Հելեն Առաքելյան. Գույնզգույն թիթեռներով վիրավոր զինվորներին բուժող կինը

Արցախի  պատերազմում կրած պարտության հետևանքները, հայրենիքի կորուստները մեղմելու, վիրավոր զինծառայողներին ինչ-որ բանով օգնելու մղումն այս տարի՝ Սուրբ ծննդյան օրը Հայաստան բերեցին Հելեն Առաքելյանին։

 

 

Չնայած առողջական խնդիրներին, բժշկի հորդորներին, 1995-ից ամերիկյան Լոս Անջելես քաղաքում ընտանիքի հետ բնակություն հաստատած տիկինը թողել է դպրոցում անգելերենի ուսուցչի աշխատանքը, որդիներին, մեկամյա թոռնիկին, սեփական միջոցներով ու գաղափարներով եկել Երևան։

 

Նա հիմա Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի կրթական ծրագրերից մեկն է  ղեկավարում։ Պատերազմում վիրավորում ստացած տղաներից՝ Հենրիկը, Հայկը,  Գևորգը, Պետրոսը, Վարդանը, Սեյրանը… թիթեռներից կոմպոզիցիաներ են պատրաստում, գովազդում, նաև վաճառում՝  գումարները տրամադրելով վերականգնողական կենտրոնին։

 

 

Նախատեսում են ապրիլի 3-ին ցուցահանդես կազմակերպել, հույս ունեն՝ համավարակն ու նոր սահմանափակումները չեն խանգարի իրենց։

 

Թիթեռները Հելեն Առաքելյանը ձեռք է բերում սեփական միջոցներով՝ հիմնականում Կանադայի, Լատինական Ամերիկայի, Մեքսիկայի բուծարաններից, դրանք այստեղ մշակվում են,  հատուկ սոսինձով ամրացվում խնձորենու, տանձենու, կեռասենու, յասամանի հղկված,լաքապտաված ճյուղերի վրա, դառնում արվեստի բացառիկ գործեր: Գեղեցիկ կոմպոզիցիաների վրա աշխատելիս տղաները վերանում են առօրյայից, մոռանում պատերազմում տեսածը։

 

 

«Երբեմն թիթեռները վնասվում են, տղաները չեն ուզում գցել, ասում են՝ մեզ նման վիրավոր են, պետք է օգտագործենք, փորձենք բուժել իրենց: Այս տղաները վերարժևորում են ամեն ինչ»,-նշում է Հելեն Առաքելյանը։

 

Վիրավոր տղաներին նոր մասնագիտություն սովորեցնելու ու կյանքում իրենց աշխատանքով գումար վաստակելու, նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան եկած Հելեն Առաքելյանի հետ զրուցել է WomenNet.am-ը։

 

 

-Տիկին Հելեն, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ ու օգնել պատերազմի հետևանքով ճգնաժամային իրավիճակում գտնվող հայրենիքին։

 

-Օգնելու մտադրությունն ու պատրասատակամությունը միշտ է եղել։ Ես գրեթե 30 տարի  մանկավարժ եմ աշխատել, Հայաստանում ռուսաց լեզու էի դասավանդում, ԱՄՆ-ում՝ անգլերեն, այդ ընթացքում միշտ փորձել եմ հայրենասիրություն սերմանել երեխաների մեջ։ Իմ կարծիքով հայրենասիրությունը սկսվում է այն բանից, երբ դու անում ես լավագույնը նախ դպրոցում, ապա համալսարանում, այսինքն եթե դու քեզ պատրաստում ես հասարակության համար լավագույն մեկին, դա արդեն հայրենասիրություն է։

 

 

Պատերազմի երկրորդ օրն արդեն ուզում էի գալ Հայաստան։ Ավագ որդիս ասաց՝ մամա, արի լավ մտածենք, այստեղ դու կարող ես ավելի օգտակար աշխատանք կատարել։ Ճիշտ էր ասում տղաս, որովհետև այդ օրերին թիկունքում աշխատանքը շատ կարևոր էր, այդ բողոքի ակցիաները, հանգանակությունների կազմակերպմանն աջակցելը։

