«Առաջադրվե՛ք, պետք չէ վախենալ չընտրվելուց »…

 

 

«Հավասար-ի մարաթոն»-ը ՝ Արտաշատ համայնքում

 

Սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՕքսԵՋեն հիմնադրամը «Կանայք քաղականության մեջ» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է «ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն» միջոցառումների շարքը: Նախաձեռնության կարգախոսներն են ՝«ՏԻՄ-2019. Հավասար մասնակցություն՝ հզոր համայնք» և «Ավելի շատ թվով կանայք ՏԻՄ-երում», իսկ նպատակն է առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվող համայնքների բնակիչներին իրազեկել համայնքային խնդիրների լուծման գործում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության մասին, ինչպես նաև խրախուսել ՏԻՄ որոշումների կայացման գործում կանանց ակտիվ մասնակցությունը:

 

Արտաշատում կայացած միջոցառմանը մասնակցում էին Արարատ մարզի համայնքների ավագանիների անդամներ և առաջարդվել պատրաստվող կանայք, ում ՕքսԵՋեն հիմնադրամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր ողջույնի խոսքում հորդորեց չթերագնահատել սեփական ներուժը, առավել ակտիվությամբ մասնակցել ՏԻՄ ընտրություններում: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է էլ ավելի խթանել ու աջակցել կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ մասնակցեն ՏԻՄ   ընտրություններում: Եթե ԱԺ-ում կանանց ներկայացվածությունը կազմում է 24%, ինչը լուրջ առաջընթաց է հատկապես հեղափոխությունից հետո, ապա ՏԻՄ ընտրություններում կանանց ներկայացվածությունն առավել համեստ ցուցանիշներ է գրանցել՝ ընդամենը 9%, և այն գնալով ավելի է նվազում, որովհետև համայնքների խոշորացման գործընթացին զուգահեռ ՏԻՄ   ընտրություններում կանանց հնարավորություններն ավելի են նվազում:

 

 

– Ուզում եմ ոգևորել, քաջալերել այն կանանց , ովքեր ցանկություն ունեն մասնակցել կամ տատանվում են, վարանում են մասնակցել ընտրություններին , ինչ որ տեղ թերահավատ են իրենց ուժերի հանդեպ, որ անպայման մասնակցեն: Դուք ոչ միայն կարող եք, այլև պարտավոր եք մասնակցել, միայն Երևանի վրա չենք կարող հույսներս դնել: Այն պատգամավորները, ովքեր հանդես են գալիս Ազգային ժողովում,   պետք է նաև ներկայացված լինեն մարզերից, իսկ դրա համար բնականաբար պետք է սկսել ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության թվի մեծացումից: Ուստի ես վստահ եմ և համոզված, որ այս հանդիպումից հետո դուք ավելի կոգևորվեք, կակտիվանաք ու կառաջադրվեք առաջիկա ավագանու ընտրություններում,- ասաց Մարգարիտա Հակոբյանը:

 

 

Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն իր ելույթում նշեց, որ պետության և հասարակության զարգացմանը նպաստում են այն ընտանիքները, որտեղ կանանց և տղամարդկանց միջև ստեղծվել են հավասար պայմաններ, որտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե միանձնյա, այլ կնոջ և տղամարդու համատեղ քննարկումների արդյունքում: Նման ընտանիքներն անպայման լինում են ամուր:

 

 

Ավագանին նույն ընտանիքն է, այն մարդկանց մի խումբ է, ովքեր որոշումներ են կայացնում, այստեղ ընտանիքը համայնքն է, արդյունքում ստացվում է ավելի լավ կառավարում, որը նպաստում է համայնքի զարգացմանը: Ես գտնում եմ, որ կանայք պետք է իրենց գիտակցությունից վանեն այն միտքը, որ իրենք մաքսիմում կարող են լինել դպրոցի տնօրեն, ո՛ չ, դա պարզապես աշխատանք է, նրանք դրանից ավելին կարող են անել: Դիմում եմ բոլոր կանանց, ովքեր երբևէ որոշել են դառնալ ավագանու անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ, մեկ վայրկյան չվարանել: Դրա համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և նախաձեռնություն, ու վստահ եղեք, որ տղամարդիկ հաշվի են նստում այն կանանց հետ, ովքեր ձեռք են մեկնում իրականացնելու այս կամ այն գաղափարը,- ասաց Լիլիթ Միրզախանյանը:

