Հայկուհի Օրուջյան. «Ուժեղ լինելն այսօր անհրաժեշտություն է ոչ միայն տղամարդկանց, այլև՝ կանանց համար»…
31-ամյա Հայկուհի Օրուջյանը 2020 թվականից Հայաստանում գործող Օqni պրոթեզավորման ծառայություններ առաջարկող նորարարական կազմակերպության համահիմնադիրն է: Օqni-ն վերջերս հաղթող է ճանաչվել FemInno կանանց նորարարական միջազգային մրցույթում, կիսելով մրցանակային տեղը MiCoFe ընկերության հետ:
Հայկուհին ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Նա աշխատել է որպես կլինիկական և դատաբժշկական հոգեբան, այնուհետև մասնագիտացել է արհեստական բանականության խորհրդատվության մեջ Microsoft-ում:
2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից հետո Ֆրանսիայից Հայաստան վերադարձած Հայկուհուն վերջին երկու տարվա ընթացքում հաջողվել է ոչ միայն համահիմնադրել Օqni կազմակերպությունը ( համահիմնադիր և գործադիր տնօրեն ՝ Հայկ Բագրատյանց) , այլև հավաքագրել առողջ թիմ ու առաջարկել վերջույթների պրոթեզավորման եզակի, նորարարական մոտեցում Հայաստանում:
Ասում է՝ Հայաստանում նման նախաձեռնության մեկնարկն ուներ մեկ գերնպատակ՝ սիրտ ու հոգի դնել՝ պրոթեզավորման խնդիր ունեցողների համար ապրելն ավելի դյուրին դարձնելու ու երկրին օգտակար լինելու համար:
Oqni կազմակերպության առաքելությունն է զարգացնել Հայաստանում հոգեկան և ֆիզիկական առողջության առաջադեմ լուծումներն և բիոնիկան՝ առաջնորդվելով ամբողջական մոտեցմամբ, որը կենտրոնանում է օգնության կարիք ունեցող անձանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հզորացման վրա:
Հայկուհու՝ Հայաստան վերադառնալու որոշումն ընտանիքն ընդունել է մտավախության ու անհանգստության մեծ չափաբաժնով:
«Վախենում էին, որ ինձ համար դժվար կլինի Հայաստանում ապրելը: Դրսում մենք այլ ձևով ենք մեծացել: Ես ինքս իմ տեսակով տարբերվող եմ. մարմնիս, ձեռքերիս վրա շատ-շատ տատուներ կան, սիրում եմ բարձր խոսել…,- պատմում է Հայկուհին, շեշտելով՝ ինքը, սակայն, մեկ ցանկություն ուներ. տեղափոխվել Հայաստան ու կարևոր չէր, կյանքն այստեղ ավելի դժվար կլինի, թե՝ ոչ,- ամեն երկիր իր դժվարություններն ունի, բայց սա գոնե մեր երկիրն է»:
Հայաստան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց հասկացել է՝ Հայաստանում ապրելն, իրոք, դժվար է հատկապես տարբերվող կանանց համար: Ասում է, «Հայաստանում դժվար է կին լինելը, դժվար է ամենատարբեր առումներով»:
«Այստեղ շատ արագ հասկացա, որ բարձր խոսելն ու ողջ մարմնիս վրա տատուներ ունենալը չի օգնում գործին,- կես կատակ, կես լուրջ ասում է Հայկուհին,- սկզբնական շրջանում շատ էի զարմանում ու զայրանում, երբ անընդհատ նայում էին մարմնիս դաջվածքներին, երբեմն նույնիսկ մոտենում, հարցում՝ ի՞նչ է գրված: Կանայք հիմնականում ժպիտով են նայում, շատերն ասում են՝ ես էլ եմ սիրում դաջվածքներ անել: Տղամարդիկ ավելի զգուշավոր են… »:
Առօրյայում հանդիպող կարծրատիպային մոտեցումների մասին խոելիս, Հայկուհին հիշում է տաքսի ծառայությունից օգտվելուց հետո այդ ընկերությունների որոշ վարորդների անընդունելի վարքը ՝ նրանց կողմից ծանոթանալու նպատակով պարբերաբար ուղարկվող հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Նկատում է՝ Ֆրանսիայում նման բան անեն, տվյալ վարորդին վարորդական իրավունքից կզրկեն:
Ֆրանսիայում մասնագիտական՝ հոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրելուց զատ Հայկուհին ակտիվորեն ներգրավված է եղել նաև կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանն ուղղված բազմաթիվ նախագծերում:
Ի դեպ, կազմակերպության ղեկավարների, ինժեներների և, այսպես կոչված, «դեսպանների» կազմը գրեթե հավասար թվով կանանցից և տղամարդկանցից է համալրված:
Ասում է՝ Հայաստանում գենդերային հավասարության համար պայքարելն ավելի բարդ է, խնդիրներն՝ ավելի շատ ու ավելի բազմազան.