 

 

Ես գիտեմ, որ օգնությունների տրամադրման հետ կապած անարդար բաներ են եղել, բայց գիտեք, ի տարբերություն շատերի, որոնք վիրավորվեցին, վրդովեցին անարդար բաներ տեսնելուց, ես ասացի՝ իրավունք չունենք նեղանալու հայրենիքից ու հատկապես զինվորից, որի շնորհիվ ունենք այս հայրենիքը։ Հիմա շատերն ասում են՝ անհարմար ենք զգում, որ հայ ենք, բայց ես այդ տեսակը չեմ, ես ումի՞ց վիրավորվեմ, զինվորի՞ց, որ իր կյանքը նվիրեց հայրենիքին, որի լավագույն տարիներն անցնում են դժոխային ցավերի մեջ։ Դուք պետք է տեսնեք, թե ինչպես են նրանք դեղերը խմում ու վերադառնում թիթեռների հետ աշխատանքին։

 

 

Երբ ավարտվեց պատերազմը, կրկին ասեցի՝ Հայաստան եմ ուզում գնալ։ Ավագ որդիս, որ իմ պահապան հրեշտակն է, ասաց՝ մամա, գուցե սպասե՞ս։ Ասացի՝ չեմ կարող չգնալ, պետք է գնամ։ Հետո իմ բժիշկը ոչ մի կերպ թույլ չէր տալիս ձմռանը տեղափոխվել, ես ասացի՝ պարտք ունեմ, ուզում եմ իմ բաժին պարտքը կատարել։

 

 

Չգիտեմ, ինչքան կմնամ Հայաստանում, այս պահին նույնիսկ բարոյական իրավունք ինձ չեմ վերապահում մտածել վերադառնալու մասին։ Կսպասեմ մինչև տղաները ոտքի կանգնեն։ Երբ ես եկա, նրանցից մեկը հենակներով էր քայլում, մյուսները սայլակաների վրա էին։ Հիմա հենակներով տղան առանց հենակների է քայլում։ Ես տղաներին ծանոթացրել եմ իմ մեկամյա թոռնուհու հետ։ Նրանք կատակում են՝ տիկին Հելեն, կգնաք Անիի հարսանիքին ու կվերադառնաք (ծիծաղում է)։ Մենք շատ ենք կապվել միմյանց հետ։

 

-Ինչպե՞ս որոշեցիք վիրավոր տղաներին «ծանոթացնել» գույնզգույն թիթեռների հետ։

 

-Իսկական թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստելն իմ հոբբին է։ Ես մտածեցի, քանի որ մատների վրա նյարդային շատ հանգույցներ կան, այն կօգնի տղաներին, ստեղծագործական աշխատանքն էլ նրանց հոգիները կբուժի։ Այդ աշխատանքում դու կարող ես մոռանալ և անցյալը, և հուշերը, և վատ հիշողությունները։ Գեղեցիկը բուժիչ է։ Իմ  գաղափարի մասին իմանալով ծանոթներս զարմանում էին՝ արհավիրքով անցած զինվո՞ր ու թիթե՞ռ։ Բայց ես հավատում էի դրա հաջողությանը։ Մարդիկ եթե այդքան կամք են ունեցել ու անցել են արհավիրքի միջով, նրանք կամք կգտնեն ու կկատարեն այդ մանրակրկիտ աշխատանքը։ Ինձ հավատացին, վստահեցին։ Սկզբում երկու տղաներ մոտեցան ինձ, հետո դարձան չորս, հիմա խմբում արդեն ութ տղա են, և ավելանում են։ Մեկը զբաղվում է հրավիրատոմսերով, մեկը ցուցահանդեսի էջն է վարում։ Փառք ու պատիվ իմ տղաներին, նրանց որոշմամբ, այդ գումարները տրամադրվելու են կենտրոնին։ Նախանձելի տղաներ ունենք, ինչպես ռազմի դաշտում է նրանց ոգին բարձր եղել, այնպես էլ հիմա։ Իրենց շատ դժվար է տրվում այս ամեն ինչը, բայց պարտաճանաչ, հաճույքով ու ձգտումով են անում ստեղծագործական աշխատանքը։ Նրանք ասում են՝ թիթեռներն իրենց ավելի շատ են օգնում, քան թերապիաները։ Ասում են՝ մենք այստեղ հիվանդ չենք, առողջանում ենք։ Նրանց միտքը, օրը լցվում է գեղեցիկով։ Նրանք շարունակում են օգտակար լինել, մաքառել։ Չեն ասում՝ մենք սայլակի վրա ենք, ի՞նչ եք ուզում մեզանից։ Սա հայրենասիրություն է։ Ես հայրենիք հասա շատ կոտրված, բայց հիմա ես ուժեղ եմ։ Նրանք ինձ ուժ են տալիս։ Երբ ժպտում են, ես երջանկանում եմ։

