Գյումրու  ավագանու կին անդամները՝ իրենց աշխատանքի արդյունքների ու առաջիկա ընտրությունների մասին

 

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կկայանան ՏԻՄ համամասնական ընտրություններ: Ընտրություններին ընդառաջ զրուցել ենք վերջին գումարման ավագանու կին անդամների հետ անցած  հինգ տարիների իրենց աշխատանքի, ձեռքբերումների և խնդիրների, առաջիկա անելիքների մասին: Գյումրու ավագանու կազմում ընդգրկված  8 կանանցից զրուցել ենք 5-ի հետ, ովքեր  տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում:

 

 

Լուսանկարներում՝ 

Արմենուհի Վարդանյանը,  Հասմիկ Եղիազարյանը, Լուսինե Սանոյանը, Արմենուհի Մխիթարյանը, Սուսաննա Աստոյանը:

 

 

Ինչպե՞ս է աշխատել Գյումրու ավագանին

 

 

Լուսինե Սանոյան, «Բալասանյան դաշինք», «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրեն.

 – Իմ կարծիքով այս գումարման ավագանին վերջին 20 տարիների ամենարդյունավետ ավագանին է եղել: Ինչ վերաբերում է  ավագանու կազմում ընդգրկված կանանց , ապա նրանք ակտիվ դերակատարում են ունեցել հատկապես սոցիալական հիմնախնդիրների բարձրաձայնման ու լուծման հարցում: Կանայք նաև որոշակիորեն զսպող օղակ են եղել  ավագանու աշխատանքների կազմակերպման և  բովանդակալից անցկացման համար համապատասխան մթնոլորտի ապահովման հարցում: 

 

Սուսաննա Աստոյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, «Լենտեքս» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ.

 

– Գյումրու ավագանու աշխատանքը կգնահատեի բավարար. քաղաքում աննախադեպ մեծ ծավալով աշխատանքներ են կատարվում, դրա մեջ իր լուման ունի նաև ավագանին: Բացթողումներ ևս, բնական է՝   կան: Բավականաչափ դժվարություններ առաջացան  համավարակի ու պատերազմի պատճառով: Ճիշտ է, մեր աշխատանքը չընդհատվեց, բայց ընդհանուր տրամադրվածության, կատարվող աշխատանքների տեմպերի առումով որոշ հարցեր  մնացին չլուծված:  

 

Արմենուհի Մխիթարյան, «Բարգավաճ Հայաստան»խմբակցություն, արձակագիր-բանաստեղծուհի.

 

ւզում եմ գնահատել մեր քաղաքական ուժի ավագանու անդամների աշխատանքը:  Բազմաթիվ հարցերի ենք անդրադարձել, որոնց մի մասը դրական արդյունք է ունեցել: Անձամբ  իմ աշխատանքից  էլ գոհ եմ, որքան կարողացել, աշխատել եմ ու ստացել դրա արդյունքը:

 

Հասմիկ Եղիազարյան, «Հայկական վերածունդ» խմբակցություն, ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն.

 

– Ավագանու բոլոր նիստերը հագեցած օրակարգով են ընթացել: Ընդհանուր առմամբ, Գյումրու ավագանու աշխատանքը գնահատում եմ բավարար, թեև հաճախ  առաջարկվող հարցերին կողմ չեմ եղել, սակայն, բնականաբար, ընդունվող որոշման վրա դա չի  ազդել, որովհետև դեմ ենք եղել մեկ կամ երկու հոգով: Եթե ավելի պարզ ասեմ՝ եթե քաղաքապետն ինչ-որ հարցին կողմ է եղել, իր խմբակցությունից բոլորը կողմ են քվեարկել, եթե ոչ՝ ոչ: Ընդդիմադիր խմբակցությունների անդամներս, իհարկե, մասնակցել ենք ավագանու նիստերին, բայց հասկացել ենք, որ միևնույն է, մեր առաջարկությունները պետք է մնան օդից կախված, որովհետև մեծամասնությունից է ամեն ինչ կախված:

 

Արմենուհի Վարդանյան, ԳԱԼԱ խմբակցություն, լրագրող.

