Հասմիկ Սարգսյան. «Ուրիշի ցավ  չկա,  ցավը յուրաքանչյուրինս է»

«Պետք են խստագույն միջոցներ՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակումների»,- վերջին ամսվա ընթացքում վարակի աճով  մտահոգված ասում է Ջերմուկ քաղաքի ավագանու  կին անդամ, թերապևտ-ֆիզիոթերապևտ Հասմիկ Սարգսյանը:

 

 

Բնակչության  շրջանում ուսումնասիրում ենք  իրավիճակը, արգելված է առանց  ջերմաչափման  մուտք  գործել  առողջարանային  քաղաք,  հատկապես, որ այս  օրերին առողջարաններում  կան տարեց  հիվանդներ: Անցյալ  տարվա  հուլիս-նոյեմբեր ամիսներին Ջերմուկում  վարակի ակտիվ  աճ  գրանցվեց, չենք ուզում, որ այն կրկնվի և այսօր  աշխատում ենք  կանխել վարակի  տարածումը:

 

 

Հասմիկ Սարգսյանի խոսքով գարունը  շնչառական  հիվանդությունների արագ  տարածման  շրջան է, նման  դեպքում  ոչ բոլորն են գրիպի և կորոնավիրուսի ախտանիշները  միմյանցից տարբերում: Շատերը չկասկածելով, որ վարակված են կովիդով չեն դիմում  բժշկին, նրանք  գերադասում են  բուժվել  տնային  պայմաններում,  վարակելով  տան անդամներին, դրանով իսկ նպաստում  COVID-19-ի  տարածմանը:

 

 

Թեև ավագանու անդամներով հաճախ զրուցում ենք  բնակիչների հետ,  բացատրում համավարակի  կանոնների պահպանման կարևորությունը,  դիմակների և ախտահանիչ պարագաների օգտագործման անհրաժեշտությունը,  այնուհանդերձ բնակչության  զգոնությունը  համավարակի  հադեպ  թուլացել է, անփույթ են  հատակես  խանութներում,  շուկաներում, նախկին  կարգապահությունը  բացակայում է: Հավանաբար այսօր միակ  միջոցը  հանրապետության  ողջ տարածքում, Ջերմուկում  հատկապես վարակի տարածումը  կանխարգելող  միջոցառումների վերականգնումն է, – ասում է Հասմիկ Սարգսյանն ու հավելում, որ «Ջերմուկ-Մոսկվա» առողջարանում/ որտեղ նա այսօր աշխատում է,  անգամ կորոնավիրուսի  պայմաններում բուժվում  և հանգստանում են հանրապետության  տարբեր մարզերի բնակիչներ,  իսկ ապրիլ ամսից առողջարանում ամրագրված  տեղեր կան  նաև Ռուսաստանից:

 

 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, Հասմիկ Սարգսյանը նշեց, որ  Ջերմուկ քաղաքի  բնակչությունն էլ պատերազմից  հետո սթրեսային, ընկճված  հոգեվիճակում է:

 

 

-Համավարակի պատճառած առողջական  վիճակի վատթարացմանն ու կորուստներին  հաջորդեց պատերազմը, որն  իր ողջ դաժանությամբ խարխլեց քաղաքի  կյանքը: Պատերազմի  ընթացքում Վայոց ձորի մարզը  նույնպես  տուժեց, ունենք  զոհեր, վիրավորներ: 44-արյա պատերազմի  ընթացքում  կորստի, անհետ կորածների ցավը, վիրավորների վիճակը, գերեվարվածների  հետագա  կարգավիճակը զրույցների  գլխավոր  թեման են: Ջերմուկը փոքր  քաղաք է,  բոլորս  ճանաչում ենք  միմյանց, ուրիշի ցավ  չկա,  ցավը յուրաքանչյուրինս է, մինչ այսօր դեռ ուշքի  չենք  եկել: Իսկ սթրեսներից  օրգանիզմը կորցնում է դիմադրողականությունը, վարկի հանդեպ դառնում առավել ընկալունակ: Մինչդեռ շատերն անտարբեր են  դարձել վարակի  նկատմամբ,  ոմանք էլ կարծում են, որ եթե  արդեն  վարակվել  և  բուժվել են,  այլևս  չեն  վարակվի: Սակայն  կան  պարտաճանաչ բնակիչներ, ովքեր չեն կորցրել զգոնությունը և բարեխիղճ են  իրենց  և ուրիշների առողջության  նկատմամբ,-ասում է բժշկուհին:

 

 

Պատերազմի պատճառով Արցախի  տարբեր  բնակավայրերից մարդիկ տեղափոխվեցին Հայաստան, այդ թվում Ջերմուկ:  Քաղաքային  իշխանությունների և քաղաքի բժշկական, մասնավորապես «Ջերմուկ-Մոսկվա» առողջարանի անձնակազմի կողմից արցախցիներին  ցուցաբերվեց բժշկական  և  հոգեբանական  աջակցություն: Պատերազմի ավարտից  հետո նրանցից շատերը  վերադարձան  տուն:

 

 

Հոգեբանական  աջակցության  կարիք ունեն  նաև  ջերմուկցիները: Ես  առաջնահերթ  կարևորում եմ հոգու,  նոր հետո  մարմնի բուժումը, նախ  մարդուն պետք է հանել սթրեսային  վիճակից,  հետո  նոր միայն  բուժել, այլապես  բուժումն անարդյունավետ կլինի: Հաճախ եմ զրուցում  իմ  հիվանդների հետ,  բացատրում հոգեկանի վրա սթրեսների կործանարար ազդեցությունը: Իմ հիվանդների թվում  գերակշռում են  երիտասարդները, որոնք  տառապում են  նևրոզով, պատճառը պատերազմն է, աշխատատեղի կորուստը: Ավագանու անդամներով  սոցիալական  աշխատողի հետ հաճախ ենք այցելում հոգեբանական  խնդիրներ և աջակցության  կարիք ունեցող  մարդկանց: Ծանր աշխատանք է, երբ  յուրաքանչյուրի  հետ զրուցում ես  նրա ցավի մասին, փորձում սփոփել, նրանց  հետ  հավասար հուզվում ենք: Ի դեպ սթրեսային  վիճակում են  նաև երեխաները, շատերի վարքագծում նկատվում է ագրեսիա, որի պատճառը ոչ  միայն տիրող  ընդհանուր հոգևիճակն է, այլ համացանցային  խաղերն ու ֆիլմերը ,-ասում է Հասմիկ Սարգսյանը:

 

 

Բժիշկ-ավագանու հետ զրույցի ընթացքում անդրադարձանք  նաև Ջերմուկի  առայժմ չլուծված  հարցի՝ Ամուլսարի հանքավայրի  շահագործման խնդրին, որի հետևանքով բնապահպանական  խնդիրներ և բնակչության շրջանում առողջական խնդիրներ են առաջացել: Բժշկուհին  հիշեցրեց, որ Ջերմուկ քաղաքի ավագանին նամակով դիմել էր ՀՀ կառավարությանը` հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով, քանի որ այն վնասում է համաշխարհային համբավ ունեցող եզակի հանքային ջրերով հարուստ առողջարանային քաղաքի վարկանիշը: Առ այսօր հանքավայրի հետագա շահագործման  խնդիրը լուծված չէ:

 

 

Այնուհանդերձ, ուրախալին այն է, որ Ջերմուկում կրկին երեխաներ են  ծնվում: Հասմիկ Սարգսյանի խոսքով շատ  ընտանիքներ  պետական  աջակցությունից  ոգևորված  ունենում են  3-րդ, 4-րդ, անգամ 5-րդ երեխան, որ երեխաներ են ունենում անգամ միջին  տարիքի կանայք:

 

 

«Այսօր փողոցում  կամ  հասարակական  այլ վայրում մայրանալ պատրաստվող կնոջ հանդիպելիս ակամայից  ուրախանում ես, կորստի ցավը մի փոքր մեղմանում է»,-ասում է բժշկուհին:

 

 

Համավարակի և պատերազմի պատճառով քաղաքի զարգացման  ընդհատված ծրագրերի մասին խոսելիս Հասմիկ Սարգսյանը հույս  հայտնեց, որ թեև մարդիկ դեռ մի տեսակ հուսահատ վիճակում են, սակայն քաղաքն ու բնակչությունը կվերագտնեն իրենց, դարձյալ երեխաների աղմուկ-ծիծաղով կլցվեն փողոցներն ու այգիները, զբոսաշրջիկները դարձյալ կայցելեն հյուրընկալ քաղաք: Կյանքը կշարունակվի, ու մարդիկ կշարունակեն ապրել  հիշողության ու կորստի ցավի հետ, ինչպես  դա եղել է  մարդկության  ողջ պատմության  ընթացքում:

 

 

 -Մեր զոհված տղաները հիանալի սերունդ էր,  բոլորի  կենսագրությունը որ  կարդում ես,  զարմանում ես,  թե  այս  տղաները ինչքան  քաջ ու  անձնվեր են եղել,  շատ ափսոս, որ  կորցրինք նրանց, որքան  սերունդ  էին տալու: Ցավ է  նաև վիրավորների վիճակը: Դեռ  90-ական թվականների պատերազմի բազմաթիվ  վիրավորների  հետ աշխատել եմ: Այս պատերազմի վիրավոր զինվորներին  դեռ  մեզ  մոտ  չեն ուղարկում, առայժմ նրանք Երևանում են  բուժվում: Սիրով սպասում ենք  ընդունել  նրանց,  ինչ-որ բանով օգտակար լինել: Ես լավատես եմ, մենք  իրավունք  չունենք կոտրվել, հուսանք որ ամեն ինչ  լավ է լինելու, դարձյալ ոտքի  կկանգնենք ու  կդառնանք  ավելի հզոր, քան կայինք,- զրույցի վերջում ասաց Հասմիկ Սարգսյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1831

Գլխավոր էջ