 

 

Տեղական խնդիրների լուծման հարցում կարևոր նշանակություն ունի բնակչության մասնակցությունը, որտեղ կանայք գերակշիռ մաս են կազմում, հետևաբար նրանք պետք է շատ ակտիվ մասնակցություն ունենան համայնքի զարգացման գործընթացներում: Շատ ավելի ցանկալի է, որ այդ կանայք իրազեկված լինեն ՏԻՄ-երի գործունեությանը, ունենան համապատասխան գիտելիքներ, որոնք նրանք կարող են ձեռք բերել մարզերում կազմակերպվող դասընթացների, լիդերության դպրոցների շնորհիվ: Արտաշատի համայնքապետարանի սոցիալական հարցերի և ծրագրերի բաժնի պետ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչ Անահիտ Խաչատրյանի ներկայացմամբ հատկապես Ասոցիացիայի կազմակերպած դասընթացների ընթացքում ՏԻՄ-երի և ավագանու անդամների գործառույթների և իրավունքների մասին ստացած գիտելիքները ոգևորել են շատ կանանց , ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

 

 

-Բերեմ մեկ օրինակ, 2016 թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր դասընթացներից հետո մարզում առաջադրվեց 125 կին, որոնցից ընտրվեց 89-ը: Այն համայնքներում, որտեղ ավագանու կազմում կանայք գերակշռում են, փորձը ցույց է տվել, որ այնտեղ գործն ավելի արդյունավետ է ընթանում: Ուստի, հորդորում եմ կանանց չհուսահատվել առաջին իսկ ձախողումից և շարունակել պայքարել ու հաղթել,-ասաց Անահիտ Խաչատրյանը:

 

Այն, որ քաղաքականության մեջ գտնվող կանայք ի զորու են ձևավորել քաղաքական նոր մշակույթ, միանշանակ համոզված է ՏԻՄ հարցերով փորձագետ Արմինե Մխիթարյանը, ում խոսքով , քաղաքականության մեջ կանանց նվազ առկայությունը պատճառաբանվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Սուբյեկտիվ պատճառը գոյություն ունեցող կարծրատիպերն են, տղամարդկանց կողմից կնոջը որպես ղեկավար չընկալելը:

 

 

-Տարիներ շարունակ որոշումները հանրային ոլորտում չեն կայացել կանանց և տղամարդկանց մասնակցությամբ: Գերակշռել են տղամարդ որոշողները: Հաճախ ասում են քաղաքականությունը կեղտոտ բան է, կանայք այնտեղ տեղ չունեն, ես հարց եմ տալիս, բա ինչպե՞ս պետք է մաքրվի, և հետո, այդ դեպքում ինչո՞ւ է տղամարդկանց մի ստվար զանգված փորձում այնտեղ մտնել: Ի վերջո պետք է փոխել այն արատավոր պրակտիկան, որ մենք ունենք: Մեկ-երկու կինը դժվար թե կարողանան փոխել, կանայք երբ փոքրաթիվ են, նրանք ստիպված են խաղալ այն խաղի կանոներով, որը թելադրվում է մեծամասնության կողմից,- նշեց Ա. Մխիթարյանը` նկատելով նաև, որ ՏԻՄ-ն այնքան քաղաքականություն չէ, որքան տնտեսություն, իսկ տնտեսությունն առանց կանանց հնարավոր չէ պատկերացնել:

Միջոցառման մասնակից Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամ և առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունը երրորդ անգամ առաջադրող Հերիքնազ Նազարյանի համոզմամբ, եթե կինը ցանկանում է դառնալ ավագանու անդամ, ապա պետք է պատրաստ լինի կատարելու հնարավոր և անհնարին բոլոր աշխատանքները:

 

 

-Առաջադրվեք, պետք չէ վախենալ չընտրվելուց, պարտվելուց: Կանայք շատ ավելի կոմպլեքսավորված են: Երկրորդ անգամ արդեն կին թեկնածուն նախկին սխալները չի կրկնի, կարևորն այն է, որ դու համայնքին օգտակար լինես: Ես ամեն օր ինչ որ բան եմ կարդում, նոր բան եմ սովորում, քանի որ իմ առաքելությունը այստեղ եմ տեսնում, ու ուզում եմ այդ գիտելիքներով իմ աշխատանքի որակը բարձրացնել։ Հավատացեք Արտաշատում կայանալիք առաջիկա ընտրություններն աննախադեպ են լինելու: Եթե մինչ այդ ավագանին այնքան հաջողված չի եղել կամ չի ունեցել այնքան հեղինակություն, ապա մեզ հաջողվեց ավագանու դերը   բարձրացնել այնպիսի մակարդակի, որը կապահովի մեծ հաջողություն: Ես հպարտ եմ եղել, որ ես այդ թիմի անդամներից մեկն եմ եղել և վստահ եմ որ բնակչությունը կվստահի ու դարձյալ կնտրի մեզ, – ասաց նա:

 

 

Կինն ավագանու անդամի թեկնածու առաջադրվելուց առաջ պետք է համոզված լինի, որ իրոք ցանկանում է առաջադրվել և, որ կկարողանա կատարել ստանձնած պարտականությունները: Արարատ քաղաքի ավագանու անդամ Զինա Հովհաննիսյանը գտնում է, որ ինքն իրեն ուղղված այս հարցերի անկեղծ պատասխանից հետո միայն կարելի է առաջադրվել ավագանու թեկնածու:

 

 

-Կինը ձեռնպահ է մնում, առաջին հերթին մտածում է՝ հանկարծ չընտրվեմ, մինչդեռ տղամարդիկ այդպես չեն մտածում: Եթե սիրում եք ձեր համայնքը, չեք սպասի, որ ձեզ հրամցնեն, դուք ինքներդ պետք է պայքարեք: Խնդիրները շատ են, բայց մի վախեցեք մասնակցել նիստերին ու հարցեր լուծել, չէ՞ որ ինքներդ եք ցանկացել: Կինը սուր աչք ունի, մեկ կնոջ ներկայությունն անգամ կարող է շատ բան փոխել, եթե գործել է գրագետ ու համարձակ:

 

 

Արարատ համայնքի ավագանու միակ կին անդամ, մասնագիտությամբ բժշկուհի Ծովինար Ալեքսանյանի համոզմամբ, նեղ մասնագիտություն ունեցող ավագանու անդամի հետաքրքրությունների դաշտն ինքնին ընդլայնվում է, եթե նա հիրավի նվիրված է իր գործին:

 

 

-Որքան բեռը ծանր է, այնքան ավելի շատ գործ է արվում: Ես ամեն ինչ հասցնում եմ, ու դա ապացուցում եմ իմ օրինակով: Մի վարանեք, մասնակցեք առաջիկա ընտրություններին, յուրաքանչյուրս պետք կատարենք մեր պարտքը հայրենիքի հանդեպ, շենացնենք մեր երկիրը,- ներկաներին դիմեց Ծովինար Ալեքսանյանը, ում հաջողվել է իր համայնքում կոտրել է այն կարծարատիպը, թե կինը ավագանու անդամ չի կարող լինել, ավելին, համոզված է, որ իրեն դեռ շատ կանայք են հետևելու:

 

 