 

– Քաղաքը զգալիորեն փոխվել է և սա նաև ավագանու աշխատանքի արդյունքն է: Վերջին հինգ տարիների ընթացքում Գյումրու ավագանու աշխատանքը, կարծում եմ, արդունավետ է եղել, բայց նաև՝  բարդ, որովհետև քիչ փորձությունների միջով չանցան Գյումրին ու երկիրն առհասարակ: Բացթողումներ ևս կան, խնդիրներ կան, որ շարունակում են մնալ չլուծված, բայց այդ խնդիրները նաև համակարգային լուծման կարիք ունեն: Շատ դեպքերում դրանք  ավագանու կամ քաղաքային իշխանության լիազորություններից դուրս են: Հիմնական գերխնդիրը անօթևանությունն ու  գործազրկությունն է և պետք է քաղաքական կամք՝ լուծումներ գտնելու համար,  որպեսզի երկիրը չշարունակի նմանվել մեծ գլխով վտիտ ու թույլ ոտքերով մարմնի: Համակարգային մոտեցում է պետք, տարածքային համաչափ զարգացման լուրջ գործիքներ է պետք ներդնել երկրում, այնինչ այն քաղաքականությունը, որը վարվել է տարիներ շարունակ, նաև այս իշխանության պաշտոնավարման ընթացքում,  ամենևին չի խոսում  տարածքային համաչափ զարգացման քաղաքականության իրականացման  մասին:  

 

 

 

Ամենամեծ ձեռքբերումը՝ որպես ավագանու անդամ

 

 

Լուսինե Սանոյան.

 

– Գործունեության հինգ տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ բավարարվածության զգացումը, որն ունեցել եմ համայնքային ու  քաղաքացիներին հուզող ամենատարբեր խնդիրների լուծմանն ուղղված քայլերից հետո: Երբ ուղղակի շարքային քաղաքացի ես, դու այլ՝ հարակից ապրումներ այդքան էլ չես ունենում: Սակայն,  երբ քեզ քաղաքացիները դիմում են ամենատարբեր հարցերով, որոնց լուծումները գտնելու համար դու պետք է անընդհատ դիմես  տարբեր գերատեսչությունների,  այդ ամենը քո նյարդերրից ու  ժամանակից չափազանց շատ է տանում, բայց և մեծ բավականություն ես ստանում, երբ հաջողվում է ինչ-որ չափով օգտակար լինել մարդկանց:

 

Արմենուհի Մխիթարյան.

 

– Այս տարիներն ինձ տվել են փորձառություն մի ոլորտում,  որը մինչ այդ  չունեի: Տարբեր ոլորտների հետ առնչվելու, մարդու բնույթն ու  պահանջների առաջնահերթությունները հասկանալու հնարավորություն ունեցա: Դա փորձառություն էր, որն ինձ շատ էր անհրաժեշտ:

 

Հասմիկ Եղիազարյան.

 

Եղել և մնում եմ այն համոզման, որ ավագանին որպես ինստիտուտ դեռևս կայացած չէ: Պետք է մտածել այս մասին. կառուցվածք պետք  է փոխվի, իրավասություններ պետք է փոխվեն, ինչ-որ փոփոխություններ պետք  է արվեն, որ այս ինստիտուտի դերն իրականում մեծ լինի:

 

Արմենուհի Վարդանյան.

 

– Անցնող հինգ տարիներն ինձ շատ բան են տվել: Որպես լրագրող փոխել եմ իմ մոտեցումները, հասկացել, որ լրագրողի դիրքերից  ավելի հեշտ է  խոսել խնդիրների մասին ու չմտածել լուծումների մասին: Ավագանու աշխատանքն ինձ ստիպեց քննադատելուց զատ մտածել նաև լուծումների մասին: Սա կարևոր է: Այդ ամենի արդյունքում դու  սկսում ես վերանայել քո աշխատանքը նաև լրագրության ոլորտում, մտածելով՝ ոչ միայն քննադատել, այլ խոսել նաև խնդիրների լուծման քո պատկերացումների մասին…  Բնականաբար, սա նաև լավ փորձառություն էր…

 

 

Համամասնական ընտրակարգը կանանց մասնակցության տեսակետից 

 

 

Լուսինե Սանոյան.

 

-Համամասնական ընտրակարգը կանանց մասնակցության 30 տոկոս ցուցանիշի ապահովման պահանջով միայն նպաստելու է, որ առավել մեծ թվով կանայք ներգրավված լինեն  նախընտրական ցուցակներում ու ավագանու կազմում: Կարծում եմ,  մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում  կանանց չընտրվելու ռիսկերն ավելի շատ են, որովհետև տղամարդկանց շանսերը ձայն հավաքելու առումով այդ դեպքում ավելի մեծ են և կանանք նախընտրական փուլում մի փոքր ստվերում են մնում: Իսկ համամասնականի դեպքում քաղաքական ուժերը պարտավոր են պահպանել կանանց ներգրավվածության 30 տոկոս ցուցանիշը, ինչը թույլ կտա, որ  ավելի շատ կանայք լինեն ավագանու կազմում:

 

Սուսաննա Աստոյան.

