Համեստ Հակոբյան. «Կարևոր նախապայմանը համաձակությունն է՝ անընդհատ սովորելու, հաղթելու, բայց ոչ երբեք պարտվելու համար»

Սյունիքի մարզի Տեղ համայնքի գործող  ավագանու անդամ Համեստ Հակոբյանը  2016-ին անցկացված ավագանու ընտրություններին թեկնածությունն առաջադրել է ընտանիքի անդամների հորդորով: 

 

 

Կոռնիձորի դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին  իրեն տեսակով  նախաձեռնող ու ակտիվ է համարում և պատմում, թե ինչպես ընտանիքի առաջարկը համադրել էր իր հնարավորությունների հետ ու որոշել  ուժերը փորձարկել նաև ավագանու աշխատանքում:

 

 

Այսօր հետպատերազմյան Տեղում ավագանու անդամի մոտեցումներն  ու առաջնահերթությունները որոշակիորեն փոփոխվել են  կապված թե՛ սահմանային խնդիրների, թե՛ համայնքում զոհերի ընտանիքների, վիրավորների ու  արցախցի ընտանիքների նկատմամբ հոգածության ու աջակցության անհրաժեշտության հետ:

 

 

– Այդ ընտանիքներն ունեն բոլորիս՝ ավագանու, համայնքի, պետության աջակցության ու ուշադրության կարիքը: Համայնքը փորձում է բարերարների, համայնքի միջոցներով աջակցել, որքանով հնարավոր է: Ծանր վիրավորներ ունենք, որոնց նայելիս մտածում ես՝ ինչո՞վ կարող ես աջակցել, որ այդ խելացի տղաները կարողանան վերադառնալ լիարժեք կյանքի ու  ինքդ քեզ անզոր ես զգում…

 

 

Համայնքային բյուջեն սահմանափակ է, խոշորացված ու սահմանապահ  համայնքի  խնդիրներն ու լուծելիք հարցերը՝  բազմաթիվ: Գործունության հինգ տարիներին վերջնակետին չհասցված կարևորագույն խնդիրների թվում Հ. Հակոբյանը մատնանշում է հարազատ Կոռնիձոր բնակավայրի ոռոգման ջրի ցանցի կառուցման հարցը, որի  սուբվենցիոն ծրագիրը կարողացել են հաստատել միայն այս տարի, այնինչ՝ խնդրի մասին կոռնիձորցիները բարձրաձայնում են տարիներ շարունակ:

 

 

Չլուծված խնդիրների կողքին զրուցակիցս թվարկում է նաև արվածը, չմոռանալով նշել, որ դրանք հնարավոր է եղել իրականացնել նաև կանանց ակտիվության ու բուռն քննարկումների արդյունքում:

 

 

Վերջինիս խոսքով՝ հասարակության կողմից միշտ չէ, որ  միանշանակ ու դրականորեն է ընդունվում կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը կառավարման տարբեր օղակներում:

 

 

-Կան և՛ ողջունողներ, և՛ այնպիսիք, որ ասում են՝ կնոջ ինչի՞ն է պետք…,- նշում է զրուցակիցս ու դիտարկում,- հասարակության տեսակետներն այս առումով երեք խմբի են բաժանված:Առաջիններն ասում են՝ կինն՝ ուր, ղեկավար պաշտոնն՝ ուր: Երկրորդները ընդունում են ակտիվ կանանց, հաշվի նստում նրանց հետ… Երրորդ խումբը նախընտրում է ձեռնպահ մնալ և իներտություն ցուցաբերել  ոչ միայն կանանց վերաբերող, այլև իրենց համայնքում, մարզում, երկրում ընթացող բոլոր պրոցեսների ու հարցերի նկատմամբ,- ասում է ավագանու 36-ամյա անդամը:

 

 

Զրուցակցիս կարծիքով, սակայն,  տարբեր գործընթացներոմ ու ոլորտներում շատ հաճախ ավելի ակտիվ ու նախաձեռնող են լինում հենց կանայք, ինչի վառ ապացույցը Տեղն է՝  կին ավագանու անդամներով:

 

 

-Մեր ակտիվությունն ինչ-որ տեղ պայմանավորած էր նաև  տղամարդ գործընկերների՝  մեզ հետ հաշվի նստելու, մեր տեսակետները լսելու, քննարկելու պատրաստկամությամբ: Ու թեև որոշ դեպքերում աշխատանքային քննարկումները եղել են բավականին բուռն ու աղմկոտ, սակայն,  գրեթե բոլոր հարցերում կարողացել ենք հանգել ընդհանուր հայտարարի՝ ի շահ համայնքի,- ասում է Համեստը:

 

 

Վերջինս դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ կառաջադրվի՞ արդյոք առաջիկայում սպասվելիք  ավագանու  համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններին, թե՞՝ ոչ:

 

 

Համամասնական ընտրակարգը համարելով ոչ լավագույն տարբերակը անկուսակցական թեկնածուների համար, զրուցակիցս նշում է.

 

 

-Եթե ես, օրինակ, որևէ կուսակցության չեմ համակրում, ոչ մի կուսակցության   համակիրն ու գաղափարակիցը չեմ, ինչո՞ւ  պետք է հեռու մնամ, ինչո՞ւ առաջադրվելու հնարավորություն չունենամ:

 

 

Վերջինս վստահ է՝ կանանց առաջադրվելու համար բավարար պայմաններ ու տեղեր սահմանելու դեպքում համայնքն ու պետությունը միայն կշահեն:

 

 

-Կանանց ներկայությունն ու մասնակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, նրանք ավելի հեռատես են, բոլորովին այլ մտածելակերպ ու մոտեցումներ ունեն:Ուղղակի պետք է աջակցել, տեղ տալ կանանց: Ոչ այնքան, որ մի օր էլ տղամարդիկ դառնան փոքրամասնություն, բայց գոնե որոշակիորեն ներկայացված լինեն,- ասում է նա:

 

 

Անդրադառնալով այսօրվա քաղաքական դաշտում գործող կանանց գործունեությանը, զրուցակիցս նշում է՝ կին քաղաքական գործիչներ կան, որոնց գրագետ, հիմնավորված խոսքը լսելն ուղղակի հաճելի է, կան և այնպիսիք, որոնց գործելաոճն ընդունելի չէ: Նույնը կարելի է տղամարդկանց մասին ասել:

 

 

Ավագանու անդամի դիտարկմամբ՝ հաջողելու համար կինը պետք է լինի բանիմաց, կառուցողական, կոռեկտ ու համագործակցային: Կարևոր նախապայմանը, սակայն, համաձակությունն է՝ անընդհատ սովորելու,  հաղթելու, բայց ոչ երբեք պարտվելու համար:

 

 

Գայանե Սարգսյան

 

Դիտումների քանակը` 1345

Գլխավոր էջ