբրահամյանի դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը, այդ օրից ի վեր նա այլևս ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր չէ։ Նկատենք, որ Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեռ սեպտեմբերի 25-ին, ինչպես ավելի ուշ հրապարակեց «ՍԴ նոր անդամների ընտրության հարցում սկզբունքային անհամաձայնության պատճառով», սեպտեմբերի 27-ին մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցրեց։
«Բացառապես մեկ պատճառով` պատերազմի օրերին աշխատել և իմ ունեցած լծակներն ու կարողությունները, հատկապես խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, լավագույնս կիրառել և ծառայեցնել ի շահ հայրենիքի։ Սակայն պատերազմից և զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Սա որևէ կերպ փախուստ չէ պատասխանատվությունից, ավելին` փախուստ չէ հսկայածավալ աշխատանքից, հումանիտար աղետի հետևանքները չեզոքացնելու գործում ներգրավված եմ եղել առաջին իսկ օրվանից և շարունակելու եմ` անկախ կարգավիճակից, սակայն այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում»,- արդեն նոյեմբերի 26-ին գրեց նա իր ֆեյսբուքյան էջում։
Արդեն նախկին պատգամավորը նաև հայտարարեց՝ իր գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը։
«Իմ օրակարգում իմ ընտրողների և հայրենիքի շահն է միայն»…
Լրագրող Թագուհի Թովմասյանը ևս նոյեմբերի 16-ի գիշերը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին։
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից։
Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»,-գրել էր նա իր ֆեյբուքյան էջում։
Ավելի ուշ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, հայտարարության մասին իմացել է մամուլից, դրա հաջորդ օրը մեկնել է Արցախ, հանդիպումներ ունցել, այնտեղ տեսել է միայն ցավ ու հիասթափություն։
««Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու քայլս բողոք է իմ կորսված հայրենիքի համար, անորոշության ու անկարողության համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքական որևէ օրակարգ չի սպասարկում, իր օրակարգում իր ընտրողների և հայրենիքի շահն է, որն այսօր գտնվում է վիրավոր, ծանր, վիրավորված արժանապատվությամբ ու փաստաթղթով հանձնված վիճակում։ Ավելացրեց՝ մանդատից չի հրաժարվում իր ավագ գործընկերների, հարգարժան արցախցիների խորհրդով։
Ի դեպ, դեռևս նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց իր ընտրատարածքում գտնվող Սոթքի ոսկու հանքի ճակատագրով։
«Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայքնում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով։ Ես կուզնեայի հետաքրքրվել՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ինչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, ինչու՞ եմ հարցս տալիս, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քելբաջարի շրջանում»,-ասաց պատգամավորը։ Կառավարությունից ոչ ոք չպատասխանեց նրա հարցին խոստացան գրավոր պատասխանել: Հաշվի առնելով Սոթքի հանքի տարածքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած իրադարձությունները, հարցը դեռևս լուծում չէր ստացել…
«Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր՝ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, Ոստիկանությանը պահանջում եմ գործել: Քաղաքացիներին ադրբեջանցի զինվորականների հետ մենակ մի՛ թողեք: Ահազանգեր եմ ստացել՝ ադրբեջանցիները մտել են Սոթքի ոսկու հանք ու պահանջում են կիսել: Ու՞ր է մեր պետությունը…», – ասաց պատգամավորը ԱԺ ամբիոնից:
«Եթե այս պահին անհապաղ գործուն քայլեր չենք ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը»
Նոյեմբերի 16-ի գիշերը մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Իմ քայլը» խմբակցությունից Լուսինե Բադալյանը.