 

-Մեծամասնականի համեմատ համամասնականն ավելի հարմար է: Անհատապես առաջադրվելու դեպքում շատ են թիրախավորում կին գործիչներին, համամասնականով այդ ռիսկերն ավելի փոքր են:

 

  Արմենուհի Մխիթարյան.

 

Քանի որ կանայք  մեծամասամբ լայնամասշտաբ գործունեության  դաշտ  ու կապեր չեն ունենում, անհատական առաջադրվելու դեպքում ավելի դժվար կլիներ կանանց  համար: Համամասնականի դեպքում միահամուռ ուժերով ավելի հեշտ ես անցնում այդ ճանապարհը:

 

Հասմիկ Եղիազարյան.

 

Ես համամասնական ընտրակարգին միշտ կողմ  եմ եղել, որովհետև նախկինում անցկացվող մեծամասնական ընտրությունների ընթացքում բազմիցս բախվել եմ այն իրողությւններին, երբ թաղային հեղինակություններն ու փող ունեցողները խոչընդոտել են թեկնածու կանանց աշխատանքը: Հատկապես կանանց ճանապարհը փակ էր, դու  հնարավորություն  չունեիր ազատ խոսք ասել, հնարավորություն  չունեիր թաղամասի բնակիչներին հրավիրել հանդիպման: Նման դեպքերում այդ թաղամասի տղամարդիկ այնպիսի ճնշում էին իրականացնում, որ այդ ամենը դառնում էր անհնար… Մեծամասնականի դեպքում ոչ թե խելքը,  փորձն ու կարողություններն էին կարևորվում, այլև՝ ուժը, փողն ու կապերը: Այս տեսակետից ես կողմ եմ համամասնականին, որովհետև այստեղ գործ ունենք քաղաքական ուժերի հետ, որոնք հանդես են գալիս կուսակցական ցուցակով:    

 

Արմենուհի Վարդանյան.

 

– Համամասնականն օգնում է, բնականաբար, քանի որ օրենքի համաձայն նախընտրական ցուցակում ամեն երրորդը պետք է լինի հակառակ սեռի ներկայացուցիչ: Այս առումով, իհարկե, ողջունելի է: Կանայք մեծ ներուժ ունեն և ցանկալի է, որ լինեն ակտիվ, հասկանան,  որ անելիք ունեն նաև  քաղաքանության մեջ: Համամասնական նախընտրական ցուցակում ընդգրկվելու դեպքում քաղաքացին՝ անկուսակցական լինելու պարագայում,  բնականաբար, պետք է փորձի լինել գոնե համախոհ տվյալ կուսակցությանը: Այս առումով ցավալի է, որ քաղաքացիական ակտիվ հատվածին հնարավորություն չի տրվում առանց կուսակցության ցուցակ մտնելու մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին: Բայց ունենք այն,  ինչ ունենք…

 

 

Կանայք ղեկավար պաշտոններում. ի՞նչ է փոխվել

 

 

Լուսինե Սանոյան.

 

– Հատկապես վերջին տարիներին Գյումրիում կանանց ակտիվացման ու քաղաքական, հասարակական կյանքում ներգրավվածության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տարբեր կազմակերպություների կողմից, ինչը հանգեցրել է նրան, որ կանայք այսօր ավելի ակտիվ են, ավելի նպատակաուղղված ու պատրաստ՝ նոր մարտահրավերների:Արդյունքում՝ համայնքում փոխվել են կանանց ակտիվության նկատմամբ մոտեցումները: Նախկինում կանանց իրավունքներն ավելի ոտնահարված էին, հիմա   սկսել են հաշվի նստել կանանց կարծիքի հետ: Ես նկատում եմ, որ կանայք սկսել են ավելի ակտիվ դերակատարում ունենալ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ այլ բնագավառներում: Սրան զուգահեռ, սակայն,  դեռևս կան բնագավառներ, որտեղ կանանց մուտքը դեռևս այնքան էլ ընդունելի չէ: Օրինակ, կարծրատիպ կա, որ մարզպետը պետք  է անպայման տղամարդ լինի: Հարց է  ծագում՝ ինչո՞ւ: Ի՞նչ է, կանայք չե՞ն կարող ղեկավարե՞լ: Կամ  գրեթե բոլոր նախընտրական ցուցակների  առաջին համարները տղամարդիկ են: Իհարկե, նաև որոշակի ակտիվացում ու առաջընթաց ունենք այս առումով և վստահ եմ, որ այն շարունակական է լինելու:

 

Սուսաննա Աստոյան.