Բերքանուշ համայնքի ավագանու անդամ, հինգ երեխաների ու նաև քառօրյա պատերազմի հերոսի մայր Գոհար Իսաջանձանը  նախկինում հավանաբար շատ կզարմանար, եթե լսեր, որ բազմազավակ կինն առաջադրվում է ավագանու թեկնածու, առավել ևս, որ դպրոցի համեստ մանկավարժն ու գերզբաղված տնտեսուհին՝ հենց ինքն է կատարելու այդ քայլը:

 

 

-Ես առաջադրվեցի և ընտրվեցի,որի համար շատ ուրախ եմ և շատ շնորհակալ իմ համայնքի բնակիչներին: Շատ հաճելի է, երբ համայնքի բնակիչը մոտենում է քեզ ու իրեն հուզող հարցն է տալիս ու դու փորձում ես նրան օգնել: Ի դեպ, կանանց հետ բնակիչներն ավելի հաճախ են զրուցում, քան տղամարդկանց: Ավագանու նիստերին բազմաթիվ հարցեր ենք քննարկում, լուծումներ գտնում: Ուստի կանանց հորդորում եմ լինել համարձակ, որպեսզի ամեն մեկն իր փոքրիկ ներդրումն ունենա մեր երկրի քաղաքական ու տնտեսական   զարգացման գործում:

 

 

Ավագանու փորձառու անդամների նախաձեռնություններից ու կատարած աշխատանքների արդյունքներից ոգևորված է նաև Բուրաստան համայնքի ավագանու անդամ Աննա Հովսեփյանը, ում համոզմամբ ընտանիքի բազմաբնույթ խնդիրները հաղթահարող կինը կարող է հաղթահարել նաև համայնքային լայնամասշտաբ խնդիրները:

 

 

– Ես սիրում եմ իմ աշխատանքն ու միաժամանակ կարևորում եմ կրթությունը, որը մեզ վստահություն է ներշնչում: Մենք՝ կանայքս պետք է առաջինը ոչ թե տղամարդկանցից պահանջենք, այլ մեկս մյուսից, ու եթե կա կին թեկնածու, եկեք առաջինը կնոջը ձայնը տանք: Իմ հաջողությունների արդյունքը եղել է այն, որ հինգ համայնքներում երկու ամիս շարունակ փորձել եմ կազմակերպել սեմինարներ, ու փորձել եմ այդ հինգ համայնքների կանանց տանից դուրս բերել, քանի որ նրանք կարող են, և եթե նրանք կարող են ընտանիք կառավարել, ուրեմն   կարող են ներկայանալի լինել նաև հասարակության մեջ,-համոզված է Աննա Հովսեփյանը:

 

 

Իր իրավունքներին ու համայնքի խնդիրներին քաջատեղյակ Այգեստան համայնքի ավագանու անդամ Սոնյա Ամյանն աշխատանքի բերումով երբեմն փոխարինել է համայնքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Սոնյան չի սահամանփակվել միայն համայնքային խնդիրների լուծմամբ, կազմակերպել է նաև զորակոչիկների, կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ:

 

 

– Հուսանք, որ ապագայում ընտրությունները կդիտարկվեն ոչ թե կանանց և տղամարդկանց խտրականության, այլ վստահելի և ոչ վստահելի անդամ լինելու տեսակետից,- համոզմունք հայտնեց Սոնան:

 

 

Արտաշատ համայնքում անցկացվող «ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն» -ին էր միացել նաև «Տիեզերք» բենդ համույթի երիտասարդ շնորհաշատ երաժիշտներ Լուսինե Մելիք-Գալստյանը և Էլիզա Բաղդիյանը, ում հեղինակային երգերի անկրկնելի հնչյունների ուղեկցությամբ եզրափակվեց միջոցառումը:

 

 

«Կանայք քաղաքականության մեծ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՕքսԵջեն հիմնադրամի կողմիցղ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1344

Գլխավոր էջ