 

-Թիթեռները պահանջարկ ունե՞ն։

 

-Այո իհարկե։ Ես՝ որպես ուսուցիչ նախ կատարեցի իմ տնային աշխատանքները, գտա թիթեռները, սոսինձը, հետո նուրբ օրգանական ապակի արտադրողի, փայտե շրջանականեր պատրաստողի…Փառք ու պատիվ նրանց, որակյալ աշխատանք են անում։ Շատ կարևոր է, որ համավարակի շրջանում փոքր բիզնեսն էլ աշխատի։ Ինձ շատ է ուրախացնում, որ այս նախաձեռնությունն օգնում է  ոչ միայն զինվորների, այլև այլ արտադրողների։

 

 

Մեր տղաներն այնքան բարձր գեղագիտական ճաշակ ունեն, որ հրաշալի նմուշներ են պատրաստվում։ Ես խնդրել եմ, որ տղաներին էլ փայտե շրջանակ պատրաստել սովորեցնեն։ Իմ նպատակն այն է, որ տղաներն ապագայում էլ կարողանան այս աշխատանքով զբաղվել։

 

 

Արդեն վաճառել ենք թիթեռներ։ Օրինակ, մի մարդ Նորվեգիայից 1000 դոլար գումար էր ուղարկել, խնդրել երկու կոմպոզիցիա։ ԱՄՆ-ում Buy Armenian նախաձեռնությունն է շատ հետաքրքրված։ Քանի որ մենք պատրաստվում ենք ցուցահանդեսի, որը նվիրված է լինելու տարվա մարդուն՝ զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող, վիրավոր զինվորների մայրերին, ցուցանմուշները շատ վաճառել չենք ցանկանում։ Մենք մտադիր ենք այս տարվա մայիսին ցուցահանդես  կազմակերպել նաև ԱՄՆ-ում, ցանկանում ենք  առցանց վաճառք իրականացնել։

 

-Տիկին Հելեն, դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, դասավանդել եք անգլերեն, Ձեր խոսքում ոչ մի օտար բառ չօգտագործեցիք։

 

-Գիտե՞ք, ես գուցե մտածում եմ անգլերեն, բայց երբեք չեմ օգտագործում ոչ ռուսերեն, ոչ անգլերեն բառեր իմ հայերեն խոսքում։ Հիմա կենտրոնի մեր խմբում իրականացնում ենք «100 դրամ՝ ոչ ճիշտ բառ օգտագործելու համար» նախագիծը։ Օտար կամ ոչ ճիշտ բառ օգտագործողները տուգանվում են։ Ես արդեն տուգանվել եմ 1000 դրամով (ծիծաղում է): Մենք լեզվապահպանության խնդիր ունենք Հայաստանում, աղավաղված խոսք ունենք, չգիտեմ՝ ի՞նչ ենք ժառանգելու մեր սերունդներին։ Մենք մտադիր ենք այս շարժումը տարածել ողջ կենտրոնում, հետագայում ինչու ոչ նաև Հայաստանում։

 

 Հ. Կարապետյան

 

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1296

Գլխավոր էջ