 

– Շատ եմ կարևորում եմ կանանց դերն ընդհանրապես, քաղաքական կյանքում՝ առավել ևս: Չեմ մտածում, որ քաղաքականությունը միայն տղամարդկանց համար է: Կանանց ներկայությունը նախ և  առաջ զսպաշապիկ է   բոլոր այն տաքարյուն տղամարդկանց, ովքեր իրենց շատ այլ ձևով կպահեին առանց կանանց ներկայության: Մենք ունեցել ենք այնպիսի կին ղեկավարներ, ովքեր օրինակելի են եղել և մինչև այսօր օրինակ են ծառայում թե՛ իրենց արած գործով, թե՛ վարքուկանոնով: Հիմա ես չեմ տեսում այն կին քաղաքական գործչին, որին կարելի է ընդօրինակել… Գտնում եմ, որ կին քաղաքական գործիչը, կին ղեկավարը հարգանք ու ճանաչում պետք է վայելի:Նա անձնական օրինակ պետք է լինի կանանց համար:

 

 Արմենուհի Մխիթարյան.

 

– Գյումրին ասպետների օրինակելի քաղաք է: Երբ կինը խոսում է,  հարգանք կա նրա խոսքի նկատմամբ: Բայց նաև դժվարություններ կան. տղամարդիկ ավելի համարձակ են ու ինչ մտածում են, կարող են մինչև վերջ ճակատ ճակատի ասել: Կնոջը կաշկանդող հանգամանքներ կան, քանի որ կինը նաև ընտանիքի մայր է, ընտանիքի կին է… Տղամարդիկ նման արգելքներ չունեն:  Նախկինում ավելի խիստ աչքերով էին նայում կնոջը: Հիմա ավելի ռեալ են նայում ամեն ինչին ու կանանց ակտիվացմանը նույնպես: Կանանց ներգրավվածությունը կառավարման տարբեր օղակներում ինչ-որ տեղ նաև առավելություններ է  տալիս, որովհետև կինը կարող է  առաջացած հարցերն ավելի նրբորեն, ավելի հանգիստ մթնոլորտում լուծել…

 

Հասմիկ Եղիազարյան.

 

-Կանայք վերջին տարիներին շատ ավելի ակտիվ են, շատ ավելի պրպտող, ավելի համաձակ ու ազատամիտ: Դա միայն գովելի է:Նաև տղամարդկանց մտածողությունն է փոխվել. առաջ տղամարդիկ  մտածում էին, որ իրենց կանայք պետք է լինեն տանը՝ խոհանոցում: Հիմա  պատրաստ են իրենց կանանց տեսնել խոսափողի մոտ, լիդերի դերում: Շատ կուզեի, որ մեր երկիրը կին ղեկավարեր կամ  փոխվարչապետերից մեկը գոնե կին լիներ:Կինն ավելի լավ է կառավարում, ավելի զգուշավոր է, ավելի հեռատես, ավելի պրպտող ու ուշադիր: Կինը նաև լավ հոգեբան է, ավելի արագ է ճանաչում մարդկանց: Իմ երկար տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել ու համոզել, որ կանանց ղեկավարած  կառույցները շատ ավելի առաջատար են,  քան տղամարդ ղեկավարների դեպքում: Կանայք գերազանցում են թե՛ աշխատելաոճով, թե՛ ղեկավարման մեթոդներով ու մոտեցումներով:

 

 

Արմենուհի Վարդանյան.

 

Որպես կին, իհարկե, կուզեի, որ կառավարման համակարգում կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցությունը  50/50 լիներ, բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը,որ նախ  կանայք  պետք է    այդքան ներուժ ունենան: Թեև պետք է նաև ասեմ, որ  շատ բան է փոխվել մեր երկրում վերջին մի քանի տարիներին: Հիմա այլևս խորթ չէ տեսնել կնոջը քաղաքականության մեջ, ավագանու կազմում, որպես ակտիվ դերակատար՝ հասարակության մեջ…

 

 

Մասնակցելո՞ւ  եք , արդյոք,  առաջիկա ընտրապայքարին

 

 

Մեր զրուցակիցների մեծ մասը  չի առաջադրվելու  հոկտեմբերի  17-ի ընտրություններին, պատճառները տարբեր են և ոչ բոլորն են դրանք բարձրաձայնում:

 

Լուսինե Սանոյան.