«Ֆրանսիայում պայքարում էինք օրինակ, կանանց ու տղամարդկանց վարձատրության հավասարության համար, Հայաստանում անիմաստ է դա անելը, քանի դեռ կանայք պայքարում են զուտ աշխատանք գտնելու, աշխատանք ունենալու համար: Նախ պետք է աշխատատեղերի խնդիրը լուծվի, նոր հետո անդրադառնանք ավելի խորքային խնդիրներին»:
Պարբերաբար կարծրատիպային մոտեցումներին բախվող Հայկուհու կարծիքով Հայաստանում կանանց կայացման ու առաջխաղացման կարևորագույն նախապայմանը կանացի սոլիդարության դրսևորումն ու միմյանց մոտիվացումն է:
«Շատ կարևոր է, որ մենք՝ որպես կին, մեկս մյուսիս խրախուսենք: Կարևոր է, որ կանանց վերաբերող ամսագրեր, հաղորդումներ, հոդվածներ շատ լինեն: Կանայք պետք է տեսանելի ու ճանաչելի դառնան բոլոր հարթակներում՝ ֆեյսբուքում, ինստագրամում, ամսագրերում, կայքերում, ամենուր…Երբ մենք մեր աչքով տեսնում ենք մեկին, ով հաջողության է հասել, սկսում ենք ավելի շատ հավատալ մեր երազանքներին»,- ասում է զրուցակիցս, նկատելով,- Հայաստանում բավականին հաջողակ, ուժեղ կանայք կան: Միակ խնդիրն այն է, որ շատերս նրանց անուները չգիտենք»:
Երկար տարիներ արտերկրում ապրած զրուցակիցս շեշտում է. «Հայաստանը բացառիկ երկիր է. այստեղ շատ հաճախ առաջին պլանում երևում են տղամարդիկ, սակայն հիմնական գործն անողները կանայք են: Իմ շուրջը ես հաճախ եմ նկատում կանանց, ովքեր տքնաջան աշխատում են, բայց արվածի մասին պատմում են տղամարդիկ: Դա արդար չէ»:
Հայկուհին վստահ է՝ ինչպես շատ հաճախ, այս դեպքում ևս կանանց խանգարում են կարծրատիպերն ու դրանցով պայմանավորված կողմնակալ վերաբերմունքը:
«Ես հաճախ եմ լսում, որ կանայք միմյանց ասում են՝ ամոթ է, բա որ նա տեսնի, բա որ մյուսը լսի, ի՞նչ կասի:Ես կարծում եմ, որ կանայք պետք է սկսեն ավելի շատ բարձրաձայնեն իրենց խնդիրները, կանանց ձայնը լսելի դարձնեն: Ոչինչ, եթե նույնիսկ սխալվենք: Տղամարդիկ առավոտից երեկո այնքան սխալ բաներ են ասում… Ես բոլոր կանանց ու հատկապես երիտասարդներին միշտ ասում եմ՝ ազատ եղեք, բարձրաձայնեք ձեր մտքերը»:
Հայկուհու դիտարկմամբ՝ թեև վերջին շրջանում կանանց ակտիվացման առումով դրական տեղաշարժեր կան, սակայն այն դեռևս բավարար չէ: Ժպտում է. «Աշխարհը դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը, դեպի հավասարություն և նշանակում է ՝ ի օգուտ կանանց»:
Այդուհանդերձ, աշխարհի մի մասնիկը կազմող Հայաստանում տղամարդիկ դեռևս պատրաստ չեն լիովին ընդունել ուժեղ ու կայացած կանանց:
«Կարծում եմ, ուժեղ կանայք տղամարդկանց կողմից դեռևս այդքան էլ ընդունելի ու ընկալելի չեն Հայաստանում: Տղամարդիկ այստեղ առավելապես նախընտրում են խելոք, նուրբ, զգայուն, հանգիստ կանանց: Ուժեղ կանայք հաճախ վախեցնում են տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր իրենց բավարար չափով վստահ չեն զգում նման կանանց կողքին»,- նշում է նա:
Հայկուհու կարծիքով ուժեղ լինելն այսօր անհրաժեշտություն է ոչ միայն տղամարդկանց, այլև՝ կանանց համար:
«Երբ դպրոցներ ու համասարաններ ենք այցելում, հաճախ եմ լսում՝ մեր աղջիկները խելոք են են, համեստ են, նուրբ են: Ինձ համար կարևոր է, որ ոչ թե խելոք լինեն, այլ ուժեղ՝ թե՛ հոգով, թե՛ ֆիզիկապես: Միգուցե շատերը ծիծաղեն, բայց ֆիզիկապես ուժեղ լինելը ևս շատ օգտակար է. այն օգնում է ավելի համարձակ քայլել՝ մեր նպատակներին ընդառաջ»:
Հայկուհին վստահ է՝ մտքով, հոգով ու մարմնով ուժեղ լինելն օգնում է նաև երբեք ու ոչնչից չվախենալ: Ասում է. «Ինքս ամբողջ կյանքում առաջնորդվել եմ այդ մոտեցմամբ ու նույնը մշտապես խորհուրդ եմ տալիս ինձ հանդիպող կանաց՝ երբեք չվախենաք: Մենք խելացի ենք, էմոցիոնալ ենք, ավելի զգայուն ենք՝ տեսնելու, հասկանալու այն, ինչը տղամարդիկ երբեք չեն կարող նկատել…Մենք ուժեղ ենք ու մենք կարող ենք հաջողել բոլոր ոլորտներում»:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 701