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ …որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։
Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին. Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու’մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը։ Շնորհակալ եմ ըմբռնման համար»։
Նոյեմբերի 26-ի դրությամբ Լուսինե Բադալյանի անունը դեռ ընդգրկված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ցանկում: Ավելի ուշ ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանեց, որ մանդատից հրաժարվելու մասին իր գրառումը պահի տակ արված «էմոցիոնալ պոռթկում» էր …
Քննադատությանը հետևել են սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն
Ուշագրավ է, որ այս հրաժարականներին հետևեց ՄԻՊ Արման Թաթոյանի հաղորդագրությունն այն մասին, որ նրան է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:
«Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով», – հայտարարել է Արման Թաթոյանը։
«Խմբակցությունից դուրս գա՞լն է առաջնահերթ, թե՞ արցախցիների հարցերի լուծումները գտնելը»
Նոյեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Երեկվանից հայ ժողովրդին ուզում եմ դիմել մեկ խնդրանքով, եթե կարող եք ներեք ինձ, բայց չէի դիմում, քանի որ գիտակցում եմ, որ դա անհնար է ու ես անգամ ինքս ինձ չեմ ներում: Այնուամենայնիվ եթե կարող եք … Սա հուզական խոսք չէ, ես գիտակցում եմ իմ այս պահի պարտությունը, բայց չեմ հանձնվելու»։
Մի քանի օր անց NEWS.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում իր՝ խմբակցությունից դուրս գալու հիմքեր տեսնո՞ւմ է, ասաց․
«Հիմք, իհարկե, կա։ Հիմքը հայտնի փաստաթուղթն ու երևույթն է, բայց ես ուզում եմ հասկանալ՝ շարունակելո՞ւ եմ ծառայել պետությանն ու պետության խնդիրներին, թե՞ ոչ։ Իհարկե, խմբակցությունից դուրս գալ կամ չգալը չի փոխի այդ երևույթը, բայց հիմա դա՞ է առաջնահերթ խնդիրը, թե՞ շարունակել ստեղծված իրավիճակում արցախցիների տեղափոխման, տեղավորման և մնացյալ հարցերի լուծումները գտնել»։
«Չէի կարծում, որ ճիշտ է՝ մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել…»
Նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստում հայտարարվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը լքելու վերաբերյալ երկու դիմում է ներկայացվել: Դիմումների հեղինակներից մեկը Իզաբելլա Աբգարյանն էր, ով իր ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«Դեռ մայիս ամսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում: Այդ մասին տեղյակ էր թե՜ իմ թիմը, թե քաղաքապետին էի ասել, որ խնդիրներ ունեմ: Սակայն սպասում էի, որ վաղուց արված առաջարկիս քննարկմանը ներկա լինեմ, որն էլ պիտի տեղի ունենար հոկտեմբերին: Իմ խնդիրները կապված չէին ոչ քաղաքապետի, ոչ էլ իմ խմբակցության հետ: Շատ ավելի խորն էին: Չէի կարծում, որ ճիշտ է, մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել: Հեղափոխության սկզբունքներին և օրակարգին հավատարիմ եմ եղել, այդ սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում:
Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել: Պատերազմը ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել: Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող»։
«Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր»
Նոյեմբերի 16-ին ազատման դիմում ներկայացրեց նաև Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ. Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար», – հայտարարեց փոխնախարարը։
«Երկար տարիներ ծառայել եմ և ծառայելու եմ Հայրենիքիս»
Նույն օր Անվտանգության խորհրդի գրասենյակի Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ Աշխեն Բեգլարյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան իր էջում: «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետի պաշտոնից… Երկար տարիներ ծառայել եմ և ծառայելու եմ Հայրենիքիս…»,-գրել է նա։
«Նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, բայց…»
Նոյեմբերի 10-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն, իր խոսքով, հրաժարականի դիմում է գրել։ Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:
«Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Նարինե Խաչատուրյանը։
***
Նշենք, որ ինքնակամ հրաժարականների հետ մեկտեղ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորների հարց ու պատասխանից հետո գործադիրում սկիզբ առան նոր պաշտոնանկություններ։ Հենց ելույթի ընթացքում հրաժարականի դիմումի մասին հայտարարեց ԱԳ նախարարը, փոխվեցին Պաշտպանության, ԱԻ, ԿԳՄՍ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, նրանց հետևեցին նաև փոխնախարարները։
Այսպես, գործադիրում միակ կին նախարարը՝ Զարուհի Բաթոյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց պատոնից, առաջարկությունը վարչապետինն էր։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց վարչապետի արդեն նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվեց Նաիրա Մարգարյանը։
Հրաժարական տված, պաշտոնից ազատված նախարարների հետ հեռացան նաև նրանց մամուլի խոսնալները՝ պատերազմի ու հաջորդող օրերին 24 ժամյա գրաֆիկով աշխատող ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, հեռացան նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Հաշվի առնելով պատերազմից ու հատկապես եռակողմ հայտարարության ստորագրումից հետո երկրում ստեղծված սոցիալական, հումանիտար, տնտեսական, քաղաքական, անվտանգության ու այլ խնդիրները՝ կադրային փոփոխությունները կշարունակվեն։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1410