 

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ևս կմասնակցեմ «Բալասանյան դաշինքի» կազմում:  

 

Հասմիկ Եղիազարյան.

 

Չեմ առաջադրվելու: Ես արդեն 70 տարեկան եմ, իմ ասելիքն արդեն ասել եմ, իմ անելիքն արել եմ: Հիմա ճանապարհը երիտասարդներինն է. թող պայքարեն, աշխատեն, ինչ-որ բան գուցե կարողանան փոխել…

 

 

Արմենուհի Վարդանյան.

 

– Չեմ մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Պատճառները մի քանիսն են: Դեր են խաղացել թե՛ երկրում ստեղծված իրավիճակը, թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե այն միջավայրն ու այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել: Ինձ համար փոխվել են նաև առաջնահերթությունները… Ցավով պետք է արձանագրեմ, որ 2018-ին հեղափոխությունը չմտավ Գյումրի, չի մտնի նաև 2021-ին, եթե անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» քվե ստանա գյումրեցիներից և քաղաքային իշխանությունը փոխվի: Չի մտնի, որովհետև հեղափոխական արժեքները խեղվել են, դրանք այսօր ձևախեղված վիճակում են…

 

 «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սուսաննա Աստոյանն ու Արմենուհի Մխիթարյանը նշեցին, որ ամենայն հավանականությամբ չեն մասնակցի ընտրապայքարին. որոշել են քաղաքական դադար վերցնել:

 

 

Ընտրություններին ընդառաջ կանանց խորհուրդը՝ կանանց

 

 

Լուսինե Սանոյան.

 

Լինել  համարձակ ու չվախենալ:Սեփական փորձից գիտեմ՝  երբ առաջին քայլն ես ուզում անել, երերում  ես, մտավախություններ ես ունենում, բայց հետո, երբ հայտնվում ես պրոցեսի մեջ, հասկանում ես, որ որևէ վախենալու բան չկա, պետք է գործել:

 

Սուսաննա Աստոյան.

 

– Եթե իրենք իրենց մեջ ներուժ են տեսնում ու գտնում են, որ կարող են օգուտ բերել համայնքին ու քաղաքացուն, ինչո՞ւ չառաջադրվել, ինչո՞ւ չմասնակցել, ինչո՞ւ պիտանի չլինել երկրին.. Այնքա՜ն անելիքներ կան…

 

Արմենուհի Մխիթարյան.

 

Եթե ցանկություն ունեն այս երկրին ինչ-որ օգուտ բերել, այն էլ այս ծանր պահին,  անպայման իրենց համայնքներում մասնակցեն ընտրապայքարին: Եթե անհրաժեշտ խելքը, գիտելիքը,  հնարավորությունը, շնորհքն ունեն,   պետք է օգտագործեն ի շատ մեր երկրի:  Նաև կինը բոլոր դեպքերում, այդ թվում  քաղաքականության մեջ, պետք է մնա կին: Կինը համերաշխության սիմվոլ պետք է դառնա, պետք է մնա բարի, համեստ, խելացի ու տղամարդուն սթափ պահող  իր տեսակում:

 

Հասմիկ Եղիազարյան.

 

-Այսօր առավել, քան երբևէ պետք է, որ կանայք իրենց զգաստությամբ, զգոնությամբ, իրենց ձեռներեցությամբ ու զգուշավորությամբ մասնակից դառնան կառավարման բոլոր ոլորտներում: Եթե այդքան ուժ, համաձակություն, սկզբունքայնություն ունեն և  գտնում են, որ կկարողանան ակտիվորեն, առանց ճնշումների ենթարկվելու  իրենց խոսքն ասել, պնդել ու հասցնել սկսած գործն ավարտին, թող այնպայման մասնակցեն ընտրապայքարին: 

 

 

Արմենուհի Վարդանյան.

 

– Ընտրություններին կանանց մասնակցությունն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է հասկանալ սեփական ներուժը, պատասխանատվության չափը և եթե ուզում են մասնակցել, ապա գնան ինչ-որ բան փոխելու գիտակցումով: Տարիներ շարունակ ՏԻՄ-ը և ավագանու ինստիտուտը եղել և ցավոք, մնում է համայնքից ինչ-որ բան պոկելու գործիք: Ցանկությունս է,  որ ավելի գաղափարական ու արժեքային հիմքով գնան ավագանու աշխատանքին:

 

 

                                                                                                        

 

Գայանե Սարգսյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 2782

Գլխավոր էջ