Հերմինե Մկրտչյան.«Ուժեղ, համառ, պայքարող, վճռական կանայք  կարող են փոփոխություններ բերել քաղաքականության մեջ»

WomenNet.am-ի զրուցակիցն է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության կողմից առաջադրված Հերմինե Մկրտչյանը: Նա կուսակցության համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականում է,ցուցակի առաջին կին թեկնածուն է: Tարածքային ցուցակով առաջադրվել է Շիրակի թիվ 11 ընտրատարածքում: Քաղաքականություն է մտնում լրագրությունից՝ գտնելով, որ եկել է ժամանակը դառնալ այն խնդիրների լուծման անմիջական մասնակիցը, ինչի մասին տարիներ ի վեր որպես լրագրող բարձրաձայնել է:

 

 

Հերմինե Մկրտչյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 8-ին՝ Գյումրիում: Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ սոցիալական մանկավարժություն մասնագիտացմամբ: 2007 թ.-ից աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում մինչև 2018 թվականի հունիսի 25 –ը: 2016-ին առաջադրվել է Գյումրու ավագանու անդամի թեկնածու «Գալա» կուսակցության կողմից: 2018 -ի սեպտեմբերից «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատուն է:

 

 

Ինչո՞ւ որոշեցիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում որպես թեկնածու առաջադրվել:

 

-Առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու, որպեսզի իմ անմիջական մասնակցությունը բերեմ երկրում առկա խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների մասին տարիներ ի վեր որպես լրագրող խոսել ու բարձրաձայնել եմ , հիմա կարծում եմ ժամանակն է, որպեսզի դրանց լուծման անմիջական մասնակիցը դառնամ:

 

 

Այս  ընտրություններին  առաջադրվելը Ձեր առաջի՞ն քայլն է քաղաքականության մեջ, եւ ընտրվելու   դեպքում առաջնահերթ ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու:

 

-Խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ եմ առաջադրվում որպես թեկնածու, իսկ 2016 թվականի հոկտեմբերին մասնակցել եմ Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ առաջադրվեով ավագանու թեկնածու: Այս պահին ինչ-որ խնդիրներ չեմ ցանկանում առանձնացնել, քանի որ ընտրվելու դեպքում ոչ միայն դրանց բարձրաձայնմամբ , այլ նաև լուծմամբ պետք է զբաղվել: 

 

 

Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակով:

 

-Կուսակցություն է ֆորմալ առումով, իրականում այն համահայկական, համազգային  շարժում է, որն իր շուրջն է համախմբում գաղափարական, սկզբունքային , հայրենասեր մարդկանց, բոլոր նրանց, ովքեր իսկական պետություն կերտելու հարցում իրենց ներդրումը կարող են ունենալ: Կարծում եմ սա է Ձեր հարցի պատասխանը, թե ինչու եմ ընդգրկվել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակում:

 

 

Որպես կին թեկնածու ի՞նչ խնդիրներ եք տեսնում մեր երկրում եւ խորհրդարանում հայտնվելու դեպքում ինչպիսի՞ հարցեր եք բարձրացնելու, որոնք  առնչվում են հատկապես կանանց, երեխաներին: Պատրա՞ստ եք կանանց շահերը պաշտպանելու

 

– Պաշտպանելու եմ ՀՀ քաղաքացու շահը, և խորհրդարանում հայտնվելու դեպքում էլ բարձրացնելու եմ քաղաքացուն հուզող ցանկացած հարց՝ առաջարկելով նաև լուծման ուղիներ: Խնդիրը շատ են, դրանց մենք առնչվում ենք  ամեն քայլափոխի, և որոնց մասին շատ երկար կարելի է խոսել, կարծում եմ  դրանց անդրադառնալու առիթներ կլինեն: 

 

 

Ի՞նչ եք կարծում, կանանց ներգրավվածությունը  քաղաքականության մեջ որքանո՞վ կնպաստի երկրում առկա խնդրիների լուծմանը:

 

– Ցավոք մեր իրականությունում կա նման մի կարծիք, թե կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են և, որ նրանք օրինակ կարող են լինել լավ տնային տնտեսուհիներ , բայց  ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ: Ես այլ կարծիքի եմ. ուժեղ, համառ, պայքարող, վճռական կանայք  կարող են իրենց նպաստը բերել երկրի կարևորագույն հարցերի լուծմանը: Նրանք  կարող են  նաև  էական որակական փոփոխոություններ բերել քաղաքականության մեջ, իհարկե, խոսքս սկզբունքայնությունն ու երկրի շահը առաջնահերթություն համարող կանանց մասին է, որոնց համար հայրենասիրության զգացումն առաջին պլանում է:

 

 

Ինչպես եք գնահատում ձեր կուսակցության շանսերը, հատկապես, որ «Սասնա ծռերը» հասարակությանը հայտնի դարձան ավելի շատ ՊՊԾ գնդի գրավման քայլով

 

-Քաղաքացիների կողմից  օրեցօր մեծացող աջակցությունը ցույց է տալիս, որ մարդիկ մեծ հույսեր են կապում քաղաքական այս ուժի հետ, ուստի կարծում եմ, որ «Սասնա Ծռերը» պատշաճ ներկայացվածություն կունենան խորհրդարանում: 

 

 

Լուսինե Կարապետյան

 

Դիտումների քանակը` 1630

Գլխավոր էջ