Կանայք ավելի արդյունավետ են աշխատանքի վայրում, քան տղամարդիկ. հետազոտության տվյալներ
Աշխատավայրում կանանց ու տղամարդկանց արդյունավետության մասին վերջերս Hive հարթակի կողմից իրականացված հետազոտության հեղինակները պնդում են, որ գրասենյակներում կանայք 10 տոկոսով ավելի շատ աշխատանք են կատարում քան տղամարդիկ։ Դրա հետ մեկտեղ փաստում են, որ գոյություն ունի այսպես կոչված “pink tax” («վարդագույն հարկ») հասկացությունը, երբ կինը տղամարդու կատարած նույն աշխատանքի համար վճարվում է 81.8 տոկոսով։ Բացի այդ, ղեկավար պաշտոններում կանանց ոչ լիարժեք ներկայացվածությունը դեռևս մտահոգվելու առիթ է տալիս:
Hive-ն օնլայն պլատֆորմ է, որն աշխատում է խոշոր ընկերությունների հետ: Նրանց հաստիքացուցակները վերլուծելու միջոցով, Hive – ը փորձել է պարզել, թե ինչպես է փոխվել գենդերային իրավիճակն այդ ընկերություններում։ Հետազոտողները կարողացել են անանուն տեղեկատվություն ստանալ 3 հազար կին և տղամարդ աշխատակիցներից, և նախորդ տարվա վերջին հրապարակել են վերլուծության արդյունքները՝ ներկայացնելով դրանք Աշխատատեղերում գենդերային իրավիճակի վերաբերյալ զեկույցում: Այն հետաքրքիր մի քանի տվյալներ և դիտարկումներ է պարունակում։
Ու՞մ արտադրողականությունն է ավելի բարձր` տղամարդկանց թե կանանց
Ըստ Hive- ի, այսօրվա գրասենյակներում կանայք աշխատում են տղամարդկանցից 10 տոկոսով ավելի: Այս եզրակացությունը հիմնված է երկու այլ փաստի վրա: Նախ, և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ըստ էության, կատարում են իրենց հանձնարարված աշխատանքների 66 տոկոսը: Այնուամենայնիվ, կանանց հանձնարարվում է 10 տոկոսով ավելի աշխատանք, քան տղամարդկանց, և այն, որ նրանք հասնում են կատարողականության նույն արդյունքին, վկայում է , որ նրանք ավելի աշխատասեր են:
«Կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում այնպիսի առաջադրանքների վրա, որոնք չեն նպաստում իրենց առաջխաղացմանը: Դրանք ցանկացած բնույթի հանձնարարություններ են, որոնք ձեռնտու են կազմակերպության համար, բայց չեն նպաստում նրանց մասնագիտական առաջընթացին»: Այլ կերպ ասած, հիմնականում այնպիսի գործեր են, որոնք տղամարդիկ չեն ուզում անել, և կազմակերպությունները հանձնարարում են կանանց:
«Կանայք աշխատավայրում ավելի շատ են խոսում, բայց ավելի արդյունավետ աշխատում»
Կալիֆորնիայի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ զրույցը զգալիորեն խաթարում է աշխատանքային օրը, քանի որ միջինը մոտ 25 րոպե անհրաժեշտ նման ընդհատումից հետո աշխատանքային պրոցեսին վերադառնալու համար: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ զրույցը հանգեցնում է արտադրողականության կրճատման:
Hive-ի հետաքրքիր բացահայտումներից մեկի համաձայն, կանայք աշխատավայրում ավելի շատ են զրուցում կամ շփվում չատերում (20 տոկոսով), քան տղամարդիկ, սակայն, հաշվի առնելով այն, որ նրանք կատարում են 10 տոկոսով ավելի շատ գործարքներ, զրուցելը կարծես թե նրանց արտադրողականության վրա չի ազդում: Բացի այդ հետազոտողները պարզել են, որ խմբակային շփումներում և չատերոմ տղամարդիկ ավելի ակտիվ են:
Hive-ի հետազոտության մեկ այլ տվյալի համաձայն, տղամարդիկ «շնորհակալություն» են ասում ավելի շատ, քան կանայք, «ներողություն» նույնքան, ինչ կանայք։
Արդյո՞ք հանգստյան օրերին աշխատանքն ավելի արդյունավետ է
Ընդունված է մտածել, որ հանգստյան օրերին աշխատելը շատ արդյունավետ է, ինչը պայմանավորված է աշխատանքից շեղող հանգամանքների բացակայությամբ: Հետազոտությունը ժխտում է այդ պնդումը: Տղամարդիկ հանգստյան օրերին ավելի շատ են աշխատում, քան կանայք։ Սակայն նրանք շաբաթվա ընթացքում ավելի քիչ աշխատանք են կատարում, քան կանայք։ Ըստ հետազոտության տվյալների, հանգստյան օրերին աշխատում են կանանց 3.59 տոկոսը, տղամարդկանց՝ 4.07 տոկոսը։
Ուշագրավ է, որ հետազոտության հեղինակները վերլուծել են նաև, թե որ ժամերին են կին և տղամարդ աշխատակիցներն ավելի արդյունավետ աշխատում։ Լինում են ժամեր, երբ նրանց արտադրողականությունը հավասարվում է։ Օրինակ, առավոտյան ժամը 10-ին առավել արդյունավետ են կին աշխատակիցները, ժամը 11-ին՝ տղամարդ աշխատակիցները, ժամը 14։00-ին նրանց արդյունավետությունը միևնույն մակարդակի վրա է։
Եվ վերջապես, թե տղամարդկանց, թե կանանց համար վատ է, երբ աշխատակիցների գոնե 20 տոկոսը հակառակ սեռի ներկայացուցիչներ չեն։ Հակառակ սեռի աշխատակիցների ներկայության արդյունքում մի փոքր լարվածությունը միշտ սթափ է պահում ու չի թողնում հարմարավետ դարձնել աշխատավայրն կողմնակի զբաղմունքների համար, այդպիսով նպաստում է նաև մասնագիտական առաջընթացին, փաստում են հետազոտության տվյալները։
Աղբյուրը՝ World Economic Forum
Դիտումների քանակը` 1934