Հելլեն Երեմյան. «ճանաչել ու սիրել հայրենիքը»

Հզոր և պաշտպանված հայրենիք ունենալու համար պետք է ճանաչել այն, -համոզված է Հելլեն Երեմյանը: Հայրենիքի հանդեպ  սերն ու նվիրվածությունը  Հելլենի համար մի շարք գաղափարների հիմք են հանդիսացել, որոնց մի մասն արդեն իրականություն է դարձել, մեծ հետաքրքրություն առաջացնելով թե փոքրերի, թե մեծահասակների շրջանում:

 

 

Այդ գաղափարների շուրջ WomenNet.am-ը զրուցեց Հելլեն Երեմյանի հետ, ով երկար տարիներ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում աշխատել է որպես գիդ-էքսկուրսավար, իսկ այսօր համագործակցում է «Տիր-Ար թրավել» ընկերության հետ՝ Հայաստանի տեսարժան վայրեր այցելող զբոսաշրջիկներին, նաև մեր հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի պատմությունը:

 

-Ինձ շատ է դուր գալիս իմ մասնագիտությունը, որը հայրենիքի տեսարժան վայրեր շրջագայելու մեծ հնարավորություն է տալիս, ավելի խորությամբ ես ճանաչում հայրենի բնաշխարհը, երկրի պատմությունը, հիանում, սիրում ու կապվում ես հայրենի հողին:

 

 

Առավել ևս հաճելի է, երբ իմացածդ փոխանցում ես զբոսաշրջիկին, պատասխանում նրա հարցերին, ներկայացնում այս կամ այն հուշարձանի մասին ավելին, քան կարող է նա իմանալ: Շրջագայության ընթացքում ինքս էլ սկսեցի ավելի մանրակրկիտ  ուսումնասիրել հուշարձանները, խաչքարերը, վանքերն ու եկեղեցիները, քարանձավները, լճերը, գետերը…: Ու որքան շատ տեղեկություններ էի հավաքում, այնքան բազմաճյուղ էր դառնում տուրերի ուղղությունները և, անշուշտ դառնում ավելի հետաքրքիր:

 

 

Շրջագայության ընթացքում սկսեցի մտածել հայրենի բնաշխարհը երեխաներին, ինչու չէ նաև մեծահասակներին խաղի ձևով ներկայացնելու գաղափարի շուրջ: Գուցե հենց այդ պահին ծնվեց հայրենաճանաչողության թեմայով խաղեր ստեղծելու գաղափարը:

 

 

Խաղը կյանքի մոդել է, որի միջոցով, հատկապես երեխաներին տրվում է հնարավորություն միաժամանակ ուսանել, խաղալ և ճանաչել սեփական արժեքները: Խաղը կոչվում է «Հայոց աշխարհի վանքերն ու եկեղեցիները»: Ի դեպ, այս խաղում ներառված են ոչ միայն Հայաստանի, այլև Արևմտյան Հայաստանի և Արցախի վանքերն ու եկեղեցիները: Խաղը կարևոր է  նրանով, որ նպաստում է  ճանաչել հայրենի ժառանգությունը, եթե անգամ  հնարավոր չի եղել այցելել, ապա իմանալը պարտադիր է: Մենք  կորցրել ենք  պատմական  հայրենիք, որտեղ բազմաթիվ մշակութային ավերված կոթողներ են  մնացել: Ու կարծում եմ,  որ  յուրաքանչյուր  հայ դպրոցական,  երիտասարդ,  պարզապես  հայ  մարդ պարտավոր է  ծանոթանալ  դրանց: Արցախյան  երկրորդ  պատերազմի  հետևանքով  մենք  կորցրել ենք Արցախի  մի զգալի  հատված իր մշակութային  ժառանգության՝ եկեղեցիների,  վանքերի հետ միասին: Հայտնի չէ,  ներկա սերնդին  բախտ կվիճակվի արդյոք տեսնել դրանք: Իսկ այս  խաղի  միջոցով գոնե կծանոթանան Արցախի մշակութային կոթողներին՝ սրտում ունենալով կորցրածը հետ  վերադարձնելու փափագը:

 

 

– Կներկայացնե ՞ք խաղը…

 

-Խաղն ունի 130 քարտ՝ պատկերներով, 30 հարցից բաղկացած երկլեզու հարցաշար, տեղանուններով  քարտեր: Խաղի ընթացքում մասնակիցը պետք է գուշակի սեղանին փռված քարտերի երեսին պատկերված հուշարձանը՝ եկեղեցին կամ վանքը: Քարտի դարձերեսին ներկայացված է տվյալ հուշարձանի մասին համառոտ  տեղեկություն: Այս խաղը կարող են խաղալ խմբով, նաև երկու-երեք հոգով:

 

 

Խաղը որպես օժանդակ նյութ ներառված է դպրոցական ծրագրում: Համագործակցում եմ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Նոր- Հաճնի դպրոցների հետ: Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում կազմակերպում եմ խաղ-դասեր: Իհարկե, սկզբում մտավախություն ունեի, որ նրանց գուցե շատ չհետաքրքրի, սակայն իրենց ակտիվ մասնակցությունը փարատեց մտավախությունս:

 

 

Մեկ այլ խաղը՝ լոտոյի սկզբունքով եմ ստեղծել ,  կոչվում է «Ծովից ծով»: Այս խաղում դարձյալ ներառված են Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Արցախի  քարանձավները, ջրվեժները, լճերն ու գետերը, ամրոցները: Նշված վայրերից շատերն այցելել եմ, դրանց լուսանկարներից շատերն ինքս եմ արել, մի մասն էլ օգտվել եմ պրոֆեսիոնալ լուսանկարիչների գործերից:

 

Ի դեպ, «Ծովից ծով» խաղի հեղինակային իրավունքը ձեռք բերելուց հետո այն արժանացավ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի հավանությանը, որի միջոցով էլ պատկառելի մի խմբաքանակ ուղարկվել է սփյուռքի դպրոցներ:

 

Ասեմ, որ իմ երկու խաղերի  հանդեպ  հետաքրքրությունը մեծացավ հատկապես  COVID-19 համավարակի պատճառով  պարտադրված ինքնամեկուսացման շրջանում: Օրեր, անգամ  ամիսներ տանը  փակված  փոքրերն ու մեծերը սիրով  խաղում էին և հիմա էլ  խաղում են այս  խաղերով, արդյունքում  կանխելով  ոչ միայն վարակի  տարածումը, այլև ընդլայնում մշակութային  գիտելիքների շրջանակը:

 

 

-Ուրիշ ի՞նչ գաղափարներ ունեք և հաջողվե՞լ է դրանք իրականացնել  … 

 

 

-Իմ հաջորդ գաղափարը, որն իրողություն եմ դարձրել, արևմտահայերեն հեքիաթների գրքի հրատարակումն է: Արևմտահայերեն հեքիաթների գրքեր մեզ մոտ գրեթե չկան, եղածն էլ սահմանափակ է, ես շատ եմ շփվում սփյուռքահայերի հետ, նրանք շատ հաճախ են մասնակցում տուրերի, և հաճախ դժգոհում, որ արևելահայերենով կարդալու հետ խնդիրներ ունեն, շատ բառեր չեն հասկանում: Ցանկացա ստեղծել արևմտահայերեն հեքիաթների գիրք, որը սփյուռքահայ երեխաները սիրով կկարդան: Գրքի բոլոր էջերը պատկերազարդված են մանրանկարչությամբ, թռչնագիր տառերով, որոնց  հեղինակը  Մատենադարանի գիտաշխատող Սուսաննա Կիրակոսյանն է:

 

Աշխատանքի մեջ առանց սեր ներդնելու հնարավոր չէ, հետևաբար ամեն մանրուքի  մեծ ուշադրություն եմ դարձնում. սկսած նյութի ընտրությունից, թղթի գույնից և որակից, ամեն ինչ պետք է կատարյալ լինի: «Արևմտահայերեն հեքիաթներ« գրքում Հովհ. Թումանյանի որոշ հեքիաթներից բացի ներառված են նաև 1914 թվականին Պոլսում հրատարակված մի քանի հեքիաթներ ևս: Այս գիրքը ևս հասանելի դարձավ  աշխարհասփյուռ մեր երեխաներին:

 

 

Ցանկանում եմ խաղերի տարբերակով հանրությանը ներկայացնել նաև այլ նախագծեր՝ հին հայկական հանելուկների , հայկական ճաշատեսակների և շատ այլ թեմաների միջոցով: Վերջինիս հարցով խորհրդակցում եմ հայ անվանի խոհարարների հետ, ուսումնասիրում մեր ներկա և պատմական բնակավայրերի ավանդական ճաշատեսակները: Այժմ զբաղված եմ այդ գաղափարների իրագործմամբ:

 

 

– Կարծում եք հեքիաթներն ու խաղերը բավակա ՞ն են հայրենիքը սիրելու համար…

 

 

-Համոզված եմ, որ նաև դրանց շնորհիվ է հայրենիքը դառնում սիրելի: Եթե չճանաչես երկիրդ, չիմանաս նրա պատմությունը, սրտացավ չինես հուշակոթողի, խաչքարի, ամեն թիզ հողակտորի համար, չես կարող այն պահպանել և պաշտպանել: Զինվորին հերոսության մղողն այդ թիզ հողի հանդեպ ունեցած սերն է, դրանում համոզվել ենք բոլոր նախկին և արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Հարկավոր է սիրել ու ճանաչել հայրենիքը, ինչին միտված են իմ գաղափարները: Իսկ ինչ վերաբերում է խաղին ու հեքիաթին, ապա  դրանք հարստացնում են երևակայությունը, բացահայտում սեփական  հնարավորություններն ու գիտելիքների պաշարը, առաջացնում հայրենի բնաշխարհին ու նրա պատմությանն առավել ծանոթանալու, ավելին տեսնելու և զգալու ցանկություն…

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Դիտումների քանակը` 2196

Գլխավոր էջ